Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/566

Այս էջը սրբագրված է

ված կեր ուտելով կամ ջուր խմելով։ Ա–ով հիվանդանում են ձիերը (Parascaris eguorum), խոզերը (Ascaris suum), հավերը (Ascaridia galli), տավարը (Neoascaris vitulorum) և մսակերները (Foxascara canis, F. leonina)։ Հիվանդ կենդանիների մոտ նկատվում է թոքաբորբ, հազ, հետո ստամոքս-աղիքային ուղու ախտահարում, ախորժակի անկում, անեմիա, կենդանի քաշի կորուստ, իսկ ինտենսիվ վարակվածության դեպքում՝ աղիքի լուսանցքի խցանում, թունավորում, նյարդային համակարգի խանգարումներ, անկումներ են։ Կանխարգելումը. անասնապահական շենքերում անասնաբուժականսանիտարական կանոնների պահպանում, իսկ անապահով վայրերում՝ ամբողջ գլխաքանակի պլանային ճիճվաթափում, գոմաղբի կենսաջերմային վարակազերծում, կերակրում վիտամիններով և սպիտակուցներով հարուստ կերով։

ԱՍԿԱՐՅԱՆ Գուրգեն Աշոտի (ծն. 1928), հայ սովետական ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտ. թեկնածու (1961), ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստ–ի ավագ գիտաշխատող։ Ծնվել է դեկտեմբերի 14-ին, Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը (1952)։ հիմնական աշխատանքները վերաբերում են ոչ գծային օպտիկային, լազերի և նյութի, նյութի և տարրական մասնիկների փոխազդեցությանը, պլազմային և Ռադիոֆիզիկային։ 1962-ին հայտնաբերել է նոր տիպի ճառագայթներ, որոնք առաքվում են ոչ թե շարժվող լիցքից (Վավիլով–Չերենկովի էֆեկտ), այլ ինտենսիվ էլեկտրամագնիսական ծրարի ազդեցությունից։ 1963-ին Ա. Պրոխորովի հետ հայտնագործել է լուսաջրաբաշխական էֆեկտը։ Վերջինս միայն մի մասն է մի խումբ հետազոտությունների, որոնք վերաբերում են լուսային փնջի ազդեցությամբ հեղուկների հատկությունների փոփոխությանը։ Ա. հայտնաբերել է ինքնաֆոկուսացման երևույթը, ըստ որի, փունջը (լազերային ճառագայթում) իր տարածման ուղղությամբ միջավայրը դարձնում է թափանցիկ և, շրջապատից կրելով ներքին անդրադարձում, խիստ սեղմվում, բարակում է։ Ինքնաֆոկուսացման երևույթը գիտական աշխարհում լայն ճանաչում է գտել։


ԱՍԿԵՏԻԶՄ (< հուն, άσκητής – որևէ բանում վարժվող, ճգնավոր), ապրելաձև, որի դեպքում մարդը կամավոր ճնշում է իր հոգևոր ու մարմնական պահանջմունքները, հանձն է առնում նույնիսկ տառապել կրոնական կամ բարոյական «կատարելության» հասնելու համար։ Ա–ի մասնավոր դրսևորումն է ճգնավորությունը: Ա. սաղմնավորվել է դեռևս նախնադարյան հասարակությունում (որպես գոյության ծանր պայմանների դրսևորում), ապա որոշակի զարգացում ստացել արևելյան, մասնավորապես՝ հնդ. կրոններում (բրահմանիզմ, ջայնիզմ, բուդդիզմ), ինչպես նաև հին հուն․ որոշ կրոնա–փիլիսոփայական ուսմունքներում (օրփիկներ, կինիկներ, պյութագորականներ)։ Ա. մեծ տարածում գտավ հատկապես միջնադարում։ Աշխատավորների շրջանում Ա. երբեմն տիրող դասակարգերի ցոփ ու շվայտ կյանքի դեմ բողոքի արտահայտություն էր։ Իսկ ընդհանրապես, Ա. միշտ էլ աշխատավորներին շեղել է սոցիալական ազատագրության պայքարի բուն նպատակներից։ Մարքսիստական բարոյագիտությունը մերժում է ինչպես անզուսպ շռայլակեցությունը, կյանքի իմաստը միայն հաճույքների մեջ տեսնելը, այնպես էլ Ա. որպես հակառակ ծայրահեղություն, որպես կյանքի արժեքների թերագնահատում։


ԱՍԿԵՐԱՆ, ավան Լեռնային Ղարաբաղի ԻՄ Ստեփանակերտի շրջանում, շրջկենտրոնից 18 կմ արևելք, Կարկառ գետի ձախ ափին։ 700 բն. (1970), հայեր։ Ա–ում կան այգեգործական սովետական տնտեսություն, գինու, գարեջրի–լիմոնադի գործարաններ, տեղարդկոմբինսւտ, գյուղտեխնիկայի շրջանային բաժանմունք, գիշերօթիկ ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։ Պահպանվել են Ա. բերդի պարիսպները (XVIII դ.)։


