Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/582

Այս էջը սրբագրված է

թության մոտակայքում։ Գնդաձև Ա. ե–ի բաղադրիչները՝ դեղին ու կարմիր ենթաթզուկներն ու հսկաները, կարճպարբերական ցեֆեիդները, գնդաձև աստղակույտերը հավասարապես հանդիպում են Գալակտիկայի սիմետրիայի հարթությունից տարբեր հեռավորությունների վրա և ցուցաբերում են ուժեղ խտացում՝ դեպի Գալակտիկայի կենտրոն։ Միջանկյալ ենթահամակարգերը բաշխման տեսակետից գրավում են միջանկյալ դիրք։ Գնդաձև Ա. ե–ի անդամները Գալակտիկայի սիմետրիայի հարթության ուղղահայաց ուղղությամբ ունեն շարժման ամենամեծ արագություններ, իսկ հարթ Ա. ե–ի անդամների այդ արագություններն ամենափոքրն են։ Սրանով է բացատրվում Ա. ե–ի աստղերի տարածական բաշխման մեջ դիտվող տարբերությունները։ Տարբեր Ա. ե–ի անդամները տարբերվում են նաև իրենց քիմիական բաղադրությամբ։ Օր. հարթ Ա. ե–ի աստղերն ավելի հարուստ են մետաղներով, քան գնդաձև Ա. ե–ինը։ Գալակտիկայում Ա. ե–ի գոյությունը ունի կոսմոգոնիական խոր իմաստ։ Այն ցույց է տալիս, որ տարբեր տիպի աստղեր կազմավորվել են Գալակտիկայի տարբեր մասերում և տարբեր պայմաններում: Ա. Քալլօղլյան

ԱՍՏՂԱՅԻՆ ԵՐԿԻՆՔ, գիշերային երկնքում երևացող լուսատուների համախմբությունը։ Անզեն աչքով երևում են մինչև 6-րդ աստղային մեծության լուսատուներ։ Դրանց քանակը ամբողջ երկնքում շուրջ 6000 է (տվյալ տեղից միաժամանակ երևում են մոտ 2500), որոնց մեծ մասը գտնվում է Ծիր կաթինի շերտից ոչ հեռու։ Ա. ե–ում դիտվում են նաև Արեգակնային համակարգի մոլորակներ, արբանյակներ, գիսավորներ, ասուպներ, արհեստական արբանյակներ, ինչպես նաև Կենդանաշրջանի գոտու լուսարձակումը (կենդանաշրջանային լույս)։ Համեմատաբար ավելի թույլ օբյեկտները, գալակտիկական միգամածությունները և արտագալակտիկաները երևում են աստղադիտակներով։

Երկնքում հեշտ կողմնորոշվելու, երկրային և երկնային երևույթների հետ դիցաբանական կապ ստեղծելու նպատակով շատ հին ժամանակներից սկսած աստղերը բաժանել են խմբերի՝ համաստեղությունների (աղ. 1)։ Հայաստանում հայտնաբերված աստղագիտական բնույթի ժայռապատկերները (I–VIII հազարամյակ, մ. թ. ա.) հիմք են տալիս ենթադրելու, որ Հայկական լեռնաշխարհի նախկին բնակիչները Ա. ե. համաստեղությունների առաջին բաժանողներից են։ Համաստեղություններում պայծառ աստղերը նշանակվում են հունական այբուբենի տառերով, որոշ աստղեր ունեն հատուկ անուններ (աղ. 2)։ Ա. ե–ի տեսքը փոփոխվում է մեկօրյա և մեկամյա պարբերություններով (Երկրի՝ իր առանցքի և Արեգակի շուրջը պտտվելու հետևանքով)։ Ա. ե–ի հետ ծանոթացումը հնարավորություն է տալիս որոշել հորիզոնի կողմերը (Հյուսիսային կիսագնդում դա հեշտ կատարվում է Բևեռային աստղի օգնությամբ, որը ցույց է տալիս հյուսիսի ուղղությունը)։

Քարտեզը տես 584–85 էջերի միջև՝ ներդիրում։


ԱՍՏՂԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ, տես Ժամանակ:


