Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/565

Այս էջը սրբագրված է

կական պատերազմի հերոս։ Ծնվել է Աշտարակի շրջանի Բյուրական գյուղում։ 1827-ի ապրիլին, երբ ռուս, առաջապահ զորամասերը մտնում են Երևանի խանության սահմանները, Ներսես Աշտարակեցին Ա–ին կարևոր հանձնարարություններով ուղարկում է Էջմիածին։ Ճանապարհին պարսիկները բռնում են նրան և ստիպում տեղեկություններ տալ ռուս, զորքերի և ստացած հանձնարարությունների մասին։ Ոչ մի գաղտնիք չկորզելով, նրանք խոշտանգում են Ա–ին և, մեռած կարծելով, հեռանում։ Ուշքի գալով Ա. գիշերով հասնում է Էջմիածին և կատարում հանձնարարությունը։ Ռուսական կառավարությունը նրան պարգևատրում է ոսկե մեդալով և նշանակում ցմահ տարեկան 100 ռուբլի թոշակ։

ԱՍԼԱՆՅԱՆ Վաղինակ Սիրեկանի (ծն. 1918), հայ սովետ, նկարիչ։ ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ Ծնվել է դեկտ. 21-ին, Երևանում։ 1950-ին ավարտել է Երևանի գեղարվեստական ինստ–ը։– Աշխատում է թեմատիկ կոմպոզիցիայի («Երիտասարդ Ա. Ա. Սպենդիարյանը Ն. Ա. Ռիմսկի–Կորսակովի մոտ», 1952–53, «Կոմիտասի անվ. քառյակը», 1955–57, «Արամ Խաչատրյանի հեղինակային համերգը», 1960) և դիմանկարի («Ուկրաինացու դիմանկարը», 1953, «Սարաջևի դիմանկարը», 1954, «Ավ. Իսահակյանը և Հ. Հակոբյանը», 1963) ժանրերում։


ԱՍԼԱՆՈՎ (Ասլանյան) Ալեքսանդր (1874–1960), դիրիժոր։ Ծնվել է հոկտեմբերի 10-ին, Բաքվում։ Ավարտել է Մոսկվայի ֆիլհսւրմոնիկ ընկերությանն առընթեր Երաժշտա–դրամատիկական ուսումնարանը։ 1908-ին Բաքվում հիմնադրել է սիմֆոնիկ նվագախումբ։ 1912–1918-ին ղեկավարել է Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նվագախումբը։ 1912–1917-ին համատեղել է նաև Պավլովսկի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի պաշտոնը։ 1918–20-ին սիմֆոնիկ համերգներ և օպերային ներկայացումներ է ղեկավարել Թիֆլիսում ու Բաքվում։ 19Չ1–ին հրավիրվել է Փարիզ՝ օպերային թատերաշրջանին մասնակցելու, իսկ 1923-ին հաստատվել է Նյու Յորքում։ 1924-ին, իր կնոջ՝ երգչուհի Ն. Էյխենվալդի հետ հիմնադրել է ձայնամարզության ստուդիա (գործել է մինչև 1951), ուր սովորել են բազմաթիվ, այդ թվում և հայ (Մ. Արագյան և ուրիշներ) երգիչ–երգչուհիներ։ Հրատարակել է հայկ. երգերի ժողովածու, դաշնամուրի համար գրել հայկ. երաժշտական գործեր, նվագախմբի համար կատարել է վերադաշնակողներ, մշակումներ։Մահացել է հուլիսի 11-ին, Դետրոյտում։


«ԱՍԼԻ ԵՎ ՔՅԱՐԱՄ», արևելյան ժողովրդական երգախառն սիրավեպ։ Ձևավորվել է XVII – XVIII դդ.։ Գովերգում է հայուհի Ասլիի (իսկական. անունը՝ Մարիամ) և մահմեդական Քյարամի ազնիվ ու անդավաճան սերը։ Հայերեն մշակել է (1888) Ջիվանին։


ԱՍԼՅԱՆ Ալբերտ Արտեմի (ծն. 1922), հայ սովետ, նկարիչ։ Ծնվել է հոկտ. 5-ին, Ալավերդում։ 1952-ին ավարտել է Երևանի գեղարվեստական ինստ–ը։ Աշխատում է պլակատի ժանրում։ Հիմնական գործերից են՝ «Խաղաղության և բարեկամության համար» (1957), «Ո՛չ» (1958), «Այդ մենք ենք» (1959), «Անցյալը չի մոռացվի» պլակատների շարքը (1962)։ «Խաղաղություն աշխարհին» ցուցահանդեսում (Բեռլին, 1959) պարգևատրվել է դիպլոմով։ Ա–ի պլակատները աչքի են ընկնում քաղաքական սրությամբ և հասարակական հնչեղությամբ։


