Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/637

Այս էջը սրբագրված է

Բալետը։ XVI դ. ավստր. պալատում կազմակերպվում էին ներկայացումներ պարային համարներով։ 1660-ական թթ. ի հայտ եկան պրոֆեսիոնալ պարողներ, որոնք ելույթներ էին ունենում դրամատիկական և օպերային ներկայացումների միջնախաղերում։ XVIII դ. Վիեննայում գործում էին պրոֆեսիոնալ բալետային խմբեր՝ գերմ. «Բուրգթեատր»–ում և ֆրանս. «Քեռնթներթորթեատր»–ում։ Ա–ի ազգային բալետի զարգացմանը նպաստեցին XVIII դ. բալետմայստերներ Ֆ. Հիլֆերդինգը, Գ. Անջոլինին, ժ. ժ. Նովերը։ XIX դ. 1-ին կեսին Ա–ում ծաղկում ապրեց ռոմանտիկական բալետը՝ ականավոր պարուհի Ֆ. էլսլերի շնորհիվ։ XIX դ. կեսին վերածնվեցին պալատական բալետի ավանդույթները։ Մեծապես օգտագործվում էր վալսը, որպես խորեոգրաֆիկ ձև։ Վիեննական վալսի զարգացումը նպաստեց քնարական–կատակերգական բալետների ձևավորմանը, որ բեմադրում էր բալետմայստեր Յ. Հասռայտերը։ XX դ. սկզբներին ռիթմո–պլաստիկ պարը ժամանակավորապես դուրս մղեց դասական բալետը։ Մոդեռնիստական ուղղություններին հակադրվեցին բալետմայստերներ է. Թելսը և Հ. Կրյոլլերը։ 1945–58-ին Վիեննայի պետական օպերայի բալետային խումբը ղեկավարել է է. Հանկան՝ դասական պարը զուգորդելով ռիթմո–պլաստիկականի հետ։ Վիեննայում բացի պետական օպերայից բալետային խմբեր ունեն «Ան դեր Վին» թատրոնը, «Ֆոլկսօպերա»–ն, Զալցբուրգի, Լինցի, Գրացի և այլ քաղաքների թատրոնները։ Վիեննայի պետական օպերային կից գործում է բալետի դպրոց։

XVI. Թատրոնը

Ա–ի թատրոնն սկսել է ձևավորվել XVI դ.։ Սկզբնական շրջանում ներկայացումներ էին տալիս իմպրովիզատոր–դերասանների թափառաշրջիկ խմբերը։ Գլխավոր գործող անձը Հանսվուրստն էր։ XVI դ. վերջին և XVII դարում ճիզվիտական կոլլեգիումներին (ուսումնական հաստատություն) կից գործում էին թատրոններ։ Վիեննայում 1709-ին կառուցվեց «Քեռնթներթորթեատր»–ը, ուր դերասան և դրամատուրգ Յ. Ստրանիցկին 1712-ին հիմնադրեց ավստր. առաջին մշտական թատրոնը։ 1741-ին Վիեննայում բացվեց «Պալատին կից արքայական թատրոն»–ը («Բուրգթեատր»)։ Ազգային թատրոնի զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ դրամատուրգ Ֆ. Գրիլպարցերի պիեսների բեմադրությունը «Բուրգթեատր»–ում։ XVIII դ. վերջին թատրոններ բացվեցին Վիեննայի արվարձաններում. «Լեոպոլդշտադթեատր» (1781), «Յոզեֆշտադթեատր» (1788) ևն, ուր բեմադրվում էին Վ. Մոցարտի և 3. Հայդնի օպերաները, զինգշպիլներ, կատակերգություններ Հանսվուրստի մասնակցությամբ։ XIX դ. սկզբին դրամատուրգներ և դերասաններ Ֆ. Ռայմունդն ու Յ. Նեսթրոյը ստեղծեցին ազգային կատակերգության ինքնատիպ ժանր՝ շարունակելով դեմոկրատական թատրոնի լավագույն ավանդույթները։ 1778-ին «Բուրգթեատր»–ին կից բացվեց առաջին թատերական դպրոցը (1909-ից՝ Երաժշտության և կերպարվեստի ակադեմիա)։ Թատրոնի ղեկավար (1849–67) Հ. Լաուբեին հաջողվեց հաստատուն տեղ տալ դասականներին (Յ. Վ. Գյոթե, Վ. Շեքսպիր, Ֆ. Շիլլեր), խումբն ամրապնդել այնպիսի դերասաններով, ինչպիսիք են՝ Ա. Զոնենթալը, Յ. Լևինսկին, Շ. Վոլթերը։ 1870–81-ին «Բուրգթեատր»–ը ղեկավարում էր ռեժիսոր Ֆ. Դինգելշտեղը, որը բեմադրեց Շեքսպիրի մի շարք ողբերգությունները, Հ. Իբսենի, Լ. Անցենգրաբերի և ուրիշների պիեսները։ XIX դ. վերջին թատերական արվեստում ուժեղանում են հակադեմոկրատական միտումները։ 1918-ից «Բուրգթեատր»–ը ստեղծագործական վերելք ապրեց (լավագույն դերասաններն էին՝ Գ. Ռայմերյսը, Մ. Դևրիենթը, Ռ. Ասլանը, է. Բալզերը, Ա. Մոիսին և ուրիշներ)։ Առաջադիմական արվեստի համար պայքարում էր «Յոզեֆշտադթեատր»–ը, որը 1924–38-ին ղեկավարում էր Մ. Ռայնհարդը։ 1948–56-ին Վիեննայում գործում էին դեմոկրատական «Սկալա» թատրոնը, «Յոզեֆշտսադթեատր»–ը, այսպես կոչված կելլեթատրոնները («նկուղային թատրոններ»)։

