Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/631

Այս էջը սրբագրված է

են ընկնում մեծ անկումով, արագահոսությամբ և էլեկտրաէներգիայի զգալի պաշարներով։ Ա–ում կա 580 լիճ, գլխավորապես՝ սառցադաշտային ծագման։ ԳՖՀ և Շվեյցարիայի սահմանում է Բոդենի մեծ լիճը, Հունգսւրիայի՝ Նյոյգիդլեր Զե լիճը։

Գերակշռում են ճմապոդզոլային և գորշ անտառային, հվ–արլ–ում՝ խիստ պոդգոլացված ե լվացված սևահողերը, լեռներում՝ գորշ լեռնապոդզոլային և լեռնամարգագետնային հողերը։

Բուսականությունն առավելապես անտառային է։ Մինչև 600–800 մ բարձրություններում հանդիպում են կաղնու, հաճարենու, հացենու անտառներ, որոնք վերևում կազմում են համատարած գոտի։ 1400 մ բարձրության վրա կան փշատերև ծառատեսակներ։ Խառը և փշատերև անտառները հասնում են մինչև 1800 մ։ 2000–3000 մ բարձրության վրա տարածված են Ալպյան մարգագետինները։ Անտառային գոտում, գլխավորապես արգելավայրերում (Բարձր Տաուեռն, Գրոսգլոքներ), պահպանվել են Եվրոպայի համար հազվադեպ ազնիվ եղջերուն, որմըզդեղնը, այծյամը, գորշ արջը, վայրի խոզը, լեռնային արծիվը, բարձր լեռնային շրջաններում՝ ալպյան արջամուկը, լեռնայծը։

IV. Բնակչությունը

Ա–ի բնակչության մեծամասնությունը (97%) ավստրիացիներ են, մնացածները մեծ մասամբ՝ սլովեններ, հորվաթներ, հունգարացիներ, չեխեր, ինչպես նաև հրեաներ, սերբեր ու գնչուներ, Արևելյան Եվրոպայի երկրներից և Արևմտյան Գերմանիայից ներգաղթած գերմանացիներ։ Պետական լեզուն գերմաներենն է։ Բնակչության 90% կաթոլիկներ են, 6% բողոքական–լյութերականներ։ Բնակչության աճը ցածր է։ 1901–68-ին բնական աճի գործակիցը 9,2-ից իջել է 4,1-ի (1000 մարդուն)։ Տնտեսապես ակտիվ բնակչությունր կազմում է 4,3 մլն.։ Երկրի բնակչության 70%-ից ավելին կենտրոնացած է Վիեննայի ավազանում, Դանուբի և Հռենոսի հովիտներում, Շտիրիա–Բուրգենլանդյան հարթավայրում։ Քաղաքներում ապրում է բնակչության 65%-ից ավելին, որից մոտ 22%՝ Վիեննայում։ Գերակշռում են 10–15 հզ. բն. ունեցող քաղաքները։ Խոշոր քաղաքներն են՝ վիեննան, Գրացը, Լինցը, Զալցբուրգը, Ինսբրուքը։

