Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/615

Այս էջը սրբագրված է

որ ստեղծագործել է XIV դ.։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի կիլիկյան XIII դ. ավետարաններից մեկում (№ 7644, ստացող՝ Սմբատ Գունդստաբլ) գտնվում է Քրիստոսի կյանքին նվիրված յոթ մանրանկար, որոնցից մեկի տակ հեղինակի հիշատակագրությունն է՝ «զԱվետիքս յիշե տէր… զնկարող»։ Ենթադրվում է, որ այդ յոթ մաԱլիշան նրանկարները հետագայում են ավելացվել ձեռագրի մեջ։ Ա–ի մանրանկարների խտացված գույները աղերսվում են վաղ շրջանի հայկական ձեռագրերի երփնագրին։ Նկարների խորքը ծանրաբեռնված է ճարտարապետական կառույցների պատկերներով։ Մարդկային դեմքերը նկարված են լուսավոր գույների համադրությամբ։

Գրկ. Հովսեփյան Գ., Հիշատակարանք ձեռագրաց, հ. 1, Անթիլիաս, 1951, էջ 958։ Հին հայկական մանրանկարչություն, [ալբոմ], կազմ. Լ. Ա. Դուռնովո, Ե., 1952։ Ազարյան Լ. Ռ., Կիլիկյան մանրանկարչությունը XII–XIII դդ., Ե., 1964, էջ 84։ Свирин А. Н., Миниатюра древней Армении, М.-Л., 1939, с. 54; Дурного Л. А., Краткая история древнеармянской живописи, Е., 1957, с. 37–38. Հ․ Հակոբյան

ԱՎԵՏԻՔ ԵՎԴՈԿԱՑԻ, Ավետիք Թոխաթցի, Ավետիք պատրիարք (1657–1711), հայ գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ։ Ծնվել է ապրիլի 1-ին։ Եղել է Կ. Պոլսի և Երուսաղեմի պատրիարք (1702-ից)։ Հակակաթոլիկական գործունեության համար աքսորվել է Ասորիք (1703), ազատվել և վերականգնվել պաշտոնում (1704–06)։ Այնուհետև աքսորվել է Ֆրանսիա (1706), բանտում ստիպված ընդունել է կաթոլիկական դավանանք, ազատվել (1710) և նշանակվել քահանա Փարիզի եկեղեցիներից մեկում։ Զբաղվել է գրչությամբ, ընդօրինակել հայերեն ձեռագրեր։ Պատմական արժեքավոր սկզբնաղբյուր է նրա «Ինքնակենսագրություն» (1709, հրատարակվել է «Մասիս»–ում, 1874-ին), որի լեզուն յուրօրինակ խառնուրդ է գրաբարի և խոսակցական աշխարհաբարի։ Ա. Ե. գրել է նաև տաղեր։ Քնարական ջերմ շնչով է գրված նրա «Ահա եղև օրհնեալ գարուն» սկզբնատողով տաղը («Բազմավեպ», 1873, էջ 333)։ Վախճանվել է հուլիսի 10-ին, Փարիզում։

Գրկ. Տաշյան Հ., Ցուցակ հայերեն ձեռագրաց…, Վնն., 1895։, «Բանասեր», 1900, հ. 2, պր. 2, էջ 141–46։ Ալպոյաճյան Ա., Պատմություն Եվդոկիո հայոց, Կահիրե, 1952։ Ա. Ղազինյան


ԱՎԵՏԻՔ ԼՈՒԿԱՉ (Ավետիքյան Ղուկաս, 1847–1909), հայազգի պատմաբան–հայագետ։ Ծնվել է հոկտեմբերի 18-ին, Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքում (ներկայումս՝ Դումբրըվեն, Ռումինիա)։ 1870–77-ին ուսուցչություն է արել տեղի հայկական դպրոցում, ապա եղել է նախակրթարանի տնօրեն մինչև 1891։ 1878-ին ընտրվել է Եղիսաբեթուպոլսի հայոց ժողովրդապետ։ Նույն քաղաքում հիմնել է արվեստների վարժարանը։ Ա. Լ–ի գրչին են պատկանում հունգարերեն լեզվով գրած հայագիտական տասը աշխատություններ, գլխավորներն են՝«Հայոց պատմությունը» (1877), «Հայ գիտական ակադեմիա» (1883), «Առանձնաշնորհյալ Եղիսաբեթուպոլիս քաղաքի իրավունքներն ու պարտավորաթյունները» (1891), «Եղիսաբեթապոլսի մենագրությունը» (1896), «Քրիստոնեության մուտքը Հայոց մոտ» (1904), «Հովհաննես Ոսկեբերանի ներբողյանը ս. Գրիգոր Լուսավորչին» (1905)։ Ա. Լ. հեղինակ է տարբեր հանդեսներում և հատկապես Գեռլա հայաքաղաքում տպագրվող հունգարերեն «Արմենիա» ամսագրում հրապարակված բազմաթիվ հոդվածների։ Հասարակական աշխատանքի համար արժանացել է ասպետական կարգի շքանշանի։ Մահացել է Եղիսաբեթուպոլսում։ Ներկայումս Բուդապեշտի փողոցներից մեկը կրում է Ավետիք (Ավետիքյան) գերդաստանի անունը։ Ս. Քոլանջյան


