Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/67

Այս էջը հաստատված է

Քանդակել է մահարձաններ, բրոնզյա, մարմարյա, փայտյա, ճենապակյա արձանիկներ, կատարել ճարտարապետական շինությունների ձևավորումներ։ Մահացել է հունիսի 26-ին, Պալդիսկիում։

ԱԴԱՆ (Adam) Ադոլֆ Շառլ (1803—1856), ֆրանսիացի կոմպոզիտոր։ Ծնվել է հուլիսի 24-ին, Փարիզում։ Ֆրանսիայի Ինստիտուտի անդամ (1844), Փարիզի կոնսերվատորիայի պրոֆ. (1849)։ Գրել է օպերաներ («Փոստատարը Լոնժյումոյից», 1836, «Նյուրնբերգյան տիկնիկը», 1852, «Ֆալստաֆ», 1856 ևն), բալետներ («Ֆաուստ», 1833, «Ժիզել», 1841, «Կորսար», 1856 ևն), դաշնամուրային պիեսներ, երգեր։ Առավել ճանաչված է «Ժիզել»-ը, որը նպաստել է ռոմանտիկ ուղղության հաստատմանը բալետում (Երևանում բեմադրվել է 1960-ին)։ Մահացել է մայիսի 3-ին, Փարիզում։


ԱԴԱՆԱ (Adana), Ատանա, Սեյհան, քաղաք Չուքուրօվայի (Կիլիկիայի) դաշտավայրում, Սեյհան գետի ափին, Թուրքիայի համանուն վիլայեթի վարչական կենտրոնը։ Երկաթուղային կայարան է, խճուղիների հանգույց։ 290,5 հզ. բն. (1965)։ Ունի գյուղատնտեսական մեքենաների, բամբակազտիչ, փայտամշակման, պայթուցիկ նյութերի, ձեթի գործարաններ, բամբակե գործվածքեղենի, օճառի, ծխախոտի ֆաբրիկաներ, ալրաղաց, սպանդանոց։ Ա. առաջին անգամ հիշատակվում է Քսենոփոնի «Անաբասիս»֊ում։ Հելլենիստական մշակույթի կենտրոն էր. պահպանվել են այդ շրջանի հուշարձանների մնացորդներ։ Սեյհան գետի վրա կանգուն է Հուստինիանոսի (527–565) ժամանակ կառուցված 22 աչքանի քարաշեն կամուրջը (200 մ), որը վերաշինվել է 743-ին և կոչվել «Ջիսր ալ֊Վալիդ»՝ Օմայան խալիֆայի անունով։ Կրկին վերանորոգվել է Մութասիմ խալիֆայի օրոք՝ 840-ին։ Երբ խաչակիրներն անցան Կիլիկիայով, Ա. գտնվում էր Հեթումյան տան հիմնադիր և Լամբրոնի տեր ասպետ Օշինի իշխանության ներքո։ 1097-ի աշնանը Ա. գրավեցին խաչակիրները։ Իշխան Լևոն Ա, 1130–32-ին ետ նվաճելով Դաշտային Կիլիկիան, Ա. միացրեց Ռուբինյան նորակազմ իշխանությանը։ XII–XIV դդ. մտել է Կիլիկիայի Հայկական թագավորության կազմի մեջ։ Եղել է արհեստագործության և առևտրի նշանավոր կենտրոն, մարդաշատ և հարուստ քաղաք։ Ա֊ում են տեղի ունեցել 1303-ի և 1316-ի եկեղեցական ժողովները (տես Ադանայի ժողով 1316)։ XIII–XIV դդ. կատարվել են շինարարական մեծ աշխատանքներ։ Կառուցվել են թագավորական պալատը՝ Ս. Մինասի տաճարով, Ս. Աստվածածին և Ս. Ստեփանոս եկեղեցիները։ Ս. Ստեփանոսի մոտ հայերը ժամանակին ունեցել են Ս. Հակոբ և Ա. Սարգիս եկեղեցիները, որոնք հետագայում կործանվել են։ XX դարի սկզբին Ա. ուներ 45000 բն., որից 12600՝ հայեր։ Նրանք զբաղվում էին արհեստներով, առևտրով և գյուղատնտեսությամբ։ Լուսավորչական հայերն (2500 տուն) ունեին մեկ մանկապարտեզ, երեք դպրոց (Աբգարյան, Արամյան, Աշխենյան), ուր սովորում էր շուրջ 1500 աշակերտ։ Կաթոլիկ հայերը (170 տուն) ունեին մեկ եկեղեցի՝ Անարատ Հղության Ս. Կույսի անունով, և մի դպրոց։ Կար նաև լատինական դպրոց, որի սաների մեծ մասը հայեր էին։ Փոքրաթիվ հայ բողոքականներն անեին իրենց ժողովարանն ու դպրոցները։ Ա֊ի հայերն օսմանյան տիրապետության 300 տարիների ընթացքում դարձել էին թրքախոս։ Սակայն նորաբաց հայկական բազմաթիվ դպրոցների շնորհիվ սկսեց վերակենդանանալ հայոց լեզուն։ Ա֊ի շրջակա հայաբնակ գյուղերն էին Շեյխ֊Մուրատը, Գյավուր քյոյը (Հայ գյուղ), Ապտօղլուն, Գոզ-օլուքը ևն։ 1909-ին տեղի ունեցավ Ա֊ի հայ բնակչության կոտորած (տես Ադանայի կոտորած 1909)։ Մեծ եղեռնի ժամանակ Ա֊ում հայ չմնաց, բայց առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Կիլիկիան անցավ ֆրանսիացիների ձեռքը, հայերի մի մասը վերադարձավ։ 1920-ի օգոստոսի 4-ին Ա֊ում Միհրան Տամատյանի գլխավորությամբ հռչակվեց Կիլիկիայի հայոց անկախությանը, որը սոսկ ձևական բնույթ ուներ։ Ֆրանսիական զինվորական իշխանությունները շուտով Ա. և ամբողջ Հայկական Կիլիկիան հանձնեցին քեմալական Թուրքիային։ Ա֊ի հայերի մեծ մասը գաղթեց Սիրիա և Լիբանան։ 1910-ին Ա֊ում լույս է տեսել «Ադանա» հայատառ թուրքերեն թերթը, 1919–21-ին հրատարակվել են «Արձագանք Կիլիկիո», «Կիլիկիա», «Հայ ձայն», «Տավրոս», «Քաղաքացի», «Ազատ Տավրոս», «Արարա», «Նոր աշխարհ», «Կիլիկյան սուրհանդակ», «Նոր սերունդ» թերթերը։ Հայկական կյանքը Ա֊ում դադարեց 1922–23-ին։


