Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/664

Այս էջը սրբագրված է

յոց, Վրաց և Աղվանից մարզպանությունները։

639–643-ին արաբները նվաճեցին Ա. և դարձրին խալիֆայության առանձին նահանգ՝ նրան պարտավորեցնելով տարեկան 800 հզ. արծաթ դրամ հարկ վճարել։ Հետևելով Սասանյան Իրանի վարչակարգին՝ խալիֆայությունն Արմինիային (Հայաստանին, Վրաց աշխարհին և Աղվանքին) հսկելու պարտականությունը դրեց Ա–ի արաբ կառավարչի վրա, որը նստում էր Մարաղա քաղաքում։ Ա–ի տեղաբնիկ իրանական ցեղերը, որոնց թիվը, ըստ արաբ աշխարհագիր Մակդիսիի, հասնում էր 70-ի, ունենալով զարգացման ցածր մակարդակ, հեշտությամբ ընդունելով նվաճողների կրոնը, կենցաղը, բարքերը, ենթարկվեցին արաբացման։ Թավրիզի, Մարանդի, Ուրմիո լճի շրջաններում և այլուր զանգվածաբար հաստատված արաբ գաղթականները VIII–IX դդ. Ա–ում հիմնեցին ամիրայություններ։ Հայաստանից նախկինում խլված գավառները՝ Նոր Շիրականը, Հերը, Զարևանդը, Պարսպատունիքը ևն մնացին Ա–ի կազմում նաև արաբական տիրապետության ժամանակ, թեպետ դրանք թեք տնտեսապես, թե՛ մշակույթով, թե՛ կրոնով սերտորեն կապված էին Հայաստանի, մասնավորապես՝ Վասպուրականի նահանգի հետ։ X դ. սկզբին Մերձուրմյան Զարեհավան, Տամբեր, Այլի, Թրաբի գավառներն անցան Վասպուրականի Արծրունիների իշխանությանը, իսկ Հեր–Զարևանդ կամ Ռոտկաց գավառի արաբ տիրակալները վասալական կախման մեջ էին Արծրունիներից։ Նվաճողների հարկային ծանր քաղաքականությունը, ֆեոդալական շահագործման ուժեղացումը IX դ. սկզբին առաջ բերեցին հակաարաբական հուժկու ապստամբական շարժում (տես Խուրամյան շարժում), որն ընդգրկեց նաև Ա.՝ թուլացնելով այնտեղ խալիֆայության տիրապետությունը։ IX դ․ 2-րդ կեսին հիմնվեց Սաջյանների անկախ ամիրայությունը, որը ձգտում էր վասալական կախման մեջ դնել հայ Բագրատունիներին։ Հայոց թագավոր Սմբատ Ա հակահարված տվեց Մուհամմեդ Ավշին ամիրային (իշխել է 890–901) և պահպանեց երկրի անկախությունը։ Ավշինին հաջորդած Յուսուֆը, օգտվելով Սմբատ Ա Բագրատունու և Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու միջև ծագած հողային վեճերից, 914-ին գերեց և սպանեց Սմբատ Ա–ին։ 919-ին Աբբասյանները գերեցին Յուսուֆին և Ա–ի ամիրա կարգվեց Սբուքը (իշխել է 919–923), որն աշխատում էր բարեկամական հարաբերություններ հաստատել Հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի հետ։ 922-ին նա խալիֆա Մուքթադիրի անունից Աշոտ Բ Երկաթին շնորհեց «շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը՝ ճանաչելով նրա տերունական իրավասությունը Վրաստանի և Աղվանքի վրա։ Սակայն խալիֆայությունը, անհանգստացած Հայաստանի հզորացումից, 923-ին կրկին Յուսուֆին Ա–ի ամիրա կարգեց՝ նրան հրահրելով հայերի դեմ։ 940-ական թթ. Ա–ին տիրեցին Սալարյանները կամ Մուսաֆիրները՝ նստաքաղաք դարձնելով Արտավետը (Արդաբիլը)։ Մարզուբան ամիրան (իշխել է 941–957) հյուսիսում իր տիրապետությունը հասցրեց մինչև Ուտիք և Շիրվան։ Սակայն Հայոց շահնշահ Աշոտ Գ Ողորմածին հաջողվեց Սալարյաններին դուրս մղել Կուր և Երասխ գետերի հովիտներից։ Ա–ին այնուհետև տիրեցին Ռավվադյանները (983–1054)՝ կենտրոն ընտրելով Թավրիզը։

