Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/563

Այս էջը սրբագրված է
Լ. Ա. Ասլամազյան:: «Լավաշ է թխում»: 1955: Դրեզդենի պատկերասրահ:

քանդակագործության և ճարտարապետության ինստ–ը։ Քրոջ.՝ Մ. Ա. Ասլամազյանի հետ Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի ՀՍՍՀ տաղավարի համար 1939-40-ին նկարել է մի շարք պաննոներ։ Ա–ի գեղանկարչական աշխատանքներից են՝ «Նատյուրմորտ վարդագույն ֆոնի վրա» (1943), «Աշխատանքի հերոս Խ. Վարդանյանի դիմանկարը» (1946), «Արագածի հովիտը» (1955, բոլորն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում), «Հայրենի գյուղում» (1947), «Արարատն առավոտյան» (1956, երկուսն էլ՝ ՀՊՊ–ում), «Նատյուրմորտ։ Արևելյան ամանեղեն» (1967, Դրեզդենի պատկերասրահ), «Աշխատանք–երջանկություն» եռանկարը (1971) եւն։

ԱՍԼԱՄԱԶՅԱՆ Լևոն Արշակի (ծն. 1894), հայ նկարիչ։ Ծնվել է դեկտեմբերի 15 (27)-ին, Թիֆլիսում։ 1903–09-ին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1913-ին՝ Կ. Ֆ. Յուոնի ստուդիայում (Մոսկվա), 1910–11-ին՝ Գեղեցիկ արվեստները խրախուսող կովկասյան ընկերության Գեղանկարչության և քանդակագործության դպրոցում (Թիֆլիս)։ 1924–27-ին նկարչություն է դասավանդել Թիֆլիսի «Հայարտանը»։ Ա. աշխատում է բնանկարի և նատյուրմորտի ժանրերում։ Հիմնական աշխատանքներից են՝ «Շոգ օր» (1917), «Հին Մանգլիսը»,«Բուսաբանական այգին», «Օրթաճալա» (1917), «Նատյուրմորտ խնձորներով», «Բակ», «Տներ» (1920-ական թթ.)։

Լ. Ա. Ասլամազյան: «Նատյուրմորտ խնձորներով»:


ԱՍԼԱՄԱԶՅԱՆ Մարիամ Արշակի (ծն. 1907), հայ սովետ, նկարչուհի։ ՀՍՍՀ ժող. նկարչուհի (1965)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ծնվել է հոկտ. 20 (նոյեմբ. 2)-ին, Կարսի մարզի Բաշ–Շիրակ գյուղում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա–արդյունաբերական տեխնիկումը (1929, Ս. Առաքելյանի, Ս. Աղաջանյանի մոտ) և Լենինգրադի Պրոլետարական կերպարվեստի ինստ–ը (1933, Կ. Ս. Պետրով–Վոդկինի, Ա. Ի. Սավինովի մոտ)։ Ա. ի հայտ է բերել իր անհատականությունը դեկորատիվ գունանկարչության բնագավառում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ա. ստեղծել է մի շարք ժանրային կոմպոզիցիաներ՝ «Հերոսի վերադարձը» (1943), «Հերոսի երգը» (1944, երկուսն էլ՝ ՀՊՊ–ում), «Հերոսի հարսանիքը» (1945, ՍՍՀՄ գեղարվեստական ֆոնդ)։ Բարձր արվեստով են կատարված «Հայաստանն այսօր» (1969), «Նամակ ռազմաճակատից» (1970) բազմաֆիգուր կոմպոզիցիաները, «Քրդուհի Ռահմատի դիմանկարը» (1940), «Տատիկի դիմանկարը» (1942), «Լուրեր ռազմաճակատից» (1943, երկուսն էլ՝ ՀՊՊ–ում), «Հիվանդ բաջին» (1943), «Հերոսուհի մայրը» (1948), «Ճախարակի մոտ» (1954), «Մոր դիմանկարը» (1965), «Հայկական նատյուրմորտ» (1955), «Ծաղկող կարմիր կակտուս» (1957), «Ռուսական նատյուրմորտ» (1966, երեքն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում) աշխատանքները։ Ա. զբաղվել է նաև խեցեգործությամբ։ Հնդկաստանին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդեսի համար արժանացել է Ջ. Ներուի անվ. մրցանակի 1970–-1971 թթ. դափնեկրի կոչման։