ԱՍԿԼԵՊԻԱԴԵՍ ԲՅՈՒԹԱՆԱՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), մ. թ. ա. II–I դդ. նույն բժիշկ։ Ծնվել է Պրուսա քաղաքում (պատմական Բյութանիա, այժմ՝ Թուրքիայի Բուրսա վիլայեթ), ապրել ու գործել է Հռոմում։ Հիմնադիրն է բժշկության մեջ «մեթոդական» անունով հայտնի դպրոցի, որի ներկայացուցիչները պայքար մղեցին Հիպոկրատեսի տեսությունների դեմ։ Նրա հետևորդները կոչվեցին «մեթոդականներ»։ Ա. Բ–ու երկերից հունարեն լեզվով մնացել են միայն հատվածներ, որոնք հրատարակել է Ք. Գրումպերտը 1798-ին։ Գոյություն ունի նաև Ա. Բ–ու անունը կրող, հայերեն թարգմանությամբ մի համառոտ երկ՝ «Ասկղեպիադայ վասն չորից բնութեանց մարդոյ և տարոյ և ամսոյ» խորագրով՝ բաղկացած 12 գլուխներից (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. № 310)։ Ա. Բ–ու երկերից հատվածներ կան նաև Որիբաս Պերգամացու բժշկարանի հայերեն հին թարգմանությամբ մեզ հասած մի թերի օրինակում (տես «ՀԱ», 1946, № 1 – 12, էջ 122)։ Հ. Անասյան


ԱՍԿՈԼԻ (Ascoli) Գրացիադիո Իսայա (1829–1907), իտալացի լեզվաբան, ռոմանագետ, ռոմանական գիտական բարբառագիտության հիմնադիր։ Ծնվել է հուլիսի 16-ին, Գորիցիայում։ Իր «Լեզվաբանության դասընթաց»-ում (1870) Ա. առաջին անգամ տարբերել է հնդեվրոպական ետնալեզվային բաղաձայնների 3 շարք՝ «մաքուր» (K), քմայնացած (Ki) և շրթնայնացած (Ku)։ Նկատի ունենալով, որ առաջին և երկրորդ շարքերը որոշ լեզուներում տարբերակվում են, մյուսներում՝ ոչ, լեզվաբանները հետագայում սրա հիման վրա առանձնացնում են հնդեվրոպական լեզուների երկու խումբ՝ կենտումային (լատ. centum - հարյուր բառից) և սատեմային (ավեստ. satɘm – հարյուր բառից)։ Հայերենը հատկացվում է սատեմային խմբին, հմմտ. հայ. սիրտ՝ հուն. καςσία, լատ. cor (սեռ. cordis), խեթ. kard ձևերի դիմաց։ Լեզվի պատմությունը կապելով այն կրող ժողովրդի ու նրա մշակույթի պատմության հետ՝ Ա. հնչյունական փոփոխությունների հիմնական պատճառը համարել է լեզուների փոխազդեցությունն ու խառնումը, դրանով իսկ հանգել լեզվական ենթաշերտի (սուբստրատի) գաղափարին։ Մահացել է հունվ. 21-ին, Միլանում։

Գրկ. Ջահուկյան Գ., Լեզվաբանության պատմություն, հ. 1, Ե., 1960։


ԱՍԿՈՐԲԻՆԱԹԹՈՒ, վիտամին C, հակալնդախտային վիտամին։ Ջրում լուծվող, անգույն բյուրեղներ են։ Ա. մեծ դեր է խաղում բուսական և կենդանական օրգանիզմների օքսիդա–վերականգնման պրոցեսներում։ Չի սինթեզվում միայն մարդու, կապկի և ծովախոզուկների օրգանիզմում։ Ա–ի բացակայությունը կամ պակասը առաջացնում է լնդախտ։ Օրական պահանջը 50–100 մգ է, իսկ ծանր ֆիզիկական աշխատանքի և հղիության դեպքում՝ 120–150 մգ։ Ա–ով հարուստ են մասուրի և չհասած ընկույզի պտուղները, սև հաղարջը, կաղամբը, կիտրոնը, նարինջը, տաքդեղը, գազարը և մյուս բանջարեղենները։ Ներկայումս Ա. է ստացվում նաև սինթետիկ ճանապարհով։ Տես նաև Վիտամիններ։


ԱՍԿՎԻՏ (Asquith) Հերբերտ Հենրի (1852–1928), անգլիական պետական գործիչ, լիբերալ կուսակցության պարագլուխ։ 1908–16-ին՝ Անգլիայի պրեմիեր–մինիստր։ Նրա օրոք անգլիական զորքերը դաժանորեն ճնշեցին Դուբլինի ապստամբությունը (1916) Իռլանդիայում։ Ա–ի կառավարությունը վարում էր Անգլիայի գլխավոր իմպերիալիստական մրցակից Գերմանիայի դեմ պատերազմի նախապատրաստման քաղաքականություն։ Առաջին համաշխարհային պատերազմում Մեծ Բրիտանիայի կրած անհաջողություններն ու ներքաղաքական հակասությունների սրումը Ա–ին հարկադրեցին 1916-ին հրաժարական տալ։


ԱՍԿՈՒՌԱՍ, ամրոց, Կիլիկիայի հայկական պետության իշխանանիստ բերդերից։ Մինչև XII դ. կեսը Ա–ին տիրում էին հայ իշխանները՝ Նաթանայելյանները, ապա՝ Օշինյանները։ 1165–90-ին Ա. շրջակա բերդերի հետ միացվեց Ռուբինյանների իշխանությանը և դարձավ արքունի տիրույթներից մեկը։ Ա–ի դիրքը վերջնականապես չի ճշտված։ Հավանաբար գտնվում էր ներկայիս Մերսին քաղաքից հս., Տավրոս լեռան վրա, այժմյան Էսկի–կալե բերդի մոտակայքում։ Մինչև XIV դ. սկզբները Ա. հայաբնակ բերդավան էր։

Գրկ. Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ., 1956։ Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885։ Մ. Ճևահիրճյան


ԱՍՄԱՐԱ, քաղաք Եթովպիայի հյուսիսում, էրիտրեայի վարչական կենտրոնը։ 190 հզ. բն. (1970)։ Տրանսպորտային հանգույց է։ Ա. իր նշանակությամբ և մեծությամբ Եթովպիայի երկրորդ քաղաքն է։ Կան