Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/629

Այս էջը սրբագրված է

քարանձավային որմնանկարները կապված են անձրևի և «օձ–ծիածանի» պատկերացումների հետ։ Առնհեմլենդ թերակղզուն բնորոշ են ժայռապատկերների և կեղևի վրա արված գծանկարների «ռենտգենյան ոճը» (կենդանիների պատկերներ՝ ներքին օրգաններով), մարդկային դինամիկ ֆիգուրներով որմնանկարները և քանդակները։ Եվրոպական գաղութաբնակեցումից հետո կերպարվեստում ի հայտ են եկել առաջին ճշգրիտ, փաստագրական բնանկարները (XVIII դ. վերջ, XIX դ. սկիզբ), որոնց հաջորդում են Ք. Մարտենսի ռոմանտիկական ջրաներկ բնանկարները (XIX դ. 1–ին կես), իսկ XIX դ. 2-րդ կեսին՝ Ս. Գիլի՝ սոցիալական կյանքի հետ կապված ժանրային երգիծական գրաֆիկան և Ա. Բյուվելոթի քնարական բնանկարները։ XIX դ. վերջին, XX դ. սկզբին ակադեմիզմին (գեղանկարիչ Ջ. Լամբերթ, քանդակագործ է. Մաք–Քեննալ) և սալոնային դեկադենտությանը (Ն. Լինդսի) զուգընթաց զարգացել է ռեալիստական կենցաղային ժանրի և բնանկարչության ազգային դպրոցը (Թ. Ռոբերտս, Ա. Սթրիթոն, Ֆ. Սաք–Քաբբին և ուրիշներ)։ Չ. Քոնդերը բնանկարչությունը հարստացրեց իմպրեսիոնիզմի նվաճումներով։ 1930-ական թթ. մի շարք նկարիչներ հարեցին կուբիզմին (Ռ. Ֆայզելլ), սյուրռեալիզմին (Ջ. Գլիսոն, Ս. Նոլան), աբստրակցիոնիզմին։ Ասպարեզ եկան նաև ռեալիստական ուղղության վարպետներ Ն. Կանիհանը, Ու. Դոբելյը, Ջ. Դրայսդեյլը, քանդակագործներ Լ. Դադսուելլը, Դ. Մեյոն։ 1940-սւկան թթ. սկզբնավորվեց բնիկների նոր կերպարվեստը, որի կենտրոնները դարձան Հերմանսբարգը (արանդա ցեղի Նամաթիրա և Պարերուլթյա ընտանիքների ստեղծած ջրաներկ բնանկարի դպրոց) և Քեռոլուփ ապրելավայրերը (ռեզերվացիա)։

XIV. Երաժշտությունը

Պահպանվել են բնիկների հնագույն ռիթմիկ երգերը (չարոդա), որ փոխնեփոխ կատարում են տղամարդիկ և կանայք, պարերը (կորրոբորի), երաժշտական գործիքները (գլխավորապես հարվածային՝ թմբուկ, փայտյա գոնգ, նաև դիջերիդու՝ բամբակե կամ փայտե փողային գործիք)։ XVIII դ. վերջին, գաղութաբնակները, մասնավորապես անգլիացիները, իրենց հետ բերել են եվրոպական երաժշտություն։ 1833-ին կազմակերպվել է Սիդնեյի ֆիլհարմոնիական ընկերությանը, իսկ 1838-ին Ոոսսինիի «Օթելլո» օպերայով բացվել է «Ռոյալ Վիկտորիա» թատրոնը։ 1844-ին հիմնադրվել է Ավստրալիական ֆիլհարմոնիական ընկերությունը։ Սիմֆոնիկ նվագախմբեր են ստեղծվել 1906-ին՝ Մելբուռնում, 1946-ին՝ Սիդնեյում։ Ա. Ս–ում գործում են՝ Երաժշտական ասոցիացիաների ազգային խորհուրդը (1932), Ավստրալիական կոմպոզիտորների գիլդիան (1935), Կամերային երաժշտության ասոցիացիան (1946), Ազգային օպերային ընկերությունը (1951) ևն։ Ադելաիդայում, Մելբուռնում, Սիդնեյում կան երաժշտական դպրոցներ, կոնսերվատորիաներ, համալսարաններին կից բացված են երաժշտության ֆակուլտետներ։ Ա. Մ–յան երաժշտության ականավոր գործիչներից են կոմպոզիտորներ Ա. Հիլլը («Տապու» օպերան, 1908), Ջ. Անթիլլը («Կորրոբորի» բալետը, 1946), կոմպոզիտոր և դաշնակահար Ա. Բենջամինը («Պատմություն երկու քաղաքների մասին» օպերայի հեղինակը, ըստ Չ. Դիքենսի, 1950), երգչուհիներ Հ. Մելբան, Ջ. Սաթերլենդը, ջութակահարներ Ա. Մաուդին, Մ. Քիմբերը, դիրիժոր Բ. Հեյնցեն, երգիչ Հ. Բլեյրը և արիշներ։

