Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/616

Այս էջը սրբագրված է

րագայք») հանգամանալից քննությունը։ Ա. ընդունել է տասը հոլովում՝ բաժանելով պարզ կամ կանոնավոր և խառը կամ անկանոն տեսակների։ Նա առաջին անգամ գիտականորեն հիմնավորել ու ապացուցել է, որ գրաբարը տասի փոխարեն ունի վեց հոլով։ Բավականաչափ առաջ է տարել բայի լուսաբանությունը, լավագույնս բաղդատել բայական կարգերի (սեռ, եղանակ, դեմք, թիվ, ժամանակ են) էությունը, ճշգրտել կառուցվածքային և իմաստային տեսսւկետներից տարբեր խոսքի մասերի դրսևորումներն ու տարատեսակները։ Երկրորդ մասը գրված է գրաբար և նվիրված է շարահյուսության («բաղդասության»), խոսքի մասերի կապակցությունների քննությանը։ Ա. կազմել է «Նոր հայկազեան բառարան»–ի «Ա» տառի բառահոդվածները, կատարել մի շարք ճիշտ ստուգաբանություններ և հայերեն շատ բառեր համեմատելով ցեղակից ուրիշ լեզուների (հունարեն, լատիներեն ևն) համարժեք ձևերի հետ՝ նկատել դրանց միջև եղած ընդհանրությունները («Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ. 1, 1836)։ Գրել է իտալերենի քերականություն («Քերակսւնութիւն թօսքանեան լեզուի աւանդեալ ի հայ լեզու, հանդերձ տաճկական թարգմանութեամբ», 1792), որը հարուստ տվյալներ է պարունակում նաև հայերենի մասին և, փաստորեն, իտալերեն–հայերեն համեմատական քերականություն է։ Ա. գրել է բազմաթիվ մեկնողական երկեր՝ շարունակելով հայ միջնադարի մեկնաբանական գրականության հարուստ ավանդույթները, դրսևորել հայ և համաշխարհային պատմության, գրականության ու փիլիսոփայության, հին ու նոր լեզուների խոր իմացություն։ Ա. թափանցել է քննվող բնագրերի խորքը, բացատրել դրանց իմաստային ու լեզվական խրթնությունները։ Նրա մեկնությունների գլուխգործոցը «Մեկնութիւն չորեքտասան թղթոց երանելոյն Պօղոսի առաքելոյ» (հ. 1–3, 1806–12) աշխատությունն է, ուր թղթերի հին հայերեն թարգմանությունը բաղդատել է հունարեն, լատիներեն, ասորերեն, արաբերեն և եթովպերեն թարգմանությունների հետ, կատարել բնագրային բազմապիսի ճշգրտումներ։ Ա. խորապես ուսումնասիրել է հայ հոգևոր բանաստեղծությունը, քննել շարականների ցանկը, մեկնել բովանդակությունը և ընդարձակ տեղեկություններ հաղորդել դրանց հեղինակների ու կիրառության մասին («Բացատրութիւն շարականաց», 1814, «Ճառ բղխման» հատվածը իտալերեն հանդիպադիր թարգմանությամբ, 1824)։ Բնագրային անճշտությունները վերացնելու նպատակով նա համեմատել է Շարակնոցի տպագիր օրինակները և 32 ձեռագիր։ Բացառիկ արժեք ունի Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի մեկնությունը («Նարեկլուծ», 1801)։ Ա. հմտորեն օգտագործել է ձեռագիր ու տպագիր աղբյուրները, բնագիրը մաքրել աղճատումներից, բացահայտել «Նարեկ»–ի գեղարվեստական, իմաստասիրական, հոգեբանական, գեղագիտական ու հռետորական արժեքը։ Նույն եղանակով մեկնաբանել է և Գրիգոր Նարեկացու ներբողներն ու երեք գանձը («Սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Նարեկացւոյ Երկրորդ մատեան ճառից», 1827)։ Ա. գրել է նաև ճառեր, քարոզներ («Մտածութիւնք…», 1810, «Խորհրդածութիւնք…», 1836)։ Ունի թատերգություններ, բանաստեղծություններ, կատարել է նաև թարգմանություններ, որոնց մի մասը դեռևս անտիպ է։ Վախճանվել է դեկտ. 24-ին, Վենետիկում, Ս. Ղազար կղզում։

Գրկ. Սարգիսյան Բ., Երկհարյուրամյա գրականական գործունեություն և նշանավոր գործիչներ Վենետկո Մխիթարյան միաբանության, Վնտ., 1905, էջ 64–76։ Երեմյան Ս., Ազգային դեմքեր. Գրագետ հայեր, շարք 2, Վնտ., 1913, էջ 227–29։ Աղայան Է. Բ., Հայ լեզվաբանության պատմություն. հ. 1, Ե., 1958, էջ 147-50։ Ա. Մարգարյան, Պ. Խաչատրյան

(նկ․) Գ․ Կ. Ավետյանը դերերում, ձախից՝ Լուկա (Գորկու «Կատակում»), աջից՝ Գիքո (Սունդուկյանի «Պեպո»)։

