Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/669

Այս էջը սրբագրված է

ԱՐԱԲԱԿԱՆ 669 չունի։ Շրջանառության մեջ են անգլ. ֆունտ ստեռլինգը և հնդ. ռուփին։

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Եգիպտոսի պետության անվանումը 1958-ի փետրվարի 1-ից մինչև 1971-ի սեպտեմբերի 11-ը։ Տես Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։

Քարտեզները տես 633 էջից առաջ և 664 էջից հետո՝ ներդիրներում։

ԱՐԱԲԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, միջնադարյան մշակույթ, որը ձևավորվել է Արաբական խալիֆայությունում VII–X դարերում, արաբների և նրանց կողմից նվաճված Մերձավոր և Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Հարավ–Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների մշակութային փոխազդեցության ընթացքում։ Գիտական գրականության մեջ «Ա. մ.» տերմինը գործածվում է ինչպես բուն արաբական ժողովուրդների, այնպես էլ խալիֆայության մեջ մտնող այլ ժողովուրդների միջնադարյան արաբալեզու մշակույթն արտահայտելու համար։ Վերջին իմաստով այն երբեմն պայմանականորեն նույնացվում է «մահմեդական մշակույթ» հասկացության հետ։ Ա. մ–ի ձևավորումը տեղի է ունեցել մահմեդականության երևան գալու (VI 1դ.) և խալիֆայության կազմավորման ժամանակաշրջանում։ Վաղ շրջանում Ա. մ–ի ձեվավորումը հիմնականում ընթացել է նվաճված ժողովուրդների մշակութային ժառանգությունը (հին հունական, հելլենիստական–հռոմեական, արամեական, իրանական են) գաղափարական ու սոցիալ–քաղաքական նոր պայմաններում յուրացնելու, վերագնահատելու և ստեղծագործաբար զարգացնելու ուղղությամբ։ Արաբներն իրենք Ա. մ–ին տվել են մահմեդական կրոնր (որի մեջ հետագայում ներթափանցեցին իրանական փիլիսոփայության տարրեր), արաբ․ լեզուն․ բեդվինական պոեզիայի ավանդույթները։ VII–VIII դդ. կեսերին Ա. մ–ի գլխավոր կենտրոններն էին Դամասկոսը՝ Ասորիքում, Մեքքան և Մեդինան՝ Արաբիայում, Բասրան՝ Իրաքում։ Աբբասյանների ժամանակ կենտրոնը դարձավ 762-ին հիմնադրված Բաղդադ քաղաքը։ Ա. մ. ծաղկման գագաթնակետին հասավ IX–X դդ.։ Նրա նվաճումները աշխարհագրական գիտելիքների, պատմագրության, փիլիսոփայության, մաթեմատիկայի, բժշկության և այլ բնագավառներում հարստացրին Արևելքի և Եվրոպայի շատ ժողովուրդների մշակույթը։ VIII–X դդ. Ա. մ–ի նշանակությունը համաշխարհային մշակույթի պատմության մեջ որոշվում էր նրա ստեղծողների կողմից՝ աշխարհի և մարդու գիտական, կրոնա-փիլիսոփայական, գեղարվեստական ճանաչման նոր միջոցների հայտնագործումով։ Խալիֆայության կազմալուծմամբ (X դ. կես) նրա լավագույն ավանդույթներն իրենց հետագա զարգացումն ապրեցին Եգիպտոսում և Ասորիքում։ Ֆաթիմյանների (X–XII դդ.) և Այուբյանների (XII – XIII դդ.) ժամանակ Բաղդադը իր առաջնությունը զիջեց Կահիրեին։ X–XV դդ. ծաղկեց նաև արաբա–իսպանական մշակույթը Իսպանիայում (Կորդովա, Սևիլիա, Գրենադա)։ XVI դ. արաբական երկրները վերածվեցին Օսմանյան կայսրության նահանգների և Ա. մ. անկում ապրեց մշակութային ցածր մակարդակի վրա գտնվող նվաճողների՝ թուրքերի իշխանության ներքո։ Նրա զարգացման նոր շրջանն սկսվում է XIX դ. 1-ին կեսից։ Ազգային–ազատագրական շարժման սկզբնավորման, արաբական ինքնուրույն պետությունների առաջացման պայմաններում ժամանակակից Ա. մ–ի ձևավորումը տեղի է ունենում արաբական յուրաքանչյուր երկրի շրջանակներում (տես առանձին արաբական երկրների վերաբերյալ հոդվածների համապատասխան բաժինները)։


