Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/622

Այս էջը սրբագրված է

(նկ․) Ավինյոն։ Սեն–Բենեզե կամուրջը (XII–XIII դդ.) և պապական պալատի համալիրը (XIV դ.)» տեսքը Ֆիլիպ Գեղեցիկի աշտարակից։

ոչնչացվել են, մասամբ էլ փոխադրվել Հռոմ։ Հայերի մասին փաստաթղթեր են պահպանվել Ա–ի քաղաքային գրադարանում (Կալվե թանգարան) և Վոկլյուզի դեպարտամենտական արխիվում (հիմնականում Հովհաննես Ալթունյանի մասին)։ Ա–ի ներկայիս հայ գաղութը փոքրաթիվ է, չկա ազգային մշակութային կյանք։ Հայերը մեծ մասամբ զբաղվում են սանտրով, գլխավորապես մանրավաճառությամբ։

Գրկ. Macler F., Notices de manuscripts arméniens ou relatifs aux arméniens vus dans quelques bibliothèques de la péninsule Iberique et du sud-est de la France, P., 1923.

ԱՎԻՆՅՈՆՅԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՊԵՐԻ, ժամանակաշրջան (1309 մարտ – 1377 հունվար, 1367–70 ընդմիջումով), երբ Հռոմի պապերը հարկադրված տեղափոխվեցին Ֆրանսիայի Ավինյոն քաղաքը։ Ավինյոնյան գերությունը ֆրանսիական թագավորներից պապերի և, առհասարակ, հոգևոր իշխանությունների քաղաքական կախվածության արդյունք էր։ «Գերությունը» սկսվեց 1309-ին, երբ Ֆիլիպ IV ճնշմամբ ֆրանսիական դրածո Կլեմենտ V պապը (1305–14) իր նստավայրը տեղափոխեց Ավինյոն։ «Գերության» ընթացքում պապերը դարձել էին ֆրանսիական թագավորների կամակատարները։ Հոգևոր բարձրաստիճան պաշտոնյաներ հիմնականում նշանակվում էին ֆրանսիացիներ։ «Գերությունը» վերջացավ 1377-ին, երբ Գրիգորիոս XI պապը (1370–78), օգտվելով հարյուրամյա պատերազմում Ֆրանսիայի անհաջողություններից, պապական աթոռը վերադարձրեց Հռոմ:

