Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/670

Այս էջը սրբագրված է

բերյալ իր իսկ կուտակած իրական փաստերը, այլ աշխարհի պտղոմեոսյան պատկերացումը և աշխարհագրական տեսությունը։ Քարտեզագրական նյութերը վերարտադրում էին Պտղոմեոսի քարտեզները կամ հին իրանական սխեմատիկ քարտեզների նախատիպերը։ Նախամահմեդական շրջանում արաբների աշխարհագրական պատկերացումները արտացոլվել են գեղարվեստական երկերում և Ղուրանում։ Անտիկ հեղինակների, հատկապես Պտղոմեոսի աստղագիտական–աշխարհագրական երկերի թարգմանություններն ու մշակումները VIII–IX դդ. հիմք դրեցին արաբ, գիտական աշխարհագրությանը։ Այդ շրջանին են վերաբերում ալ–Բատտանիի, ալ–Խորեզմիի և ալ–Բիրունիի աստղաբաշխական–աշխարհագրական ու գեոդեզիական աշխատությունները։ IX դ. երևան եկան նաև նկարագրական աշխարհագրության առաջին նմուշները (Իբն–Խորդադբեհի, Կուդամի իբն Ջաֆարի, ալ–Յակուբիի երկերը), ինչպես նաև ճանապարհորդական պատմվածքներ (Աբու Զայդ աս–Սիրաֆի, Բուզուրգ իբն Շահրիար և ուրիշներ)։ Հետագայում զարգացում ապրեց ճանապարհորդական նկարագրությունների ժանրը։

Արաբ․ աշխարհագրական գրականությունը ծաղկեց X դ. (ալ–Իսթախրի, Իբն Հաուկալ, ալ–Մուկադդասի)։ XI–XIV դդ. երևան եկան աշխարհագրական բառարանների և տիեզերագրության ժանրերը։ Եվրոպայում մեծ ճանաչում գտավ ալ–Իդրիսիի աշխատությունը, որն իր 70 քարտեզով համարվում էր աշխարհագրական գիտական ամենալավ շարադրանքը միջին դարերում։ Աշխարհագրության հետագա զարգացումն ընթացավ տիեզերագրությունների և առանձին քաղաքների ու երկրների պատմա–տեղագրական նկարագրությունների (ալ–Սակրիզի) ստեղծման ուղղությամբ։ Արաբ․ աշխարհագրական գիտության մեջ խոշոր ներդրում են եղել Վասկո դա Գամայի, լոցման Իբն Մաջիդի և ալ–Մահրիի աշխատությունները, որոնք ընդհանրացրին արաբ․ ծովագնացության տեսությունն ու բազմադարյան գործնական աշխատանքի արդյունքները։ Արաբ մատենագիրների պատմա–աշխարհագրական աշխատությունները հարուստ տվյալներ են պարունակում Հայաստանի մասին։ IX դ. արաբ պատմագիր–աշխարհագիր Յակուբին 870-ական թթ. անձամբ եղել է Հայաստանում, ծանոթացել երկրի սոցիալ–քաղաքական ու տնտեսական կացությանը։ Իր «Գիրք երկրների» երկում նկարագրել է Հայաստանի աշխարհագրական, վարչա–քաղաքական իրավիճակը, քաղաքները, ճանապարհները, հարկերը, առևտուրը, արդյունագործությունը։ Յակուբին Արմինիա վարչական միավորը բաժանում է երեք մասերի, ցույց տալիս անկախության հասած Հայաստանի տնտեսական վերելքը։ Հայաստանի մասին արժեքավոր տվյալներ ունեն նաև Բալազորին (IX դ.), Իբն Խորդադբեհը (մոտ 820 – մոտ 912)։ Վերջինիս «Գիրք ճանապարհների և թագավորությունների» գործում նկարագրվում են Հայաստանի հողատիրական հարաբերությունները, վարչական, քաղաքական դրությունը։ Արմինիան (Հայաստանը, Վիրքը և Աղվանքը) բաժանվում է չորս վարչա–տերիտորիալ միավորների (I, II, III և IV Արմինիաների)։ Իբն Ռուստեն (IX–X դդ.) իր «Գիրք թանկարժեք քարերի» գրքում խոսում է նաև Հայաստանի վարչա–տերիտորիալ իրավիճակի մասին։ Իբն ալ–Ֆակիհը (IX–X դդ.) իր «Գիրք երկրների մասին» երկում նույնպես Արմինիան բաժանում է չորս մասերի, առանձին–առանձին նկարագրում յուրաքանչյուրը, նշում նրանց քաղաքները, ճանապարհները։ Հայաստանում հաշվում է 18 հզ. բնակավայր, նշում երկրի հարկերը, թվում կենդանիները, բուսականությունը, հանքատեսակները։ Ալ–Իսթախրին (X ղ.) իր «Գիրք թագավորությունների ճանապարհների» երկում նկարագրում է Հայաստանի պատմա–աշխարհագրական կացությունը, քաղաքները, գետերը, լճերը, տնտեսությունը, առևտուրը, ճանապարհները ևն։ Հայաստանի մասին հատկապես արժեքավոր տվյալներ ունի Յակուտը (Յակուտ ալ–Համավի) (1179–1229), որի «Աշխարհագրական բառգիրք» աշխատությունը արժեքավոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի աշխարհագրության վերաբերյալ, նշված են Հայաստանի որոշ գավառներ, երկրամասեր, քաղաքներ և այլ կարևոր բնակավայրեր, բերդեր, վանքեր, կամուրջներ, հանքեր, գետեր, լճեր ևն։ Հայաստանի աշխարհագրության մասին արժեքավոր տվյալներ ունեն նաև Աբու–լ–Ֆիդան (1273–1333), Իբն Բատուտան (1304–1377) և ուրիշներ։

