Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/653

Այս էջը սրբագրված է

(նկ․) Նկ. 1. Ատամնանիվի կինեմատիկական անճշտությունների ստուգման սարքի սխեմա։

(նկ․) Նկ. 2. Ձողտամնաչափիչ։

ցույց է արված նկ. 1-ում։ Առանցքի (2) վրա ամրացված պսւտճենանիվը (1), պարտվելով պողպատե ժապավենի (3) միջոցով, պտտում է նաև վռանը (4), որն իր վրա է կրում սանդղակով սկավառակը (5)։ Ստուգվող ատամնանիվը (6) ամրացվում է առանցքի (8) վրա տեղակայված վռանին (7)։ Վերջինի վրա ամրացվում է նաև շփական սկավառակը (9), որն իր հետ կառչող մյուս սկավառակի (10), վոանների (11, 13) ու ժապավենի (12) միջոցով ստուգվող ատամնանիվի շարժումը հաղորդում է ցուցչին (14)։ Գլանային ատամնանիվների ատամների պրոֆիլների անճշտությունները ստուգում են պրոֆիլային ձևանմուշներով, էվոլվենտաչափերով և պրոյեկտորներով, որոնք հնարավորություն են տալիս իրական պրոֆիլր համեմատել էվոլվենտային տեսական պրոֆիլի հետ։ Տարածում գտած ատամնաչափիչ գործիքներից է ձողատամնաչափիչը (նկ. 2), որով չափում են ատամի հաստությունը ցանկացած շրջանագծի լարի և տրված բարձրության վրա։ Ատամների պրոֆիլների տեղաշարժը ստուգվում է հատուկ տանգենցիալ ատամնաչափիչ սարքերի միջոցով, որոնց չափող ծայրերը վերարտադրում են նոմինալ ելակետային պրոֆիլը։

Գրկ. Марков Н. Н., Выбор измерительных средств для контроля цилиндрических зубчатых колес, М., 1960; Тайц Б. А., Марков Н. Н., Нормы точности и контроля зубчатых колес, М.–Л., 1962. Կ. Սարգսյան

ԱՏԱՄՆԱՎՈՐ ՓՈԽԱՆՑՈՒՄ, ատամնանիվների միջոցով շարժումը փոխանցող մեխանիզմ։ Ծառայում է պտույտը մեկ լիսեռից մյուսին անկյունային արագությունների տված հարաբերությամբ փոխանցելու, ինչպես նաև պտտականը համընթաց շարժման (կամ հակառակը) փոխակերպելու համար, եթե կառչման մեջ մտնող տարրերից մեկը ատամնաձող է։ Հաջորդաբար կառչման մեջ մտնող զույգ ատամնանիվների թվին համապատասխան լինում են մեկ, երկու, երեք և ավելի աստիճանավոր Ա. փ–ներ։ Ա. փ–ներում ատամնանիվների առանցքները լինում են զուգահեռ (գլանային ատամնանիվներով Ա. փ.), հատվող (կոնական ատամնանիվներով Ա. փ.) և խաչվող (պտուտակային և հիպոիդային ատամնանիվներով Ա. փ.)։ Ի տարբերություն սովորական Ա. փ–ների, որոնցում ատամնանիվների պտտման առանցքներն անշարժ են, ավելի բարդ Ա. փ–ներում, ինչպես, օր., դիֆերենցիալներում և պլանետար փոխանցումներում, որոշ ատամնանիվներ կատարում են կրկնակի շարժում՝ պտտվում են իրենց և, միաժամանակ, գլխավոր փոխանցման անվի առանցքի շուրջը։ Ա. փ–ներն ունեն մի շարք առավելություններ՝ կոմպակտ են, փոխանցում են մեծ հզորություններ, ունեն բարձր օ. գ. գ., երկարակյաց են, աշխատանքում հուսալի ևն։ Տես նաև Հիպոիդային փոխանցում, Որդնակային փոխանցում։ Մ. Էդիլյան


