ԱՎԱԳՅԱՆ Աբիգ Համազասպի (ծն. 1919), հայ սովետական գրող։ Ծնվել է սեպտեմբերի 14-ին, Թեհրանում։ Սովորել է Իրանի հայկական և պարսկական դպրոցներում, ֆրանսիական և ամերիկյան քոլեջներում։ 1946-ին ներգաղթել է Սովետական Հայաստան։ Ա. հիմնականում պատկերել է մարդու ողբերգությունը կապիտալիստական իրականության մեջ։ «Շիկացած հողը» (1955) վեպում արտացոլված է եվրոպական գաղութային քաղաքականության դեմ իրանական ժողովրդի պայքարը։ Ընտանեկան կյանքի թեմային է նվիրված «Նազելի Դալարյան» (1959) վեպը։ 1971-ին լույս է տեսել նրա «Հարավային տենդ» պատմվածքների ժողովածուն, որի հերոսները բարին ու գեղեցիկը երազող մարդիկ են։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1971)։
ԱՎԱԳՅԱՆ Արտավազդ Արշակի (1907–1966), հայ սովետական կենսաբան։ ՍՍՀՄ ԳԱ թղթակից–անդամ (1946), Լենինի անվան Համ ԳԳԱ ակադեմիկոս (1948)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ծնվել է հուլիսի 8(21)–ին, Նորաշեն գյուղում (այժմ՝ Հայկական ՍՍՀ Շամշադինի շրջան)։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստ–ը (1931)։ Հետազոտությունները նվիրված են բուսական օրգանիզմների աճման ու զարգացման նպատակադիր ղեկավարման պրոբլեմներին, բույսերի բեղմնավորման երևույթների բացահայտմանը, ստադիականության տեսությանը, վեգետատիվ հիբրիդացմանը։ Տվել է բուսական օրգանիզմների երիտասարդացման երևույթի նոր մեկնաբանություն։ Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1941, 1951) է։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։ Մահացել է Մոսկվայում, նոյեմբ. 16-ին, թաղված է ծննդավայրում։
Երկ. Биология развития сельскохозяйственных растений, 2 изд., М., 1962.
ԱՎԱԳՅԱՆ Բաղդասար Հայրապետի (1883–1918), հեղափոխական գործիչ, Բաքվի 26 կոմիսարներից։ Ծնվել է Շուշվա գավառի Թաղուտ գյուղում (այժմ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Հադրութի շրջան)։ Տեղի ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Խարկովի անասնաբուժական ինստ–ը, որտեղից հեղափոխական գործունեության համար հեռացվել է։ 1905-ին վերադարձել է Բաքու և զբաղվել ուսուցչությամբ։ 1917-ի Փետրվարյան հեղափոխության օրերին հեղափոխական գործունեություն է ծավալել զինվորների և ուսանողների շրջանում, կազմակերպել միտինգներ ընդդեմ ժամանակավոր կառավարության։ Ա. եղել է զինվորական դեպուտատների սովետի անդամ, բանվորների և զինվորների դեպուտատների Բաքվի սովետի գործկոմի քարտուղար (1918)։ Բաքվում սովետական իշխանության հռչակումից հետո նշանակվել է քաղաքի կայազորի պետ։ Մուսսւվաթական հակահեղափոխական խռովության ջախջախումից հետո աշխատել է որպես Բաքու քաղաքի պարետ։ Ա. գնդակահարվել է 1918-ի սեպտ. 20-ին՝ անգլիական դահիճների և նրանց կամակատար էսեռների կողմից, Ախչա–Կումայի ավազուտներում, Բաքվի 26 կոմիսարների թվում։
ԱՎԱԳՅԱՆ Գրիգոր Մկրտչի (ծն. 1899), հայ հնագետ, պատմաբան, հրապարակագիր և թարգմանիչ Ռումինիայում (պատմ. գիտութ. դ–ր, պրոֆեսոր)։ Ծնվել է մարտի 8-ին, Աքքերմանում (այժմ՝ Բելգորոդ–Դնեստրովսկի, ՈՒՍՍՀ)։ Պեղումներ է կատարել Աքքերմանում՝ հայտնաբերելով Կիլիկիայի հայկական թագավորների դրամներ, ռուսերեն և ռումիներեն հրատարակել աշխատություններ Աքքերմանի հայերի պատմության վերաբերյալ։ Ցույց է տվել Կիլիկիայի հայ առևտրականների կապերն այս շրջանի հետ։ 1935-ին Հռոմում լույս է ընծայել «Անտիպ նկարներ էտրուսկյան և հռոմեական ճարտարապետական հուշարձաններից» աշխատությունը (իտալերեն)։ 1955-ից աշխատանքի է անցել ռումինական ակադեմիայի Մարդաբանության ինստ–ում։ Ա. արժեքավոր աշխատություններ ունի Ռումինիայի հայերի պատմության մասին։ Ռումիներեն է թարգմանել ընտիր հատվածներ հայ միջնադարյան տաղերգուների ստեղծագործություններից:
