Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/56

Այս էջը հաստատված է

56 ԱԳՐԱՐԱՅԻՆ

սեյմն ընդունեց «Հողատերերին մնացյալ հողի չափը որոշելու և հողային ռեֆորմն իրականացնելու միջոցառումների մասին» օրենքը, որով հողի մասնավոր սեփականությունն, այնուամենայնիվ, չէր վերացվում։ Անդրկովկասյան կոմիսարիատի և Անդրկովկասյան սեյմի բոլոր նման որոշումները մնացին թղթի վրա։

Սեյմի անկումից հետո Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառավարությունը ժառանգեց ժամանակավոր կառավարության ագրարային քաղաքականությունը։ Դեռևս II Պետական դումայում, 1907-ի փետրվար֊հունիսին, դաշնակցական պատգամավորները (Երևանից՝ Հովհաննես Սաղաթելյանն ու Սիրական Տիգրանյանը և Գանձակից՝ Ստեփան Տեր֊Ավետիքյանը) Ա. հ֊ում հարում էին էսեռներին։ Սաղաթելյանը Դումայի էսեռական ֆրակցիայի հողային հանձնաժողովում մասնակցեց հողի հիմնական օրենքի նախագծի մշակմանը, որը էսեռների և դաշնակցականների միացյալ խմբի կողմից ներկայացվեց Դումային։ Նախագիծն առաջարկում էր ռուսական պետության սահմաններում ընդմիշտ վերացնել հողի ամեն տեսակ սեփականություն և ամբողջ հողը հայտարարել համայնական սեփականություն։ Էսեռների հետ միասին նրանք հանդես էին գալիս հանուն հողի «սոցիալիզացիայի»։ Սակայն, իշխանության գլուխ անցնելով, դաշնակցությունը պահպանեց մասնավոր հողատիրությունը։ Պաշտոնական տվյալներով Հայաստանի 600 հզ. հա վարելահողերի կեսը պատկանում էր կալվածատերերին, կուլակներին, եկեղեցուն, նույնքան էլ բաժին էր ընկնում գյուղացիական բոլոր տնտեսությունների 95 % կազմող չքավոր և միջակ տնտեսություններին։ 140 հզ. հա խոտհարքից 100 հզ. հա պատկանում էր կալվածատերերին և պետությանը։ Ա. հ. Անդրկովկասում իր լուծումը գտավ միայն սովետական կարգերի շնորհիվ։

Արևմտյան Հայաստանում (մինչև 1877–1878-ի ռուս֊թուրքական պատերազմը նաև Կարսի մարզում) հողային հարաբերությունները կարգավորվում էին Թուրքիայում գործող պետական օրենքներով։ Մահմեդական Արևելքում, ինչպես նշել է Կ. Մարքսը, պետությունը գերագույն հողատերն էր, «ոչ մի մասնավոր հողային սեփականություն չկա, թեև կա հողի ինչպես մասնավոր, այնպես էլ համայնական տիրում և օգտագործում» (Մարքս Կ., Կապիտալ, 1949, էջ 329)։ Արևմտյան Հայաստանում ֆեոդալների դասակարգը հիմնականում կազմված էր մահմեդականներից։ Հայ ֆեոդալները գերակշիռ մաս էին կազմում Սասունում, Մուշում, Հաճընի շրջանում, Զեյթունում։ Արևմտահայության հիմնական զանգվածը իրավականորեն ազատ գյուղացիությունն էր, որի փոքր մասն ուներ սեփական հողակտորներ, մյուս մասը մշակում էր պետական և վակուֆային հողերը։

Թուրքահպատակ երկրամասերում, այդ թվում և Արևմտյան Հայաստանում ճորտությունն իրավաբանորեն ձևակերպված չէր։ Սակայն հարավային քրդաբնակ գավառներում՝ Վանի, Դիարբեքիրի էյլաթներում և մասամբ թուրքապատկան շրջաններում հայ գյուղացիությունը գտնվում էր կիսաճորտական, կախյալ վիճակում։

