Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/663

Այս էջը սրբագրված է

իշխանության համար։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1967)։ Մահացել է հունվ. 8-ին, Երևանում։

Երկ. Երկ., Թ., 1947։ Հողի ձայնը, Ե., 1959։ Պատմվածքներ, Ե., 1969։

Գրկ. Մխիթարյան Ա., Վրաստանի սովետահայ գրականությունը, Ե., 1966, էջ 213-17։

ԱՏՐՆԵՐՍԵՍ ՈՐԴԻ ՍԱՀԼԻ, Առանշահիկ տոհմի իշխաններից, Սահլ Սմբատյանի որդին։ 821-ին ամուսնացել է Միհրանյաների վերջին ներկայացուցիչ Սպարամի հետ։ Ա. ո. Ա. իշխել է վերին Խաչենում։ Նստավայրն էր իր կառուցած Հանդաբերդ ամրոցը Ծար գավառում։ Մասնակցել է IX դ. կեսերի հակաարաբական շարժումներին և 854-ին հոր՝ Սահլի, եղբոր՝ Հովհաննես–Մուավիայի և հայ այլ իշխանների հետ Բուղա զորապետի կողմից աքսորվել խալիֆայի նստավայրը՝ Սամառա։ Ա–ի բացակայության ժամանակ իշխանությունը վարել է Սպարամը, որը օժանդակել է մշակույթի զարգացմանը Ծարում ու Գեղարքունիքում, իսկ Սոդքում կառուցել Նորավանքը։ Աքսորից դառնալով հայրենիք՝ Ա. ամրացրել է Հանդաբերդը, իսկ Վայկունիքը (Ծարը) դարձրել աթոռանիստ։ Մահացել է 870–ական թթ.։

Գրկ. Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969։ Արաբացի մատենագրեր Հայաստանի մասին, Վնն., հավաքեց և թրգմ. Բ. Խալաթյան, 1919։ Բ. Ուլուբաբյան


ԱՏՐՈՊԱՏԵՍ (ծն. և մահ. թթ. անհտ.), Աքեմենյանների սատրապը Փոքր Մարաստանում, մ. թ. ա. IV դարում։ Գավգամելայի ճակատամարտում (մ. թ. ա. 331) Ա. գլխավորում էր մարական զորքը։ Դարեհ III Կոդոմանոսի պարտությունից հետո Ա. մ. թ. ա. 328-ին, դստերը կնության տալով Պերդիկաս զորավարին, մերձեցավ մակեդոնական իշխողներին և պահպանեց Փոքր Մարաստանի ինքնավարությունը։ Պերդիկասի դավադրական սպանությունից (մ. թ. ա. 321) հետո Ա., օգտվելով դիադոքոսների մեջ ծագած պատերազմական իրադրությունից և հենվելով իր ռազմական ուժերի (10 հզ. հեծյալ, 40 հզ. հետևակ) վրա, Փոքր Մարաստանը հռչակեց անկախ թագավորություն։ Փոքր Մարաստանն այնուհետև Ա–ի անունով հունական աղբյուրներում կոչվում էր «Ատրոպատենե», «Ատրոպատյան Մեդիա», հայկականում՝ «Ատրպատական»։

Գրկ. Дьяконов И. М., История Мидии, М.–Л., 1956; Очерки истории СССР, под ред. П. Н. Третьякова и А. Л. Монгайта, М., 1956.


ԱՏՐՈՊԻՆ, ալկալոիդ, որ պարունակում են մորմազգիների ընտանիքի բույսերը (մահամորմ, արջընկույզ, բանգի ևն)։ Բժշկության մեջ օգտագործվում են ծծմբաթթվային Ա–ի ջրային լուծույթները, որոնք նվազեցնում են թքագեղձերի, քրտնագեղձերի արտազատումը, հաճախացնում սրտի զարկերը, թուլացնում հարթ մկանների (բրոնխներ, աղիքներ) լարվածությունը, լայնացնում աչքի բիբերը։ Ա. կիրառվում է սրտամկանի ինֆարկտի, կրծքային և բրոնխային հեղձուկների, լեղաքարային հիվանդության, ստամոքսի խոցերի, աղիքների և միզուկի սպազմի, մորֆինից, ացետիլխոլինից և կարբոխոլինից առաջացած թունավորումների, ինչպես նաև աչքի հետազոտությունների ժամանակ։ Ա–ով թունավորվելիս առաջանում է գրգռվածություն, բիբերի լայնացում, պուլսի հաճախացում։ Առաջին օգնությունը՝ ստամոքսի լվացում։ Վ. Հակոբյան