XV. Թատրոնը

Բնիկների կենցաղում, ծիսական «կորրոբորի» պարերում կան թատերական տարրեր։ Գաղութաբնակների թատերական առաջին ներկայացումները տեղի են ունեցել XVIII դ. 80-ական թթ.։ 1830–1840-ական թթ. Սիդնեյում, Հոբարթում, Ադելաիդայում, Մելբուռնում կազմակերպվեցին մշտական թատրոններ։ Բեմադրվում էին ավստրալիական հեղինակների, ամերիկյան և եվրոպական դասականների գործերը։ XX դ. սկզբին ակտիվացել են գրական–թատերական միավորումները, որոնք և մեծ դեր են խաղացել ազգային թատրոնի ձևավորման գործում։ 1954-ին ստեղծված «Ավստրալիական ելիզավետյան թատերական տրեստը», որի խնդիրն էր զարգացնել ազգային թատրոնի բոլոր ժանրերը, դրամական նպաստի մեծ մասը տրամադրեց բալետային խմբերին, որոնք 1950–60-ական թթ. հասան պրոֆեսիոնալ որոշակի մակարդակի։ Երկրի թատրոնների մեծ մասը կոմերցիոն թատրոններ են, որոնք չունեն մշտական դերասանների և ռեժիսորների խումբ («Ջ. Ուիլյամսոնի թատերական ընկերություն», «Թիվոլի» միավորում և «Գառնետ Հ. Քերոլ» տրեստ)։ Ազգային թատրոնի զարգացման գործում նշանակալից է Սիդնեյի և Մելբուռնի թատրոնների դերը, որոնք ունեն մշտական շենքեր, դերասանական դպրոց–ստուդիաներ, պրոֆեսիոնալ բարձր մակարդակ։ Մելբուռնում գործում է դրամատիկական արվեստի ազգային ինստ.։

XVI. Կինոն

Ավստրալիական առաջին գեղարվեստական կինոնկարը («Վաղ քրիստոնեության նահատակները», ռեժիսոր՝ Ջ. Փերրի) թողարկվել է 1900-ին։ Համր կինոյի խոշոր ռեժիսորներից էր Ո. Լոնգֆորտը («Ավստրալիան կանչում է», 1910, «Քեմպբելի վետերանը», 1912)։ Ա. Մ–յան առաջին հնչուն կինոնկարը՝ «Ստվերների աշխարհից» (ռեժիսոր՝ Ա. Հարվուդ), թողարկվել է 1930-ին։ 1940-ական թթ. միջազգային ճանաչում են գտնում Չ. Չաուելլի և Դ. Պակերի ֆիլմերը։ Առավել զարգացած է վավերագրական կինոն, որի ձևավորմանը մեծապես նպաստել է հոլանդացի ռեժիսոր 8. Իվենսը («Ինդոնեզիան կանչում է», 1944–45)։ 1956-ից Մելբուռնում կազմակերպվում են միջազգային կինոփառատոներ։