Թանզիմաթի շրջանում սուլթան Աբդուլ Մեջիդի 1858-ի օրենքով Թուրքիայում սահմանվեցին հողային սեփականության հետևյալ հիմնական ձևերը. 1. պետական միրիե, 2. մասնատիրական (մյուլք), 3. հոգևոր (վակուֆ), 4. մեթրուքե (համայնական), 5. չօգտագործվող (մեվադ) հողատարածություններ։ Արևմտյան Հայաստանում տիրապետող էին պետական և վակուֆային հողերը։ 1867-ի օրենքով հողատերերին թույլատրվեց հինգ տարվա ընթացքում պետությունից գնել օգտագործվող հողերը՝ ստանալով կալվածագիր։

1858-ի օրենքը ուժի մեջ մտնելուց հետո էլ հողատերերի հիմնական դասը, ինչպես նախաթանզիմաթյան շրջանում, մահմեդական վերնախավն էր, մզկիթները, հոգևորականությունը։ Ավելացավ նաև հայ խոշոր հողատերերի թիվը, հատկապես Մշո դաշտում, Կարինի, Խարբերդի, Բաղեշի, Սեբաստիայի շրջաններում։ XIX դ. 2-րդ կեսին կալվածքներ ունեին 200-ից ավելի արևմտահայ վանքերը, որոնցից 9-ը համարվում էին խոշոր հողատերեր։

Արևմտահայ գյուղացիների զգալի մասը հողը վարձակալում էր քաղաքներում ապրող մահմեդական ու հայ հողատերերից, մյուս մասը այն օգտագործում էր կիսրարության սկզբունքով։ Կիսրարությունն աստիճանաբար ընդարձակվելով վերածվեց մարաբայության (տես Մարաբա)։ Թուրքիայում ազգային ճնշումն իր արտահայտությունն էր գտնում նաև ագրարային հարաբերություններում։ Արտակարգ ծանր էր հարկային լուծը։ Գլխավոր եկամտային հարկը աշարն էր, որը իրականում կազմում էր բերքի մինչև 1/3 մասը, թեև օրենքով չպետք է անցներ 1/10-ից։ Աշարից բացի գյուղացիները վճարում էին ֆեոդալական ռենտա՝ խարաջ, գլխահարկ կամ ջիզիե, կալվածատիրական հարկ (տների, խանութների, ջրաղացների, տնամերձ հողերի և շենքերի համար), արոտների հարկ, ճանապարհների հարկ (20–50 տարեկան տղամարդիկ իրենց սայլերով ու գործիքներով տարեկան 4–5 օր պարտավոր էին աշխատել ճանապարհների վրա կամ 13 ղուռուշ վճարել), զինվորական հարկ, որը գանձում էին հայ տղամարդկանցից զինվորական ծառայության փոխարեն, քանի որ քրիստոնյաներն իրավունք չունեին զենք կրելու։ Կային նաև ամուսնության, կրթական, բանջարանոցների, խոտհարքի, յայլաղների և այլ հարկեր։

Այդ ամենով հանդերձ ոչ միայն հայ աշխատավոր գյուղացիության, այլև հողատերերի ունեցվածքն ու իրավունքների ապահովությունը ոչնչով երաշխավորված չէր։ Հալածանքները, պարբերաբար կազմակերպված կոտորածները, կողոպուտը քայքայում էին արևմտահայությանը, ուժեղացնում արտագաղթը և պանդխտությունը։ Մեծ եղեռնի ժամանակ արևմտահայությունը, ենթարկվելով զանգվածային կոտորածի ու տեղահանության, վերջնականապես զրկվեց ունեցվածքից ու հողային սեփականությունից։

