Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/65

Այս էջը հաստատված է
ԱԴԱՄՅԱՆ 65

ռուսաստանյան իր երկրորդ շրջագայությունը։ Արվեստի գագաթներին հասած Ա. առավել գնահատության է արժանացել Օդեսայում. ընտրվել է Օդեսայի գիտնականների ու գրողների, ինչպես և Գեղարվեստից ռուսական ընկերության պատվավոր անդամ։ 1888-ի օգոստոսին Ա. վերադարձել է Կ. Պոլիս։ Աբդուլ Համիդ II հայերեն ներկայացումներն արգելել էր։ Բացառության կարգով Ա֊ին թույլատրվել է ներկայացնել Օթելլո, Կորրադո, Ուրիել, Քին։ 1888-ի դեկտ. 30-ին Կ. Պոլսում նշվել է նրա բեմական գործունեության 25-ամյա հոբելյանը։ Ա. վերջին անգամ բեմ է բարձրացել 1889-ի դեկտ. 10-ին, Կ. Պոլսում։ Նյութական ծանր կացության մատնված, կոկորդախտով, հոդացավով, թոքախտով հիվանդ Ա. մահացել է հունիսի 4-ին, Կ. Պոլսում, թաղվել տեղի Շիշլիի գերեգմանատանը։

Ա. կատարել է շուրջ 300 դեր։ Աքսորական Կորրադոն Ա֊ի մարմնավորմամբ եղել է բողոք ընդդեմ բոլոր այն օրենքների, որոնք մարդուն զրկում են ազատությունից։ Ուրիել Ակոստայի դերում, հարազատ մնալով պատկերված դարաշրջանին, միաժամանակ հիշեցրել է մտքի այն տիտաններին, որոնք աշխարհին ազդարարել են նոր ճշմարտություններ։ Կյանքի քարացածության, նախապաշարումների դեմ ընդվզող հայրենասերի, դարաշրջանի լավագույն մարդու խորտակված ձգտումների ողբերգությունն է պատկերել Ա. Չացկու կերպարում։ Արբենինը ադամյանական մեկնաբանությամբ իրական անձնավորություն էր, ոչ միայն մեղավոր, այլև զոհ։ Ա. վեր է հանել Օթելլոյի կերպարին հատուկ խոր մարդկայնությունը։ Նրա մավրը եղել է կրթված, զորեղ մտքի տեր մարդ, զորավար։ Ա. խաղացել է ոչ թե խանդի դրամա, այլ անսահման սիրող, խաբված մարդու ողբերգություն։ Պատկերելով իշխանությունից զրկված Լիր֊բռնակալի և կյանքի իմաստուն ճանաչմանը տառապանքով հասած Լիր֊մարդու ողբերգությունը։ Ա. շեքսպիրյան գործին հաղորդել է հասարակական֊փիլիսոփայական լայն հնչողություն։ Ա֊ի դերակատարումների գլուխգործոցը Համլետն է։ Շեղվելով կերպարի ավանդական ըմբռնումից՝ նա տվել է Համլետի նոր մեկնաբանում, պատկերել մարդկային ցավերով ապրող ու տառապող էակի, կյանքի ու ժամանակի մասին խորհրդածող փիլիսոփայի, թախծող և եռանդուն, վճռական և տատանվող, հուսահատ և պոռթկուն, պայքարող, գործուն մարդու, որ, հակառակ հայեցողական, «թուլակամ» համլետների, ելել է բռնակալության և կեղծիքի դեմ՝ հանուն մարդկայնության։ Համլետի միջոցով Ա. արտահայտել է իր ապրած ժամանակը, հասարակական խնդիրները, կոչել մարդկանց՝ չհաշտվել իրականության հետ։ Ա֊ի արտահայտչաձևերը պայմանավորված են եղել նրա արվեստի ինքնատիպ լեզվով, դերասանական հղկված տեխնիկան՝ բացառիկ տվյալներով և դրանց հմուտ կիրառմամբ։ Նա ուներ թավշյա, լեցուն ձայն, հարուստ դիմախաղ, արտահայտիչ աչքեր, մարմնի պլաստիկ տիրապետում, խոսուն կեցվածք ու շարժուձև։ «Վերապրման» և «ներկայացնող» բեմարվեստների համադրություն էր Ա֊ի արվեստը։ Հանդիսատեսը՝ հայ, ռուս, վրացի, հրեա, գերմանացի, անգլիացի, ֆրանսիացի Ա֊ին համարել է ոչ միայն մեծ արտիստ, այլև՝ իր արտիստը։