ԱՍԾԱՏՐՅԱՆ Եղիշե Թևոսի (ծն. 1914), սովետական պետական–կուսակցական աշխատող։ Տեխնիկական գիտ. թեկնածու (1968)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ծնվել է օգոստ. 21 (սեպտ. 3)–ին, Ճարտար գյուղում (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտունու շրջանում)։ 1938-ին ավարտել է Թբիլիսիի ինդուստրիալ ինստ–ը։ 1952-ից աշխատել է որպես ՀԿԿ Երևանի օկրուգկոմի քարտուղար, այնուհետև՝ ՀԿԿ Երևանի Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար։ 1960–62-ին եղել է ՀՍՍՀ ժողտնտխորհի նախագահ, ապա ՀԿԿ Կենտկոմի քարտուղար և ՀՍՍՀ Մինիստրների սովետի նախագահի տեղակալ։ 1966-ից ՀՍՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեի նախագահն է։ ՀԿԿ Կենտկոմի անդամ է 1954-ից, բյուրոյի անդամ՝ 1960-ից, բյուրոյի անդամության թեկնածու 1966-ից։ Ընտրվել է ՍՄԿԿ XXII և ՀԿԿ XVII–XXV համագումարների պատգամավոր, ՍՍՀՄ Գերագույն սովետի VI և ՀՍՍՀ IV, V, VII և VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշաններով։


ԱՍԿԱՆԻԱԿԱՆ ՈՉԽԱՐԻ ՑԵՂ, մսաբրդատու նրբագեղմ ոչխար։ Ստացվել է 1925–Ասկանիական ոչխարի ցեղի խոյ։ 1934-ին, Ասկանիա–Նովայում (Խերսոնի մարզ, Ուկր. ՍՍՀ), Մ. Ֆ. Իվանովի ղեկավարությամբ։ Որպես ելակետային ցեղեր օգտագործվել են տեղական նրբագեղմերը և ռամբուլիե ցեղի խոյերը։ Խոյերի միջին կենդանի քաշը 110–140 կգ է (ռեկորդայինը՝ 183), մաքիներինը՝ 60–70, իսկ միջին բրդատվությունը՝ համապատասխանաբար 10–12 և 5,5–6,9 կգ (ռեկորդայինը՝ 30,60 կգ)։ Բրդի որակը 64 է, ելքը՝ 40–45%, երկարությունը՝ 7–8 սմ։ Տարածված է Ուկր. ՍՍՀ–ի հարավում և լայնորեն օգտագործվում է ինչպես Ուկր. ՍՍՀ–ում, այնպես էլ ՍՍՀՄ–ի հվ. շրջաններում՝ մի շարք ցեղերի բարելավման համար։


ԱՍԿԱՐԻԴՆԵՐ (Ascaridae), կլոր որդերի ընտանիք։ Մարդկանց և ողնաշարավոր կենդանիների աղիքների (հազվադեպ՝ թոքերի, լյարդի) մակաբույծներ են։ Ամենից շատ տարածված են խոզի Ա.՝ Ascaris suum և մարդու Ա.՝ A. lumbbricoidesճ, բաժանասեռ են։ Էգի երկարությունը 25–40 սմ է, արուինը՝ 15–25 սմ։ Էգը օրական կարող է դնել մինչև 250 հզ. ձու, որոնց հասունացումը տեղի է ունենում արտաքին միջավայրում։ Ա–ի ինվուզիոն ձվերը, սննդի կամ ջրի հետ ընկնելով օրգանիզմ, առաջացնում են թրթուր, որը թափանցում է աղիքի, ապա լյարդի արյունատար անոթները, որտեղից և՝ սիրտը։ Հետագայում այդ թրթուրն ընկնում է թոքերը, այնտեղից տրաքեաները և բերանր, ապա կերակրափողով անցնում մարսողության համակարգ։ Բարակ աղիքներում թրթուրը 2–2,5 ամիս անց դառնում է սեռահասուն և սկսում է ձվադրել։ Ա–ի առաջացրած հիվանդությունն ւսսկարիդոզն է։ Ս. Ղևոնդյան


ԱՍԿԱՐԻԴՈԶ (Ascaridosis), մարդկանց և կենդանիների ճիճվային հիվանդություն։ Հարուցիչները կլոր որդերի դասի ասկարիդներն են։ Վարակի տարածման հիմնական աղբյուրը մակաբույծների ձվերով աղտոտված հողն է։

Մարդու Ա.։ Ասկարիդների ձվերը հիմնականում փոխանցվում են չլվացված մրգերի, բանջարեղենի, կեղտոտ ձեռքերի միջոցով։ Հիվանդությունը ընթանում է երկու փուլով, վաղ (ասկարիդների թրթուրների շրջագայում) և ուշացած՝ աղիքային փուլ (աղիքներում սեռահասուն ասկարիդների մակաբուծում)։ Առաջին փուլում թոքերում և լյարդում նկատվում են ախտաբանական փոփոխություններ, առաջանում է հազ, երբեմն զարգանում է բրոնխիտ, թոքաբորբ, եղնջացան։ Երկրորդ փուլում ամենից հաճախ առաջանում են ստամոքս՜աղիքային համակարգի խանգարումներ, գլխացավ, գրգռվածություն, անհանգիստ քուն, մտավոր և ֆիզիկական գործունեության նվազում։ Երբեմն փակելով աղիքների որևէ հատվածի լուսանցքը՝ ասկարիդներն առաջացնում են աղիքների անանցանելիություն և այլ բարդություններ։ Ախտորոշումը՝ հիվանդի կղկղանքի մեջ ասկարիդների ձվերի հայտնաբերում։ Բուժումը՝ հակաճիճվային միջոցներ, պիպերազինի աղեր, թթվածին ևն։ Կանխարգելումը, անձնական հիգիենայի կանոնների պահպանում։

Կենդանիների Ա.։ Կենդանիներն Ա–ով վարակվում են ասկարիդի ձվերով աղտոտ–