Պապերի ավինյոնյան գերության շրջանում շարունակվում էին կապերը և բանակցությունները Կիլիկիայի Հայոց թագավորության և պապության միջև՝ եվրոպական պետություններից ռազմական օգնություն ստանալու խնդրում կաթոլիկ եկեղեցու առաջնորդների միջնորդությունը հայցելու համար։ Հարևան մահմեդական պետությունների կողմից Կիլիկիայի հայկական պետության գոյությանը սպառնացող վտանգը Կիլիկյան Հայաստանի գահակալներին հարկադրում էր դիմել Եվրոպայի արքունիքներին և Հռոմի պապերին՝ հուսալով խաչակրաց արշավանքների միջոցով ամրապնդել պետության ռազմական և քաղաքական դիրքերը։ Իրենց հերթին եվրոպական պետությունները աշխատում էին Կիլիկիայի Հայկական թագավորությունն օգտագործել որպես հենարան Արևելքում իրենց նվաճողական ձգտումներն իրականացնելու նպատակով, իսկ կաթոլիկական եկեղեցին, որը այդ ձգտումները սրբագործում էր կրոնական լոզունգներով, փորձում էր օգտվել Կիլիկյան Հայաստանի միջազգային–քաղաքական դժվարին կացությունից՝ իր իշխանությունն այնտեղ տարածելու համար։ Պապերը խոստանում էին օգնել հայերին սելջուկների և մամլուքների դեմ պայքարում, պայմանով, որ հայերն ընդունեն կաթոլիկություն։ 1316-ին Հովհաննես XXII պապը Կիլիկիայի Հայոց թագավոր Օշինին հասցեագրած նամակում պահանջեց եկեղեցական ժողով հրավիրել և հաստատել Սիսի՝ 1307-ի ժողովի որոշումները հայ և կաթոլիկ եկեղեցիների միության (ունիա) վերաբերյալ։ Սակայն, չնայած Օշինի ջանքերին և նույն թվականին Ադանայում գումարված եկեղեցական ժողովի որոշումներին, Կիլիկյան Հայաստանում կաթոլիկական դավանանքը տարածելու փորձն անհաջողության մատնվեց։ 1341-ին հայկ. պատգամավորությունը, որի մեջ մտնում էին Սիսի կաթողիկե եկեղեցու քարոզիչ Գանիել Թավրիզեցին և ասպետ Թորոս Միքայելենցը, Բենեդիկտ XII պապին ներկայացրին Լևոն Ե թագավորի և կաթողիկոսի նամակը՝ օգնության խնդրանքով։ Սակայն պապը մերժեց օգնել հայերին, «որոնց դավանանքը հակասում է կաթոլիկ եկեղեցուն»։ 1342-ին Կլեմենտ VI պապը Լևոն Ե–ին և կաթողիկոս Հակոբին առաքած նամակում առաջարկեց հրավիրել նոր եկեղեցական ժողով և ընդունել կաթոլիկ եկեղեցու առաջնությունը։ 1343-ին Կլեմենտ VI կրկնեց իր պահանջը։ Նույն թվականին Գվիդոն Լուզինյան թագավորի պատգամավորներ՝ վանական Անտուանը և ասպետ Գրեգուարը, Ավինյոնում Կլեմենսա պապից ստանալով հանձնարարական նամակներ ուղղված Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ VI-ին և Անգլիայի թագավոր Էդուարդ III-ին, մեկնեցին Փարիզ և Լոնդոն՝ ռազմական օգնություն հայցելու։ Այդ առաքելությունը նույնպես հաջողություն չունեցավ։ Կիլիկիայի հայկական պետության նոր թագավոր Կոստանդին Գ վերսկսեց բանակցությունները պապության հետ։ 1349-ին նրա քարտուղար Կարսիլլին եղավ Ավինյոնում, այցելեց Կլեմենտ VI պապին, ապա նամակներով մեկնեց Անգլիա, որտեղ և ստացավ խուսափողական պատասխան։ Վերադառնալով Ավինյոն՝ նա պապից հավաստիացում ստացավ, որ խաչակրաց նոր արշավանք դեպի Արևելք, այնուամենայնիվ, տեղի կունենա։ Սակայն Կլեմենտ VI-ի և նրան հաջորդած պապերի հավաստիացումները չիրականացան։ Կիլիկիայի հայկական պետությունը կործանվեց պապերի ավինյոնյան գերությունից հետո, «մեծ պառակտման» ժամանակ։ Կիլիկիայի հայկական պետության վերջին գահակալը՝ Լևոն Զ Լուզինյանը, եգիպտական գերությունից ազատվելուց հետո, 1382-ի վերջին մեկնեց Եվրոպա և չցանկանալով այցելել Հռոմ, ուր գտնվում էր հակաթոռ պապը, Վենետիկից գնաց Ավինյոն։ Կլեմենտ VII պապը նրան ցույց տվեց հանդիսավոր ընդունելություն և պարգևատրեց «Ոսկյա վարդ» պատվանշանով։ Ավելի ուշ Լևոն Զ նորից եղավ Ավինյոնում։ Սակայն նրա բանակցությունները պապի հետ էական արդյունք չունեցան։

Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885, էջ 558–59։ Микаелян Г. Г., История Киликийского Армянского государства, Е., 1952, стр. 404–89.


ԱՎԻՏԱՄԻՆՈԶՆԵՐ (<հուն. α - ժխտ. + վիտամիններ), հիվանդություն, որն առաջանում է համապատասխան վիտամիններ չպարունակող, որակապես ոչ լիարժեք սննդի երկարատև ընդունման հետևանքով (երբ բացակայում է վիտամին C՝ զարգանում է լնդախտ, B1՝ բերի–բերի, D՝ ռախիտ, PP՝ պելագրա)։ Մի քանի վիտամինների միաժամանակյա բացակայությունից առաջանում է պոլիավիտամինոզ։ Սննդից վիտամինների ոչ լրիվ բացակայության դեպքում (որը նկատվում է ավելի հաճախ) զարգանում են Ա–ի թեթև ձևերը՝ հիպովիտամինոզներ (տես Վիտամինային անբավարարությունՊ. Բակալյան


ԱՎԻՑԵՆՆԱ, տես Աբու Ալի իբն–Սինա։


ԱՎԼՈՍ (հուն. αύλός), սրնգի տիպի, երկծվանանի երաժշտական հին գործիք։ Տարածված էր Հունաստանում և Առաջավոր Ասիայում։ Սկզբում կողերին ուներ 4, իսկ հետագայում՝ 15 անցք։ Ձայնը սուր էր։ Օգտագործվում էր անտիկ ողբերգության ներկայացումներում, զինվորական նվագախմբերում (Սպարտայում) և երգեցողությանը նվագակցելիս։ Սովորաբար նվագում էին երկու Ա–ով (կրկնակի Ա.)։ Հին հռոմեացիները ժառանգելով Ա.՝ այն անվանեցին տիբիա։


ԱՎՆԻԿ, Ավնիք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բասենի գավառում, Արաքսի