ԱՏԱՄՆԵՐ, բերանի խոռոչում տեղադրված հատուկ ոսկրային օրգաններ, ողնաշարավորների մեծամասնության մոտ կերը վերցնելու, պահելու և մեխանիկական մշակման ենթարկելու, իսկ որոշ կենդանիների մոտ նաև պաշտպանվելու համար։ Ատամը կազմված է պսակից, վզիկից և արմատից։ Ա–ի հիմնական մասը ոսկրանման հյուսվածք դենտինն է՝ կազմված անօրգանական աղերի հետ կապված օրգանական նյութերից։ Նրա կառուցվածքի կարևոր էլեմենտները կոլագենային թելիկներն են և միջթելային ամորֆ նյութը։ Ատամի պսակի շրջանում դենտինը ծածկված է էմալով, որը ֆոսֆորաթթվական և ածխաթթվական կրային աղերով հարուստ, պինդ էպիթելային հյուսվածք է, իսկ ատամի վզիկի և արմատի շրջանում՝ կոպիտ թելավոր և թիթեղաձև հիմնական նյութից կազմված ցեմենտով։ Ա. ունեն խոռոչ, որը, սկսվելով պսակից, աստիճանաբար նեղանում, դառնում է խողովակ և վերջանում արմատի ծայրի անցքով։ Խոռոչում տեղավորված նյարդերով, արյան անոթներով, ատամնային բջիջներով հարուստ շարակցական հյուսվածքը կազմում է ատամի կակղենին (պուլպա), որն ապահովում է նրա սնուցումը և աճը։ Ա. տեղակայված են ծնոտների ատամնաբնային փոսերում։ Ըստ ֆունկցիայի և ձևի Ա. լինում են՝ կտրիչներ, ժանիքներ, փոքր ե մեծ աղորիքներ (սեղանատամներ)։ Լավ զարգացած են կրծողների կտրիչները, գիշատիչների ժանիքները, որոճողների աղորիքները։ Մարդկանց Ա. զարգացած են հավասարաչափ։ Զարգացումն սկսվում է սաղմնային կյանքի 6–7-րդ շաբաթում։ Ա–ի դենտինը, ցեմենտը, կակղենին և ատամը ֆիքսող օրգանները առաջանում են մեզենքիմից, իսկ էմալը՝ լնդերը ծածկող լորձաթաղանթի էպիթելից։ Մարդկանց ատամները ծլում են 2 անգամ (ձկների, սողունների, երկկենցաղների Ա.՝ բազմաթիվ անգամ, կետինը՝ մեկ անգամ)։ Կյանքի 6–7-րդ ամսում ծլում են կաթնատամները (նախ 2 կտրիչները, ապա առաջին աղորիքները, ժանիքը և երկրորդ աղորիքները), 2,5 տարեկան երեխան ունենում է 20 ատամ, որոնք 6–14 տարեկան հասակում փոխարինվում են մնայուն Ա–ով։ Մարդը 14 տարեկան հասակում արդեն ունենում է 28 մնայուն Ա., 17–25 տարեկանում (երբեմն ավելի ուշ) ծլում են վերջին 3-րդ մեծ աղորիքները, դրանք կոչվում են իմաստության Ա.։ Չափահաս մարդն ունի 32 ատամ, յուրաքանչյուր ծնոտի կեսի վրա ութական՝ 2 կտրիչ, 1 ժանիք, 2 փոքր և 3 մեծ աղորիքներ։ Ա. տարբեր ձևի են լինում։ Կտրիչները նման են ուրագի, ժանիքները կոնաձև են, աղորիքները՝ գլանաձև, 2–5 թմբանի։ Կտրիչները, ժանիքները և փոքր աղորիքները ունեն մեկական, ստորին ծնոտի մեծ աղորիքները՝ երկուական, վերին ծնոտի աղորիքները՝ երեքական արմատ։ Հ. Հակոբյան

(նկ․) Ատամ. 1. Ատամի պսակ։ 2. Ատամի վզիկ։ 3. Ատամի արմատ։ 4. Ատամնածայր։ 5. Էմալ (արծնապսակ)։ 6. Գենտին (ատամնանյութ)։ 7. Ցեմենտ։ 8. Ատամնախոռոչ։ 9. Ատամնաբանի խողովակ։ 10. Ատամնածայրի անցք։


ԱՏԱՄՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ատամների հյուսվածքներում զարգացող ախտաբանական պրոցեսներ։ Տարբերում են ատամը ծածկող հյուսվածքի՝ էմալի, նրա հիմնական հյուսվածքի՝ դենտինի, ինչպես նաև կակղենու և շրջոսկրի հիվանդություններ։ Ա. հ. հիմնականում կապված են ոսկրափուտի հետ, որն ատամի կարծր հյուսվածքի ամենահաճախ հանդիպող հիվանդությունն է։ Ատամի ոսկրափուտը չբուժելու դեպքում առաջանում է խոռոչ, որտեղից վարակը թափանցում է ատամի կակղենին և բորբոքում այն (տես Պուլպիտ). տեղի է ունենում կակղենու թարախային քայքայում։ Հետագայում մանրէները ատամնածայրի անցքով թափանցում են ատամի շրջոսկրի մեջ և առաջացնում վերջինիս բորբոքում՝ պերիօդոնտիտ (սուր և քրոնիկական)։ Պերիօդոնտիտի դեպքում ատամի արմատի շուրջն առաջանում է բորբոքման կայուն օջախ, որը տալիս է մի շարք բարդություներ (լնդերի, դեմքի խուղակներ, ծնոտի բուշտ, ծնոտոսկրի բորբոքում, պարօդոնտոզ)։