Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/633

Այս էջը սրբագրված է

Ավստրիայի ազատության կուսակցություն (ԱԱԿ), ստեղծվել է 1955-ին, նեոֆաշիստական Անկախների միության հիմքի վրա։ 1970-ին ուներ 30 հզ. անդամ։ Միավորում է շովինիստորեն տրամադրված մարդկանց, նախկին նացիստների, սուդետական գերմանացիների։ Դեմոկրատական առաջադիմական կուսակցություն (ԴԱԿ)։ Ստեղծվել է 1965-ի սեպտեմբերին։ Հանդես է գալիս հակակոմունիզմի և աջ ռեֆորմիզմի դիրքերից։ Նացիոնալ–դեմոկրատական կուսակցություն (ՆԴԿ)։ Ստեղծվել է 1966-ին։ Նեոնացիստական կուսակցություն է։

Ա–ի արհմիությունները կազմավորվել են XIX դ. 60-ական թթ.։ 1945-ին հիմնադրված Արհմիությունների ավստրիական միավորումը (ԱԱՄ) 1970-ին ուներ ավելի քան 1,54 մլն. անդամ։ Միավորում է 16 ճյուղային արհմիություններ, որոնցից խոշորագույններն են. մետաղագործների, լեռնագործների, շինարարների և երկաթուղայինների արհմիությունները։ ԱԱՄ–ի կարեոր ղեկավար տեղերը զբաղեցնում են ԱԱԿ–ի ներկայացուցիչները։ ԱԱՄ մտնում է Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի մեջ։ Տպագիր օրգանն է «Զոլիդարիտետ» («Solidarität») շաբաթահանդեսը։

Հասարակական կազմակերպություններից կարևոր են.

Արդյունաբերողների Ավստրիական միավորումը, որը հիմնվել է 1945-ին, Ավստրո–սովետական ընկերությունը, որը հիմնվել է 1945-ի հունիսին, Դեմոկրատական կանանց միությունը (հիմնվել է 1948-ի հունիսին), Կանանց սոցիալիստական միությունը (ԱՍԿ–ի կազմակերպություն), Ավստրիական կանանց շարժումը (ԱԺԿ–ի կազմակերպություն), Ավստրիական ազատ երիտասարդության միությունը, որն առաջադեմ երիտասարդական կազմակերպություն է (հիմնվել է 1945-ին), Սոցիալիստական երիտասարդության միությունը (ԱՍԿ–ի երիտասարդական կազմակերպություն), Ուսանողների ազգային խորհուրդը, Դիմադրության և ֆաշիզմի զոհերի պայքարի միությունը, Խաղաղության պահպանման ավստրիական կոմիտեն, խաղաղության ու զինաթափման ավստրիական կոմիտեն։

