Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/617

Այս էջը սրբագրված է

շենքը են։ Մահացել է հոկա. 18-ին, Լենինականում։

ԱՎԵՏՈՒՄՅԱՆ Թադևոս (Խաչիկ) (1811–1863), հայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական գործիչ։ Ծնվել է Նոր Ջուղայում, ուսանել ե գործել է Կալկաթայում։ Մ. Թաղիադյանի համախոհներից էր, լուսավորական շարժման գործիչ, Կալկաթայի «Արարատյան ընկերության» հիմնադիրներից։ Գրել է Մ. Թաղիադյանի կենսագրությունը՝ նրա մահվան առթիվ («Արշալոյս Արարատեան», 1858, № 583)։ «Արամայիս» վիպակի (1846) նյութը վերցրել է հնդկահայ կյանքից, արծարծել լուսավորական գաղափարներ, պաշտպանել հայոց լեզուն, կենցաղը, գիրն ու մշակույթը անաղարտ պահելու հարցերը՝ որպես ազգապահպանման կարևոր գործոն։ Կատարել է թարգմանություններ Բ. դը Սեն–Պիեռից («Սան Պիւռայ գաղղիացւոյ նաւակոծութիւն, կամ Պաւլոս և Վիրգինիա», 1830), Օ. Գոլդսմիթից («Փոխերէցն Վեկֆիլդայ», 1848) ևն։ Մահացել է փետր. 13-ին, Կալկաթայում։


ԱՎԵՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Սպեր (այժմ՝ Իսպիր) գավառում։ XX դ. սկզբին ուներ մոտ 30 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ա–ում կար եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան։ Ա–ի հայերը տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, որոնց մի մասը զոհվել է, իսկ փրկվածները գաղթել են օտար երկրներ։


ԱՎԵՐԱԿ, Էվերեկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բաբերդի գավառում (Էրզրումի վիլայեթ), Էրզրում–Տրապիզոն ճանապարհին։ XX դ. սկզբին Ա–ում ապրում էր մոտ 200 տուն բնակիչ, որից 110 տունը՝ հայ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ, իսկ Էրզրումից եկած հայերը, բացի երկրագործությունից, զբաղվում էին նաև երկաթագործությամբ (պայտագործության ևն)։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ա–ի հայ բնակիչների մի մասը զոհվել է, իսկ փրկվածները գաղթել են օտար երկրներ։


ԱՎԵՐԱԿԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Տոսպ գավառում (Վանի վիլայեթ), լեռան ստորոտին, սակավաջուր վայրում։ XIX դ. վերջին ուներ մոտ 140 տուն հայ բնակիչ։ Ա–ի հողերը մեծ մասամբ անջրդի էին, բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղացիները մշտապես (70–80 հոգի) պանդխտության էին դիմում դեպի Կ. Պոլիս։ Գյուղում կար եկեղեցի (Ս. Ստեփանոս) և հին, ընդարձակ ու տապանաքարերով հարուստ գերեզմանոց, ուր թաղումներ են կատարվել X–XI դդ.։ Ա–ի հս–արլ. կողմում կա մի մատուռ՝ Սարի Ս. Գևորգ անունով։ Ա. ավերվել ու ամայացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը փրկվել է կոտորածներից և գաղթել ու բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։


ԱՎԶՈՒՏ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում, Մուշ–Բիթլիս ճանապարհի աջ կողմում, Մուշ քաղաքից մոտ 30 կմ արևելք։ 1890-ին ուներ 60 տուն հայ և 30 տուն քուրդ բնակիչ, իսկ XX դ. սկզբին՝ ընդամենը 50 տուն, որից 25՝ հայեր։ Բնակչությունն զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ ու բանջարաբուծությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և նախակրթական վարժարան։ Ա–ի հայ բնակիչների մեծ մասը զոհվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ մյուս մասը տարագրվել։ Հ. Բարսեղյան


ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆ Արսեն Մարկոսի (ծն. 1910), սովետական բանակի գվարդիայի գեներալ–մայոր (1955)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ծնվել է նոյեմբերի 16-ին, Բաքվում։ Ավարտել է Տաշքենդի Վ. Ի. Լենինի անվ. ռազմական դպրոցը (1932)։ Եղել է հեծյալ գնդի դպրոցում դասակի, էսկադրոնի հրամանատար, 1936-ից՝ զին. դպրոցի պետ (Աամարղանդ), ապա գնդի հրամանատարի տեղակալ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ որպես գնդի հրամանատար մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը, Կովկասյան նախալեռներում մղված մարտերին, Հյուսիս–արևմտյան ռազմաճակատի գործողություններին, Կուրսկ–Օրյոլի ճակատամարտին, իր միավորումով անցել է Դնեպրը, Օդերը։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի (3), Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններով և մեդալներով։ 1947-ին ավարտել է «Վիստրել», 1954-ին՝ Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիային կից կատարելագործման բարձրագույն դասընթացները։


ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆ Թեմիկ Հովհաննեսի (1923–1945), Սովետական Միության հերոս (ետմահու, 27. 6. 1945), ավագ լեյտենանտ։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ծնվել է Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտակերտ ավանում։ Բաքվի հետևակային ուսումնարանն ավարտելուց հետո (1942) նշանակվել է հրաձգային դասակի հրամանատար 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայում։ Մասնակցել է Կովկասի պաշտպանությանը, ապա, որպես վաշտի հրամանատար, Լեհաստանի համար մղված մարտերին, Օդերի գետանցմանը, Գերմանիայի տերիտորիայում ծավալված մարտերին։ Սովետական Սիության հերոսի կոչման արժանացել է գերմանական Կլայն քաղաքի գրավման համար մղված մարտերում ցուցաբերած քաջության համար։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։ Զոհվել է փետր. 10-ին։


ԱՎԹՈՆԱ (մինչև 1935՝ Սչանլա), գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 25 կմ արևելք։ 132 բն. (1970), քրդեր։ Միավորված է Բայսըզի կոլտնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց և ակումբ։


ԱՎԻԱԿԻՐ, վերջրյա ռազմանավ, բարձր մանևրայնություն ունեցող լողացող ավիացիոն բազա։ Ա–ների մարտական հիմնական միջոցը ավիացիան է (ինքնաթիռներ և ուղղաթիռներ), զինված հրթիռներով, ռումբերով և տորպեդներով՝ միջակային կամ սովորական լիցքերով։ Ա–ներն ունեն նաև զենիթային, հրթիռային տեղակայանքներ և հրետանի։

Ժամանակակից Ա–ները ստորաբաժանվում են հարվածային և հակասուզանավային, սովորական և ատոմային Ա–ների։ Հարվածային Ա–ները նախատեսված են վերերկրյա օբյեկտներին և ցամաքային զորքերին հարվածելու, ծովում ու բազաներում՝ նավերի, օդանավակայաններում և օդում՝ ավիացիայի ոչնչացման, ծովային դեսանտների ափհանման և օվկիանոսային կոմունիկացիաների պահպանման համար։ Հակասուզանավային Ա–ները նախատեսված են բաց ծովում սուզանավերի որոնման և ոչնչացման համար։

(նկ․) Ամերիկյան «Էնթերփրայզ» ավիակիրը։

Ժամանակակից հզոր Ա–ներից է «Էնթերփրայզ» ամերիկյան ատոմային հարվածային Ա., որի ջրատարողությունը մոտավորապես 90 հզ. տ է, ատոմային 8 ռեակտորների հզորությունը՝ 220 Մվտ (300 հզ. ձ. ու.), առավելագույն արագությունը՝ 65 կմ/ժ, նավարկության հեռավորությունը՝ ավելի քան 700 հզ. կմ, թռիչքային տախտակամածի երկարությունը՝ 336 մ, լայնությունը՝ 76 մ, իջեցումը՝ 11,3 մ, զինված է 2 զենիթային հրթիռային տեղակայանքներով։ Նրա վրա բազավորվում է մոտավորապես 100 ինքնաթիռ։ «Էնթերփրայզ» Ա–ի շինարարության արժեքը կազմել է ավելի քան 450 մլն. դոլար։


ԱՎԻԱՀՈՐԻԶՈՆ, ավիացիոն սարք, որը չափում է ինքնաթիռի լայնական ու երկայնական թեքումները և ցույց տալիս նրա դիրքը իրական հորիզոնի նկատմամբ։ Ա–ի հիմնական մասերն են գիրոսկոպը և ճշտման ճոճանակային համակարգը, որը ինքնաթիռի բոլոր մանևրների ժամանակ տարածության մեջ անփոփոխ է պահում գիրոսկոպի սռնու ուղղաձիգ դիրքը։ Դիտելով սարքի ցուցնակի վրա պատկերված ինքնաթիռի ուրվագծի դիրքը արհեստական հորիզոնի սլաքի համեմատ՝ օդաչուն որոշում է ինքնաթիռի դիրքը իրական հորիզոնի նկատմամբ։ Ա. կիրառվում է այնպիսի թռիչքների ժամանակ, երբ կողմնորոշիչը չի երևում։


ԱՎԻԱՄՈԴԵԼԻԶՄ, թռչող ապարատների, այդ թվում և հրթիռների մոդելների նախագծումն ու կառուցումը տեխնիկական կամ սպորտային նպատակներով։ Տեխնիկական Ա. հնարավորություն է տալիս թռչող ապարատների ստեղծման գիտատեխնիկական փորձարկման ժամանակ լուծել ինքնուրույն խնդիրներ։ Դրանով է բացատրվում Ա–ի կիրառական մեծ նշանա–