Գրկ. Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, Ե., 1954, գլխ. 24, հ. 3, Ե., 1949, գլխ. 37–47; Լենին Վ. Ի., Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ., հ. 3։ Նույնի, Կապիտալիզմը գյուղատնտեսության մեջ, Երկ., հ. 4։ Նույնի, Ագրարային հարցը և «Մարքսի քննադատները», Երկ., հ. 5, հ. 13։ Նույնի, Սոցիալ֊դեմոկրատիայի ագրարային ծրագիրը 1905–1907 թվականների ռուսական առաջին հեղափոխության մեջ, Երկ., հ. 13։ Նույնի, Ագրարային հարցը Ռուսաստանում XIX դարի վերջին, Երկ., հ. 15։ Նույնի, Սովետական իշխանության հերթական խնդիրները, Երկ., հ. 27։ Ռշտունի Վ., Ուրվագծեր Հայաստանի գյուղացիության պատմության. 1828–1917 թթ., մաս 1–2, Ե., 1960–68։ Ամբարյան Ա., Ագրարային հարաբերությունները Արևմտյան Հայաստանում (1856–1914), Ե., 1965։ Ղազարյան Հ., Արևմտահայերի սոցիալ֊տնտեսական և քաղաքական կացությունը 1800–1870 թթ., Ե., 1967։ Есаян А., Мулькадарское право в Армении, Е., 1948։ Аграрная политика царизма и крестьянское движение в Армении в начале XX века [сб. архивных документов], Е., 1951; Адонц М. А., Экономическое развитие Восточой Армении в XIX веке, Е., 1957; Трапезников С. П. Аграрный вопрос и ленинские аграрные программы в трех русских революциях, М., 1963; Папазян А., Аграрные отношения в Восточной Армении в XVI–XVII веках, Е., 1972.

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ագրարային հարաբերությունների արմատական վերափոխման պրոցես։ Ա. հ֊ներ են կատարվել Անգլիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։ Անգլիայում XVI–XVII դդ. բուրժուականացող ազնվականությունը, ճորտային կախվածությունից ազատագրված գյուղացիությանը բռնի ուժով քշեց իր հողաբաժիններից։ Սեփականազրկվելով՝ գյուղացիության զգալի մասը վերածվեց պրոլետարիատի։ Աստիճանաբար ձևավորվեց ֆերմերների դասակարգը։ Սոցիալ֊տնտեսական վերափոխումների հիման վրա Անգլիայում ֆեոդալական ագրարային հարաբերությունները վերաճեցին կապիտալիստական ագրարային հարաբերությունների։ Բուրժուական հողատիրության կողքին պահպանվեցին նաև հողատիրության նախկին ձևերը։

ՍՍՀՄ֊ում և սոցիալիստական մյուս երկրներում իրագործված ագրարային վերափոխումները խոշոր հեղաբեկում էին այս երկրների ագրարային հարաբերությունների զարգացման մեջ։ Ա. հ֊յան արմատական ձեռնարկումները ապահովեցին գյուղի սոցիալիստ․ վերակառուցումը։


ԱԳՐԱՐԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԵՐ, գերարտադրության ճգնաժամեր կապիտալիստական գյուղատնտեսության մեջ։ Բնութագրվում են գյուղատնտեսական ապրանքների չիրացված պաշարների կուտակման, մանր ու միջակ ապրանքարտադրողների քայքայման և ունեզրկման պրոցեսի արագացմամբ, ագրարային գերբնակչության ավելացումով, ֆերմերների զուտ եկամտի և գյուղատնտեսական բանվորների աշխատավարձի կրճատմամբ։ Արդյունաբերական ճգնաժամերի համեմատությամբ Ա. ճ. ունեն իրենց առանձնահատկությունները, ավելի տևական են (1873-ին Արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում, ապա ԱՄՆ֊ում բռնկված ագրարային ճգնաժամը շարունակվեց մինչև 90-ական թթ, կեսերը)։ Ա. ճ. ազդում են կապիտալի շրջանառության ցիկլի վրա՝ երկարաձգելով արդյունաբերական ճգնաժամերը և