XVII. Հայերը Ա. Մ–ում

Հայերն Ավստրալիա մայր ցամաքում առաջին անգամ երևացել են XIX դ. կեսերին։ Մինչև XX դ. սկիզբը ձևավորված հայ համայնք Ա. Մ–ում չկար։ Մեծ թվով հայեր գաղթել են առաջին և, հատկապես, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (Հեռավոր և Մերձավոր Արևելքից) և հաստատվել Սիդնեյ, Մելբուռն և Ադելաիդա քաղաքներում։ Հայերի թիվը շուրջ 15 հզ. է (1970)։ Համայնքի ազգային, կրթական գործերը ղեկավարում է թեմական խորհուրդը (ստեղծվել է 1953-ին)։ Կան հայկական եկեղեցիներ. Սիդնեյում (Ս. Հարություն), Մելբուռնում (Ս. Աստվածածին), որոնց կից գործում են հայկական մեկօրյա դպրոցներ։ Մելբուռնի դպրոցը հիմնվել է 1922-ին, ունի 65 աշակերտ (4-ից 16 տարեկան աղջիկներ և տղաներ) և հինգ ուսուցիչ։ Հրատարակվում են «Լույս» (Սիդնեյ) և «Հույս», «Ակնոց» (Մելբուռն) պարբերականները։ Գործում են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), Հայ մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ), Հայ օգնության միության (ՀՕՄ) մասնաճյուղեր, Եկեղեցասեր տիկնանց, Հայ երիտասարդաց միությունները, թատերական և երգի ու պարի խմբեր։

Պատկերազարդումը տես աղ. XXVII, 640–41 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, գլուխ 25, Ե., 1954։ Լենին Վ. Ի., Ավստրալիայում, Երկ., հ. 19։ Աբրահամյան Ա. Գ., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 2, Ե., 1967։ Андреева В. М., Австралия, М., 1956; Вартумян Э. Л., Австралия, М., 1963; Народы Австралии и Океании, М., 1956; Росс Э., Великий Октябрь и рабочее движение Австралии [пер. с англ.], М., 1967; Лебедев И. А., Экономика и политика Австралии после второй мировой войны, М., 1966; Касаткина Л. М., Роль коммунистической прессы в формировании послевоенной прогрессивной австралийской литературы, в кн.: Из истории зарубежной печати, М., 1958; Каталог выставки современных художников Австралии, М., 1960; Хайнце Б., Музыкальная культура Австралии, «Советская музыка», 1959, № 1; Clark M., A short history of Australia, L., 1964; Green H. M., A history of Australian literature, v. 1–2, Sydney, 1966; Smith B., Australian Painting 1788-1960, L., 1962; Kardoss J., Theatre arts in Australia, Sydney, 1960; Armenians in Australia and New Zealand, Sydney, 1966.

ԱՎՍՏՐԱԼԻԱԿԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ (երկրբ.), մինչքեմբրյան պլատֆորմ, որն ընդգրկում է Ավստրալիա մայր ցամաքի արևմտյան ու կենտրոնական և Նոր Գվինեայի հարավային մասերը։


ԱՎՍՏՐԱԼԻԱՑԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԱԿԿ), Ավստրալիական Միության բանվոր դասակարգի քաղաքական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1920-ի հոկտ. 30-ին, Ավստրալիայի մի շարք սոցիալիստական կուսակցությունների և խմբերի համագումարում։ ԱԿԿ պայքարում է բանվոր դասակարգի և աշխատավորական մյուս զանգվածների աշխատանքային պայմանների բարելավման ու կենսամակարդակի բարձրացման, քաղաքական իրավունքների ընդլայնման, արհմիություններում դեմոկրատական խմբավորումների ամրապնդման, միջազգային կոմունիստական շարժման մեջ աղանդավորության վերացման համար։ Աշխատավորների տնտեսական շահերի պաշտպանության պայքարում ԱԿԿ համագործակցում է Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության հետ։ ԱԿԿ կազմակերպական սկզբունքը դեմոկրատական ցենտրալիզմն է, կուսակցության բարձրագույն օրգանը՝ Ազ–