Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/59

Այս էջը հաստատված է
ԱԳՐՈՆՈՄԻԱ 59

(1954) այդ սահմանումը լրացրեց մի նոր կետով, որով Ա. են համարվում նաև Անվտանգության խորհրդի կողմից որպես այդպիսին ճանաչված բոլոր կոնկրետ դեպքերը։

Ա֊ի բնորոշմամբ զբաղվող ՄԱԿ֊ի Գլխավոր ասամբլեայի նորաստեղծ Հատուկ կոմիտեն (1967) ունեցել է 2 նստաշրջան (1968 և 1969), որոնց ընթացքում ՍՍՀՄ առաջարկել է զինված Ա֊ի բնորոշումը լրացնել 2 էական տարրով՝ համարել անթույլատրելի հարձակման համար զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը և ճանաչել ինքնորոշման համար գաղութային ժողովուրդների զինված պայքարի իրավունքը։

ՄԱԿ֊ի կանոնադրությամբ նախատեսվում է կոլեկտիվ միջոցներ՝ «ագրեսիայի ակտերը կամ խաղաղության այլ կարգի խախտումները ճնշելու համար»։ Ա. Եսայան

ԱԳՐԵՍԻՎ ՄԻՋԱՎԱՅՐ, հեղուկ կամ գազային միջավայր, որը քայքայում է իր մեջ գտնվող պինդ նյութերը։ Ա. մ. են՝ ջուրը, հիմքերը, թթուները, աղերը և նրանց ջրային լուծույթները, օդը և թթվածին, քլոր, ֆտոր, ազոտի օքսիդներ պարունակող գազերը ևն։ Ա. մ. են նաև հողը և որոշ պինդ նյութեր, որոնց ագրեսիվ ներգործությունը պայմանավորված է խոնավության առկայությամբ (տես նաև Կոռոզիա


ԱԳՐԻԿՈԼԱ (Agricola – հողագործ, իսկական՝ Բաուեր — Bauer ազգանվան լատ. թարգմ.) Գեորգ (1494–1555), գերմանացի գիտնական, միներալոգ և մետալուրգ, կրթությամբ՝ բժիշկ։ Ծնվել է մարտի 24-ին։ Հայտնի է որպես «հանքաբանության հայր»։ 1533-ին Յախիմովից (Չեխիա) տեղափոխվում է Խեմնից (Սաքսոնիա), թողնում բժշկությունը (1534) և զբաղվում հանքաբանությամբ։ Ա. առաջինը տվեց օգտակար հանածոների, նրանց մշակման և մետալուրգիայի սիստեմատիկ նկարագրությունը։ Նկարագրել է 20 նոր միներալ։ Նրա «De re metallica» (1550, հրտ. 1556) աշխատությունը երկու դար ծառայել է որպես լեռնային գործի տեխնիկայի և մետալուրգիայի հիմնական ձեռնարկ։


ԱԳՐՈ… (<հուն άγρός — դաշտ), գործածվում է բառաբարդումների մեջ իբրև առաջին բաղադրիչ (օր. ագրոքիմիա, ագրոֆիզիկա)։


ԱԳՐՈԱՆՏԱՌԱԲԱՐԵԼԱՎՈՒՄ, անտառատնտեսական միջոցառումների համալիր։ Նպատակն է մասնակիորեն վերացնել գյուղատնտեսական բույսերի վրա բացասաբար ազդող բնական գործոնները։ Իրականացվում է դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծմամբ։ Ա. բարերար ազդեցություն է գործում կլիմայի և հողի վրա, կանոնավորում է տեղումների քանակը, շրջապատի հողի ու գետերի ջրային ռեժիմը, բարձրացնում օդի հարաբերական խոնավությունը, նվազեցնում քամիների վնասակար ազդեցությունը, արգելակում հողի էրոզիան, ամրացնում ավազուտները։ Լեռնային շրջաններում Ա. զուգակցվում է խոտացանությամբ և հիդրոտեխնիկական պարզ կառույցներով։ ՀՍՍՀ֊ում Ա. սկսվել է 1930-ական թթ.։ Ա-ման աշխատանքներ են կատարված Ողջաբերդ֊Գառնի զանգվածում, Ապարանի և Սիսիանի շրջանների՝ էրոզիայի ենթարկված, լվացված լեռնալանջերի, ինչպես նաև Սևանի ջրերից ազատված ավազուտների վրա։ 1965–68-ին ստեղծվել են 14,9 հզ. հա անտառային զանգվածներ։ Նախատեսվում է մինչև 1980-ը Ա֊ման ենթարկել 117,3 հզ. հա հողատարածություն։


ԱԳՐՈԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (ագրո … + կենսաբանություն), բուսաբուծության և անասնաբուծության հետ անմիջականորեն առնչվող կենսաբանական գիտելիքների գումար։ Ա. կենսաբանական հիմնական օրինաչափությունների կիրառումն է գյուղատնտեսական արտադրության պրակտիկայում։


ԱԳՐՈԿԼԻՄԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ագրո …+ կլիմայագիտություն), կլիմայագիտության բաժին, ուսումնասիրում է կլիման՝ որպես երկրագործության գործոն։ Ա֊յան խնդիրն Է՝ ուսումնասիրել գյուղատնտեսական բույսերի բերքատվությունը՝ կապված կլիմայական պայմանների հետ, բացահայտել տերիտորիայի կլիմայական առանձնահատկությունները բույսերի նպատակահարմար տեղաբաշխման համար։