Ճշգրիտ և բնական գիտություններ։ Սկզբում բնական գիտությունների զարգացման կենտրոնը խալիֆայությունում Ասորիքն էր (մասամբ հարավ-արևմտյան Իրանը)։ Այստեղ սկզբնավորվեցին անտիկ հեղինակների արաբերեն թարգմանություններն ու մեկնությունները, որոնց մի մասը փոխարինեց հետագայում անհետացած բնագրերին։ Օրինակ, Հերոնի «Մեխանիկա»–ն, Արքիմեդի շատ տրակտատներ են հասել են մեզ միայն արաբերեն թարգմանությամբ։ Արաբների միջոցով Եվրոպա մուտք գործեցին տեխնիկայի այնպիսի նորույթներ, ինչպես թուղթը, վառողը, թեք առագաստը, կողմնացույցը են, որոնց մի մասր նրանք վերցրել էին Չինաստանից և Հնդկաստանից։ Թարգմանական գրականության, դրա մեկնությունների ստեղծմանը զուգընթաց սկսեց ձևավորվել շինարարության, հողաչափության և առևտրի կիրառական ու գործնական խնդիրների լուծման հետ սերտորեն կապված գիտական ուղղություն։ Բուռն թափով սկսեցին զարգանալ մաթեմատիկան և աստղագիտությունը։ Մաթեմատիկայի ձևավորման վրա հունականի հետ միաժամանակ մեծ ազդեցություն թողեցին նաև հնդկական գիտության նվաճումները (օրինակ, հաշվարկման տասնորդական դիրքային համակարգը՝ 0-ի կիրառմամբ)։ XV դ. ալ–Րաշին (Սամարղանդ) գործածեց տասնորդական կոտորակներ՝ նկարագրելով դրանց գործողությունների կանոնները։ Մեծ է ալ–Խորեզմիի (IX դ.) և պարսկ. ու տաջիկ․ բանաստեղծ ու գիտնական Օմար Խայյամի (XI–XII դդ.) դերը հանրահաշվի, որպես ինքնուրույն գիտության, ձևավորման գործում։ Առաջինի տրակտատը պարունակում է քառակուսի հավասարումների դասակարգումը և դրանց լուծման հնարքները, երկրորդինը՝ խորանարդ հավասարումների տեսությունը և դասակարգումը։ Ալ–Մարվազիի, Աբու–լե–Վեֆաիի (X դ.), Նասրեդդին Թուսիի (XIII դ.) և այլոց շնորհիվ ոլորտային և հարթ եռանկյունաչափությունը աստղագիտության օժանդակ բաժնից վերածվեց ինքնուրույն մաթ. գիտության։ Մեծ հաջողությունների հասավ աստղագիտությունը։ Սկզբում կատարվեցին Պտղոմեոսի և հնդկ. աստղագետների մի շարք աշխատանքների թարգմանություններ ու մեկնություններ։ Թարգմանական գործունեության կենտրոնը Բաղդադի «Իմաստության տունն էր» և նրան կից աստղադիտարանը։ Առաջնորդվելով երկնային մարմինների շարժումների մոդելավորման հունական մեթոդներով և հաշվարկման հնդկ. կանոններով՝ արաբ աստղագետները մշակեցին երկնոլորտում լուսատուի կոորդինատների որոշման եղանակներ, ինչպես նաև կիրառելի երեք կոորդինատային համակարգերից մեկից մյուսին անցնելու կանոններ։ Մեծ տարածում ստացան ոլորտային աստղագիտության աղյուսակների ու հաշվարկային կանոնների ժողովածուները։ Արաբական աստղագետներն զգալի ճշգրտությամբ չափեցին Խավարածրի թեքությունը հասարակածի նկատմամբ։ Երկրագնդի չափերի որոշման համար կատարվեց միջօրեականի աստիճանային չափում (IX դ.)։ Դիտումների և հաշվումների համար ստեղծվեցին աստղագիտական և գեոդեզիական գործիքներ։ Հատկապես մեծ տարածում գտան արմիլյար սֆերաները, կվադրանտները և աստրոլաբները։ X դ. աստրոլաբներից մեկը գտնվել է Հայաստանում և պահպանվում է էջմիածնի Մայր Աթոռի թանգարանում։ Հայերեն և արաբերեն մակագրություններով երկու աստրոլաբներ (IX–X դդ.) պահպանվում են Օքսֆորդի գիտական պատմական թանգարանում։ Ընդ որում, նրանցից մեկի վրայի հայերեն գրությունը արաբերենի թարգմանությունը չէ և ավելի մեծ նյութ է պարունակում, քան արաբերենը։

