Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/593

Այս էջը սրբագրված է

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՎԱՐԴԱՊԵՏ ԵԴԵՍԱՑԻ (1606–մոտ 1690), հայ գրիչ և ծաղկող։ «Որդի Խաչատուրի»։ Ծնվել է Ուռհա (Եդեսիա) քաղաքում։ Մանուկ ժամանակ ծնողների հետ հաստատվել է Հալեպում։ Նրա անունով հայտնի է 18 ձեռագիր, որոնք պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան մատենադարաններում։


ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐՈՎ Միխայիլ Իվանի (1877–1936), հայ սովետական նյարդախտաբան։ Բժշկ. գիտ. դ–ր (1908)։ Ծնվել է Դերբենդ քաղաքում (այժմ՝ Դաղստանի ԻՍՍՀ–ում)։ 1900-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին աշխատել է Ն. Ե. Վվեդենսկու ֆիզիոլոգիական լաբորատորիայում։ 1904-ին ավարտել է Ռազմա–բժշկական ակադեմիան և աշխատանքի անցել հոգեբուժության ու նյարդախտաբանության ամբիոնում։ Ա. եղել է Վարշավայի զինվորական (1912-ից) և Պետերբուրգի նիկոլաևյան զինվորական հոսպիտալների (1914-ից) կոնսուլտանտ։ 1916–36-ին ղեկավարել է Ռազմա–բժշկական ակադեմիայի նյարդային հիվանդությունների ամբիոնը։ Ա. հեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատությունների։ Գիտական գործունեության հիմնական ուղղությունը եղել է շարժողական և ռեֆլեկտոր խանգարումների մեկնաբանումը էվոլյուցիայի ուսմունքի տեսանկյունով։ Ա–ի հետազոտությունները նվիրված են զգացողության խանգարումների կենսագենետիկական անալիզներին, կեղևաընդերային փոխհարաբերության խանգարումներին։ Մահացել է մարտի 28-ին, Լենինգրադում։

Երկ. Психотерапия и психоанлиз, П., 1923; Учебник нервных болезней, М.–Л., 1939. Գրկ. Раздольский И. Я., М. И. Аствацатуров и его роль в развитии невропатологии, в кн.: Вопр. общей и клин. невропатологии, под ред. С. Н. Давиденкова, т. 2, Л., 1949.

(նկ․) Մ. Ի. Աստվածատուրով։


ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ, միջնադարի ճարտարապետական հուշարձան Ապարանի շրջանի Երնջատափ գյուղում, Քասաղ գետի ձախ ափին (այժմ՝ Ապարանի լճի մոտ)։ Համալիրի հնագույն կառույցը (V դ.) միանավ բազիլիկ եկեղեցին է, որն ունի պայտաձև աղեղներ և ներքին որմեասյուների հնագույն տիպի խարիսխներ ու խոյակներ։ Ծածկը փլված է։ Մյուսը՝ կաթողիկե մեծ եկեղեցին, արտաքուստ՝ ուղղանկյուն քառանկյունի, ներսից՝ խաչաձև, չորս անկյունային ավանդատներով գմբեթակիր կառույց է։ Ընդարձակ գավիթն ունի չորս սյուն և ութ որմնասյուներ, որոնց վրա կազմված է տանիքը՝ ստալակտիտավոր գմբեթով։ Հվ–արլ. անջատ սյունին կա արձանագրություն՝ «Յոհանէս… յիշեցէք….»։ Ս. Բարխուդարյանի կարծիքով Հովհաննեսը ճարտարապետն է։ Ըստ կաթողիկեի ներսի 1244 թվակիր արձանագրության, հուշարձանների մեկենասն է եղել Վաչուտյան Քուրդ իշխանը իր կնոջ Խորիշահի հետ։ Տապանատուն է փոքրիկ մատուռը (XIII դ.) իր խաչքարով։ Վանքի ավերված պարսպապատով բակում կան XII–XV դդ. խաչքարեր և տապանաքարեր։ Կ. Ղաֆաղարյան

(նկ․) Աստվածընկալ վանքի կաթողիկե եկեղեցու ընդհանուր տեսքը։


ԱՍՏՐԱԽԱՆ (Հաշտարխան), քաղաք, ՌՍՖՍՀ Աստրախանի մարզի վարչական կենտրոնը, գետային և ծովային նավահանգիստ, երկաթուղային հանգույց։ Գտնվում է Վոլգայի դելտայի վերին մասում։ 427 հզ. բն. (1972)։ Ա. Վոլգա–Կասպիական ավազանի ձկնորսության խոշորագույն բազան և ձկնավերամշակման արդյունաբերության կենտրոնն է։ Ա–ում կան մսի կոմբինատ, կաթնամթերքների և կաշվի գործարաններ, հրուշակեղենի, մորթու–մուշտակեղենի ֆաբրիկաներ, ձկնարդյունաբերությանն ու գետային տրանսպորտին սպասարկող նավաշինարան, նավանորոգման, մեխանիկական ձեռնարկություններ, ջերմաքարշերի նորոգման գործարան, ցանցագործական ֆաբրիկա, փայտամշակման ու քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ։ Ա. ծովային և գետային նավերի փոխաբեռնման կայան է (նավթ, ձկնեղեն, անտառանյութ, կերակրի աղ, հացահատիկ)։ Ա–ի մեքենաշինությունն իր արտադրանքով գլխավորապես սպասարկում է ձկնարդյունաբերության ձեռնարկություններին և տրանսպորտին։ Այստեղ գործում են ձկնարդյունսւբերության և ձկնային տնտեսության տեխնիկական, բժշկական ու մանկավարժական ինստ–ներ, Դոնի Ռոստովի երկաթուղային ինժեներների ինստ–ի երեկոյան բաժինը, Գորկի քաղաքի ջրային տրանսպորտի ինժեներների ինստ–ի երեկոյան և հեռակա բաժինները, կոնսերվատորիա, միջնակարգ մասնագիտական 20 ուսումնական հաստատություն, երկու գիտահետազոտական ինստ., դրամատիկական, պատանի հանդիսատեսի թատրոններ, ֆիլհարմոնիա, 2 թանգարան, պատկերասրահ, հեռուստակենտրոն։