ԱԳՐՈՆՈՄԻԱ (<ագրո…+հուն. νόμος – օրենք), գիտություն դաշտավարության և երկրագործության օրենքների մասին, լայն առումով՝ գյուղատնտեսական արտադրության գիտական հիմունքների, տեսական և գործնական գիտելիքների համակարգ։ Սաղմնավորվել է դեռևս հին աշխարհում՝ Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում, Հայաստանում և այլ երկրներում, սակայն որպես գիտություն ձևավորվել է XVIII դ., կապիտալիզմի զարգացման շրջանում, տեխնիկական հեղաշրջումից հետո։ Ա֊ի տեսական հիմքում ընկած են բույսերի, կենդանիների և մանրէների գոյության կենսաբանական օրինաչափությունները, գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ու զարգացման տնտեսական օրենքները։ Աշխատանքի և միջոցների նվազագույն ծախսման ճանապարհով գյուղատնտեսական բույսերի բերքատվության բարձրացման ուղիներ որոնելիս Ա. հենվում է արդի գիտության ու տեխնիկայի տվյալների վրա։ Քիմիայի, բույսերի ու կենդանիների ֆիզիոլոգիայի, մանրէաբանության և կենսաբանական մյուս գիտությունների նվաճումները հնարավորություն տվեցին բացահայտել օրգանական աշխարհի զարգացման շատ օրինաչափություններ և մշակել գիտականորեն հիմնավորված տեսություններ ու համակարգեր։ Դրան զուգընթաց Ա. բաժանվել է մի շարք գյուղատնտեսական կամ ագրոնոմիական գիտությունների՝ աստիճանաբար կորցնելով իր համապարփակ նշանակությունը։ Ա. ունի հետևյալ ճյուղերը. 1. Կենսաբանական գիտություններ՝ ուսումնասիրում են բույսերի ու կենդանիների աճման ու զարգացման, ժառանգականության ու փոփոխականության, նոր սորտերի ու ցեղերի ստացման օրինաչափությունները։ 2. Հողագիտության և ընդհանուր երկրագործության հիմունքներ՝ ընդգրկում են երկրագործության, հողի մշակման, պարարտացման, ոռոգման պրոբլեմները։ 3. Մասնավոր երկրագործության՝ բուսաբուծության հիմունքներ, դաշտավարություն, մարգագետնաբուծություն և կերարտադրում, բանջարաբուծություն, պտղաբուծության, այգեգործություն, անտառաբուծություն, ծաղկաբուծություն։ 4. Բույսերի պաշտպանության հիմունքներ՝ գյուղատնտեսական բույսերի հիվանդություններ և վնասատուներ, դրանց դեմ պայքարի միջոցներ, ուսմունք բույսերի կարանտինի մասին։ 5. Ընդհանուր և մասնավոր անասնաբուծություն։ 6. Անասնաբուժություն։ 7. Գյուղատնտեսության էկոնոմիկա և վիճակագրություն, արտադրության կազմակերպում և պլանավորում, գյուղատնտեսական հաշվառում։ 8. Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում։ 9. Գյուղատնտեսական մթերքների մշակման և պահպանման հիմունքներ։

Ա. սերտորեն կապված է գյուղատնտեսական արտադրության հետ։ Լայնորեն օգտագործում և ընդհանրացնում է պրակտիկայի փորձը, կենսաբանական, գյուղատնտեսական գիտությունների գծով տարվող գիտական հետազոտությունների փաստական նյութերը։ ՍՍՀՄ֊ում Ա֊ի պրոբլեմներն ուսումնասիրվում են գիտական հիմնարկներում, փորձակայաններում և բուհերում։ Մշակվում են բույսերի սննդառության, հերբիցիդների և աճանյութերի սինթեզման, պարարտանյութերի լայն կիրառման և մոլախոտերի դեմ քիմիական պայքարի օգնությամբ բույսերի բերքատվության բարձրացման ուղիների, դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծման, ճահիճների չորացման և աղուտների յուրացման հարցերը։ ՍՍՀՄ հողակլիմայական մի շարք գոտիների համար մշակվել են երկրագործությունը վարելու համակարգեր։

Հայաստանում Ա. ունի հարուստ ավանդույթներ։ Շենգավիթի, Կարմիր բլուրի, Արին֊բերդի և այլ վայրերի պեղումների ժամանակ գտնված հնէաբանական նյութերը ցույց են տալիս, որ Հայկական լեռնաշխարհում դեռևս նախաուրարտական շրջանում զարգացած են եղել դաշտավարությունը, այգեգործությունը, պտղաբուծությունը։ Բույսերի մշակությունն սկսվել է քարի դարում և լայնորեն զարգացել բրոնզի դարում։ Հայաստանում ցորենի և գարու մշակությունն սկսվել է 5–6 հազար տարի առաջ։ Գարու մշակությունը հիմնականում կենտրոնացված էր լեռներում։ Հայտնաբերված հատիկների միատարրությունը, մաքրությունը, մոլախոտային սերմերի քիչ քանակությունը վկայում են, որ ուրարտացիները մշակել են մերկհատիկ ցորենի և բազմաշարք գարու բարձրարժեք մի քանի փոփոխակներ։ Հայաստանում մեծ տարածում է ունեցել կորեկի