XI դ., սելջուկ–թուրքերի նվաճումների ժամանակ, օղուզա–թուրքմենական ցեղերը Միջին Ասիայից ներթափանցեցին Ա.։ XII դ. վերջի և XIII դ. սկզբի արաբ պատմիչներ Նեսևին, Յակուտ Համավին և ուրիշներ վկայում են, որ Մելիքշահ սուլթանի ժամանակ (1072–92) սելջուկ–թուրքերը «մորեխի նման սփռվեցին» Ա–ում և Առանի հյուսիս–արևելյան մասում։ Մելիքշահը Ա., Առանը և Հայաստանի արևելյան մի քանի շրջաններ մեկ վարչական միավոր դարձրեց՝ Գանձակ կենտրոնով, նրան կառավարիչ կարգելով իր աներորդի Իսմայիլ իբն Ակութին, որին հաջորդեց որդին՝ Իսմայիլը։ Վերջինս սպանվեց կենտրոնական իշխանության դեմ մղած կռիվներում։ 1095-ին Ա–ի կառավարիչ դարձավ Մուհամմեդը, որը 1104 կամ 1105-ին իր եղբայր Բարկիարուքի մահից հետո սուլթան հռչակվեց (իշխել է մինչև 1118)։ Օգտվելով սելջուկյան սուլթանության քայքայումից՝ 1136-ին Ա–ի իշխանությունը զավթեց նախկինում ստրուկ Շամսադդին Ելտկուզը՝ ստեղծելով աթաբեկություն։ Նա ասպատակեց Այրարատը, Արցախը, Սյունիքը, ոչնչացրեց Կապանի կամ Բաղաց թագավորությունր՝ ավարի մատնելով Տաթևի ավելի քան 10 հզ. ձեռագիր։ Ելտկուզի որդու և հաջորդի՝ Մուհամմեդ Ջահան Փահլևանի օրոք (1172–86) Ա–ի իշխողների տիրապետությունը տարածվում էր Իսպահանից մինչև Շիրվան։ Մայրաքաղաք դարձնելով Համադանը՝ նա Ա–ի կառավարումը հանձնեց կրտսեր եղբորը՝ Խըզլ Արսլանին (իշխել է 1174-91)։ 1225-ին Ա. գրավեց Իտրեզմշսւհ Ջալալ Էդ–Դինը՝ վերջ տալով Ելտկուզյան աթաբեկությանը։ 1231-ին Ա–ին տիրեցին մոնղոլ–թաթարները։ 1260-ական թթ. իլխան Հուլաուն հիմնավորվեց Ա–ում՝ նստաքաղաք ընտրելով նախ Մարաղան, ապա՝ Թավրիզը։ Հուլավյան իլխանության անկումից հետո, XIV դ. առաջին կեսից Ա–ին տիրեցին մոնղոլական երկու ֆեոդալական տոհմեր՝ նախ Չոբանյանները, ապա՝ Զելայիրյանները։ Լենկթեմարի արշավանքներից հետո, XV դ. Ա. ընկավ թուրքական նոր ցեղային միությունների՝ սկզբում Կարա–Կոյունլուների, հետո՝ Ակ–կոյանլուների տիրապետության տակ։ Վաչկատուն ցեղերի անընդհատ տեղաշարժերը, հանուն կողոպուտի մղվող արյունալի պատերազմներն Ա–ի տնտեսությունը հասցրին ծայրահեղ քայքայման։ XV դ. երկրորդ կեսին Ա–ում ուժեղացավ Արդաբիլի թուրքական տիրակալների՝ Սեֆևյանների ֆեոդալական տան ազդեցությունը։ Արդաբիլում նստող Սեֆևյան շեյխերը, հափշտակելով հսկայական հարստություն և վակֆային հողեր, իրենց ձեռքում կենտրոնացրին Ա–ի հոգևոր և աշխարհիկ իշխանությունը։ Հեյդար շեյխը (իշխել է 1456–88) թուրքական մի քանի ցեղերից ստեղծեց մեծաթիվ զորք (զինվորները 12 շիա