Գրկ. Цырлин И. М., М. Асламазян, М., 1962. Ռ. Դրամբյան

Մ. Ա. Ասլամազյան: «Հերոսի վերադարձը»: 1943 : Հայաստանի պետական պատկերասրահ: Երևան:


ԱՍԼԱՄԱԶՅԱՆ Սերգեյ (Սարգիս) Զաքարի (ծն. 1897), հայ սովետ, թավջութակահար։ Կոմիտասի անվան կվարտետի հիմնադիրներից և մասնակիցներից (1925–68), մանկավարժ, ՀՍՍՀ ժող. արտիստ (1945)։ Ծնվել է փետր. 2 (14)-ին, Մոզդոկում, երաժշտի ընտանիքում։ Հորից սովորել է ջութակ նվագել։ 1912–15-ին սովորել է Եկատերինոդարի (այժմ՝ Կրասնոդար) երաժշտական ուսումնարանում, դասեր է առել հայտնի թավջութակահար Հ. Մերկից, 1915-27-ին կրթությունը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ աշակերտելով պրոֆ. Ս. Մ. Կոզոլուպովին։ 1937-ից դասավանդում է նույն կոնսերվատորիայում, 1947-ից թավջութակի և կվարտետի դասարանի պրոֆեսոր է։ Ա. զբաղվում է նաև ստեղծագործական աշխատանքով։ Նշանակալից են լարային կվարտետի, լարային նվագախմբի և թավջութակների անսամբլի համար հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների մշակումները, որոնց հատուկ են ներդաշնակության նրբություն, ձևի ամփոփ ավարտվածություն, գործիքավորման գունեղություն, անսամբլային նվագի հնարների հմուտ օգտագործում։ Դրանցից են՝ Հենդելի «Պասակալիայի», Պագանինիի «24-րդ կապրիսի» և հատկապես Կոմիտասի մի շարք երգերի մշակումները («Շողեր ջան», «Հաբրբան», «Չինար ես», «Գարուն ա», «Քելեր–ցոլեր», «Երկինքն ամպել ա» ևն), որոնք հայկական կվարտետային գրականության լավագույն էջերից են և կարևոր դեր են կատարել նրա զարգացման գործում։ Ա. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1939), արժանացել է ՍՍՀՄ պետական (1946) և ՀՍՍՀ պետական (1965) մրցանակների։

Գրկ. Թադևոսյան Ա., Մեծ Կոմիտասի անունով, Ե., 1959։

Մ. Ա. Ասլամազյան
Ս. Զ. Ասլամազյան


ԱՍԼԱՆ (Ասլանյան) Աննա (ծն. 1897), ռումինական գիտնական-գերոնտոլոգ, ծագումով հայ։ Ռումինիայի ԲԳԱ ակադեմիկոս (1945), Նյու Յորքի ԳԱ անդամ (1969), Բուխարեստի գերիատրիայի (ծերաբուժության) ինստ–ի ղեկավարը։ Ռումինական կոմունիստական կուսակցության անդամ 1963-ից։ Ծնվել է հունվարի 1-ին։ 1922-ին ավարտել է Բուխարեստի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1945-48-ին աշխատել է որպես ներքին հիվանդությունների կլինիկայի պրոֆեսոր Տիմիշոարա քաղաքի համալսարանում։ 1948-52-ին Բուխարեստի «Պրոֆեսոր Դոկտոր Կ. Պարհոն» Էնդոկրինոլոգիայի ինստ–ի ֆիզիոլոգիական կլինիկայի դիրեկտորն Էր։ Ծերաբուժության բնագավառում Ա. օգտագործել է նովոկաինի լուծույթներ՝ ներարկումների ձևով, իսկ վաղաժամ ծերացումը կանխելու նպատակով հետագայում առաջարկել է «գերովիտալ » պատրաստուկը։ Ա. 1959-ից Ռումինիայի գերոնտոլոգիայի ընկերության նախագահն է։


ԱՍԼԱՆ (Aslan) Գրեգուար (Ասլանյան Գրիգոր Գալուստի) (ծն.