Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/584

Այս էջը սրբագրված է

Աստղերի շարժման արագությունները Ա–ում բավարար են, որպեսզի նրանք հեռանան իրարից։ Ա. այդ պատճառով աստիճանաբար ընդարձակվում են և քայքայվում։ Վ. Համբարձումյանի կանխագուշակմամբ Ա–ի ընդարձակման արագությունը 10 կմ/վրկ կարգի է, որը հետագայում հաստատվեց անմիջական չափումներով։ Ըստ հաշվարկների, ընդամենը մի քանի տասնյակ մլն. տարվա ընթացքում Ա. պետք է քայքայվեն, իսկ նրանց մեջ մտնող աստղերը խառնվեն շրջապատի աստդերին։ Քանի որ Ա. դեռ դիտվում են, ապա այդ ժամանակամիջոցը չի անցել, ուստի նրանց մեջ մտնող աստղերի տարիքը մի քանի տասնյակ մլն. տարուց մեծ լինել չի կարող։ Գոյություն ունեն Ա., որոնց տարիքը մի քանի մլն. տարուց ավելի չէ։ Եթե նկատի ունենանք, որ Գալակտիկայի աստղերի մեծ մասի տարիքը հաշվվում է մոտ տասը մլրդ. տարի, ապա ակնհայտ է, որ Ա. երիտասարդ կազմավորումներ են։ Գալակտիկայում շարունակ առաջանում և քայքայվում են Ա.։ Նշանակում է աստղառաջացման պրոցեսը Գալակտիկայում շարունակվում է։ Ա. այն օջախներն են, որտեղ ձևավորվում են աստղերը։ Ըստ երևույթին, աստղերն առաջանում են Ա–ի ծավալում գտնվող ցածր լուսատվության գերխիտ մարմիններից՝ նախաստղերից։ Ա–ի գոյությունից բխող հետևությունները բացառում են նախկինում իշխող այն տեսակետը, ըստ որի, Գալակտիկայի բոլոր աստղերը առաջացել են միաժամանակ՝ ինչ–որ հեռավոր անցյալում։ Ա–ի ցուցակը կազմվել է Բյուրականում (նախնականը հրատարակել է Վ. Համբարձումյանը, իսկ լրացումներով և ուղղումներով՝ Բ. Մարգարյանը)։ Ա–ի հայտնագործման և հետազոտման համար Վ. Համբարձումյանը և Բ. Մարգարյանը արժանացել են ՍՍՀՄ պետական մրցանակի (1950)։

Գրկ. Համբարձումյան Վ. Հ., Աստղերի էվոլյուցիան և աստրոֆիզիկան, Ե., 1948։ Амбарцумян В. А., Маркарян Б. Е., Звездная ассоциация вокруг P лебедя, «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ», 1949, պր. 2։ Маркарян Б. Е., Пересмотренный список звездных ассоциаций типа O, «Զեկույցներ ՀՍՍՀ ԳԱ», 1952, հ. 15, № 1; Նույնի, Цвета и светимости ярких звездных ассоциаций спиральных галактик M51 и M101, «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ», 1959, պր. 26։ Ա. Քալլօղլյան

ԱՍՏՂԱՐԴ, աստրոիդ (հուն, άστρον – աստղ և είδος – տեսք, ձև), կոր, որը գծում է շրջանագծի կետը, երբ այդ շրջանագիծը առանց սահելու գլորվում է 4 անգամ մեծ շառավիղ ունեցող շրջանագծով՝ այն շոշափելով ներսից։ Ա. հիպոցիկլոիդ է (տես Հիպոցիկլոիդներ և էպիցիկլոիդներ)։ Եթե կոորդինատական առանցքներն անցնում են Ա–ի գագաթներով (տես գծ.), ապա նրա հավասարումն ունի տեսքը ( մեծ շրջանագծի շառավիղն է)։ Ա–ի կամայական կետում տարած շոշափողի և կոորդինատական առանցքների միջև ընկած հատվածի երկարությունը հաստատուն մեծություն է և հավասար է –ի։


ԱՍՏՂԱՑՈՒՑԱԿ (աստղային կատալոգ), ցուցակ, ուր նշված են աստղերի կոորդինատները և աստղային մեծությունները։ Կան նաև հատուկ Ա–ներ՝ աստղերի ճշգրիտ կոորդինատների, սեփական շարժումների, պարալաքսների, տեսագծային արագությունների, սպեկտրալ դասերի, կրկնակի աստղերի, փոփոխական աստղերի ևնի համար։ Ա–ում աստղերը դասավորվում են ըստ նրանց ուղղակի ծագման աճի։ Աստղի ստացած համարով հաճախ նշանակում են նաև տվյալ աստղը։ Ա–ները օգտագործվում են գործնական աստղագիտության զանազան խնդիրների լուծման, ինչպես նաև աստղային համակարգերի ու նրանց կառուցվածքի ուսումնասիրման նպատակով։


ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱ, աստղագիտության բաժին. ուսումնասիրում է երկնային մարմիններում, նրանց համակարգերում և տիեզերական տարածությունում տեղի ունեցող ֆիզիկական երևույթները (ինչպես նաև քիմիական պրոցեսները)։ Ա. ընդգրկում է Տիեզերքում տեղի ունեցող ֆիզիկական երևույթներին վերաբերող տեղեկությունների ստացման մեթոդների մշակումը, այդ տեղեկությունների կուտակումը (հիմնականում՝ աստղագիտական դիտումներով), նրանց գիտական մշակումը և տեսական ընդհանրացումը։ Տեսական Ա., որի խնդիրն է դիտողական Ա–ի ստացած փաստական տվյալների ընդհանրացումը և բացատրումը, օգտվում է տեսական ֆիզիկայի օրենքներից ու մեթոդներից։ Դիտողական Ա–ի մեթոդների համախմբությունը հաճախ անվանում են գործնական Ա.։