XVII. Կինոն

Առաջին մշտական կինոթատրոնը բացվել է Վիեննայում, 1903-ին։ Անդրանիկ ազգային գեղարվեստական ֆիլմն է «Աստիճանից՝ աստիճան» (1908, ռեժիսոր Հ. Հանուս)։ 1912-ին Կոլմը և Ֆլեկը հիմնեցին «Վիներ կունստֆիլմ» կինոֆիրման։ 1914-ին Ա. Կոլովրատի նախագահությամբ կազմակերպվեց «Սաշա–Մեստեր–ֆիլմ» (1918-ից՝ «Սաշա–ֆիլմ») բաժնետիրական ընկերությունը, որը երկար ժամանակ Ա–ի կինոարտադրության կենտրոնն էր։ 1920–1924-ին Ա–ի կինոն վերելք ապրեց։ Հնչուն կինոյի երևան գալուց հետո մեծ թափ հաղորդվեց երաժշտական կինոնկարների թողարկմանը («Դիմակահանդես», 1934 ևն)։ Ա–ի օկուպացումից հետո (1938) կինեմատոգրաֆիայի զարգացումը կանգառավ։ Ա–ի անկախության վերականգնումով վերածնվեց կինոն։ Միջազգային կինոփառատոներում մրցանակների են արժանացել ավստր, «Դատավարություն» (1948, ռեժիսոր Գ. Վ. Պաբստ), «Վերջին կամուրջը» (1954, ռեժիսոր Հ. Քյոյտներ) ֆիլմերը։ 1950–60-ական թթ. գերակշռում էին երաժշտական կինոնկարները՝ պիեսների, ռևյուների, օպերաների, օպերետների էկրանացումները, կոմպոզիտորներին նվիրված կենսագրական ֆիլմերը («Հերոսական սիմֆոնիա», «Ֆրանց Շուբերտ», «Վիեննայի սիրելին», «Ֆիդելիո», «Տուր ձեռքդ, իմ կյանք» ևն)։ Թողարկվում են մեծ թվով մելոդրամաներ, ֆարսեր, դեդեկտիվ ֆիլմեր։ Ա–ի կինոյի խոշորագույն դերասաններից են՝ Պ. Վեսսելին, Հ. Մոզերը, Մարիա Շելլը, Ռ. Շնայդերը, Օ. Վ. Ֆիշերը, ռեժիսորներից՝ Գ. Վ. Պաբստը, Վ. Կոլմ–Վելթեն, Վ. Ֆորստը, է. Բորզոդին և ուրիշներ։ Կինոգործիչների կադրեր պատրաստում է Երաժշտության և կերպարվեստի ակադեմիան։

