Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/599

Այս էջը սրբագրված է

գոլորշիացող որոշ լուծիչներում։ Որպես լուծիչ օգտագործում են բենզինը, բենզոլը, բենգին–բևեկնայուղ խառնուրդը ևն։ Ա. լ. սև են, կայուն՝ ջրի, թթուների, սպիրտի և նոսր՝ հիմքերի նկատմամբ։ Նրանցով լաքապատում են ավտոմեքենաների, էլեկտրաշարժիչների, որոշ իրերի մետաղյա մասերը (կոռոզիայից պաշտպանելու նպատակով)։

ԱՎԱԳ (ծն. և մահ. թթ. անհտ.), XIV դարի առաջին կեսի մանրանկարիչ, գրիչ և կազմող։ Կրթությունն ստացել է Գլաձորի համալսարանում, Եսայի Նչեցու և Թորոս Տարոնացու մոտ։ Ապրել և աշխատել է տարբեր վայրերում։ Ուսումնառությունն ավարտելուց հետո եղել է Օրտու–բազարում (Սուլթանիա), այնուհետև Թավրիզում։ 1350-ին մեկնել է Կիլիկիա, 1358-ին վերադարձել Փայտակարան։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում պահվում է Ա–ի նկարազարդած հինգ մատյան՝ 1329-ի (ձեռ. № 7650), 1337-ի (ձեռ. № 212), 1352-ի (ձեռ. № 7631) Ավետարանները և 1356–58-ի (ձեռ. № 6230) ու 1338-ի (ձեռ. № 4429) Աստվածաշունչերը։ Վենետիկի Մխիթարյան մատենադարանում է գտնվում Ա–ի 1341-ին պատկերազարդած Աստվածաշունչը։ 1329-ի ձեռագրի մանրանկարներից մեկում Ա. պատկերել է իրեն և Ասլան պարոնին, 1356–58-ի ձեռագրում՝ Սորղաթմիշ պարոնին և նրա կնոջը՝ Բեկի–Խաթունին։ Ա–ի արվեստը ձևավորվել է Գլաձորի մանրանկարչական դպրոցի, հատկապես Թորոս Տարոնացու ազդեցությամբ։ Այնուհետև նրա ստեղծագործության վրա նկատելի հետք է թողել կիլիկյան մանրանկարչական արվեստը։ Խարսխված այդ երկու դպրոցների գեղանկարչական սովորույթների վրա՝ Ա–ի արվեստը հանդես եկավ որպես գլաձորյան–կիլիկյան ավանդույթների շարունակության արտահայտություն։

Գրկ. Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մաս 2, Երուսաղեմ, 1942, էջ 202։ Ավետիսյան Ա. Ն., Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը, Ե., 1971։ Свирин А. Н., Миниатюра древней Армении, М.–Л., 1939, с. 96–101; Дурново Л. А., Краткая история древнеармянской живописи, Е., 1957, с. 48; Der-Nersessian S., The Chester Beatty library, A catalogue of the Armenian manuscripts, v. 1, L., 1958, p. XXX, XXXIII. Հ. Հակոբյան

(նկ․) Ավագ։ Ինքնանկար։


ԱՎԱԳ ԶԱՔԱՐՑԱՆ (ծն. թ. անհտ. – 1250), XIII դարի պետական գործիչ, աթաբեկ Իվանեի որդին։ Մոտ 1233–34-ին, հոր մահից հետո, ժառանգել է աթաբեկության պաշտոնը (տես Աթաբեկ) և Զաքարյան ֆեոդալական տան ավագությունը։ 1236-ին մոնղոլական 30000-անոց բանակը ներխուժել է Հայաստան։ Զորամասերից մեկը պաշարել է Ա. Զ–ի նստավայրը՝ Կայեն բերդը։ Ա. ստիպված բանակցություններ է սկսել մոնղոլների զորապետ Զարմազանի հետ և հպատակություն հայտնել։ Նրան հետևել են մյուս իշխանները։ Չարմաղանը, հաշվի առնելով Ա. Զ–ի դիրքը և հեղինակությունը, աշխատել է սիրաշահել նրան և նրա միջոցով հպատակեցնել նաև Վրաստանի թագուհուն։ Ա. Զ. ճանաչվել է վրաց արքունիքի ներկայացուցիչ, Հայաստանի փաստական տիրակալ, մոնղոլների վարչա–ռազմական պաշտոնեության ներկայացուցիչ, մոնղոլական բանակում հայ–վրացական ֆեոդալական զորքերի գլխավոր հրամանատար և թումանի (վարչական միավոր) կառավարիչ։

Գրկ. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., .1961, էջ 256–57։ Բաբայան Լ. Հ., Հայաստանի սոցիալ–տնտեսական և քաղաքական պատմությունը XIII–XIV դդ., Ե., 1964, էջ 200-05, 244-45։ Լ. Բաբայան


ԱՎԱԳ ԽՈՐԱՆ, ճարտարապետության մեջ, եկեղեցու արևելյան խորանը, որտեղ կատարվում է ժամասացությունը։ Հատակագծում կիսաշրջան է, բազմանկյուն կամ ուղղանկյուն։ Վերևում ավարտվում է գմբեթարդով կամ թաղով։ Ա. խ–ում է բեմը, որ բարձր է աղոթասրահի հատակից և, ներառելով դասի մասը, նրանից անջատված է ճաղերով, ուշ դարերում՝ սրբապատկերներով կազմված միջնորմով։ Ա. խ. եկեղեցու ամենահարդարուն մասն է։


