լության հասավ XII դ. Պրովանսում (Հարավային Ֆրանսիա)՝ տրուբադուրների պոեզիայում։ Էությամբ աշխարհիկ, հակաասկետական այդ պոեզիան հակադրվեց եկեղեցական գրականությանը և սխոլաստիկային։ Ա. գ. մի քայլ առաջ էր նաև միջնադարյան հերոսական վեպի համեմատությամբ. վերջինում իշխող վասալական պարտականության գովքի փոխարեն այստեղ երևան են գալիս անհատական գիտակցության զարթոնքի, սեփական արժանիքների ըմբռնման առաջին սաղմերը։ Ասպետական քնարերգության գեղարվեստական իդեալը ձևի կատարելությունն էր։
Տրուբադուրները գրականությունը հարստացրին բանաստեղծական նոր ձևերով՝ կանցոնա (սիրերգ), սիրվենտա (բարոյագիտական, անձնական և, առավելապես, քաղաքական հարցեր շոշափող ոտանավորներ), տենսոնա (բանավեճեր արտահայտող ոտանավորներ), պաստորելա (հովվուհու զրույց ասպետի կամ իրեն սեր բացատրող հովվի հետ), ալբա (արևածագի երգ)։ Բանաստեղծության վերջին տեսակը Ֆ. Էնգելսն անվանել է պրովանսական սիրային պոեզիայի ծաղիկը։ Ասպետական պոեզիան կապված էր ժողովրդական հերետիկոսային շարժումների հետ Պրովանսում։ Ընդհանուր առմամբ կրում էր դեմոկրատական բնույթ և XII– XIII դդ. տարածվեց նաև Հյուսիսային Ֆրանսիայում և Գերմանիայում, զգալիորեն ազդելով տրուվերների ու միննեզինգերների վրա, ինչպես նաև Անգլիայում, Իտալիայում, Իսպանիայում, Դանիայում, Չեխիայում։ Սակայն ալբիգոյցիների դեմ ծավալված ավերիչ արշավանքների (XIII դ. սկիզբ) հետևանքով ասպետական քնարերգությունն անկում ապրեց։
Ա. գ–յան ամենատարածված ժանրը վեպն էր, եվրոպական վեպի առաջին տեսակը։ Նյութը վերցվում էր անտիկ աշխարհից (Էնեական, Ալեքսանդր Մակեդոնացի, Տրոյական պատերազմ ևն) և Խաչակրաց արշավանքներից հետո ընդհանուր հետաքրքրության առարկա դարձած Արևելքի լեգենդներից ու հին կելտական ասքերից։ Դրան համապատասխան, առաջացավ ասպետական վեպերի երեք մեծ շարք, անտիկ, բյուզանդական–արևելյան և բրետոնական։ Վերջինը կոչվում է նաև արթուրյան (կենտրոնական հերոսի՝ առասպելական Արթուր թագավորի անունով) կամ «Կլոր սեղանի» ասպետների վեպ։ Ասպետական վեպի գեղագիտական սկզբունքն էր՝ գերբնականը, անսովորը, բացառիկը։ Վեպի անբաժան տարրը սերն էր, հիմնական մոտիվը՝ ասպետական պատիվը, անձնական փառքը, սեփական գերազանցությունը հաստատելու միտումը։ Այս ամենը մի նպատակ ուներ՝ բացահայտել և ամբողջացնել ասպետի հերոսական կերպարը։ Ա. գ–յան նշանավոր ներկայացուցիչներից են Ջաուֆրե Ռյուդելը, Բերտրան ղը Ռոռնը, Բեռնարդ դը Վենթադրոնը, Կոնոն դը Բեթյունը, Ռաուլ դը Ուդանը (Ֆրանսիա), Վալտեր ֆոն Ֆոգելվեյդեն, Հարթման ֆոն Աուեն, Վոլֆրամ ֆոն Էշենբախը (Գերմանիա)։ XV դ. Ա. գ. կորցրեց իր դերը։ Ա. գ–յան լավագույն նմուշներից հայերեն հրատարակվել է (1958) «Տրիստանի և Իզոլդայի սիրավեպ»–ի արձակ տարբերակը, որն ստեղծել է XX դ. ֆրանս. գիտնական Ժոզեֆ Բեդիեն՝ այդ սիրավեպի միջնադարյան մշակումներից պահպանված բնագրերի ուսումնասիրության հիման վրա։
ԱՍՊԵՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Արևմտյան Եվրոպայի աշխարհիկ ֆեոդալների տղաների դաստիարակության համակարգ XIII–XIV դարերում։ Դաստիարակության բովանդակությունը «ասպետական յոթ առաքինություններն» էին (ձիավարել, լողալ, նիզակ նետել, սուսերամարտել, որսորդություն անել, շախմատ խաղալ, բանաստեղծություններ հորինել և նվագել քնար)։ Սինչև 7 տարեկան տղան դաստիարակվում էր տանը, մոր հսկողության տակ, 7–14 տարեկանում կատարում էր մանկլավիկի պարտականություն գերագույն տիրոջ (սյուզերենի) դղյակում, 14 տարեկանից դառնում էր նրա զինակիրը և անցնում փորձաշրջան, 21-ից տրվում էր ասպետի կոչում (տես Ասպետություն)։ Հայ իրականության մեջ ասպետությունը համապատասխանում էր «ազատանիին», որի դաստիարակության համակարգում որոշակի տեղ էր գրավում նաև մտավոր դաստիարակությունը։
Գրկ. Ефимова Е., Рыцарство, 2 изд., М., 1914.
ԱՍՊԵՏՅԱՆՆԵՐ, հայկական նախարարական տուն։ Կարևոր դեր է խաղացել Հուստինիանոս I դեմ հայերի ապստամբության (536) ժամանակ։ Ըստ Պրոկոպիոս Կեսարացու, մեծ և բազմամարդ տոհմ էր, որ ապստամբության սկզբում որոշել էր անցնել բյուզանդական զորավար Սիտտայի կողմը, բայց, ի վերջո, միացել է ապստամբներին։ Դրա համար Սիտտան կոտորեց Ա–ի մի մասին՝ կանանց ու երեխաների հետ։ Այն մարտում, ուր շուտով սպանվեց Սիտտան, մասնակցում էին նաև Ա.։ Հ. Մարկվարտը Ա–ի ազգանունը կապում է թագադիր ասպետության հետ և նրանց նույնացնում Բագրատունիներին։
ԱՍՊԵՏՈՒԹՅՈՒՆ, զինվորական դաս միջնադարյան Եվրոպայում՝ կազմված միջին և մանր ֆեոդալներից։ Ասպետները, որպես սենիորի (խոշոր ազնվականի) վասալներ, նրա բանակում զինվորական ծառայության դիմաց վարձատրվում էին հողով։ Ա. լայն տարածում է գտել XI–XIV դդ.։ Ասպետների եկամտի աղբյուրը գյուղացիության շահագործումը և պատերազմական ավարն էր։ Ասպետները թագավորական ռազմական ուժ էին և միավորվում էին հատուկ օրդենների մեջ, որոնք հետագայում Ա–յան, որպես հողատիրական դասի վերացվելուց հետո, պահպանվեցին արքունի բանակներում։ Բացի արքունական ասպետական օրդեններից XI–XII դդ. ստեղծվել էին երեք օրդեններ, որոնց նպատակն էր ուղեկցել և օգնել խաչակիրներին, պաշտպանել և ուժեղացնել Մերձավոր Արևելքում առաջացած ֆրանկ. պետությունները։ Այդ օրդեններն էին՝ Հիվանդախնամ կամ Հյուրընկալների (1113), Տաճարականների (1119) և գերմանական Տևտոնյան (1118), որոնք հիմնադրվել էին Երուսաղեմում և գտնվում էին պապականության հովանավորության ներքո։ Ասպետներր Մերձավոր Արևելք եկան Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ։ Նրանք հաստատվեցին նաև Կիլիկիայում և տեղի հայ մեծ իշխաններից ու թագավորներից ստանալով հողային նվիրատվություններ՝ դարձան նրանց վասալները (տես Կիլիկիայի հայկական պետություն)։ Օրդենները պարտավոր էին ռազմական օգնություն ցույց տալ հայերին։ Նվիրատվությունները պայմանական բնույթ ունեին և ետ էին խլվում վասալների անհավատարմության դեպքում։ Ասպետական օրդենների (Հյուրընկալների, Տաճարականների, Տևտոնյան) տիրույթները Կիլիկիայում հիշատակվում են XII դ. առաջին կեսից։ Տևտոնյան օրդենը նվաճողական քաղաքականություն էր վարում սլավոնական ժողովուրդների նկատմամբ Արևելյան Եվրոպայում։ Սակայն ռուս․ հողերը գրավելու նրա փորձը վճռական հակահարված ստացավ. 1242-ին Նովգորոդի իշխան Ալեքսանդր Նևսկին Չուդ լճի ճակատամարտում ջախջախեց գերմ. ասպետներին (տես Սառցաջարդ 1242)։ Ֆեոդալական հարաբերությունների քայքայման, ինչպես և հրազենի երևան գալու հետևանքով Ա. կորցնում է իր դերը և զրկվում երբեմնի հզորությունից։ Քայքայվող Ա–յան որոշ մասը համալրում է մանր ազնվականության շարքերը։ Պատվի ու պարտականության մասին ըմբռնումը հատկանշական էր Ա–յան համար։ Այստեղից էլ փոխաբերական իմաստով «ասպետ» նշանակում է անձնուրաց և առաքինի, աշխատանքում բոլորանվեր անձնավորություն:
Գրկ. Բուռնազյան Ս. Վ., Հայ ասպետությունը Կիլիկյան հայկական պետությունում XII–XIV դարերում, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1963, № 5; Runciman S., A History of the Crusades, v. 1–3, Camb. 1954–55։
ԱՍՊԵՐԳԻԼԻՈԶ, թռչունների, ավելի քիչ գյուղատնտեսական մյուս կենդանիների և մարդկանց վարակիչ հիվանդություն, որը բնորոշվում է շնչառական օրգանների և լորձաթաղանթների ախտահարմամբ։ Հարուցիչը քիմիական և ֆիզիկական ազդակների նկատմամբ դիմացկուն բորբոսասունկն է (Aspergillus funigatus, ավելի քիչ՝ A. flavus, A. niger)։ Ա. մեծ վնաս է հասցնում թռչնաբուծությանը (ճտերի անկումները հասնում են 50–90%)։ Ա–ի նկատմամբ զգայունակ են բոլոր թռչունները, հատկապես ճտերը։ Նկարագրված է նաև խոշոր եղջերավորների, ձիերի, խոզերի, ոչխարների, ճագարների և ծովախոզուկների Ա.։ Հարուցիչը օրգանիզմ է թափանցում շնչառական և մարսողական ուղիներով։ Գաղտնի շրջանը տևում է 3–10 օր։ Ճտերի Ա. ունի սուր բնույթ, իսկ մեծահասակ թռչուններինը՝ քրոնիկական։ Սուր Ա–ի ժամանակ նկատվում է ընկճվածություն, ախորժակի անկում, ուժեղ ծարավ, թույլ և դժվար շնչառություն, հոսք քթի խոռոչից, աչքի լորձաթաղանթի բորբոքում, լուծ։ Քրոնիկականի ժամանակ նշված նշանները զարգանում են դանդաղ, թռչունները նիհարում են և սատկում։ Կաթնասունների Ա–ի ժամանակ նկատվում է դժվար շնչառություն, հազ, հոսք քթից, երբեմն զարգանում է թոքերի էմֆիզեմա։ Ա. ախտորոշում են էպիզոոտոլոգիական,