XVIII. Հայերը Ավստրիայում

Հայերը (գլխավորապես՝ առևտրականներ, գորգավաճառներ) Ա–ում (հիմնականում՝ Վիեննայում) սկսել են հաստատվել XVIII դարից։ Սակայն Վիեննայի հայ համայնքն ըստ էության ձևավորվել է 1811-ից, երբ Տրիեստից տեղափոխվեցին Վենետիկի Մխիթարյան միաբանությունից անջատված միաբանները (տես Մխիթարյաններ Վիեննայի)։ 1890-ական թթ. Վիեննայում հաշվվում էր շուրջ 60, երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին՝ 120-125, իսկ 1962-ին՝ մոտ 300 հայ։ Համայնքն ունի իր ընտրովի ազգային–եկեղեցական մարմինը՝ Հայ եկեղեցական միությունը։ 1968-ից գործում է Ս. Հռիփսիմե եկեղեցին։ Վիեննայում գործում է ՀԲԸՄ մասնաճյուղը, 1887-ից լույս է տեսնում «Հանդես ամսօրյա»–ը։ Պատկերազարդումը տես աղ. XXIX, 640–41 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. Маркс К., Банкротство Австрии, Маркс К., Энгельс Ф., Соч., 2 изд., т. 10; Энгельс Ф., Начало конца Австрии. там же, т. 4; Его же, Австрия. Развитие революции, там же, т. 15; Աբրահամյան Ա. Գ., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 2, Ե., 1967: Пристер Е., Краткая история Австрии, пер. с нем., М., 1952; Овнанян С. В., Подьем рабочего движения в Австрии (1905–1906 гг.), М., 1957; Фюрнберг Ф., Вляние Великой Октябрьской социалитической революции на Австрию, [пер. с нем.], М., 1957; Ефимов А., Советско-австрийские отношения после второй мировой войны, М., 1958; Советский Союз и Австрия, М., 1962; Степанов Л. Л., Австрия, М., 1959; Австрийская новелла XIX века, М., 1959; Черная Е., Австрийский музыкальный театр до Моцарта, М., 1965; Марков П., В театрах различных стран, М., 1967; Zöllner E., Geschichte Österreichs, München, 1961; Uhlirz K., Uhlirz M., Handbuch der Geschichte Österreich-Ungarn, 2 Aufl., Bd. 1. Graz, 1963; Schmidt A., Dichtung und Dichter Österreichs im 19. und 20. Jahrhundert, Bd. 1-2, Salzburg-Stuttgart, 1964; Benesch O., Kleine Geschichte der Kunst in Österreich, W., 1950.

ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԲՈՒՐԺՈՒԱ–ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1848–49, հիմնական խնդիրն էր ֆեոդալա–բացարձակապետական կարգերի ու բազմազգ Ավստրիական կայսրության վերացումը և ինքնուրույն բուրժուական ազգային պետությունների կազմավորումը։ Հեղափոխության հեգեմոնը բուրժուազիան էր, իսկ շարժիչ ուժերը՝ բանվորները, քաղաքային մանր բուրժուազիան և գյուղացիությունը։ Հանրապետության հռչակումը Ֆրանսիայում խթանեց հեղափոխական իրադարձությունների զարգացումը Ավստրիական կայսրության մեջ։ Մարտի 13-ին Վիեննայում սկսվեց ժողովրդական ապստամբությունը։ Ժողովրդի պահանջով Մետեռնիխը պաշտոնանկ արվեց։ Մարտի 17-ին ազնվականների և լիբերալ բուրժուազիայի ներկայացուցիչներից կազմվեց կառավարություն։ Ստեղծվեց բուրժուական ազգային գվարդիա և ուսանողական զինված կազմակերպություն՝ Ակադեմիական լեգեոն։ 1848-ի ապրիլին ստեղծվեց Հասարակական անվտանգության կոմիտե, որը բուրժուազիայի իշխանության անպաշտոն մարմնի դեր էր տանում։ Հեղափոխության հենց սկզբից պայքարի ելան նաև բազմազգ Ավստրիական կայսրության ճնշված ժողովուրդները (Հունգարական բուրժուական հեղափոխությունը 1848–49, ժողովր–