ԱԴԱՆԱՅԻ ԺՈՂՈՎ 1316, կայացավ հուլիսի 18-ին, Ադանա քաղաքում, քննեց հայկական եկեղեցին կաթոլիկ եկեղեցուն միացնելու հարցը։ Միացման որոշում ընդունվել էր 1307-ին, Սսի ժողովում, բայց չէր կենսագործվել։ 1316-ին Ավինիոնի Հովհաննես XXII պապը Կիլիկիայի թագավոր Օշինից պահանջեց կատարել այդ որոշումը։ Կիլիկյան Հայաստանի քաղաքական կացությունը, որ վատթարացել էր մամլուքների, թուրքմեն֊կարամանների և թաթար֊մոնղոլների մշտական հարձակումների պատճառով, նրա գահակալներին հարկադրեց տեղի տալ արտաքին միջամտություններին, քաղաքական նեցուկ որոնել Արևմուտքում։ Օշին թագավորն ու Կոստանդին Գ Կեսարացի կաթողիկոսը, պապի միջնորդությամբ եվրոպական պետություններից աջակցություն ակնկալելով, ազգային ժողով հրավիրեցին։ Ա. ժ֊ին մասնակցում էին 18 եպիսկոպոս, 7 վարդապետ և 10 իշխան՝ մեծ մասամբ Կիլիկյան Հայաստանի ներքին թեմերից։ Նրանք հաստատեցին հայ եկեղեցին կաթոլիկ եկեղեցուն միացնելու (ենթարկելու) որոշումը, որը վճռականորեն մերժվեց ինչպես մայր երկրի ազդեցիկ հոգևոր առաջնորդների, այնպես էլ ժողովրդական զանգվածների կողմից։ Ա. ժ֊ի որոշումներն ու դրանց