ԱՎԵՏՅԱՆ Գրիգոր Կարապետի (1870–1946), հայ դերասան։ ՀՍՍՀ ժող. արտիստ (1935)։ Ծնվել է հունվարի 8(20)–ին, Ռեշտ քաղաքում (Իրան)։ Սովորել է Բաքվի ռեալական ուսումնարանում։ Բեմական գործունեությունը սկսել է Բաքվում՝ 1888-ին։ 1889-ին եղել է Մոսկվայում, ուր դիտել է նշանավոր դերասանների խաղը։ 1890-ին վերադարձել է Կովկաս և մինչև 1923 հանդես եկել Բաքվում, Թիֆլիսում, Մոսկվայում, Բսւթումում. Թեհրանում, Երևանում, Ղարսում, Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Միջին Ասիայի, Բուլղարիայի, Ռումինիայի քաղաքներում և այլուր։ Գրել է «Քառասուն և հինգ տարի հայ բեմի վրա» (1933) հուշերի գիրքը, ուր տվել է իր բեմական գործունեության պատմությունը։ Եղել է թատերախմբերի ղեկավար և կազմակերպիչ, ռեժիսոր–դերուսայց, բազմաթիվ պիեսների թարգմանիչ։ Կատարել է գլխավորապես կատակերգական դերեր։ Նրա դերասանական արվեստն աչքի է ընկել կյանքի ճանաչողությամբ, սոցիալական տարբեր խավերի, տիպերի ու կենցաղի իմացությամբ։ Ա–ի կատակերգական արվեստը առանձին ուժ ու փայլ է ստացել այն դերերում, ուր երգիծանքը միախառնվում է դրամատիկական գույներին և ապրումներին։ Դեռևս նախահեղափոխական հայ թատրոնում նա հայտնի է եղել իբրև Պոլոնիուսի (Շեքսպիրի «Համլետ»), Ֆիգարոյի (Բոմարշեի «Սևիլյան սափրիչ»), Սգանարելի (Մոլիերի «Դոն-Ժուան»), Լուկայի (Գորկու «Հատակում») և այլ դերերի հմուտ անձնավորող։ Ռեալիստական խաղաոճ, նուրբ, չպարտադրող հումոր, խոսքի բնական հնչերանգ, նախատիպին հարազատ դերապատկեր, բեմական բնավորություն ստեղծելու վարպետություն՝ իր արվեստի այս հատկանիշներով Ա. տեղ գտավ նաև հայ սովետական թատրոնում՝ դառնալով անցյալի ռեալիստական ավանդները նոր թատրոնին կապող օղակներից մեկը։ Նրա լավագույն դերերը աչքի են ընկել կերպարի բնավորության, հոգեբանության և սոցիալական միջավայրի ստույգ զգացողությամբ։ 1924-ից մինչև մահն աշխատել է Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվ. թատրոն)։ Իր երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում (58 տարի) խաղացել է շուրջ ութ հարյուր դեր։ Սունդուկյանի անվան թատրոնում կատարել է մոտ 60 դեր, այդ թվում՝ Ուլեյգա (Շչեգլովի «Բուք», 1927), Գորնոստաև (Տրենյովի «Լյուբով Յարովայա». 1927), Վուվունիկյան (Դեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան», 1934), Բուբլիկ (Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», 1935) ևն։ Ստեղծագործական կյանքի տարբեր տարիներին Ա. մեծ վարպետությամբ խաղացել է դերեր, որ կապվել են իր անվան հետ։ Այդ դերերից են Գիքոն (Սունդուկյանի «Պեպո») և Սաղաթելը (Շիրվանզադեի «Պատվի համար»):

Ա. նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում («Զանգեզուր», «Լեռնային արշավ», «Պեպո», «Դավիթ Բեկ» են)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է մայիսի 15-ին, Երևանում։

Երկ. Քառասուն և հինգ տարի հայ բեմի վրա, Ե., 1933։

Գրկ. Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե., 1967։ Լ. Հախվերդյան


ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ, Պաղեստինը, որն ըստ ավանդության, աստված խոստացել էր տալ հրեաներին որպես ժառանգություն։ Ավանդության համաձայն, նրանք 40 տարի անապատում թափառելուց հետո մտել են այդ երկիրը։


ԱՎԵՏՈՎ Հայկ Հովհաննեսի (1878-1965), հայ ճարտարապետ։ Ծնվել է դեկտեմբերի 3 (15)–ին, Շուշիում։ 1908-ին ավարտել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժինը։ 1910–28-ին աշխատել է Բաքվում։ 1929-ին տեղափոխվել է Հայաստան, ապրել և ստեղծագործել է Լենինակսւնում։ Ա–ի նախագծերով կառուցված բազմաթիվ բնակելի և հասարակական շենքերից նշանավոր են Լենինականի բժշկական տեխնիկումը, տեքստիլ կոմբինատի վարչական շենքը, քաղաքային ծննդատունը, կարի գործարանի մանկապարտեզը և բնակելի շենքը, գուլպայի ֆաբրիկայի բնակելի