ԱՎԵՏԻՔ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՑԻ, Ավետիք Ամդեցի, Ավետիք Պաղտասարյան (ծն. և մահ. թթ. անհտ.)։ XVII–XVIII դդ. հայ մշակութային գործիչ, մաթեմատիկոս, աստղագետ, տոմարագետ, պատմիչ և գրիչ։ Տիրապետել է արաբերենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին, եբրայերենին, ղպտերենին, թուրքերենին, հունարենին, լատիներենին և ֆրանսերենին։ Ծնվել է Տիգրանակերտում։ Երկար տարիներ ապրել, սովորել ու ստեղծագործել է Արևմտյան Հայաստանի մշակութային աչքի ընկնող կենտրոններում՝ Էրզրումում, Վանում, Բաղեշում, Սեբաստիայում և Թոխաթում։ Ուսումնառության նպատակով եղել է Պարսկաստանում, Արաբիայում։ Առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերել դեպի բնական գիտությունները, զբաղվել է նաև պատմագրությամբ և աշխարհագրությամբ։ Գիտությանն անկաշառ նվիրվածության պատճառով բազմիցս ենթարկվել է ժամանակի «որովայնամոլ և արբշիռ, ուսումնատեաց եկեղեցականաց» նախատինքներին և հալածանքներին։ Օգտվելով հայ և օտար աղբյուրներից՝ մշակել ու կազմել է աստղաբաշխության, տոմարագիտության, աշխարհագրության, երաժշտության վերաբերյալ գործեր։ Ձեռագիր վիճակով մեզ են հասել 1684–1709-ին գրած աստղագիտական–տոմարագիտական ստվարածավալ «Դեֆթեր գիրք»-ը, 1695–1709-ին կազմած «Ըստուռլապ»–ը, որի մեջ նկարագրված են աստղաբաշխական զանազան գործիքներ, 1700-ին գրած «Ոսկեփորիկ»–ը, 1719-ին կազմած «Զիճ գիրք»–ը, ապա «Ախտարացոյց»–ը, «Աշխարհացոյց»–ը։ 1701–1712-ին, օտար և հայ պատմիչների երկերի հիման վրա, շարադրել է խիստ կարևոր մի ժամանակագրություն՝ «Աղիւսակապատմագիր», սկսելով աշխարհի արարչագործությունից, հասցնելով մինչև Աստվածատուր Համադանցու կաթողիկոսական գահ բարձրանալու թվականը՝ 1714-ը։ Հայ պատմագրության համար որոշակի արժեք ունեն աշխատության վերջին մասերը, որ վերաբերում են Հայաստանի XVI–XVII դդ. քաղաքական անցուդարձերին։ Ուշագրավ են նաև «Աշխարհացոյց»–ում Ա.Տ–ի, իբրև ականատեսի, Փոքր Ասիայի և Կիլիկիայի հայաբնակ վայրերի մասին հաղորդած տեղեկությունները և, հատկապես, Հաբեշստանին վերաբերող «Վասն որ կամի Հէպէշին երկիրն գնալ, այսպես է» խորագրով հատվածը։ Ա. Տ–ի աշխատությունների ձեռագրերը մեծ մասամբ գտնվում են Վենետիկի Մխիթարյանների մատենադարանում։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են նրա ժամանակագրության երեք օրինակներ (ձեռ. №№ 1492, 7424, 6243)։ Ձեռ. № 1492–ը Ա. Տ–փ ինքնագիրն է՝ արտագրված իր իսկ սղագիր օրինակից, 1712–14-ին, Աստվածատուր Համադանցու համար։

Գրկ. Ալիշան Ղ․ Ավետիք Պաղտասարյան, Ընթերցող Տիգրանակերտցի, «Բազմավեպ», 1897, № 7–10։ Ս. Լալաֆարյան


ԱՎԵՏԻՔ ՖԵԼԻՔՍ (1888-1949), հայազգի իրավաբան, հրապարակագիր և հասարակական գործիչ։ Ծնվել է հունիսի 15-ին, Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքում (այժմ՝ Դումբրըվեն, Ռումինիա)։ Աշխատել է տարբեր շրջաններում որպես գավառական դատավոր։ Գրել է եռահպտոր օրենսգիտական աշխատություն։ 1920 թվականին հիմնադրել է հունգարահայերի միությունը, իսկ 1924-ին՝ Բուդապեշտի հայ կաթոլիկ ժողովրդապետությունը և մինչև մահը եղել է նրանց տնօրենը։ Ունի հայագիտական գործեր՝ գրված հունգարերեն. «Հունգարահայոց անցյալը և պատմության մեջ նրանց ունեցած դերը» (1921), «Հայոց անցյալն ու ներկան» (1922, Ֆ. Ալեքսայի հետ)։ Աշխատակցել է «Բազմավեպ»–ին։ Ս. Քոլանջյան


ԱՎԵՏԻՔՅԱՆ Գաբրիել (1750-1827), հայ լեզվաբան, քերական, բառարանագիր, բանասեր, աստվածաբան։ Վենետիկի Սխիթարյան միաբան։ Ծնվել է Կ. Պոլսում։ Ավարտել է Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրոցը, 1785-ին կարգվել տեղի «Նորընծայից» ուսուցիչ, 1786-ին ձեռնադրվել քահանա, 1799-ին նշանակվել ընդհանուր աթոռակալ, 1824-ին հրաժարվել վանական պաշտոններից՝ ծերության և հիվանդության պատճառով։ Ա. գրաբարի քաջ գիտակ էր, տիրապետում էր հունարենին, լատիներենին, իտալերենին և այլ լեզուների։ Ծավալել է գիտական, բանասիրական, թարգմանչական գործունեություն։ «Քերականութիւն հայկական» (1815) աշխատությամբ Ա. ստեղծել է գրաբարի ինքնատիպ, համապարփակ քերականություն, նոր տեսանկյունից մեկնաբանել քերականական բազմաթիվ իրողություններ, մերժել գրաբարի համար խորթ ու օտարամուտ ձևերը։ Աշխատության առաջին մասը գրված է արևմտահայերենով, ամփոփում է գրաբարի խոսքի մասերի («մասունք բանի») և նրանց քերականական կարգերի («պա-