V. Պատմական ակնարկ

Մարդկային բնակության առաջին հետքերն Ա–ի տերիտորիայում վերաբերում են պալեոլիթի դարաշրջանին։ Մ. թ. ա. 500–400-ին, կելտերի ներխուժումից հետո, իլլիրիական բնակչությունը ենթարկվեց կելտացման։ Մ. թ. ա. 16–9-ին Ա–ի տերիտորիան Դանուբից հվ. նվաճեցին հռոմեացիները։ Մ. թ. VI դ. 2-րդ կեսից Արևմտյան Ա–ում բնակություն հաստատեցին գերմանական, իսկ կենտրոնական և արլ. մասերում՝ սլավոնական ցեղերը։ 788-ին Ա–ի տերիտորիան մտավ ֆրանկների պետության մեջ։ Ֆրանկների պետության քայքայումից (843) հետո Ա–ի տերիտորիան մտավ Արևելա–ֆրանկակսւն թագավորության (Գերմանիայի) մեջ։ X դ. այն նվաճեցին հունգարացիները, բայց 955-ին նրանցից ետ նվաճեց գերմ. Օտոն I թագավորը՝ ստեղծելով բավարական Արևելյան մարկը։ 976-ից այստեղ հաստատվեց Բաբենբերգների դինաստիան (մինչև 1246)։ 1156-ին Ա. դարձավ դքսություն՝ վերջնականապես անջատվելով Բավարիայից (1156-ը համարվում է ավստրիական պետության կազմավորման տարեթիվը)։ 1276–78-ին գերմ. Ռուդոլֆ I Հաբսբուրգ թագավորը գրավեց Ա. ու Շտիրիան և 1282-ին հանձնեց իր որդիներ Ալբրեխտին ու Ռուդոլֆին։ Դրանով սկիզբ դրվեց Հաբսբուրգների բազմադարյան տիրապետությանը (մինչև 1918) Ա–ում։ 1335-ին Ա–ին միացվեցին Կարինտիան, 1363-ին՝ Տիրոլը, 1375-ին՝ Ֆորառլբերգի մեծ մասը, 1382-ին՝ Տրիեստը։ XVI դ. Հաբսբուրգները, որոնք 1438-ից զբաղեցնում էին հռոմեական սրբազան կայսրության գահը, օգտվելով թուրքական վտանգի հետևանքով ստեղծված իրադրությունից (1526-ին թուրքերը Մոխաչի մոտ ջախջախեցին հունգարա–չեխական բանակը), իրենց տիրապետությունը տարածեցին Չեխիայի և Արևմտյան Հունգարիայի վրա։ Կազմավորվեց Հաբսբուրգների բազմազգ կայսրությունը, որի քաղաքական կենտրոնր Ա. էր։ 1529-ին թուրքերը պսւշարեցին Ա–ի մայրաքաղաք Վիեննան։ Սկսվեցին ավստրո–թուրքական երկարատև (մինչև XVIII դ.) ու ծանր պատերազմները։ 1525–26-ին Ա–ում բռնկվեց գյուղացիական ապստամբություն, որը Գերմանիայում տարածված գյուղացիական պատերազմի (տես Գյուղացիական պատերազմ Գերմանիայում 1524–25) բաղկացուցիչ մասն էր։ Գյուղացիական ապստամբություններ տեղի ունեցան նաև 1595–97-ին և 1626-ին։