Փիլիսոփայությունը։ Սկզբնական շրջանում արաբ, փիլիսոփայությունը հանդես է եկել որպես մահմեդական աստվածաբանական մետաֆիզիկա՝ կազմելով իսլամի փիլիսոփայական հիմքը։ Հետագայում հնդկական, հունական և սիրիական փիլ. ագդեցության տակ ձևավորվել են իդեալիստական և մատերիալիստական ուղղություն ունեցող հոսանքները։

Գոյություն ունեցող մահմեդական աստվածաբանական մետաֆիզիկային՝ քալամին, հակադրվեցին մութագիլիտները՝ առաջին մահմեդական մտածողները, որոնք ուսումնասիրեցին հունական անտիկ փիլիսոփայությունը։ Ժխտելով աստծո էությունը լրացնող դրական ատրիբուտները՝ մասնավորապես խոսքի ատրիբուտը, մութազիլիտները ժխտում էին Ղուրանի հարատևության վերաբերյալ պատկերացումը։ Սութազիլիտները գտնում էին, որ մարդը բանականությամբ է ճանաչում տիեզերքը և աստծուն, որ արարիչն անընդունակ է փոխելու իրերի բնական կարգը։ Նրանք հենվում էին ժամանակի բնական և ճշգրիտ գիտությունների արդյունքների, մասնավորապես ատոմիստական ուսմունքի վրա։ IX դարից Բաղդադում սկսեց ձևավորվել արաբական արիստոտելականությունը և նեոպլատոնիզմը։ Արաբ․ փիլիսոփայության հետագա զարգացման վրա զգալի ազդեցություն է թողել սուֆիզմը, որը կրոնական ռեակցիայի արտահայտությունն էր։ Այդ կրոնամիստիկական հոսանքը սկզբնական շրջանում արտահայտում էր աշխատավորների պսւսսիվ բողոքը ընդդեմ ֆեոդալական կարգերի և հոգևորականության։ Նրա հիմքում ընկած էին ասկետության, հայեցողական ինքնախորասուզման և ակտիվ հասարակական կյանքից հրաժարվելու գաղափարները։ Սուֆիզմի փիլ. սկզբունքներում իր յուրահատուկ արտահայտությունը գտավ նեոպլատոնիզմը։ Այդ հոսանքի ականավոր ներկայացուցիչներն էին ալ–Դազալին (1059–1111) և Իբն ալ–Արաբին (1165–1240)։