Ի տարբերություն ֆիզիկայի, որի հիմքում ընկած է երևույթի ընթանալու պայմանները կամայականորեն փոփոխելու հնարավորություն տվող փորձը, Ա. հիմնվում է գլխավորապես դիտումների վրա, որի ժամանակ հետազոտողը հնարավորություն չունի փոխել ֆիզիկական պրոցեսի ընթացքը։ Սակայն այս կամ այն երևույթը ուսումնասիրելիս, սովորաբար, հնարավորություն է ընձեռվում այն դիտել երկնային շատ օբյեկտների վրա և տարբեր պայմաններում, այնպես որ, վերջին հաշվով, Ա. գտնվում է ոչ պակաս բարենպաստ պայմաններում, քան փորձառական ֆիզիկան։ Շատ դեպքերում երկնային մարմիններում և համակարգերում նյութը գտնվում է այնպիսի պայմաններում (գերբարձր և գերցածր խտություններ, բարձր ջերմաստիճաններ ևն), որոնք խիստ տարբերվում են ժամանակակից ֆիզիկական լաբորատորիաների համար մատչելի պայմաններից։ Դրա շնորհիվ աստղաֆիզիկական հետազոտությունները հաճախ հանգեցնում են ֆիզիկական նոր օրինաչափությունների բացահայտման։ Ըստ երկու հատկանիշի (դիտման մեթոդներ և դիտվող օբյեկտներ), դիտողական Ա. պատմականորեն բաժանվել է առանձին մասնաճյուղերի։ Տարբեր մեթոդների են նվիրված այնպիսի մասնաճյուղեր, ինչպիսիք են աստղալուսաչափությունը, աստղասպեկտրոսկոպիան, աստղասպեկտրալուսաչափությունը, աստղաբևեռաչափությունը, աստղագունաչափությունը, ռենտգենյան աստղագիտությունը ևն։ Ըստ դիտարկվող օբյեկտների, առանձնացված մասնաճյուղերի օրինակ կարող են ծառայել Արեգակի ֆիզիկան, մոլորակների ֆիզիկան, գալակտիկական միգամածությունների ֆիզիկան, աստղերի ֆիզիկան ևն։ Տիեզերական թռիչքների տեխնիկայի զարգացմանը զուգընթաց աստղաֆիզիկական հետազոտություններում մեծ դեր է խաղում Երկրի արհեստական արբանյակներում և տիեզերական զոնդերում զետեղված գործիքների օգնությամբ կատարված դիտումների վրա հենվող արտամթնոլորտային աստղագիտությունը։ Տիեզերագնացության զարգացմամբ հնարավորություն ստեղծվեց այդպիսի գործիքներ տեղակայել նաև այլ երկնային մարմինների (առաջին հերթին՝ Լուսնի) վրա։ Դրա հիման վրա էլ ենթադրվում է փորձառական աստղագիտության զարգացումը։ Դիտողական և փորձառական աստղադիտությունների սահմանագծում են գտնվում ինչպես ռադիոլոկացիոն աստղագիտությունը (ասուպների, Լուսնի, Երկրին մոտ մոլորակների ռադիոլոկացիան), այնպես էլ լազերային աստղագիտությունը, որը երկնային մարմինների վերաբերյալ տեղեկություններ է ստանում (որոնք օգտագործվում են Ա–ում) էլեկտրամագնիսական ալիքների փնջով այդ մարմիններր արհեստականորեն լուսավորելու միջոցով։ Բնության մեջ մատերիայի նոր ձևերի գոյությունն ու նրա բնական կազմավորումների նոր ձևեր բացահայտող աստղաֆիզիկական հայտնագործությունները հանդիսանում են մատերիայի որակական անսպառելիության մասին դիալեկտիկական մատերիալիզմի հիմնական թեզի հաստատումը։

ՍՍՀՄ–ում աստղաֆիզիկական ուսումնասիրությունների առաջատար կենտրոններից են՝ ՍՍՀՄ ԳԱ Ղրիմի աստղաֆիզիկական դիտարանը, ՍՍՀՄ ԳԱ Պուլկովոյի (գլխավոր) աստղադիտարանը, ՎՍՍՀ ԳԱ Աբասթումանի աստղաֆիզիկական դիտարանը և ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղաֆիզիկական դիտարանը։ Ա–ի բնագավառում կարևոր աշխատանքներ են կատարվում նաև Սոսկվայի ու Լենինգրադի համալսարաններում։ Աստղաֆիզիկական հետազոտությունները արագ զարգանում են Ալմա–Աթայի, Դուշանբեի, Շամախիի, Ռիգայի աստղագիտական հիմնարկներում։ Մեր երկրի հնագույն աստղադիտարաններից մեկը՝ Տարտուի (այժմ՝ Տիրավերեի) աստղադիտարանը, վերջին տասնամյակներում նույնպես հիմնականում զբաղվում է աստղաֆիզիկական հետազոտություններով։ Աստղաֆիզիկական աշխատանքներ են կատարվում նաև Սերպուխովոյի և Զիմենկովի ռադիոաստղադիտարաններում։ Աստղաֆիզիկական հետազոտություններով զբաղվող արտասահմանյան գիտական հիմնարկներից նշանավոր են Մաունթ Պալոմարի և Լիկի աստղադիտարանները ԱՍՆ–ում, Սեն Միշելի աստղա–