Ա. (որպես Հաջի Թարխան) հիշատակվում է XIII դարից, իբրև թաթարական քաղաք Ոսկե Հորդայի պետությունում։ Գտնվել է Վոլգայի աջ ափին, ցամաքային և ջրային առևտրական ուղիների խաչմերուկում, այժմյան Ա–ից (հիմնված 1558-ին) մոտ 12 կմ հեռու, խագարական Իթիլ քաղաքի տեղում։ 1459–1556-ին Աստրախանի թաթարական խանության կենտրոնն էր։ Ա–ում ապրում էին թաթարներ, պարսիկներ, հայեր, հրեաներ ևն։ 1556-ին Իվան IV գրավել է Ա. և դարձրել ռուսական պետության սահմանային բերդ։ XVI–XIX դդ. Ռուսաստանի և Արևելքի երկրների միջև կատարվող առևտրի հիմնական կենտրոնն էր։

Ա–ի հայ գաղութը ձևավորվել է XVII դ. սկզբին։ Ռուսաստան եկած հայ գաղթականները 1625-ին հանգրվանել են Ա–ում հիմնած հայկական իջևանատանը։ Պետրոս I և նրա հաջորդները, առևտրին և արհեստներին զարկ տալու նպատակով, հայերին արտոնագրերով հրավիրել են Ա.։ Հայ վաճառականությունը խոշոր դեր է ունեցել ռուս–իրանական և, հատկապես, Ռուսաստանի վրայով կատարվող տարանցիկ առևտրում, որի մեջ նրա առևտրական գործարքների տեսակարար կշիռը կազմել է 50%-ից ավելին։ XVIII դ. Ա. մետաքսի և բամբակի արդյունաբերության համառուսական նշանակություն ունեցող կենտրոն էր։ Ջուլհակային ձեռնարկությունների 90% պատկանում էր հայ ձեռնարկատերերին։ XVII դ. սկզբին հայերի թիվը այնտեղ եղել է մոտ 200, XVIII դ. սկզբին՝ մոտ 5000, XIX դ. վերջին՝ մոտ 7500, 1911-ին՝ մոտ 10000 մարդ։ Նրանց ճնշող մեծամասնությունը բանվորներ ու արհեստավորներ էին։ Հայերը պաշտոնապես ազատվել են հարկերից, օգտվել առևտրա–արդյունաբերական գործունեության, դավանանքի ազատության և ներքին կյանքի տնօրինման արտոնություններից։ 1746-ին նրանք կարողացել են նույնիսկ ստեղծել հայկական դատարան (Ռատհաուզ) և ղեկավարվել սեփական օրենսգրքով (տես Աստրախանի հայոց դատաստանագիրք)։ XIX ղ. սկզբից, երբ Ա. կորցրեց իր նախկին տնտեսական կարևոր դերը, ռուսական պետությունը հայերի արտոնությունները հետզհետե սահմանափակեց, այնուհետև վերացրեց։ Ա. եղել է Ռուսաստանի հայկ. թեմական կենտրոններից՝ իր թեմակալ եպիսկոպոսով կամ արքեպիսկոպոսով։ Հայերն ունեցել են չորս եկեղեցի (Ս. Աստվածածին, Ս. Պողոս–Պետրոս, Ս. Կատարինե, Ա. Գրիգոր Լուսավորիչ)։ 1795-ին արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանը Ա–ում հիմնել է հայկական տպարան։ XIX դ. սկզբին հիմնադրված հայկական դպրոցները, մասնավոր անձանց ու եկեղեցու միջոցներով, գոյատևել են մինչև XX դ. 20-ական թթ.։ Դրանցից նշանավոր են Աղաբաբյան դպրոցը (1810), Աստրախանի հոգևոր ուսումնարանը (1817, ուսուցչություն են արել Գ. Պատկանյանը և Գ. Խուբյանը), Հայոց թեմական (1838), Հայկական ծխական (1851), Հայոց իգական (1870) և այլ դպրոցները։ Ա–ում են հրատարակվել «Արևելյան ծանուցմունք» (1816), «Լրաբեր» (1908-09), «Մեր կյանքը» (1910-12),