Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/595

Այս էջը սրբագրված է

բնակչությունը եղել է համեմատաբար բարվոք վիճակում, քան հայերը Թուրքիայում և Պարսկաստանում։ Միաժամանակ դատաստանագիրքը հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել Ռուսաստանի հայ գաղութների պատմությունը, համայնքի ներքին կյանքը, սոցիալ–տնտեսական վիճակը և դրանցից բխող իրավական փոխհարաբերությունները։

Գրկ. Դատաստանագիրք Աստրախանի հայոց, աշխատասիր. Ֆ. Գ. Պողոսյանի, Ե., 1967։ Մ. Խաչատրյան

ԱՍՏՐԱԽԱՆԻ ՄԱՐԶ, մարզ ՌՍՖՍՀ–ում, Ստորին Մերձվոլգայում։ Կազմվել է 1943-ի դեկտ. 27-ին։ Տարածությունը 44,1 հզ. կմ² է։ Բաժանվում է 10 շրջանի։ Կենտրոնը՝ Աստրախան։

Բնությունը։ Ա. մ. գրավում է մերձկասպյան դաշտավայրի մի մասը, Վոլգա–Ախտուբայի ողողատը և Վոլգայի դելտան։ Տերիտորիան հարուստ է վտակներով, լճերով և հնահուներով։ Ա. մ. գտնվում է կիսաանապատային զոնայում։ Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 6,9°C, -9,7°C է, հուլիսինը՝ 24,5°C, 25,1°C։ Տարեկան տեղումները 175-ից 244 մմ է։ Այստեղով են հոսում Վոլգան և նրա բազուկ Ախտուբան։ Գետաբերանում Վոլգան բաժանվում է բազմաթիվ բազուկների՝ առաջացնելով բարդ դելտա։ Շատ են աղի լճերը, որոնցից խոշորն է Բասկունչակը։ Մարզի հս–ում տարածված են բաց շագանակագույն աղային, հվ–ում՝ գորշ, Վոլգայի դելտայում՝ ալյուվիալ հողերը։ Կենդանական աշխարհը հարուստ է (սայգա–այծեղջերու, արծիվներ, կրծողներ, սողուններ)։ Վոլգայի դելտայում է գտնվում Աստրախանի արգելավայրը։ Օգտակար հանածոներից կան կերակրի աղ, գիպս, նավթ, գազ։

Բնակչությունը։ Ա. մ–ում բնակվում է 883 հզ. մարդ (1972), ռուսներ, ղազախներ, թաթարներ, կալմիկներ, հայեր և այլք։ Քաղաքային բնակչությունը՝ 544 հզ.։ Միջին խտությունը 1 կմ² վրա՝ 20,0 մարդ։ Քաղաքները՝ Աստրախան, Ախտուբինսկ։

Տնտեսությունը։ Ա. մ–ում զարգացած է սննդի արդյունաբերությունը, աղի արդյունահանումը (ՍՍՀՄ–ում արդյունահանվող աղի 1/3), մեքենաշինությունը, փայտամշակման ու ցելյուլոզայի–թղթի արդյունաբերությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը, բրդատու ոչխարաբուծությունը և մսա–կաթնային անասնապահությունը։ Ա. մ. աշխարհում առաջին տեղն է գրավում թառափի որսով։ Կան նավաշինարան, նավանորոգման, ձկնապահածոյա–սառնարանային, ձկնարդյունաբերությանն ու ջրային տրանսպորտին սպասարկող, ջերմաքարշերի վերանորոգման, շինանյութերի արդյունաբերության ձեռնարկություններ, ՊՇԷԿ։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղն է նրբագեղմ ոչխարաբուծությունը։ 1969-ին Ա. մ–ում կար 1,6 մլն. գլուխ ոչխար, 367 հզ. գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Վարելահողը կազմում է հողատարածության 9,3% (1968)։ Ոչ ոռոգովի հողատարածություններում մշակում են հացահատիկ, ոռոգովի հողատարածություններում՝ բրինձ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաներ։ Հացահատիկը զբաղեցնում է ցանքատարածությունների 48%։ Զարգացած է ծովային ե գետային տրանսպորտը։ Երկաթուղիների երկարությունը 541 կմ է։ Ա. մ–ում գործում են 3 բարձրագույն և 20 միջնակարգ մասնագիտական հաստատություններ, կոնսերվատորիա, երկու թատրոն, 395 մասսայական գրադարան, 423 ակումբ, 451 կինո։

Գրկ. Поволжье, М., ; Народное хозяйство Астраханской области за 50 лет. Статистический сб. Волгоград, 1967.


