Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/546

Այս էջը սրբագրված է

ԱՌՆԵՏՆԵՐ (Rattus), կրծողների կարգի մկնանմանների ընտանիքի կաթնասունների ցեղ։ Մարմնի երկարությունը 13–23 սմ է, պոչը՝ երկար, ծածկված օղակաձև թեփուկներով և նոսր, կարճ մազերով։ Հայտնի է մի քանի տասնյակ տեսակ՝ Ասիայում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ամերիկայում։ ՍՍՀՄ–ում տարածված է Ա–ի 3 տեսակ՝ մոխրագույն, սև, թուրքեստանյան։ Մոխրագույն Ա–ի (R. norvegicus) մարմնի երկարությունը՝ 15–20 սմ, պոչինը՝ 10–12 սմ, քաշը՝ մինչև 500 գ։ Հայաստանում հանդիպում են ամենուրեք։ Ապրում են բնակավայրերում, ամռանը երբեմն տեղափոխվում են բանջարանոցները։ Բազմանում են տարեկան 4 անգամ՝ տալով 5–15 ձագ։ Սնվում են բուսական և կենդանական կերերով։ Սև Ա–ի (R. rattus) մարմնի երկարությունը 13–19 սմ է, պոչինը՝ 13–23 սմ, քաշը՝ մոտ 300 գ։ ՀՍՍՀ–ում տարածված է Թումանյանի, Իջևանի, Շամշադինի և Հրազդանի շրջաններում (700–1700 մ բարձրության վրա)։ Բազմանում են 2–3 անգամ՝ տալով 5–8 ձագ։ Թուրքեստանյան Ա–ի (R. turkestanicus) մարմնի երկարությունը 17–21 սմ է, պոչինը՝ 16–21 սմ, քաշը՝ մինչև 400 գ։ Տարածված են Միջին Ասիայում։ Բազմանում են 3–5 անգամ և ունենում 4–13 ձագ։

Ա. մեծ վնաս են հասցնում, փչացնում և ոչնչացնում են մթերքները, գործվածքները, բնակարանները, պահեստատեղերը, տարածում են տարբեր ճիճվային և այլ վարակական հիվանդություններ (դիզենտերիա, ժանտախտ ևն)։

(նկ․) Առնետներ, ձախից՝ մոխրագույն, աջից՝ սև։


ԱՌՆԻՄ (Arnim) Լյուդվիգ Ախիմ (1781–1831), գերմանացի գրող, Հայդելբերգյան ռոմանտիկների խմբակի ներկայացուցիչներից։ Ծնվել է հունվարի 26-ին, Բեռլինում։ Կ. Բրենտանոյի հետ հավաքել է ժող. ստեղծագործություններ, երգեր, կազմել «Երեխայի կախարդական եղջերափողը» (մաս 1–3, 1806–08) ժող. երգերի վերամշակված ժողովածուն։ Առավել հայտնի են Ա–ի «Եգիպտացի Իզաբելան» (1812), «Թագի պահապանները» (1817, անավարտ) պատմական արձակ գործերը, որտեղ իդեալականացվում է ֆեոդալական միապետությանը։ Մահացել է հունվ. 21-ին, Վիպերսդորֆում։


ԱՌՆԻՍՏ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Տարոնում, Մուշ քաղաքից 28 կմ արևելք, Մուշ–Բիթլիս ճանապարհի ձախ կողմում։ XX դ. սկզբին ուներ մոտ 70 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և նախակրթական վարժարան։ Ա–ի արլ. մասում պահպանվել էին հին բնակավայրի ավերակներ և հայկ. գերեզմանոց։ Ա. ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Գարեգին Սրվանձտյանը Ա–ում գրի է առել «Սասունցի Դավիթ» էպոսի մի տարբերակը, հրատարակել 1874-ին։


ԱՌՆՀԵՄԼԵՆԴ (Arnhemland), Առնհեմի երկիր, թերակղզի Ավստրալիայի հյուսիսում, Թիմորի ծովի և Քարփենթարիայի ծոցի միջև։ Ափերը խիստ կտրտված են։ Մակերևույթը 180-ից մինչև 400 մ բարձրության սարավանդ է։ Կազմված է ավազաքարերից։ Կլիման տաք է՝ խոնավ ամառներով։ Գետահովիտներում աճում են խոնավ մերձարևադարձային անտառներ, լեռների հողմահայաց լանջերին և լեռնազանգվածների բարձունքներին՝ էվկալիպտի անտառներ և սավաննաներ։ Հայտնաբերված են ուրանի, ռադիումի հանքավայրեր (Ռամ–Ջանգլ)։ Հս–արմ–ում է գտնվում Դարվին նավահանգիստը։


ԱՌՆՄԱՆՈՒՄ (այլ անվամբ՝ առնմանություն, ասիմիլյացիա), հնչյունափոխական երևույթ, երբ բառի մեջ տարբեր հնչյուններից մեկը կարող է ազդել մյուսի վրա և նմանեցնել կամ նույնացնել իրեն։ Նմանեցումը կատարվում է հնչյունի որևէ կողմի (արտաբերման տեղի, եղանակի, որակի ևն) փոփոխությամբ։ Նույնացման դեպքում Ա. լինում է լիակատար (զուժկալ–ժուժկալ, բոկիկ–բոբիկ, Զիադին–Դիադին ևն), նմանեցման դեպքում՝ մասնակի կամ թերի (ծանաչել–ճանաչել, մեծությանբ–մեծությամբ, անվանբ–անվամբ ևն)։ Ըստ ազդեցության ուղղության, Ա. լինում է առաջընթաց (ազդեցությունը տեղի է ունենում ձախից դեպի աջ, օր. բոկիկ–բոբիկ) և ետընթաց (ազդեցությունը տեղի է ունենում աջից դեպի ձախ, օր. անվանբ–անվամբ)։ Ա–ման մի տեսակն է ներդաշնակավորումը (սինհարմոնիզմ), երբ բառի վրա ավելացող մասնիկի ձայնավորը համապատասխանեցվում է արմատի ձայնավորին։ Դա հատուկ է թյուրք–թաթարական լեզուներին (հմմտ. թուրք, oda–odalar–ev-evler ևն)։ Կա նաև բառային Ա., որի դեպքում միմյանց հետ հաճախ գործածվող և հնչյունական որոշ ընդհանրություն ունեցող բառերից մեկի ազդեցությամբ մյուսը նմանակային փոփոխություն է կրում, բարբառներում փետրվարի ազդեցությամբ հունվարը արտասանվում է հունրվար, հոկտեմբերի ազդեցությամբ սեպտեմբերը՝ սեկտեմբեր ևն։