սրբերի՝ իմամների պատվին կրում էին 12 կարմիր շերտերով չալմա և կոչվում կզլբաշներ), ընդարձակեց իր տիրակալությունը։ Հեյդարի որդի Իսմայիլը մինչև 1501 նվաճեց Նախճավանը, Արցախը, Շիրվանը և 1502-ին Թավրիզում հռչակվեց շահ (իշխել է մինչև 1524)։ Իսմայիլ I շահը մինչև 1510 նվաճեց Իրանի և Հայաստանի մեծ մասը՝ ջախջախելով Ուզբեկստանի Շեյբան խանին և Ակ–Կոյունլուներին։ 1514-ին օսմանյան թուրքերի սուլթան Սելիմ I, Սեֆևյաններին հայտարարելով մահմեդական կրոնի թշնամի և մահապատժի ենթարկելով իր տիրապետությունում ապրող մոտ 40 հզ. շիա մահմեդականների, «իսլամի պաշտպանության» դրոշով և 200 000-անոց բանակով խուժեց Ա.։ Չալդրանի (Ուրմիո լճի մոտ) ճակատամարտում շահ Իսմայիլ I պարտվեց և նահանջեց երկրի խորքը։ Սելիմ I չկարողացավ հաստատվել Ա–ում և նույն թվականին հեռացավ այնտեղից։ Ա–ի համար պատերազմները, որոնցից տուժում էին հատկապես Հայաստանն ու հայ բնակչությունը, ընդհատումներով շարունակվեցին մինչև 1639-ը։ Մինչև Աբբաս I շահը (իշխել է 1587–1629) Սեֆևյան պետության քաղաքական հենարանն Ա. էր։ Երկիրը տնտեսական քայքայվածությունից դուրս բերելու և իշխանությունը կենտրոնացնելու նկատառումներով Աբբաս I կոդմնորոշվեց դեպի իրանացիներն ու հայերը։ Նա բանակը մաքրեց թուրքական տարրերից, ոչնչացրեց մի քանի անհնազանդ ցեղերի և Ա–ից հեռացավ Իրան՝ մայրաքաղաքը Ղազվինից 1597–98-ին տեղափոխելով Իսպահան։ Այնուհետև Ա. դարձավ ծայրամարզ։ Նադիր շահի սպանությունից (1747) և իրանական պետության քայքայումից հետո, մինչև XIX դ.կեսը, Ա–ում իշխում էին քրդական և թուրքական ցեղերը։ 1828-ի Թուրքմենչայի պայմանագրից հետո Ա–ի հայաբնակ Մակու, Սալմաստ, Խոյ, Ուրմիա, Ղարադաղ են գավառներից, ինչպես նաև Արղաբիլ, Թավրիզ և այլ քաղաքներից մոտ 8250 տուն հայ գաղթեց Ռուսաստանին անցած Արևելյան Հայաստան։ Այնուհետև քրդական և թուրքական ցեղերն անարգել յուրացրին հայալքված պատմական Պարսկահայքը, Պարսպատունիքը և Վասպուրականի արևելյան գավառները։ Թուլացավ նաև Ա–ի հայկական թեմը, որը փոխարինում էր հին Արտազի թեմին։ Թեմական առաջնորդարանը 1833-ից Մակվի Ս. Թադեոսի վանքից տեղափոխվեց համեմատաբար հայաշատ (մոտ 800 տուն) Թավրիզ քաղաքը։ XX դ. սկզբին Ա–ի թեմն ուներ 5954 տուն հայ, որոնք սփռված էին Թավրիզում և շրջակա գյուղերում՝ 948, Մարաղայում՝ 100, Արդաբիլում՝ 40, Ղարադաղի գավառում՝ 1199, Սալմաստի գավառում՝ 1916, Ուրմիա գավառում՝ 1000, Խոյ գավառում և Նախավկա վանքի գյուղում՝ 289, Մակվի գավառում՝ 180, Սուլդուզ և Միանդուաբ գավառներում՝ 282 տուն։ XIX դ. 2-րդ կեսին կենտրոնական իշխանությանը՝ Իրանի շահին, հաջողվում է Ա–ի քրդական և թուրքական ցեղերի անհնազանդությունները զսպել։ Երկրամասը հնազանդության մեջ պահելու նպատակով Նասրեդդին շահը (իշխել է 1848–96) պատժիչ զորք ուներ Ա–ում։ XIX դ. վերջին և XX դ.