ԱՍՏՐՈԳՐԱՖ (<հուն. άστρον – աստղ և γράφω – գրում եմ բառերից), գործիք, որով լուսանկարում են երկնային լուսատուները։ Լուսանկարչական խցիկը և նրան զուգահեռ (դեպի երկնքի որոշակի մասը վիզուալ ուղղման համար) դրված դիտակը ամրացվում են հասարակածային տեղակայքի վրա։ Դիտման ընթացքում, ժամացուցային մեխանիզմի օգնությամբ, աստղադիտակը պտտվում է երկնոլորտի պտույտի արագությամբ, որի շնորհիվ լուսատուն մնում է դիտակի նկատմամբ անշարժ ե դիտման տևողությունը ընտրվում է ըստ անհրաժեշտության (տես նաև Աստղադիտակ):


ԱՍՏՐՈԼԱԲ, անկյունաչափ գործիք՝ աստղագիտական ու գեոդեզիական դիտումների համար։ Ա–ի օգնությամբ որոշվում էին լուսատուների անկյունային հեռավորությունը հորիզոնից, ծագման ու մայր մտնելու պահերը, կենդանաշրջանի համաստեղությունների դիրքը գիշերվա տարբեր ժամերին, առարկաների հեռավորությունն ու բարձրությունը, Արեգակի դիրքը Խավարածրի վրա, լուսատուների կոորդինատները, տեղի աշխարհագրական լայնությունը, ցերեկվա ու գիշերվա տևողությունը ևն։ Ա–ները տարածված են եղել հին ու միջին դարերում։ Հետագայում գործածությունից դուրս եկան, փոխարինվեցին թեոդոլիտներով, սեքստանտներով ևն։

(նկ․) Հայկական աստրոլաբ, պատրաստել է Ղուկաս Վանանդեցին՝ XVII դ. վերջին։


ԱՍՏՈԻՐԻԱ (Asturias), պատմական մարզ Իսպանիայի հյուսիսում, Բիսկայան ծոցի ափին։ Տարած. 10,6 կմ² է։ 1024,6 հզ. բն. (1970)։ Վարչականորեն կազմում է Օվիեդո նահանգը։ Գլխավոր քաղաքը Օվիեդոն է։ Ա. գտնվում է Կանտաբրյան լեռների հյուսիսային լանջերի և ջրբաժան շղթաների վրա։ Կլիման ծովային է, մեղմ և խոնավ։ Տարեկան տեղումները՝ 1000 մմ, լեռներում՝ 1500–2000 մմ։ Աճում են լայնատերև անտառներ (կաղնի, շագանակենի, հաճարենի)։ Ա. արդյունաբերական շրջան է։ Տալիս է երկրի քարածխի արտադրանքի 70%: Արդյունահանվում է նաև սնդիկ, պղինձ, երկաթ, վոլֆրամ, մանգան։ Մշակող արդյունաբերության հիմնական ճյուղը սև մետալուրգիան է, որը կենտրոնացված է Ավիլես, Խիխոն, Լա–Ֆելիգերա, Միերես քաղաքներում։ Կան նաև գունավոր մետաղագործության, քիմիական, ռազմական, մետալուրգիայի, մեքենաշինական, տեքստիլ, կաշվի, սննդի, ծխախոտի ձեռնարկություններ։ Զարգացած է պտղաբուծությունը և մսա–կաթնային անասնապահությունը։ Մշակում են եգիպտացորեն, կարտոֆիլ։


ԱՍՏՈՒՐԻԱՍ (Asturias) Միգել Անխել (ծն. 1899), զվատեմալացի գրող։ Ծնվել է հոկտեմբերի 19-ին, Գվատեմալայում։ 1925–33-ին, որպես վտարանդի, ապրել է Փարիզում։ Հնդկացիների մայա ցեղի ժող. բանահյուսության հիման վրա գրել է «Գվատեմալական առասպելներ»–ը (1930)։ Համաշխարհային համբավ է ձեռք բերել ազատագրական գաղափարներով տոգորված էպիկական եռերգությամբ՝ «Ուժեղ քամի» (1950), «Կանաչ Պապա» (1954), «Թաղվածների աչքերը» (1960)։ Ա–ի գրչին է պատկանում նաև «Լիդա Սոլի հայելին» (1967) լեգենդների գիրքը։ Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի (1966)։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1967)։


ԱՍՏՈՒՐՅԱՆ Հարություն (1880–1950), հայ պատմաբան։ Ծնվել է Մարաշում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել Վենետիկի Ս. Ղազար վանքի դպրոցում։ Այնուհետև ուսանել է Մյունխենի (Գերմանիա) համալսարանում, որն ավարտելուց հետո, իբրև պատմագիտության դոկտոր, վերադարձել է Վենետիկ։ 1922-ից բնակություն է հաստատել Արգենտինայի Կորդովա (Կորդոբայ) քաղաքում, 1924-ից նույն քաղաքի «Մոնսերատ» վարժարանում լատիներենի և ֆրանսերենի պրոֆեսոր էր։ Ա. հիմնականում զբաղվել է հին և միջնադարյան Հայաստանի պատմության հարցերով։ 1912-ին լույս է ընծայել Արտաշեսյան և Արշակունյաց դարաշրջանում հայ–հռոմեական հարաբերությունների մասին մենագրություն, ուր քննաբար օգտագործել է հայկ. և օտար սկզբնաղբյուրները։ «Պատմություն Հայոց» (1947) աշխատության մեջ ամփոփ ձևով շարադրել է Հայաստանի քաղաքական պատմությունը՝ սկսած հնագույն շրջանից մինչև նորագույն ժամանակները։ Մահացել է մարտի 28-ին, Կորդովայում։

Երկ. Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հռովմա, Վնտ., 1912։