Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/654

Այս էջը սրբագրված է

Հաճախ հանդիպում է նաև ատամի քարը, որը գոյանում է թքի մեջ եղած ֆոսֆորաթթվային և ածխաթթվային կալցիումից, զանազան օրգանական նյութերից (լորձ, ուտելիքի մնացորդներ, մանրէներ)։ Ա. հ. առաջացնում են մարսողության խանգարումներ, ստամոքս–աղիքային հիվանդություններ։

Գրկ. Бажанов Н.Н., Боль и ление зубов, М., 1968. Գ․ Եղիյան

ԱՏԱՄՆԵՐԻ ՊՐՈԹԵԶ, տես Պրոթեզ հոդվածում։


ԱՏԱՎԻԶՄ (լատ. atavus — հեռավոր նախնի), տես Առհավություն։


ԱՏԵԼ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում, Սղերդի գավառում։ 1909-ին ուներ 50 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղը տեղական ճանապարհով կապված էր Սղերդ քաղաքի հետ։ Ուներ եկեղեցի և նախակրթական վարժարան։ Ա–ի բնակիչների մի մասը զոհ է գնացել Մեծ եղեռնին, մյուս մասը գաղթել է Միջագետք և Սիրիա։


ԱՏԵԼԵԿՏԱԶ (<հուն. άτελίς – ոչ լրիվ + ἕκτασις – ձգում), ամբողջ թոքի կամ նրա մի հատվածի ախտաբանական վիճակ, երբ թոքաբշտերից օդի դուրս գալու հետևանքով նրա պատերը կուչ են գալիս։ Ա. լինում է բնածին՝ մեռած ծնված կամ մակերեսորեն շնչող անկենսունակ նորածինների մոտ, և ձեռքբերովի, որն առաջ է գալիս թոքի հյուսվածքի վրա արտաքինից կատարվող ճնշումից (թոքամզի խոռոչում կուտակված հեղուկի կամ խոշոր ուռուցքների դեպքում), բրոնխների լուսանցքը օտար մարմնով, արյան մակարդուկով, ուռուցքով խցանվելու պնևմաթորաքսի հետևանքով։ Բուժումը՝ Ա. առաջացնող հիմնական պատճառի վերացում։


ԱՏԵԼԼԱՆԱՆ <լատ. atellana>, ժողովրդական հանպատրաստից ներկայացման տեսակ Հին Հռոմում, մ.թ.ա. III դարում։ Այդպես է կոչվել Նեապոլի մոտ գտնվող Ատելլա քաղաքի անունով։ Ա–ի գործող անձինք էին մշտական տիպ–դիմակներ Բուկկոնը, Դոսսենը, Մաքը, Պապպը և ուրիշներ։ Մ.թ.ա. I դ. բանաստեղծ-դրամատուրգներ Նովիուսը և Լուցիուս Պոմպոնիուսը Ա. ժողովրդական ֆարսից վերածեցին գրական ստեղծագործության՝ որոշակի սյուժեով պիեսի (պահպանվել են պատառիկներ)։ Որոշ քննադատական ուղղվածության պատճառով Ա–ի ներկայացումները կայսրության շրջանում հետապնդվում Էին։


ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ (լատ. attestatio – վկայություն), աշխատողի կամ սովորողի որակավորման որոշում, կարծիք նրա գիտելիքների մակարդակի, ընդունակությունների, գործիմացության և այլ հատկանիշների մասին։ Սովետական հիմնարկ–ձեռնարկություններում, գերատեսչություններում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում Ա. տարակարգ կոչում, աստիճան տալու հիմք է։


ԱՏԵՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում, Թիմարի գավառում։ 1909-ին ուներ 50 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Գյուղը տեղական ճանապարհով կապված էր Վան քաղաքի հետ։ Ա. ուներ եկեղեցի, որից ոչ հեռու պահպանվում էին հին գյուղի ավերակներն ու գերեզմանոցը։ Ա–ի բնակիչները մասնակցել են Վանի 1915-ի հերոսամարտերին։ Բնակիչների մի մասին հաջողվել է փրկվել կոտորածներից և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։


ԱՏԻՃԱՆՍ, Ատիճանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի, Մոկքի գավառում։ XX դ. սկզբներին ուներ 200 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ երկու քարաշեն եկեղեցի (Ս. Ստեփանոս, Ս. Հակոբ)։ Ա–ի բնակիչների մի մասը զոհվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, մյուս մասը գաղթել է Արևելյան Հայաստան։


ԱՏԼԱՆԹՐՈՊՈՍ (<Ատլաս – լեռնային երկիր Աֆրիկայի հս–արմ–ում + հուն. ανθρωπος – մարդ), պեղածո մարդ։ 1954–55-ին Թերնիֆինում (Ալժիր), հնագիտական պեղումներ կատարելիս հայտնաբերվել են գանգոսկրի կտորներ և երեք ծնոտ, շելյան և վաղ աշելյան գործիքների հետ միասին։ Դա հնագույն մարդու ոսկրային մնացորդների առաջին հայտնաբերումն է (շելյան ձեռքի հատիչների և հին փղի, թրաժանիք վագրի, գետաձիու և այլ կենդանիների ոսկորների հետ միասին)։ Դատելով ոսկրային մնացորդներից՝ Ա. շատ է հիշեցնում պիտեկանթրոպին և սինանթրոպին։ Ա. ապրել է մոտավորապես 360 հզ. տարի առաջ։

Գրկ. Якимов В.П., «Атлантрон»—новый представитель древнейниx гоминид, «Советская этнография», 1956, № 3.


