Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/641

Այս էջը սրբագրված է

գործարանը թողարկել է բեռնատար, մարդատար և գյուղատնտեսական մեքենաների դողերի 10 նոր տեսակ։ 1968–70-ին յուրացվել է կատարելագործված բարձրորակ դողերի արտադրությանը, նախապատրաստական արտադրամասում շահագործման է հանձնվել բարձր արտադրողականությամբ 2 ռետինախառնիչ, կրկնապատկվել է ավտոկամերաների արտադրամասի հզորությունը, յուրացվել է «Մոսկվիչ» մարդատար ավտոմեքենայի և գյուղատնտեսական մեքենաների համար նոր ավտոդողերի արտադրությունը։ ՀՍՍՀ ավտոտրանսպորտի պահանջմունքներն ապահովելու համար կարևոր նշանակություն ունի ձեռնարկության վերանորոգման արտադրամասը՝ տարեկան 80000 ավտոդող վերանորոգելու արտադրական կարողությամբ, այստեղ գրեթե կրկնապատկվում են դողերի ծառայության ժամկետները։

1971–75-ի հնգամյա պլանով նախատեսվում է գործարանի նոր վերակառուցում և ընդլայնում։ Կարտադրվեն նոր, ավելի կատարելագործված մի շարք կոնստրուկցիաների դողեր, որոնք կունենան բարձր որակ և դիմացկունություն։ Հնգամյակի ընթացքում դողերի արտադրության տարեկան ծավալը կաճի շուրջ 18 տոկոսով, իսկ նոր տիպի կաուչուկների, քիմիական նյութերի, նոր կոնստրուկցիաների և տեխնոլոգիայի յուրացման շնորհիվ, հնգամյակի վերջին տարում, 1970-ի համեմատությամբ, դողերի վազքունակությունը կաճի 25 տոկոսով։ Ա. գ. ոչ միայն Երևանի ավտոմոբիլային գործարանի մատակարարն է, այլև իր արտադրանքն առաքում է Խարկովի տրակտորային և Կալինինգրադի ավտոբեռնիչների գործարաններ։ Ա. գ-ի արտադրանքն առաքվում է ինչպես սոցիալիստական, այնպես էլ կապիտալիստական երկրներ։

ԱՎՏՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԷՄԻՍԻԱ, սառը էմիսիա, արտաքին շատ ուժեղ էլեկտրական դաշտի ազդեցությամբ մետաղից կամ կիսահաղորդչից էլեկտրոնների արձակման երևույթ։ Երևույթի բնույթն արտահայտող ավելի ճիշտ անվանումն է թունելային էմիսիա (տես Թունելային Էֆեկտ

(նկ․) Պոտենցիալ փոսը մետաղի մակերևույթին մոտ. Մետաղի մակերևույթի մոտ էլեկտրական դաշտը բացակայում է (ա), կիրառված է արագացնող էլեկտրական դաշտ (բ), մետաղի մակերևույթից ունեցած հեռավորությունը (x), էլեկտրոնի էներգիան (W


ԱՎՏՈԺԻՐ (ֆրանս. Aútogyre, <ավտո… + հուն. – γυρος), օդից ծանր, թռչող ապարատ։ Ինքնաթիռից տարբերվում է նրանով, որ հիմնական տանող մակերևույթը հանդիպակաց օդի հոսքի ազդեցության տակ ուղղաձիգ առանցքի շուրջն ազատ կերպով պտտվող օդապտուտակռոտորն է։ Ա. հնարել է (1922) իսպանացի ինժեներ Խ. դե լա Սիերվան։ Այն արտադրությունից դուրս են մղել կատարելագործված թռչող ապարատները՝ ուղղաթիռները։


ԱՎՏՈԽԹՈՆՆԵՐ (<հուն. αύτόχθωνες – բնիկ), օրգանիզմներ, որոնք էվոլյուցիայի ընթացքում առաջացել են տվյալ վայրում և, ի տարբերություն ալոխթոնների, այժմ էլ ապրում են այնտեղ։ Ա–ի օրինակներ են արագածյան գորտնուկը (Ranumculus Aragazii)՝ հայկական լեռների համապատասխան բարձրություններում, բադակտուցը, էվկալիպտը՝ Ավստրալիայում։

(նկ․) Երևանի ավտոկայարանը։ 1966։ Ճարտ. Գ. Գ. Աղաբաբյան։


ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ, միջքաղաքային և մերձքաղաքային ավտոբուսային ուղիների վերջնակետում կառուցված շինություննրի համալիր։ Ունի ուղևորների շենք, տրանսպորտի համար ներքին տարածք, մերձկայարանային հրապարակ։ Ա–ի շենքում տեղավորված են ուղևորների սպասասրահը և տոմսարկղները, երեխաներով ուղևորների հարկաբաժինը, ձեռնածանրոցների պահման խցիկները, նախաճաշարանը, սանհանգույցները, սպասարկման հարկաբաժինները (երթակարգավորողների, վարորդների և վարչաթյան սենյակները)։ Տրանսպորտի համար նախատեսված տարածքում են՝ կառամատույցները, ավտոբուսների կանգնելու և լվացման տեղերը։ Մեծ Ա–ներում ուղևորների սպասարկմանը հետևելու համար երթակարգավորումը կատարվում է հեռուստատեսային հարմարանքների օգնությամբ։ Չվերթները հաղորդվում են լուսատախտակներով և ռադիոյով։