Սոցիալ–քաղաքական պայքարն Ա–ում XVI–XVII դդ. ընդունեց ռեֆորմացիայի և հակառեֆորմացիայի կողմնակիցների սուր բախման բնույթ, ընդ որում, Ա. հանդիսանում էր հակառեֆորմացիայի հենարանը։ XVII դ. վերջին և XVIII դ. Հաբսբուրգների տիրապետության տակ անցան Հունգարիսւյի, Տրանսիլվանիայի մեծ մասը, Հորվաթիան, Հարավային Նիդերլանդները, Իտալիայի մեծ մասը, Սլովենիայի մի մասը, Հյուսիսային Բոսնիան։ Լեհաստանի բաժանման (1772, 1795) ժամանակ Հաբսբուրգները զավթեցին լեհական և ուկրաինական հողերի մի մասը (Գալիցիան ևն)։ Կարլոս VI 1713-ին Հաբսբուրգների թագի բոլոր տիրույթները հայտարարեց անբաժանելի։ Տղամարդ ժառանգորդ չլինելու դեպքում դրանք բոլորը պետք է անցնեին նրա դստերը՝ Մարիա Թերեզային։ Սակայն Կարլոս VI մահից հետո նրա դստեր ժառանգական իրավունքները սկսեցին վիճարկել, որը հասցրեց Ավստրիական ժառանգության համար պատերազմին (1740–48)։ Թեև ի վերջո Մարիա Թերեզայի իրավունքները ճանաչվեցին, Ա. կորցրեց տնտեսապես զարգացած Սիլեզիան, որը զավթել էր Պրուսիան։ Այն ետ գրավելու փորձը Յոթնամյա պատերազմում (տես Յոթնամյա պատերազմ 1756–63) հաջողություն չունեցավ։ XVII դ. 2-րդ կեսին և XVIII դ. Ա–ի ներքին զարգացման համար հատկանշական էր ճորտ գյուղացու կոռային աշխատանքի վրա հիմնված խոշոր կալվածատիրական տնտեսությունը, խոշոր ազնըվականության տնտ. և քաղ. ուժեղացումը, բյուրոկրատիայի աճը։ Ա–ի տնտեսության մեջ դեռևս դանդաղ էին զարգանում կապիտալիստական տարրերը։ XVIII դ. 2-րդ կեսին Մարիա Թերեզան (իշխել է 1740–80) և Իոսիֆ II (իշխել է 1780–90) անցկացրին բարեփոխություններ, որոնք նպաստեցին պետական իշխանության կենտրոնացմանն ու ամրապնդմանը, կապիտալիստական մանուֆակտուրաների զարգացմանը։ XVII դ. 70–80-ական թթ. ձեռնարկված գյուղացիական բարենորոգումների (ճորտատիրական կախման վերացում ևն) փորձերը հանդիպեցին հետադիմական ազնվականության դիմադրությանն ու չիրագործվեցին։ Այս ժամանակին է վերաբերում ավստր. բացարձակ միապետության վերջնական ձևավորումն ու ծաղկումը, որը Իոսիֆ II ժամանակ անվանվեց «լուսավորյալ» բացարձակ միապետություն։ XVIII դ. ֆրանս. հեղափոխության տարիներին Ա. հանդես եկավ որպես հեղափոխական Ֆրանսիայի դեմ ինտերվենցիայի նախաձեռնող և կազմակերպիչ։ Բայց մի շարք պարտություններ կրելով ֆրանս. հեղափոխական զորքերից (1792) և ապա Նապոլեոն I-ից (Մարենգո՝ 1800, Աուստերլից՝ 1805 ևն)՝ զրկվեց իր տիրապետությունների մեծ մասից և հրաժարվեց Գերմանիայում ունեցած ազդեցությունից։ 1806-ին վերացվեց Հռոմեական սրբազան կայսրությունը։ Նապոլեոնյան Ֆրանսիայի պարտությունից հետո, Վիեննայի կոնգրեսի (1814–15) որոշմամբ, Ա–ին վերադարձվեցին կորսված տերիտորիաները, վերականգնվեց նրա ազդեցությունը Գերմանիայում (նախկին Հռոմեական սրբազան կայսրության փոխարեն 38 պետություններից կազմվեց Գերմանական միություն, որոնցից ամենախոշորները Ավստրիան և Պրուսական թագավորությունն էին)։ Տնտեսապես համեմատաբար հետամնաց Ա. դարձավ հետադիմության գլխավոր պատվարներից մեկը Եվրոպայում։ Դա դրսևորվեց Վիեննայի կոնգրեսում Ա–ի քաղաքականության մեջ և հատկապես հակահեղափոխական Սրբազան դաշինքի (1815) ստեղծման գործում։ 1821-ին Ա–ի զինված ուժերը ճնշեցին հեղափոխությունները Նեապոլիտանական թագավորությունում և Պիեմոնտում։

XIX դ. 30–40-ական թթ. Ա–ում սկսեց զարգանալ կապիտալիզմը, ձևավորվեցին արդ. բուրժուազիան ու պրոլետարիատը։ Սակայն ֆեոդալական կարգերն արգելակում էին կապիտալիզմի զարգացումը։ Դասակարգային և ազգային հակասությունների արդյունք էր 1848-ի մարտին բռնկված հեղափոխությունը (տես Ավստրիական բուրժուա–դեմոկրատական հեղափոխություն 1848–49), որն ընդգրկեց Ա., Հունգարիան, Չեխիան, Գալիցիան ևն։ Լիբերալ բուրժուազիայի դավաճանության հետևանքով հեղափոխությունը պարտվեց։ Բայց հեղափոխության որոշ նվաճումներ պահպանվեցին, կոռի, բահրայի և այլ պարտավորությունների վերացումը հող նախապատրաստեց կապիտալիզմի արագ զարգացման համար։ Սարդինական թագավորության ու Ֆրանսիայի (1859), Պրուսիայի և Իտա–