ԱՏՐՊԱՏԱԿԱՆ, Ատրպայական, Փոքր Մարաստան (հուն. Ատրոպատենե, Ատրոպատյան Մեդիա, պահլ. Աթուրպատական, պարսկ. Ադերբեգան, Ադրեբադագան, ասոր. Ադարբիգան, արաբ. Ադրաբիջան, Ադարբայջան, Ազրիբեջան, ադրբ. Ազրբայջան), հնագույն երկիր։ Մ. թ. ա. VII–VI դդ. Մարաստանի հյուսիսային երկրամասն էր, VI–IV դդ. Աքեմենյան Իրանի Փոքր Մարաստան սատրապությունը։ Տարածվում էր Կապոտան (Ուրմիո) լճի և Կասպից ծովի միջև՝ հարավից սահմանակցելով Մեծ Մարաստանին, արևմուտքից և հյուսիսից՝ Մեծ Հայքի Նոր Շիրական (Պարսկահայք), Վասպուրական և Փայտակարան նահանգներին։ Մ. թ. ա. 321-ին անկախացավ և հարստության հիմնադիր թագավոր Ատրոպատեսի անունով կոչվեց նաև Ա.։ Հին Ա–ում գերիշխող էին մեդական ցեղերը կամ մարերը։ Հենվելով սեփական ռազմական ուժերի վրա՝ Ա–ի թագավորները եռանդուն արտաքին քաղաքականություն էին վարում։ Հույն պատմիչ Պոլիբիոսի վկայությամբ, Ա–ի զորեղ թագավոր Արտաբազանեսը (մ. թ. ա. III դ.) փորձում էր հափշտակել Հայաստանի հվ–արլ. հողերը, բայց Սելևկյան Անտիոքոս III թագավորի պատժիչ արշավանքը ձախողեց այդ փորձերը։ Մ. թ. ա. 80-ական թթ. Ա–ի թագավոր Միհրդատն ընդունեց Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծի գերիշխանությունը՝ պարտավորվելով նրան տրամադրել իր ռազմական ուժերը և վճարել հարկեր։ Պայմանագիրն ամրապնդվեց Տիգրան Բ–ի դստեր և Միհրդատի ամուսնությամբ։ Հայ–հռոմեական պատերազմներում (մ. թ. ա. 69–66) Ա–ի զորքերը Միհրդատ թագավորի առաջնորդությամբ հավատարմորեն կռվում էին Տիգրան Բ–ի բանակում։ Արտաշատի պայմանագրից (մ. թ. ա. 66) հետո Ա. ընդունեց Հռոմի, իսկ մ. թ. ա. I դ. 2-րդ կեսից՝ հզորացող Պարթևաստանի գերիշխանությունը։ Հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսը մ. թ. ա. 36-ին Պարթևաստանի դեմ արշավեց Ա–ի վրայով։ Ա–ի թագավոր Արտավազդը, ամրանալով Փրաասպա քաղաքում, դիմադրեց ներխուժողներին։ Ա–ին օգնության հասած պարթևական 50-հազարանոց այրուձին պարտության մատնեց հռոմեական զորքերին և մնացորդներին դուրս քշեց երկրից։ Սակայն Ա–ի թագավորը, ըստ հռոմեական պատմիչ Դիոն Կասիոսի, դժգոհելով պատերազմական ավարի բաժանումից, մ. թ. ա. 35-ից գործակցեց Անտոնիոսի հետ։ Նա հույս ուներ հռոմեացիների օգնությամբ ընդարձակել իր տիրապետությունը Հայաստանի և Պարթևաստանի հաշվին։ Մ. թ. ա. 33-ին Անտոնիոսի և Արտավազդ Մեդացու «բարեկամությունն» ամրապնդվեց նրանց տեսակցությամբ և Հայոց գերված թագավոր Արտավազդ Բ–ի գլխատմամբ։ Արտավազդ Բ–ի որդի Արտաշես Բ մ. թ. ա. 30-ական թթ. վերջին հռոմեացիներից ազատագրեց Հայաստանը և, ջախջախելով նրանց կամակատար Արտավազդ Մեդացուն, գրավեց Ա.