Մեխանիկայի ասպարեզի աշխատանքներն սկսվեցին Արիստոտելի աշխատությունների թարգմանությամբ և մեկնություններով։ Շարունակվեց անտիկ մեխանիկայի թողած ժառանգության մշակումը։ Ֆիզիկայի, մասնավորապես՝ մթնոլորտի ֆիզիկայի ու գեոֆիզիկայի մասին տեղեկություններ կան Աբու Ալի իբն–Սինայի և Բիրունիի աշխատություններում։ Իբն ալ–Խայսամի «Օպտիկա»–ն լայնորեն հայտնի էր Արևմտյան Եվրոպայում։ Զգալի զարգացում ապրեցին նաև քիմիան (տես Ալքիմիա) և կենսաբանությունը։ Արաբները մեծ հաջողությունների էին հասել նաև բժշկագիտության բնագավառում։ Միջնադարյան Արևելքի նշանավոր գիտնական ար–Ռազիի (864–925) «Բժշկագիտության համապարփակ գիրք» աշխատությունը արաբ. բժշկական հանրագիտարան էր։ Հայտնի են նաև Ալի իբն–Արբասի (մահ. 944) մահճաբուժական (կլինիկական) ուշագրավ նկարագրությունները, Աբու Ալի իբն–Սինայի (980–1037) «Կանոն բժշկության» և ԻբնՌուշդի «ժողովածու» բժշկագիտական ծավալուն աշխատությունները։ Արաբական բժշկագիտությունը ազդեցություն է ունեցել հայ բժիշկներ Մխիթար Հերացու, Ամիրդովլաթ Ամասիացու, Ասար Սեբաստացու, Գրիգորիսի և այլոց վրա։


Աշխարհագրություն։ Արաբ աշխարհագրագետներն ու ճանապարհորդները թողել են Արևելքի մահմեդական, ինչպես նաև մի շարք այլ երկրների, այդ թվում Եվրոպայի, Հյուսիսային, Կենտրոնական ու Արևելյան Աֆրիկայի, Ասիայի ափերի (մինչև Կորեա), Հայկական լեռնաշխարհի, Մալայան արշիպելագի նկարագրությունը։ Նրանց աշխատությունները կարևոր, իսկ երբեմն էլ միակ վկայություններն են միջնադարի շատ ժողովուրդների մասին։ Արաբ. աշխարհագրական գիտությունն իր տեսական դրույթների հիմքում դնում էր ոչ թե Երկրի աշխարհագրության վերա–