Գրկ. Ղափանցյան Գ., Ընդհանուր լեզվաբանություն, հ. 1, Ե., 1939։ Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965։ Աղայան Է., Լեզվաբանության ներածություն, 3 հրտ., Ե., 1967։ Ա. Աբրահամյան


ԱՌՆՈ (Arno), գետ Իտալիայում։ Երկ. 248 կմ է, ավազանը՝ 8,5 հզ. կմ²։ Սկիզբ է առնում Ապենինյան լեռներից (բարձր. 1350 մ) և թափվում Լիգուրիական ծովը։ Անկումը մեծ է մինչև Ֆլորենցիա քաղաքը, որից հետո հոսում է բլրաշատ հարթավայրով, ապա՝ Տոսկանայի դաշտավայրով։ Նավարկելի է Պոնտեդերա քաղաքից մինչև Պիզա, որից հետո մինչև ծովը անցկացված է ջրանցք։


ԱՌՆՈԼՖՈ ԴԻ ԿԱՄԲԻՈ (Arnolfo di Cambio, մոտ 1245 – մինչև 1310), իտալացի քանդակագործ և ճարտարապետ։ Աշակերտել է Նիկոլո Պիզանոյին։ Քանդակագործական աշխատանքներում (Աննիբալդի կարդինալի դամբարանը՝ Հռոմի Սան–Ջովաննի ին Լատերանո եկեղեցում, 1276, շատրվանի ֆիգուրներ, 1281, Ֆլորենցիայի տաճարի ճակատի քանդակները, մոտ 1300), հետևելով անտիկ կերպարներին, ձգտել է իր կերտվածքներին հաղորդել կենդանություն, մարմնական հզորություն, որը և նրան դարձրեց Պրոտոռենեսանսի ականավոր քանդակագործը։ Ճարտարապետական գործերում (XIII դ. վերջին սկսված Սանտա–Կրոչե եկեղեցին և Պալացցո Վեքիոն Ֆլորենցիայում) նա իտալական գոթիկայի տիպիկ ներկայացուցիչն է։ 1296-ին սկսել է Ֆլորենցիայի տաճարի շինարարությունը։


ԱՌՆՈՅՈՏՆ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում։ Տարածված էր Առնոս լեռան արլ. լանջերին՝ մինչև Շատախ ավանը։ Հիշատակվում է «Աշխարհացոյց»–ում (VII դ.) և Թովմա Արծրունու «Պատմութեան» մեջ («Ոտն Առնոյ» ձևով)։ Նախկինում, սխալ ստուգաբանելով («Առ Նոյ ոտն»՝ «Նոյի ոտքերի մոտ»), երբեմն Ա. տեղադրել են Արարատ լեռան հվ. լանջին։ Գրկ. Երեմյան Ա. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»–ի, Ե., 1963։


ԱՌՆՉԱԿՑՈՒԹՅՈՒՆ, հանցագործության հետ առնչվող հանրորեն վտանգավոր գործողություն կամ անգործություն։ Ի տարբերություն հանցակցության, Ա. չի օժանդակում հանցավոր արարքի կատարմանը, դրա հետ պատճառական կապի մեջ չի գտնվում և տեղի է ունենում, երբ հանցագործությունն արդեն կատարվում է կամ ավարտված է։ Գործող օրենսդրությունն «Ա.» տերմինը չի կիրառում և ինքնուրույն հանցավոր արարք չի դիտում։ Ա. դրսևորվում է հանցագործության մասին չհայտնելու, նախապես չխոստացված պարտակման և թողտվության ձևով՝ բոլոր հանցագործությունների նկատմամբ (վերջին բաղադրիչը քրեապես պատժելի արարք չի համարվում)։ Հանցագործության պարտակումը և իմանալ չհայտնելը քրեական պատասխանատվություն են առաջացնում միայն օրենքում նախատեսված դեպքերում, երբ դրանք վերաբերում են պետ. հանցագործություններին, սոցիալիստական սեփականությանը, անձի կյանքին և առողջությանը, քաղաքացիների անձնական գույքի դեմ ուղղված առավել ծանր, ինչպես նաև մեծ վտանգ ներկայացնող այլ հանցագործություններին։

Որոշ հանցագործությունների պարտակման և չհայտնելու պատժելիության մասին ակնարկներ կան հայ հին իրավունքի աղբյուրներում՝ Դավիթ Ալավկա որդու կանոններում, Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում։


ԱՌՆՋԿՈՒՍ (<Առինջ + կույս), գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում, Արծկեի գավառում, Վանա լճից 2 կմ հյուսիս։ XX դ. սկզբին ուներ մոտ 70 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մասամբ՝ ձկնորսությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և վարժարան։ Ա. ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։


ԱՌՈԳԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ, գեղարվեստական խոսքի եղանակավոր ու իմաստա–