Արաբ․ փիլիսոփայության զարգացման համար շրջադարձային կետ էր Արիստոտելի փիլ. ժառանգության յուրացումը, որի արաբ․ թարգմանությունները և մեկնաբանությունները հնարավորություն ստեղծեցին աթեիստական և նույնիսկ մատերիալիստական ըմբռնումների համար։ Արաբ, պերիպաթետիկության հիմնադիր ալ–Քինդին (մոտ 800–879) առաջինը շարադրեց Արիստոտելի հիմնական աշխատությունների բովանդակությունը։ Արաբ․ արիստոտելականությունը հատկապես ընդգծում էր կոնկրետ գիտությունների և բնագիտության նշանակությունը, պաշտպանում աշխարհի հավիտենականության գաղափարը, գտնում, որ աշխարհը չի ստեղծվել ոչնչից և հավերժ է ինչպես աստված։ Սակայն պերիպաթետները չհրաժարվեցին կրոնական դոգմաներից և ձգտում էին իրենց գաղափարները համատեղել իսլամի հավատալիքների հետ, հնարավոր էին համարում կրոնի և նրանից հարաբերականորեն անկախ փիլիսոփայության ինքնուրույն գոյությունը։ Արաբ․ գիտության և փիլիսոփայության մշակման ու զարգացման գործում մեծ դեր են խաղացել Աբու Ալի իբն–Սինան (Ավիցեննա) և ալ–Ֆարաբին։ Արաբ․ առաջադեմ մտածողների շարքում առանձնակի տեղ է գրավում բանաստեղծ–փիլիսոփա Աբուլ–լ–Ալա–ալ–Մաարին։

XII դարից արաբ. փիլ. մտքի կենտրոնը տեղափոխվում է արևմտյան մահմեդական աշխարհ՝ Իսպանիա։ Արաբ. Արևմուտքի փիլիսոփայության հիմնադիրն է համարվում բժիշկ–մաթեմատիկոս և փիլիսոփա Իբն Բաջան (XII դ.), ըստ որի, բարձրագույն իմացությունը իրականացվում է բանականության միջոցով, և հասարակության կատարելագործման միակ ուղին մարդու հոգեկան ինքնակատարելագործումն է։ Ամբողջ միջնադարյան արաբ․ փիլիսոփայությունը իր բարձրակետին հասավ Իբն Ռուշդի (Ավեռոես, XII դ.) ուսմունքում։ Նշանավոր մտածող էր նաև Իբն Խալդունը, որը իրավամբ համարվում է պատմության փիլիսոփայության հիմնադիրներից մեկը։

Միջնադարյան արաբ․ փիլիսոփայությունը նոր պայմաններում պաշտպանեց և զարգացրեց հունական փիլ. մշակույթը, ձևավորեց ճշմարտության երկվության սկզբունքը՝ հնարավորություն ստեղծելով գիտության և փիլիսոփայության հարաբերականորեն ազատ զարգացման համար։ Արաբ․ սկեպտիցիզմը քննադատության ենթարկեց կրոնը և իդեալիզմը՝ հող նախապատրաստելով աթեիստական և մատերիալիստական հայացքների ձևավորման, նոմինալիզմի սաղմնավորման համար։ Արաբ․ փիլիսոփայությունը, միաժամանակ, հանդիսացավ եվրոպական Վերածննդի գաղափարական ակունքներից մեկը։