VII. Տնտեսա–աշխարհագրական ակնարկ

Ընդհանուր բնութագիրը։ Ա. կապիտալիզմի զարգացման բարձր մակարդակ ունեցող ինդուստրիալ–ագրարային երկիր է, որի տեսակարար կշիռը կապիտալիստական աշխարհի արդ. արտադրանքի մեջ 1970-ին կազմել է 0,8%: 1966-ին հասարակական ամբողջական արդյունքի արժեքի 40,8% տվել են արդյունաբերությունն ու արհեստագործությունը, 7,4%՝ գյուղատնտեսությունն ու անտառային արդյունաբերությանը, 13,8%՝ առևտուրը, 6%՝ տրանսպորտը, 32%՝ շինարարությանն ու սպասարկումը։ 1970-ին մեկ շնչին ընկել է ավելի քան 400 կգ չուգուն, 550 կգ պողպատ, ավելի քան 4000 կվտ–ժ էլեկտրաէներգիա: Գյուղատնտեսությունն ապահովում է երկրի պարենային պահանջի 80–85%։ Տրանսպորտում մեծ տեղ են գրավում տարանցիկ բեռները։ Էկոնոմիկայի եկամտաբեր ճյուղը օտարերկրյա զբոսաշրջիկների սպասարկումն է (տարեկան մինչև 10 մլն. մարդ)։ Համախառն արտադրանքի 25% արտահանվում է (այդ թվում սղոցանյութի և գրաֆիտի 70%, թղթի, ցելյուլոզայի և մագնեզիտի 60%, ալյումինի ավելի քան 70% ևն), մեծ քանակությամբ ներմուծվում է հումք, վառելիք և պարեն։ Ա–ի կախումն արտաքին շուկայից պայմանավորված է նրա զարգացման սոցիալ–պատմական պայմաններով։ Էկոնոմիկայում տիրապետող են ինչպես մասնավոր, այնպես էլ պետական կապիտալի մասնակցությամբ գործող «Ալպինե–Մոնթան», «Ֆեստ», «Բր. Բյոլեր», «Շյոլեր–Բլեքման», «Ալյումինիում Ռանսհոֆեն», «Էստերռայխիշե շտիկշտոֆվերկե», «Շտեյր–Դայմլեր–Պուխ» մոնոպոլիստական խմբերը։ Ֆինանսական և վարկային սիստեմը հսկում են «Կրեդիտանշտալտ բանկֆերայն», «Լենդերբանկ» և «Կրեդիտ–Ինստիտուտ» բանկերը։ Արտասահմանյան կապիտալի մեծ ներդրումները և ավստր. արդ. արտադրանքի ու հումքի հսկայական պահանջը ետպատերազմյան տարիներին նպաստեցին Ա–ի էկոնոմիկայի արագ զարգացմանը։

Արդյունաբերությունը։ Արդ. արտադրանքի ծավալը 1970-ին աճել է 8,7%-ով և 1963-ի համեմատությամբ ավելացել է 53% –ով։ Զբաղվածների ընդհանուր թիվը կազմել է 2,4 մլն. մարդ։ Արտադրությունը խիստ կենտրոնացված է, 500 և ավելի աշխատող ունեցող ձեռնարկություններում զբաղված է երկրի բանվորների և ծառայողների 50%, իսկ տրանսպորտային մեքենաշինության, հանքարդյունաբերության և մետալուրգիայի մեջ՝ 75–80%։ Լեռնահանքային արդյունաբերությունը հիմնված է բազմազան օգտակար հանածոների ոչ մեծ պաշարների վրա։ Հնուց Ա–ում արդյունահանում են երկաթահանք (Էյզեներց), ցինկ–կապար (Բլայբերգ) և պղինձ (Զալցբուրգ)։ Համաշխարհային կապիտալիստական տնտեսության մեջ Ա. աչքի է ընկնում մագնեզիտի հանույթով (Շտիրիա, Կարինտիա)։ Որոշակի նշանակություն ունի գրաֆիտի և կերակրի աղի հանույթը։ Նավթարդյունաբերությունը լայն զարգացում ստացավ 1930-ական թթ. և հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (Մաթցեն, Ցիսթերսդորֆ և այլ վայրեր Ներքին Ա–ում), սակայն հիմնական վառելանյութը դեռևս քարածուխն է, որը բավարարում է հանքային վառելիքի պահանջի 1/4։ Օգտագործվող քարածխի 60%-ից ավելին ներմուծվում է։ Երկրի գորշ ածխի հանույթի խոշորագայն շրջանը Շտիրիան է։ 1970-ին արդյունահանվել է գորշ ածուխ՝ 3,7 մլն. տ, նավթ՝ 2,8 մլն. տ, երկաթահանք՝ 4,0 մլն. տ, մագնեզիտ՝ 1,8 մլն. տ, գրաֆիտ՝ 25,1 հզ. տ (1967-ին՝ 81,5 հզ. տ

