Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/545

Այս էջը սրբագրված է

մասամբ անտաշ քարերով են, մուտքի մասում՝ կոփածո սրբատաշ։ Մուտքի բարավորի վրա քանդակված են իրար փաթաթված երկու վիշապ (1501-ին ձևավորել է Մանվել քարգործը)։ Պարսպի քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին՝ հեղինակի հիշատակությունը. Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501 թ.։ Բերդի ներսում կան տների ն եկեղեցու ավերակներ։ Ա–ում է գտնվում Ձագավանքը:

ԱՌԻՆՋ, գյուղ Նախիջևանի ԻՍՍՀ Շահբուզի շրջանում։ Գտնվում է Վայքի լշ–ի հվ. լանջին, շրջկենտրոնից 4 կմ հս–արլ.։ 520 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, դաշտավարությամբ։ Ա. ունի հայկական միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, բուժկայան, կինո, կապի բաժանմունք (50 համարով ավտոմատ հեռախոսակայան)։ Գյուղը էլեկտրիֆիկացված և ռադիոֆիկացված է, օգտվում է հեռուստատեսային հաղորդումներից ու հեղուկ գազից։ Ա. հնագույն բնակավայր է։ Նախկինում գտնվել է ներկայիս գյուղից 6 կմ հս.՝ Խաչքար կոչվող վայրում, որտեղ պահպանվել է գյուղատեղին։ Հայտնաբերված են բրոնզի դարի իրեր։ Ղ. Մուրադյան, Ֆ. Հայրապետյան


ԱՌԻՆՋԱՎԱՆՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում, Մուշի գավառում։ 1909-ին ուներ 60 տուն հայ և 6 տուն քուրդ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Գյուղի շրջակայքում պահպանվել էին հայկ. մի ուրիշ հին բնակավայրի և եկեղեցու ավերակներ։ Գյուղն ուներ եկեղեցի։ Ա. ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։


ԱՌԼ (Arles), քաղաք Ֆրանսիայի հարավում, Պրովանսում, Բուշ–դյու–Ռոն դեպարտամենտում։ Նավահանգիստ Ռոն գետի ստորին հոսանքում։ 48 հզ. բն. (1968)։ Երկաթուղային հանգույց է, մետալուրգիայի, մեքենաշինության և քիմիական արդյունաբերության կենտրոն։ Հիմնադրել են հույները (Theline)։ Մ. թ. ա. II դ. վերջին նվաճել են հռոմեացիները։ Կեսարի օրոք եղել է հռոմեական գաղութ (մ. թ. ա. I դ.), և մ. թ. սկզբին հասել բարձր զարգացման։ IV դ. հռոմեական կայսր Կոստանդին Մեծի աթոռանիստն էր, միջին դարերում՝ Առելաթ թագավորության կենտրոնը։ Ա–ում պահպանվել են հին հռոմեական հուշարձաններ (Օգոստոսի ժամանակվա թատրոնը, ավելի ուշ շրջանի ամֆիթատրոնը, 1651-ին պեղված Առլյան Վեներայի արձանը, այժմ՝ Լուվրում ևն), միջնադարյան Սեն–Տրոֆիմ եռանավ բազիլիկը (VIII–XV դդ.), որ հայտնի է ռոմանական քանդակազարդ շքամուտքով (մոտ 1180–1200)։ Գործում են՝ Հեթանոսական և Քրիստոնեական (երկուսն էլ՝ հնագիտական), Առլատան ազգագրական, Ռեատտյու գեղարվեստական թանգարանները։ Ա. տուրիզմի կենտրոն է։


ԱՌԼԵՆ (Arlen) Մայքլ (իսկական ազգանունը և անունը՝ Գույումճյան Տիգրան, 1895–1956), հայազգի անգլիական գրող։ Ծնվել է նոյեմբ. 16-ին, Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում (այժմ՝ Ռուսե)։ 1900-ից ապրել է Անգլիայում։ Թղթակցել է «Դեյլի էքսպրես» թերթին։ Գրել է «Լոնդոնյան արկածախնդրության» (1920), «Ռոմանտիկ կինը» (1921), «Ծովահենություն» (1923), «Այս հմայիչ ժողովուրդը» (1924) գործերը։ Համաշխարհային ճանաչում է գտել «Կանաչ գլխարկը» (1924) և «Մեյ Ֆեըր» (1925) վիպակներով։ 1937-ին տպագրվել են «Հափշտակված թագը», «Թռչող հոլանդացին» ստեղծագործությունները։ Վերջին տարիներին լույս է տեսել «Մի գաղտնի պատմություն» (1954) վիպակը։ Ա–ի բազմաթիվ վեպեր ու վիպակներ վերածվել են պիեսների ու կինոնկարների, բեմադրվել և ցուցադրվել Եվրոպայի ու Ամերիկայի շատ երկրներում։ Մահացել է հունիսի 21-ին, Նյու Յորքում։


ԱՌՀԱՎՈՒԹՅՈՒՆ, ատավիզմ, հետասերում, հեռավոր նախնիներին բնորոշ հատկանիշների դրսևորումը կենդանական և բուսական օրգանիզմներում։ Ա. օրգանական աշխարհի միասնական ծագման և օրգանիզմների պատմական զարգացման ապացույց է։ Ա–յան օրինակներ են մարդու դեմքի և մարմնի վրա կենդանիների բուրդը հիշեցնող մազածածկը, պոչանման ելուստի զարգացումը, կովի կուրծի վրա երբեմն երրորդ զույգ պտուկների առկայությունը։