ԱՍՏՂԱՅԻՆ ԿԻՆԵՄԱՏԻԿԱ, տես Աստղաբաշխություն։


ԱՍՏՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, տարածության տվյալ ծավալում գտնվող աստղերի խմբավորումներ, որոնց անդամները միմյանց հետ կապված են փոխադարձ ձգողական ուժերով։ Ա. հ–ի հիմնական ձևերն են գալակտիկաները, որոնք բաղկացած են միլիոնավոր կամ միլիարդավոր աստղերից։ Ա. հ–ի աստղերի ազատ վազքի երկարությունը հազարավոր անգամ մեծ է համակարգի չափերից և, հետևաբար, կարելի է արհամարհել նրանց բախումներն ու փոխադարձ մերձեցումները։ Ա. հ–ի զանգվածի հիմնական մասը գտնվում է աստղերում։ Նյութի մնացած ձևերը՝ գազը, փոշին և հավանաբար գոյություն ունեցող սառը մարմինները (նման Արեգակնային համակարգության մոլորակներին և երկ–

Աղ. 1. Համաստեղությանների ցուցակ
Անվանումը հայերեն Անվանումը լատիներեն Անվանումը հայերեն Անվանումը լատիներեն
Ագռավ Carvus Հեռադիտակ Telescopium
Աղավնի Columba Հերկուլես (Վահագն) Hercules
Աղեղ Sagitta Հիդրա Hydra
Աղեղնավոր Sagittarius Հյուսիսային թագ Corona Beralis
Աղվես Vulpecula Հնդիկ Indus
Այծեղջյուր Capricornus Ձկներ Pisces
Անդրոմեդա Andromeda Ճանճ Musca
Անկյունակապ Norma Մանրադիտակ Microscopium
Առագաստ Vela Մեծ արջ Ursa Major
Առյուծ Leo Մեծ շուն Canus Major
Արծիվ Aquila Միաեղջյուր Monoceros
Գայլ Lupus Մողես Lacerta
Դանակ Caelum Նապաստակ Lepus
Դելֆին Delphinus Նավախել Puppis
Դրախտային թռչուն Apus Ողնուց Carina
Եզնարած Bootes Ոսկե ձկնիկ Dorado
Եռանկյուն Triangulum Որսկան շներ Canes Venatici
Երկվորյակներ Gemini Պեգաս Pegasus
Զոհասեղան Ara Պերսեոս Perseus
Էրիդան Eridanus Պոմպ Antlia
Ընձուղտ Camelopardalis Ջրհոս Aquarius
Թաս Crater Սեղանասար Mensa
Թռչող ձուկ Volans Սեքստան Sextans
Ժամացույց Horlogium Սիրամարգ Pavo
Լուսան Lynx Վահան Scutum
Խաչ Crux Վառարան Fornax
Խեցգետին Cancer Վերոնիկայի վարսեր Coma Berenices
Կառավար Auriga Վիշապ Draco
Կասիոպեա Cassiopeia Տուկան Tucana
Կարապ Cygnus Ցանց Retuculum
Կարիճ Scorpius Ցեֆեոս Cepheus
Կարկին Circinus Ցուլ Taurus
Կենդանագիր Pictor Փոքր առյուծ Lep Minor
Կենտավրոս Centaurus Փոքր արջ Ursa Minor
Կետ Cetus Փոքր ձի Equuleus
Կշեռք Libra Փոքր շուն Canis Minor
Կողմնացույց Pyxis Քամելեոն Chamaeleon
Կռունկ Grus Քանդակագործ Sculptor
Կույս Virgo Քնար Lyra
Հարավային եռանկյուն Triangulum Australe Օկտանտ Octans
Հարավային թագ Corona Austrina Օձ Serpens
Հարավային հիդրա Hydrus Օձակիր Orhuichus
Հարավային ձուկ Piscis Austranus Օրիոն (Հայկ) Orion
Փյունիկ Phoenix


Աղ. 2. Մի շարք պայծառ աստղերի անուններ
Ալգոլ β Պերսեոսի Կապելլա α Կառավարի
Ալդեբարան α Ցուլի Կանոպաս α Ողնուցի
Ալկոր σ Մեծ արջի Կաստոր α Երկվորյակների
Ալտաիր α Արծվի Միրա (Զարմանալի) ο Կետի
Ախերնար α Էրիդանի Միցար ζ Մեծ արջի
Անտարես α Կարիճի Շեդար α Կասիոպեայի
Արկտուր α Եզնարածի Պոլլուքս β Երկվորյակների
Ալցիոն η Ցուլի Պրոցիոն α Փոքր շան
Բելլատրիքս γ Օրիոնի (Հայկի) Ռեգուլ α Առյուծի
Բետելգեյզե α Օրիոնի (Հայկի) Ռիգել β Օրիոնի (Հայկի)
Բևեռային ζ Փոքր արջի Սիրիուս α Մեծ շան
Գեմմա α Հյուսիսային թագի Սպիկա α Կույսի
Դենեբ α Կարապի Վեգա α Քնարի
Դենեբոլա β Առյուծի Ֆոմալհաուտ α Հարավային ձկան