Լայնորեն օգտագործվում է լեռնային գետերի էներգիան։ էլեկտրաէներգիայի 72% –ը տալիս են ՀԷԿ–երը։ Դրանցից ամենախոշորները կառուցւլած են Դանուբ, Ինն, Զալցախ գետերի վրա։ Էլեկտրաէներգիայի զգալի մասն արտահանվում է ԳՖՀ և Իտալիա։ 1967-ին վառելիքա–էներգետիկ հաշվեկշռում քարածխի բաժինը կազմում է մոտ 30%, նավթինն ու գազինը՝ 47,6%, հիդրոէներգիայինը՝ 22,6%: Վերամշակող արդյունաբերության հիմքն են կազմում մեքենաշինությունը և մետաղամշակությունը։ Համեմատաբար զարգացած են տրանսպորտային մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկան, լեռնային, մետալուրգիական, տեքստիլ, փայտամշակման և սննդի արդյունաբերության սարքավորումների արտադրությունը, որը կենտրոնացված է Վիեննայում ու նրա ավազանում, Լինց–Շթեյր–Վելսի և Գրացի շրջաններում։ Աև մետալուրգիան կենտրոնացված է Շտիրյան (Էյզեներց–Դոնավից) և Վերինավստրիական (Լինց) շրջաններում, ալյումինի արտադրությունը և փոքր չափով ցինկի, պղնձի ու անագի ձուլումը՝ Ռանսհոֆենում։ Քիմիական արդյունաբերությունը ներկայացված է ազոտային պարարտանյութերի, ծծմբաթթվի, արհեստական մետաքսաթելերի, պլաստմասսայի, սոդայի և օծանելիքների արտադրությամբ (կենտրոնը՝ Լինցի «Էստերռայխիշե շտիկշտոֆվերկե» կոմբինատը)։ Նոր ճյուղ է նավթաքիմիան (Վիեննա)։

Թեթև արդյունաբերության առաջատար ճյուղը տեքստիլային ապրանքների արտադրությանն է (Ֆորառլբերգ, Վիեննայի շրջան), զարգացած են կաշվի–կոշիկի, տրիկոտաժի և կարի, ինչպես նաև անտառասղոցման, թղթի–ցելյուլոզայի արդյունաբերությունը, կահույքի արտադրությունը, փայտամշակումը։

1971-ին Ա–ում արտադրվել է չուգուն՝ 2,8 մլն. տ, պողպատ՝ 4,0 մլն. տ, գլանվածք՝ 2,9 մլն. տ, պղինձ՝ 21,0 հզ. տ, ալյումին՝ 150,0 հզ. տ, էլեկտրաէներգիա՝ 28,7 մլրդ. կվտ. ժ, ավտոմոբիլներ՝ 6,6 հզ. հատ, բամբակյա գործվածքեղեն՝ 100 մլն. մ։

Գյուղատնտեսությունը։ Գյուղատնտ. արտադրության համար օգտագործվող հողերը կազմում են երկրի տարածքի 47%, անտառները՝ 40%, չօգտագործվող հողերը՝ 13%։ Գյուղատնտ. արտադրության համար օգտագործվող բոլոր հողերի (3,9 մլն. հա) 40% վարելահողեր են, 38% ՝ մարգագետիններ և խոտհարքներ, 22%՝ ալպյան մարգագետիններ (1966)։ Գերիշխող են մանր գյուղացիական տնտեսությունները։ Հողատերերի կեսից ավելին (մինչև 5 հա հող ունեցողները) տիրում են ամբողջ հողային ֆոնդի 10%-ին, իսկ 50%-ից ավելին (ներառյալ անտառները) գտնվում է խոշոր հողատերերի (100 հա ավելի հող ունեցողների) ձեռքին։ Հողի զգալի մասը պատկանում է կաթոլիկական օրդեններին և վանքերին։ Տարածված է հողի վարձակալությունը, այդ թվում՝ բնավարձակալությունը։ Գյուղատնտ. ապրանքային արտադրանքի գլխավոր արտադրողները կապիտալիստական ֆերմաներն են։ Գյուղատնտեսության հիմքը կազմում է անասնապահու–