Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/536

Այս էջը սրբագրված է

536 ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ս.Ա.Առաքելյան։ Ձախից՝ «Աղբյուրի մոտ»: 1928 թ.: Աջից՝ «Սևանի ձկնորսները»: 1935 թ.:

Երկուսն էլ Հայաստանի պետական պատկերասրահում: Երևան:

նկատմամբ: Նա բուռն խառնվածքի նկարիչ էր՝ օժտված ստեղծագործական հարուստ երևակայությամբ։ Նրա ելակետը եղել է փլեներիզմի արդի արվեստի լեզուն, լուսավոր ու գունեղ կոլորիտը։ Թեև Առաքելյանի ստեղծագործական տարերքը գյուղն էր, նրա վերակառուցումը, սակայն նկարիչը չշրջանցեց ինդուստրիալ շինարարության թեման («Արթիկ–տուֆ քարհանքում», 1932 թ., «Աշխատանքները Անի–Պեմզայում», 1932 թ., «Դավալուի ցեմենտի գործարանը», 1937 թ.)։ Առաքելյանը նկարել է Երևանի այգեստանները, հին ու նոր փողոցները, շինությունները, շուկաները. «Նախկին էլեկտրակայանը։ Երևան» (1920 թ.), «Դամրբուլաղ» (1934 թ.), «Հին առևտրաշարք Երևանում» (1935 թ.), «Համալսարանի թաղամասը» (1935 թ.)։ Որպես նկարիչ Առաքելյանը աշխատակցել է «Հասկեր» ամսագրին (1905–1908 թթ.), «Մաճկալ» թերթին և այլն։ Քաղաքացիական կռիվների ժամանակ «Արմկավռոստայի» գծով նկարել է քաղաքական շարժեր և պլակատներ: Պուշկինի հոբելյանին, «Սսասունցի Դավթի» հազարամյակին մասնակցել է գեղանկարչական գործերով։

Առաքելյանը հայկական բնաշխարհի լավագույն պատկերողներից էր, բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից, որը նրբորեն տպավորել է օրվա պահի լուսա–գունային փոփոխությունները։ Նրա ուշադրության առարկան եղել է հայ աշխատավորը՝ մարդկային ազնիվ ու մաքուր գծերով։ Մահացել է մարտի 6-ին, Երևանում։

Պատկերազարդումը տես 536 էջից հետո՝ ներդիրում։

Գրականություն՝ Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958։ Մաթևոսյան Վ., Սեդրակ Առաքելյան, Ե., 1963։ Գյարջյան Գ., Սեդրակ Առաքելյան, Ե., 1967։Գ. Գյուրջյան

ԱՌԱՔԵԼՅԱՆ Սոկրատ Վաղարշակի (1917 թ.), խորհրդային կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1938 թ.-ից։ Ծնվել է նոյեմբերի 9-ին, Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքում։ 1942 թ.-ին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկա–տեխնոլոգիական ֆակուլտետը։ 1953 թ.-ից աշխատել է որպես ՀԿԿ Կիրովականի քաղկոմի քարտուղար, 1957–1960 թթ.-ին՝ ՀԿԿ Կենտկոմի կուսօրգանների բաժնի վարիչ, 1960–1969 թթ.-ին՝ ՀԱՄԽ–ի նախագահ։ 1969 թ.-ից ՀԽՍՀ սննդի արդյունաբերության մինիստրն է եղել։ Ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամ և նրա բյուրոյի անդամության թեկնածու, ԽՍՀՄ 6-րդ գումարման և ՀԽՍՀ 4–8-րդ գումարումների Գերագույն խորհուրդների դեպուտատ, ԽՄԿԿ 20-23-րդ համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

ԱՌԱՔԵԼՅԱՆ Սուրեն Սմբատի (1911–1943 թթ.), Խորհրդային Միության հերոս, ավագ սերժանտ։ ԽՄԿԿ անդամ 1943 թ.-ից։ Ծնվել է նոյեմբերի 8-ին, Տաթև գյուղում:

(այժմ՝ Հայաստանի Գորիսի շրջանում)։ 1941–1943 թթ.-ին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցել է Կովկասի պաշտպանությանը։ 1943 թ.-ի սեպտեմբերի 18-ին, Նովորոսիյսկի մոտ Կուրբատսկայա բնակավայրի ազատագրման ժամանակ, Առաքելյանն իր մարմնով ծածկեց ֆաշիստական գնդացրի հրակնատը և ապահովեց ստորաբաժանման առաջխաղացումը։ Այս խիզախության համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944 թ.-ի մայիսի 16-ի հրամանագրով նրան ետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։

ԱՌԱՔԵԼՅԱՆ Վարագ Դավթի (ծն. 1910 թ. հոկտեմբերի 1), հայ խորհրդային լեզվաբան, բանասեր։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1960 թ.)։ Ծնվել է հոկտեմբերի 1-ին, Կոտայքի (ՀԽՍՀ Աբովյանի, այժմ՝ Կոտայքի) շրջանի Ելղովայե (այժմ՝ Կոտայք) գյուղում։ ՀԽՍՀ ԳԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ (1958 թ.-ից)։ Զբաղվել է հայերենի հնչյունաբանության, շարահյուսության, ոճաբանության ուսումնասիրությամբ, հրատարակել «Ժամանակակից հայերենի հոլովների և հոլովական կապակցությունների իմաստային առումները» (1957 թ.), «Հայերենի շարահյուսություն» (հ. 1–2, 1958–1964 թթ.), «Ավետիք Իսահակյանի պոեզիայի բառապաշարի ոճաբանական առանձնահատկությունները» (1954 թ.) և այլ աշխատություններ։ Գրաբարից աշխարհաբարի է վերածել Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի»–ն, կազմել «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»–ի 2-րդ հատորը (1972 թ.)։

Երկեր՝ Ժամանակակից հայերենի հնչյունաբանություն, Ե., 1955։ Հայերենի պարբերույթը, Ե., 1968։

ԱՌԱՔԵԼՈՑ ԵԿԵՂԵՑԻ ԱՆԻԻ, միջնադարի ճարտարապետական հուշարձան։ Կառուցվել է, ըստ Ն. Մառի և Հ. Օրբելու, 10-րդ դ., ըստ Ն. Տոկարսկու՝ 11-րդ դ. 20-ական թթ. (պահպանված հնագույն արձանագրությունը. ՆԶ թվ = 1031), քաղաքի կենտրոնական մասում, Մայր տաճարից հյուսիս–արևմուտք։ Եկեղեցին հովանավորել են Պահլավունիները. հավանաբար եղել է արքեպիսկոպոսանիստ (շինության արևմտյան մասում, 1184 թ.-ին Բարսեղ արքեպիսկոպոսը կանգնեցրել է հուշարձան)։ Այն