ԱՎԱԳՅԱՆ Էդուարդ Սամվելի (ծն. 1927), հայ սովետական գրող, թարգմանիչ։ Ծնվել է օգոստոսի 19-ին, Թբիլիսիում։ 1952-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1958-ին լույս է տեսել նրա չափածո հեքիաթը՝ «Անտառի տնակը»։ Ապա իրար են հաջորդել «Կանաչ արահետ» (1959), «Պատմվածք Իլյիչի Մասին» (1960), «Մրգահանդես», «Ծովը և ճայերը» (1961), «Արևի հյուրերը» (1962) բանաստեղծությունների, պոեմների և պատմվածքների ժողովածուները։ Ուշագրավ է Ա–ի երկմասանոց վեպը՝ «Մենք ապրում ենք Կոնդում» (1965, I մաս), «Մարդը մարդուն» (1970, II մաս)։ Ա. թարգմանել է Պ. Բ. Շելլիից՝ «Ընտիր տողեր» (1963), Ֆ. Պետրարկայից՝ «Կանցոններ և սոնետներ» (1964) ժողովածուները և Ջ. Լոնդոնից մի շարք վեպեր ու պատմվածքներ։
Երկ. Կախարդական աշխարհ, Ե., 1971։
ԱՎԱԳՅԱՆ Կարապետ (Կարպիս) Գալուստի (1908–1967), հայ ջութակահար, մանկավարժ։ Ծնվել է սեպտեմբերի 1-ին, Վառնայում (Բուլղարիա)։ Ավարտել է Բուխարեստի պետական կոնսերվատորիան։ 1940–48-ին եղել է Զինվորական երաժշտական ինստ–ի, 1949-ից Չ. Պորումբեսկուի անվ. պետական կոնսերվատորիայի (Բուխարեստ) պրոֆեսոր, 1962-ից՝ նաև լարային գործիքների ամբիոնի վարիչ։ Հրատարակել է ջութակի նվագի կատարելագործման ձեռնարկ։ Նրան աշակերտել են ԱՍՆ–ից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Չինաստանից, Շվեյցարիայից և այլ երկրներից եկած ջութակահաբներ։ Ա. եղել է Պ. Չայկովսկու, Ջ. Էնեսկուի անվ. միջազգային մրցույթների ժյուրիի անդամ, հրավիրվել է ջութակի դասընթացներ վարելու Սիենայում (Իտալիա) և Ստոկհոլմում։ Երաժշտական մշակույթին մատուցած ծառայությունների համար Ա. պարգևատրվել է ՌՍՀ շքանշաններով։ Նա իր մասնակցությունն է բերել նաև հայ գաղթավայրի մշակութային միջոցառումներին։ 1969-ից, Բուխարեստում, Ա–ի ապրած տանը, բացվել է տարբեր երկրների ու ժամանակների գեղարվեստական հազվագյուտ առարկաների՝ նրա հավաքածուի ցուցահանդես–թանգարանը։ Գրել է աշխատություններ Կրեյցերի, Ռոդեի, Ֆիորիլոյի, Մազասի, Ի. Բախի, Ջորջե Էնեսկուի ստեղծագործությունների վերաբերյալ։ Մահացել է հուլիսի 11-ին, Բուխարեստում։
ԱՎԱԳՅԱՆ Հովհաննես Սարգսի (1882–1959), ամերիկահայ գրականագետ, գրող և լրագրող ԱՄՆ–ում։ Հանդես է եկել Վաղարշ Վաղարշյան, Հրայր, Ասպարունի, Գրասեր ծածկանուններով։ Ծնվել է հոկտ. 12-ին, Ակնա գավառի Բինկյան գյուղում։ Ավարտել է Մարզվանի «Անատոլիա» քոլեջը՝ ստանալով «պսակավոր արվեստից» տիտղոսը (1907)։ Եղել է տնօրեն–ուսուցիչ Մարզվանի Ավետարանական քոլեջում (1907–09) ապա՝ ուսուցիչ (1909–15) Վանի Ամերիկյան վարժարանում։ 1911–12-ին «Վանտոսպ»–ի խմբագրապետն էր, 1917–1919-ին «Ազգ» օրաթերթի (ԱՄՆ) օգնական խմբագիրը, իսկ 1919-ից մինչև կյանքի վերջը եղել է «Հայաստանի կոչնակ»–ի խմբագիր, 1944-ից՝ խմբագրապետ։ Ա. զբաղվել է հայ նոր և սփյուռքահայ գրականության ուսումնասիրությամբ («Գրական դեմքեր», 1925)։ Գրել է վիպակներ, պատմվածքներ։ Կատարել է նաև թարգմանություններ, որոնցից ուշագրավ է Ա. Կ. Տոլստոյի «Ցար Ֆեոդոր Իվանովիչ» դրաման («Հայաստանի կոչնակ», 1928)։ Մահացել է հունիսի 10-ին, Նյու Յորքում։
Գրկ. Գոհարներ հայ գրականության, Բոստոն, 1916, Նշանավոր օբերաներ, Նյու Յորք, 1927։
ԱՎԱԳՅԱՆ (Թադևոսյան) Հովհաննես Ստեփանի (ծն. 1900), հայ սովետ. դերասան։ ՀՍՍՀ ժող. արտիստ (1950)։ Ծնվել է հոկտ. 25 (նոյեմբ. 7)–ին, Երևանում։ Բեմական գործունեությունն սկսել է Հայաստանի Առաջին պետթատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվ. թատրոն)։ Ա–ի դրա մատիկական և բնութագրային տպավորիչ դերակատարումներից են՝ Օսեփ, Բրիլիանտով (Սունդուկյանի «Քանդած օջախ», «Էլի մեկ զոհ»), Գիժ Դանիել (Շիրվանզադեի «Չար ոգի»), Անտոնիո (Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը»), Սեթո դայի (Վաղարշյանի «Վանքաձոր»), Նարինյան (Գ. Տեր–Գրիգորյանի և Լ. Ղարագյոզյանի «Այս ասաղերը մերն են», ՍՍՀՄ պետ մրց. 1950), Մեք–Գրեգոր (Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և մեդալներով։
ԱՎԱԳՅԱՆ Հրանտ Արսենի (ծն. 1924), Սովետական Միության հերոս (15.5.1946), գվարդիայի գնդապետ։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ծնվել է հոկտեմբերի 15-ին, Բաքվում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Կովկասի պաշտ-