։ խույս տալով Արտաշես Բ–ի վրեժից՝ Արտավազդ Մեդացին ապաստանեց Հռոմի Օկտավիանոս զորավարի մոտ, որից մ. թ. ա. 29-ին ստացավ Փոքր Հայքի իշխանությունը։ Արտաշես Բ–ին դավադրաբար ոչնչացնելով՝ Հռոմը մ. թ. ա. 20-ին Ա. անջատեց Հայաստանից և նրա գահը տվեց Արտավազդ Մեդացու որդի Արիոբարզանին (իշխել է մինչև մ. թ. 4), որին հաջորդեց որդին՝ Արտավազդը (իշխել է մինչև մ. թ. 6)։ Մայրական գծով որպես Արտաշեսյանների շառավիղ, սրանք փորձեցին տիրել նաև հայկական թափուր գահը, սակայն սպանվեցին հայ իշխանների կողմից՝ իբրև Հռոմի դրածոներ։ Դրանով Ա–ում վերջ դրվեց Ատրոպատեսի թագավորական հարստությանը։ Մ. թ. 6-ին Ա–ի թագավոր դարձավ Արտավանը (մայրական գծով Արշակունի), որը մ. թ. 12-ին տապալեց Պարթևաստանի հռոմեասեր թագավոր Վոնոնին և գրավեց նրա գահը։ Այնուհետև Ա. դարձավ Արշակունիների Ա–ի ճյուղի ժառանգական սեփականությունը։ I դ. կեսին Ա–ի թագավոր է հիշատակվում Վոնոնը, որը 51-ին դարձավ նաև Պարթևաց թագավոր։ Վոնոնը նույն թվականին մահացավ՝ Ա–ի գահը թողնելով Բակուր, պարթևականը՝ Վաղարշ I որդիներին։ Վոնոնի մյուս որդին՝ հայկական գահի թեկնածու Տրդատ Ա, հենակետ դարձնելով Ա., 50–60-ական թթ. Հայաստանը մաքրեց հռոմեացիներից և նրանց դրածոներից։ Հայ Արշակունիների ժամանակ զանազանվում էր «Հայոց Ատրպատականը» (կոչվել է նաև «Մարաց գավառ»)։ Հայաստանի այս գավառը Տրդատ Ա–ի կալվածքն էր, որը, նրա թագավոր հռչակվելուց հետո, մնաց իբրև «տուն ձեռական իշխանության թագավորին Հայոց» (Փավստոս Բուզանդ)։ Դիոն Կասիոսը և Հերոդիանոսը վկայում են, որ պարթև Արշակունիների անկումից (224) հետո Հայաստանն ու Ա. երկար տարիներ համատեղ ուժերով պայքարում էին Սասանյան Արտաշիր I թագավորի դեմ։ 252-ին Ա. վերջնականապես նվաճվեց և վերածվեց մարզպանության՝ Սասանյաններին ենթակա շահապի կամ սատրապի գլխավորությամբ։ Այնուհետև Ա. դարձավ Սասանյան պետության հենակետը՝ ընդդեմ Հայաստանի, Աղվանքի և Վրաց աշխարհի։ Հայաստանի՝ 387-ի բաժանումից հետո Պարսկահայք նահանգը Հեր, Զարևանդ գավառներով, որոնք ունեին ռազմավարական կարևոր դիրք, Սասանյաններն անջատեցին Մեծ Հայքից և կցեցին Ա–ին։ Պարսկական զորքերը սովորաբար Պարսկահայքով էին ներխուժում Հայաստան։ Սասանյան Խոսրով I Անուշիրվան թագավորի (իշխել է 531–578) կատարած վարչական նոր բաժանումով Ա. դարձավ պարսկական պետության չորս քուստակություններից մեկը, որը հայտնի է «Քուստակ–ի Ատրպատական» անունով։ Այն կառավարում էր ռազմական և վարչական լիազորություններ ունեցող «պատգոսպանը», որի նստավայրն էր Գանձակ քաղաքը։ Սրա իշխանությանն էին ենթարկվում Հա–