ԱՎԱԳ ՎԱՆՔԻ ԴՊՐՈՑ, գրչության և ուսումնառության կենտրոն Բարձր Հայքի Դարանաղի գավառի Ավագ վանքում (Սեպուհ լեռան ստորոտին, Կարնի գյուղի մոտ)։ XII դ. վերջերին Ավագ վանքում արդեն վարպետ գրիչներով և ծաղկողներով գրչության առաջնակարգ դպրոց կար։ Վարդան Կարնցի (Կարնի գյուղից) գրիչը այստեղ 1200–02-ին ընդօրինակել է հսկայական մեծությամբ մագաղաթյա մի Տոնական, որը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում և հայտնի է «Մշո ճառընտիր» անունով։ Ա. վ. դ–ում մեծ մասամբ ընդօրինակվում էին ճառընտիրներ։ Գրչության արվեստը այդ տեղ ծաղկել է հատկապես նշանավոր վարժապետ ու մատենագիր, Կիլիկիայի դպրոցներում կրթություն ստացած Մովսես Երզնկացու և բանաստեղծ ու մատենագիր Կիրակոս Երզնկացու րաբունապետության օրոք։ XIV դ. վերջից դպրոցը աչքի էր ընկնում նաև գիտության ուսուցմամբ, որ կապված էր Գրիգոր Տաթևացու դասընկեր Գևորգ Երզնկացու ուսուցչական գործունեության հետ։ Տարբեր տեղերից նրա շուրջն էին հավաքվում աշակերտներ, որոնք սովորում էին աստվածաբանու թյուն, տրամաբանություն, տոմարագիտություն, երաժշտություն, գրչության արվեստ և այլ առարկաներ։ Գևորգ Երզնկացու հետ դասավանդում էր նաև նրա աշակերտ, տոմարագետ Հակոբ Ղրիմեցին, որը հետագայում տեղափոխվեց Մեծոփավանքի դպրոցը: Ա. վ. դ–ից բավական շատ ձեռագրեր են մեզ հասել (XIII–XIV դդ.)։ Ավագ վանքում գիտությունն ու կրթությունը առավել զարգացման են հասել 1460-ական թթ. սկզբներից, երբ այստեղ հիմնվել է համալսարան։ Տեսուչն էր «քաջ հռետոր և բանիբուն վարդապետ» Հովհաննես Համշենցին կամ Հունուտցին։ Հիշատակվում են դասագլուխ վարդապետներ Աբրահամն ու Մարգարեն, ավագ վարդապետ Աստվածատուր Ջերմացին։ Համալսարանը պատրաստում էր վարդապետներ, եկեղեցակաև գործիչներ, գրիչներ։ Վարդապետներից ու աշակերտներից հայտնի են Գրիգոր Կաֆայեցի ծաղկողը, Մատթեոս Աեբաստացի կազմողը, Առաքել Երզնկացին, Ներսես Բաղիշեցին, Բարապետ, Ներսես, Հովհաննես Տիվրիկեցիները, Հովհաննես Դարսւնաղցին, Ներսես Հաղպատեցին, Նիկողայոս Պոնտացին, Խաչատուր Երզնկացին, Ստեփանոս Չմշկածազցին և ուրիշներ։ Հիշյալ մականունները վկայում են, որ համալսարանն իր հիմնադրման սկզբից արդեն համահայկական հռչակ էր վայելում, որ տեղ սովորելու և դասավանդելու էին գալիս երկրի տարբեր ծայրերից։ 1489-ին Ավագ վանքի համալսարանը աշակերտներով, աբեղաներով ու սարկավագներով տեղափոխվել է նույն գավառի Կապոսի դպրոցը, որտեղ շարունակել է իր գոյությունը մինչև դարավերջը։ Ավագ վանքը իր մատենադարանով կանգուն էր մինչև 1915-ը։

Գրկ. Ոսկյան Հ., Բարձր Հայքի վանքերը, Վնն., 1951։ Ա. Մաթևոսյան


ԱՎԱԳԱՆԻ, հայ աշխարհիկ ազնվականության վերնախավի անվանումը նախարարական Հայաստանում։ Ա. են կոչվել առաջնակարգ և հզոր տոհմերի նահապետները, նախարարները կամ տանուտերերը՝ իրենց գահերեցության, կալվածների ընդարձակության և զորքերի թվի համեմատությամբ։ Ա–ու դասի մեջ են մտել նաև ավագ սեպուհները։ Համազգային նշանակություն ունեցող վճիռները Հայոց թագավորը սովորաբար կայացրել է Ա–ու հետ խորհրդակցելուց հետո։


ԱՎԱԳԿԱԼ, գյուղ Կիլիկիայում, Զեյթունի գավառում, Մթին լեռան լանջերին, ջրառատ և բարձրադիր վայրում։ Գտնվում է Զեյթուն քաղաքից մոտ 12 կմ հվ–արմ.։ Ա. XIX դ. վերջերին ուներ մոտ 3000 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ա. եղել է Զեյթունի 3 մեծ գյուղերից մեկը և նշանակալի դեր է խաղացել ազատագրական շարժումների մեջ։ Ուներ եկեղեցի և ուսումնարան։ Բնակչությունը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղահան է եղել։ Նրա մի մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ, իսկ մյուսը՝ գաղթել տարբեր երկրներ։