Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/568

Այս էջը սրբագրված է

կամակատարներին։ Թագավորական իշխանության հեղինակությունը վերականգնեց Թգլատպալասար I (մ. թ. ա. 1116–1090), որի կողոպտչական արշավանքները գլխավորապես ուղղվեցին Հայկական լեռնաշխարհի երկրների (Միլդիա, Քումանի, Մուսրի, Ալզի, Մուգի, Դայաննի ևն) ու ցեղերի դեմ։ Նա հաղթել է Նաիրիի 60 ցեղապետների դաշնակցած ուժերին և նրանց հալածել մինչև Սև ծով։ Հնազանդեցնելով Հայկական լեռնաշխարհի հվ–արմ. շրջաններում սփռված մուշքերին, սուբարիներին ու արամեացիներին՝ Թգլատպալասար I արշավեց Լիբանան, հարկեր ստացավ Եգիպտոսի փարավոնից։ Մ. թ. ա. XII դ. վերջերին Միջագետք ու Ասորիք թափանցած արամեացիների քոչվորական ցեղերը Ա–ի տիրապետությունը հասցրեցին անկման։ Ա–ի նոր վերելքը կապվում է Աշուրնասիրպալ II ժամանակ (մ. թ. ա. 883–859) Միջագետքում, Ասորիքում, Նաիրիի երկրներում վարած նվաճողական պատերազմների հետ։ Նրա հաջորդը՝ Սալմանասար III (մ. թ. ա. 859–824), երկարատև պատերազմներում ընկճելով հակաասորեստանյան դաշնակցության (Ասորիք, Պաղեստին, Փյունիկիա, Դամասկոս, Կիլիկիա) դիմադրությունը, բախվել է Արամե ուրարտացու հետ։ IX դ. երկրորդ կեսին Ա. հարկադրված եղավ Առաջավոր Ասիայում գերիշխանությունը զիջել Ուրարտուի թագավորությանը։ Մինչև մ. թ. ա. VIII դ. երկրորդ կեսը Ա. սոսկ պաշտպանողական պատերազմներ է մղել Ուրարտուի դեմ՝ զրկվելով անդրեփրատյան կարևորագույն դիրքերից։ Ա. նոր հզորացում է ապրել Թգլատպալասար III թագավորի օրոք (մ. թ. ա. 745–727)։ Թգլատպալասար III մ. թ. ա. 745–743-ին կատարել է ռազմական և վարչական բարեփոխումներ, ստեղծել մշտական բանակ՝ այն բաժանելով հեծյալ, հետևակ, պաշարող և գրաստային միավորումների։ Ուժեղացրել է նաև լրտեսական գործակալությանը։ Մ. թ. ա. 743-ին Թգլատպալասար III պատերազմ է սկսել Ուրարտուի դեմ։ Երկու վճռական ճակատամարտերում (Արպադում և Կոմագենեում) հաղթելով Սարդարի Բ–ին՝ նվաճել է Հյուսիսային Ասորիքը։ Իսկ մ. թ. ա. 735-ին ներխուժել է Ուրարտու և պաշարել նրա մայրաքաղաք Տուշպան։ Տուշպայի գրավման փորձերը ապարդյուն են անցել, սակայն Առաջավոր Ասիայում վերականգնվել է Ա–ի առաջնությունը։ Մինչև մ. թ. ա. 732 Ա. նվաճել է Ասորիքը, Փյունիկիան, Իսրայելը, Դամասկոսը, իսկ մ. թ. ա. 729-ին՝ Բաբելոնը։ Թգլատպալասար III կառավարման վերջին և Սարգոն II կառավարման սկզբի տարիներին Ա–ի քաղաքական վիճակը ծանրացել է։ Ուրարտուի թագավոր Ռուսա Ա ստեղծել է հակաասորեստանյան զինակցություն։ Հս–արլ–ից Ա–ին սպառնացել են Ուրարտուին դաշնակցած մուշքերի ցեղերը։ Քաղդեական ցեղերի առաջնորդ Մարդուկապալիդդինը, հարևան Ելամի պետության աջակցությամբ, մ. թ. ա. 721-ին հաղթելով Սարգոն II ուժերին՝ Բաբելոնը հռչակել է անկախ թագավորություն։ Ապստամբել են Ասորիքը, Փյունիկիան, Իսրայելը ևն։ Սակայն Սարգոն II մինչև մ. թ. ա. 717 ճնշել է ապստամբնեոին, ապա հաշտություն կնքել մուշքերի Միտա (ենթադրվում է Փռուգիայի Միդաս) թագավորի հետ։ Այնուհետև, օգտվելով Ուրարտուի վրա կիմերական ցեղերի արշավանքներից, Սարգոն II մ. թ. ա. 714-ին հարձակվել է նրա վրա։ Հանկարծակի գրոհով, Ուաուշ լեռան կիրճում (Ուրմիո լճից հվ.) հաղթել է ուրարտական ուժերին, ներխուժել Մուսասիր և կողոպտել այն։ Մուսասիրի գրավման և կողոպտման տեսարանը Սարգոն II քանդակել է Դուռ–Շարուկին մայրաքաղաքի իր պալատում։ Մ. թ. ա. 710-ին Սարգոն II գրավել է նաև Բաբելոնը և տապալել Մարդուկապալիդդինին։ Սարգոն II հաջորդել է որդին՝ Սինաքերիբը, որը նախ ճնշել է Բաբելոնի և Հուդայի ապստամբությունները, ապա երկու պատժիչ արշավանքներով (մ. թ. ա. 702 և 689) կործանել Բաբելոն քաղաքը, իսկ բնակիչներին արտաքսել, վերացրել որոշ քաղաքների արտոնությունները ևն։ Սինաքերիբի քաղաքականությունը սրել է ընդդիմադիր խմբավորումների դժգոհությունը։ Ի վերջո, դավադրությամբ նրան սպանել են որդիները և ապաստանել Ուրարտու երկրում՝ խույս տալով գահաժառանգ Ասարհադոնի (իշխել է մ. թ. ա. 680–669) վրեժից։ Երկրում դժգոհությունները մեղմելու նպատակով Ասարհադոնը վերակառուցել է Բաբելոն քաղաքը, բնակիչներին վերադարձրել, վերականգնել Սիպար, Նիպուր, Բորսիպա և ուրիշ քաղաքների արտոնությունները, ավելացրել քրմական տաճարների և Աշուր քաղաքի եկամուտ-

(նկ․) Սալմանսաար III թագավորի արշավանքը Հյուսիսային Ասորիք։ Բալավաթի պալատի դարպասի բարձրաքանդակից։ Լոնդոն, Բրիտանական թանգարան։