ԱՎՏՈԿԼԱՎ (<ավտո… + լատ. clavis – բանալի), ապարատ ֆիզիկաքիմիական զանազան պրոցեսները մթնոլորտային ճնշումից ավելի բարձր ճնշման տակ կատարելու համար։ Ա–ները լինում են՝ պտտվող, ճոճվող, հորիզոնական, ուղղաձիգ ևն։ Պատրաստվում են հերմետացված՝ փակ կամ բացվող կափարիչով անոթի (պողպատե, թուջե, պղնձե ևն) ձևով, տասնյակ սմ³–ներից մինչև հարյուրավոր մ³ տարողությամբ՝ նախատեսված մինչև 150 Մն/մ² (1500 կգու/սմ²) ճնշման և մինչև 500°C ջերմաստիճանի տակ աշխատելու համար։ Ա–ները կիրառվում են շինանյութերի, պահածոների արտադրության, քիմիական արդյունաբերության, վիրաբուժության մեջ, հիդրոմետալուրգիայում ևն։


ԱՎՏՈՂԵԿ, գիրողեկ, էլեկտրանավագնացային սարք՝ նավը տրված ուղղության վրա ավտոմատորեն պահելու, ինչպես նաև ուղղությունը փոխելու համար։ Ա–ի գործողության սկզբունքն այն է, որ նավը տրված ուղղաթյունից շեղվելու դեպքում ղեկի հարմարանքը ավտոմատորեն միանում է։ Ա. աշխատում է գիրոկողմնացույցի կամ ուղղության այլ ցուցչի միջոցով։


ԱՎՏՈՄԱՏ (<հուն. αύτόματος – ինքնիրեն գործող), 1. ինքնուրույն գործող սարք (կամ սարքերի համախումբ), որը կատարում է էներգիայի, նյութի ու ինֆորմացիայի ստացման, փոխակերպման, հաղորդման և օգտագործման պրոցեսներ՝ նախապես տրված ծրագրով, առանց մարդու անմիջական մասնակցության։ Ա–ները կիրառվում են աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու, դժվարամատչելի և կյանքի համար վտանգավոր պայմաններում իրականացվող աշխատանքից մարդուն ազատելու նպատակով։

Գիտության ու տեխնիկայի նոր, ինքնուրույն բնագավառի՝ էլեկտրոնիկայի առաջացումը պայմանավորեց նոր, էլեկտրոնային ավտոմատ սարքերի ու ողջ կոմպլեքսների երևան գալը, սկսած էլեկտրոնային ռելեից մինչև կառավարող հաշվողական մեքենաները (տես Ավտոմատ կառավարում, Ավտոմատ գիծ

Ա–ի կոնստրուկցիան և գործողության սկզբունքը որոշվում են նրա դերով, աշխատանքի պայմաններով, օգտագործվող էներգիայի տեսակով և ծրագրի առաջադրման եղանակով։ Ա–ները լինում են՝ տեխնոլոգիական (օր. ձուլման ավտոմատ, մետաղահատ ավտոմատ հաստոց ևն), էներգետիկ (էներգահամակարգերի, էլեկտրական մեքենաների, ցանցերի ավտոմատ սարքեր ու հարմարանքներ ևն), տրանսպորտային (օր. ավտոմեքենավար, ավտոկանգ), հաշվիչ–վճռող (այդ թվում՝ էլեկտրոնային հաշվողական մեքենաներ), առևտրի (տես Առևտրի ավտոմատ), ավիացիոն (օր. ավտոպիլոտ, ավտոշտուրման), ռազմական (օր. հրթիռների նշանառության և շարժման կառավարման համակարգերը, Ավտոմատ զենք) ևն։ Աշխատանքի պայմաններով և օգտագործվող էներգիայի տեսակով է պայմանավորված նաև Ա–ներում մեխանիկական, հիդրավլիկական, էլեկտրական (էլեկտրոնային), պնևմատիկ, համակցված, օր. պնևմա–էլեկտրական սարքերի կամ պայթյունից առաջացող էներգիայի կիրառումը։

Ա–ի կատարած բոլոր աշխատանքային և օժանդակ օպերացիաների հաջորդականությունը կոչվում է աշխատանքային ցիկլ։ Այն ավտոմատացված սարքերը, որոնց աշխատանքային ցիկլը ընդհատվում է, և դա կրկնելու համար պահանջվում է մարդու պարտադիր միջամտությունը, կոչվում են կիսաավտոմատներ։ Ընդհանուր առմամբ Ա–ի աշխատանքային ցիկլը որոշվում է այն ծրագրով, որն առաջադրվում է կամ Ա–ի կոնստրուկցիայով՝ պատճենիչ կամ մոդելավորող սարքերի օգնությամբ (օր. ժամացույցներ, մետաղահատ պատճենիչ հաստոցներ, էլեկտրացանցի