ԱՏԼԱՆՏ [հին հուն, դիցաբանության հերոս ԱՏլաս (հուն. Άτλας)տիտանի անունով, որն աստվածների դեմ տիտանների կռվին մասնակցելու համար, որպես պատիժ, Զևսի հրամանով իր ուսերին պահում էր երկնակամարը], ճարտարապետության մեջ՝ տղամարդու արձան, որ տեղադրվում է օրդերի սյան կամ որմնասյան փոխարեն, պահում է շինության ծածկը, պատշգամբը ևն։ Կիրառվել է անտիկ շրջանում (Զևսի տաճարը Ակրագասում՝ Ակրագանտ, այժմ Ագրիջենտո, Իտալիա, V դ. մ.թ.ա.) և XVII դարից մինչև XX դ. սկզբի ճարտարապետության մեջ (Թուլոնի ռատուշայի Ա–ները, Ֆրանսիա, 1656–57, քանդակագործ Պ. Պյուժե։ Լենինգրադի Նոր Էրմիտաժի սյունասրահի Ա–ները, 1844–49, քանդակագործ Ա. Ի. Տերեբենյով)։ Գառնիի հեթանոսական տաճարի (I դ.) հյուսիսային ճակատի աստիճանների երկու կողմում կան Ա. պատկերող բարձրաքանդակներ։


ԱՏԼԱՆՏԱ (Atlanta), քաղաք ԱՄՆ–ում, Ջորջիա նահանգի վարչական կենտրոնը։ 487,6 հզ. բն. (1970)։ Տրասնպորտային հանգույց է և առևտրա–ֆինանսական ու արդյունաբերական կենտրոն։ Ա–ում կան ավիացիոն, ավտոմոբիլային, էլեկտրատեխնիկական, քիմիական, մետաղամշակման, սննդի և թեթև արդյունաբերության ձեռնարկություններ։ Ա. հիմնադրվել Է XIXդ. առաջին կեսին։


ԱՏԼԱՆՏԻԴԱ (հուն. Atlantis ), ըստ հին հունական ավանդության, մեծ կղզի Ատլանտյան օվկիանոսում, բնակեցված քաղաքակիրթ ցեղով՝ ատլանտներով։ Ատլանտներն իբր զավթողական պատերազմներ էին մղում Եվրոպայում ու Աֆրիկայում, և միայն աթենացիներն էին, որ կարողացան նրանց դեմն առնել։ Ա–ի մասին միակ տեղեկությունը մեզ հասել է Պլատոնից։ Ըստ նրա, Ա. գտնվել է Ջիբրալթարից արմ. և անհայտացել է 10–12 հզ. տարի առաջ, երկրաշարժի հետևանքով։ Բազմաթիվ անգամ փորձեր են արվել երկրաբանական և պատմական փաստերի հիման վրա մեկնաբանել Ա–ի վերաբերյալ եղած ավանդությունը, առաջ են քաշվել զանազան ենթադրություններ, սակայն դրանցից և ոչ մեկը դեռևս չի հիմնավորվել գիտականորեն։


ԱՏԼԱՆՏՅԱՆ ՇԵՄՔ, բարձրություն Ատլանտյան օվկիանոսի հատակում, ձգվում է Գրենլանդիայի, Իսլանդիայի, Ֆարերյան և Շետլանդական կղզիների միջև։ Օվկիանոսի խորությունը Ա. շ–ի վրա չի անցնում 600 մ–ից։ Շեմքը խոչընդոտում է խորքային ջրերի փոխանակությանը Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների միջև։ 700–800 մ խորության վրա շեմքի հվ. լանջին ջրի ջերմաստիճանը 3°C–ից 5°C է, հս. լանջին՝ 0°C–ից ցածր։


ԱՏԼԱՆՏՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ (լատ. Atlanticum), երկրորդ օվկիանոսը իր մեծությամբ։ Գտնվում է արլ–ից Եվրոպայի ու Աֆրիկայի, արմ–ից Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, հս–ից Գրենլանդիայի

(նկ․) Լենինգրադի պետական էրմիտաժի սյունասրահի ատլանտները։ Գրանիտ։ 1844–49։ Քանդակագործ Ա. Ի. Տերեբենյով։