Ա. իր գործունեության մեջ մեծ տեղ է տվել ասմունքին։ Նա նաև բանաստեղծ էր. գրել է կենցաղային, բարոյական, կրոնական, իմաստասիրական բնույթի քնարական և երգիծական բանաստեղծություններ։ 1887-ին Թիֆլիսում լույս է տեսել Ա֊ի «Շեքսպիր և յուր Համլեթ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները» աշխատությունը։ Զբաղվել է նաև գեղանկարչությամբ ու գրաֆիկայով։

Ա. անջնջելի հետք է թողել հայ մշակույթի պատմության մեջ։ Ա֊ի արվեստն օրգանապես կապված էր հայ թատրոնի պատմությանը և վիթխարի ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ Նա իր խոսքն է ասել շեքսպիրյան թատրոնի պատմության մեջ, կյանքի կոչել մեծ դրամատուրգի ստեղծած կերպարները մարմնավորող այնպիսի դեմքերի, ինչպիսիք էին Սիրանույշը, Հ. Աբելյանը և ուրիշներ։

Պատկերազարդումը տես 33 էջից առաջ՝ ներդիրում։

Երկ. Երկ., Ե., 1956։ Քերթվածք և թարգմանությունք, Տփխիս, 1880։ Քերթվածք հռչակավոր դերասան Պետրոս Ադամյանի (1879–1891) և կենսագրություն [կազմել և կենսագրությունը գրել է Վ. Հացունին], Վնտ., 1896։ Նամակներ, Ե., 1959։

Գրկ. Տոնապետյան Պ., Քսան և հնգամյա բեմական գործունեություն Պ. Հ. Ադամյանի, ԿՊ, 1888։ Արամ Վրույր, Պետրոս Հ. Ադամյան, Թ., 1891։ Ստեփանյան Գ., Պետրոս Ադամյան, Ե., 1941։ Մելիքսեթյան Ս., Թատերական ակնարկներ, Ե., 1945։ Զարյան Ռ., Ադամյան. արվեստը, Ե., 1960։ Նույնի , Ադամյան. կյանքը, Ե., 1961։ Սամվելյան Լ., Ադամյանը և Շեքսպիրի կերպարները, Ե., 1961։ Քալանթար Լ., Արվեստի մայրուղիներում, Ե., 1963, էջ 329–55։ Ատեփանյան Գ., Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 1–2, Ե., 1962–69։ Ярышкин А., П. И. Адамян в роли Гамлета (критический очерк), Одесса, 1887; Писаревский Б. Е., Петр Иеронимович Адамян. Воспоминания, Одесса, 1896; Веселовский А.., Два силуета, «Армянский вестник», 1916, №31; Степанян Г., Петрос Адамян, Е., 1956։ Зарян Р., Шекспир Адамяна Е., 1964. Ռ. Զարյան

ԱԴԱՄՅԱՆ Սաթենիկ Արտեմի (1875–1915), հայ դերասանուհի։ Ծնվել է սեպտեմբերի 17(29)֊ին, Թիֆլիսում։ Կրթությունն ստացել է տեղի Ս. Նունեի դպրոցում, ապա իգական գիմնազիայում։ Բեմ է բարձրացել 1897-ին, Բաթումում։ 1898-ին հրավիրվել է Բաքու՝ հայկական թատերախումբ։ 1901–03-ին սովորել է Պետերբուրգի դրամատիկ․ դասընթացներում։ Վերադառնալով Բաքու խաղացել է հայկական և ռուսական թատերախմբերում։ 1905-ից վերջնականապես նվիրվել է հայ բեմին։ 1908-ին Թիֆլիսում, վարձելով Հավլաբարի բանվորական թատրոնը, Գ. Ավետյանի հետ կազմակերպել է թատերախումբ։ Տարբեր թատերախմբերի հետ եղել է Կովկասի հայաշատ քաղաքներում, Թուրքիայում ու Բուլղարիայում։ Ա. հայ բեմում քնարական֊դրամատիկական դերերի լավագույն կատարողներից էր։ Բանաստեղծական ներշնչանքով և մեծ վարպետությամբ է կերտել Սեդայի կերպարը (Շանթի «Հին աստվածներ»)։ Հաջողված դերերից են նաև Սուսանը, Սոնան (Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգի»), Լարիսան (Ա․ Օստրովսկու «Անօժիտը»), Օֆելյան, Ջուլիետը (Շեքսպիրի «Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ») ևն։ Ա. հայերեն է թարգմանել Ա. Շնիցլերի, Կ. Համսունի պիեսները։ Մահացել է հուլիսի 17(30)֊ին, Բաքվում։

Գրկ. Քալանթար Ե., Սաթենիկ Ադամյան, Ե., 1970։ Պ. Ստեփանյան