ԱՌՁԱՅՆՈՒՅԹ, ասոնանս, նման ձայնավոր հնչյունների կուտակում բանաստեղծության մեջ (օր. Վ. Տերյանի տողերում՝ «Վարդավառի վարդերը վառ», «Երգող երգչիդ երդվում եմ ես…», այստեղ կա ա և ե ձայնավորների կուտակում)։ Ա. է կոչվում նաև մոտավոր հանգը, երբ բանաստեղծական տողերի վերջում համընկնում են միայն շեշտված ձայնավորները, իսկ մյուս հնչյունները կարող են չհամընկնել, օր. ահա-պահած, կեցած–ծիծաղ, կորովի–թովիչ, ժիր–ուժին ևն (Ե. Չարենց, «Գանգրահեր տղան»)։


ԱՌՃՈ–ԱՌԻՋ, լեռ Կարսի սարահարթում։ Տես Ալաջա։


ԱՌՅՈՒԾ (Felis leo), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն։ Իրանի երկարությունը մոտ 2 մ է, քաշը՝ մինչև 250 կգ։ Վերջավորությունները համեմատաբար երկար են, ուղիգ, մատները՝ զինված ներս քաշվող ճիրաններով։ Պոչը՝ մինչև 1 մ, վերջանում է մազափնջով։ Բուրդը կարճ է, դեղնագորշավուն։ Ա–ի սեռական դիմորֆիզմը, մյուս կատվազգիների համեմատությամբ, լավ է արտահայտված։ Արուն պարանոցի շուրջը և մարմնի առջևի մասում ունի բաշ։ Ա–ները տարածված են Աֆրիկայում, Հարավ–Արևմտյան Ասիայում։ Ապրում են սավաննաներում, կիսաանապատներում և անապատներում։ Գիշերային կյանք է վարում, մսակեր է, ճարպիկ, հարձակվում է վայրի և ընտանի խոշոր կաթնասունների վրա։ Սեռահասուն է 3 տարեկանից։ Ա–ների հղիությունը տևում է մոտ 4 ամիս, ձագերի թիվը՝ 1–6։ Ապրում է մինչև 25–35 տարի։ Հարմարվում և բազմանում է կենդանաբանական այգիներում։


ԱՌՅՈՒԾ, Առյուծաբերդ (Կարաթեփե), բերդ Կիլիկիայում, Անարզաբա բերդաքաղաքից արևելք, Ջահան գետի աջ ափին։ Կառուցել են բյուզանդացիները՝ Դաշտային Կիլիկիան արաբների հարձակումներից պաշտպանելու նպատակով։ Ա. հսկողության տակ էր պահում Ջահանի գետանցքը։ Սմբատ սպարապետի «Տարեգրքում» հիշատակվում է, որ Կիլիկիայի Թորոս Բ իշխանը 1145-ին վերագրավել է բերդը բյուզանդացիներից։ Ա. այժմ ավերակ է։


ԱՌՅՈՒԾ (լատ. Leo), կենդանաշրջանի համաստեղություն։ Գտնվում է Փոքր առյուծ, Խեցգետին, Հիդրա, Սեքստանտ, Թաս, Կույս, Վերոնիկայի վարսեր և Մեծ արջ համաստեղությունների միջև։ Պայծառագույն աստղը Ռեգուլն է։ Ա. միջին լայնություններից երևում է գարնանն ու ձմռանը։


ԱՌՅՈՒԾԿԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթում, Բաբերդ (Բայբուրդ) քաղաքից հարավ, Ճորոխ գետի ձախակողմյան վտակ Առյուծկայի արգավանդ հովտում։ 1909-ին ուներ 45 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և մասամբ՝ անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և նախակրթական վարժարան։ Տեղական ճանապարհով կապված էր Բաբերդ քաղաքի հետ։ Ա. ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության մի մասը զոհվել է, մյուս մասը տարագրվել տարբեր երկրներ։


ԱՌՆԱՈՒՏ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում, Խարբերդ քաղաքից 23 կմ արևմուտք, Մալաթիա–Խարբերդ ճանապարհի աջ կողմում։ XX դ. սկզբին ուներ մոտ 100 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Ա. ավերվել ու ամայացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։


ԱՌՆԵԴՈ ԱԼՎԱՐԵՍ (Arnedo Alvares) Հերոնիմո (ծն. 1897), Արգենտինայի բանվորական և կոմունիստական շարժման գործիչ։ Արգենտինայի կոմկուսի անդամ 1925-ից։ Ծնվել է հոկտեմբերի 10-ին, Սան Նիկոլասում (Արգենտինա)։ Ակտիվ հեղափոխական գործունեության համար բազմիցս բանտարկվել է։ 1933-ից Արգենտինայի կոմկուսի ԿԿ անդամ է։ 1935–37-ին եղել է Արգենտինայի կոմկուսի Բուենոս Այրեսի գավառային կոմիտեի քարտուղար։ 1938-ից՝ ԿԿ գործադիր կոմիտեի անդամ և Արգենտինայի կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար։ Ա. Ա. ՍՄԿԿ XXI համագումարում (1959) գլխավորել է Արգենտինայի կոմկուսի պատգամավորությունը։