ունի կանոնավոր խոնարհում, երեք թիվ (եզակի, երկակի, հոգնակի), երկու սեռ (արական, իգական), հոլովները երեքն են՝ ուղղական (ու վերջավորությամբ), սեռական (ի վերջավորությամբ), հայցական (ա վերջավորությամբ)։ Արաբական նվաճումների հետևանքով Ա. զգալի փոփոխություններ է կրել. X դ. արդեն մեծ չափով հեռացել էր գրականից։ Հետագայում, տարածվելով սեմական ու քամյան ժողովուրդների շրջանում, Ասորիքից դուրս է մղել ասորերենը, Եգիպտոսից՝ ղպտիերենը, Հյուսիսային Աֆրիկայից՝ բերբերյան լեզուները։ Արդի գրական լեզուն քերականորեն նույն դասական Ա. է՝ ճոխացած բառապաշարով։ Ա. ունի մի շարք բարբառներ (Արաբիայի, Իրաքի, Սիրիա–Լիբանանի, Եգիպտոսի, Մաղրիբի ևն), որոնք իրարից հիմնականում տարբերվում են բառապաշարով ու հնչյունաբանությամբ։ Միջնադարում Ա–ից հայերենին են անցել ավելի քան 700 փոխառություններ, որոնցից քչերն են այսօր գործածական, ինչպես՝ թաս, խսիր, կավատ, մկրատ, նարինջ, սնդուկ ևն։
Գրկ. Աճառյան Հ․, Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե., 1951։ Landberg C. de, La langue arabe et ses dialectes, Leiden, 1905; Brockelmann K., Arabische Grammatik, Lpz., 1960.
ԱՐԱԲԻՈԶ, պարզ ածխաջուր, ալդոպենտոզների խմբից։ Քաղցրահամ, անգույն բյուրեղներ են, ջրում լուծելի։ Հանդես է գալիս (–) և (+) իզոմերների ձևով։ (–) Ա. պարունակվում է բույսերում, հատկապես պտուղներում։ (+) Ա. մտնում է բարդ ածխաջրերի, զանազան խեժերի կառուցվածքի մեջ։ Մարդու և կենդանիների օրգանիզմում Ա. համարյա չի յուրացվում, սակայն որոշ բակտերիաների համար ածխածնի միակ աղբյուրն է։
ԱՐԱԲԻ–ՓԱՇԱ Ահմեդ (1841–1911), Եգիպտոսի ագգային–ագատագրական շարժման (1879–82) գործիչ։ Մասնակցել է օտարերկրյա վերահսկողության և Եգիպտոսի բանակում թուրք. ազդեցության դեմ ուղղված եգիպտական սպաների 1879-ի ելույթին։ 1881-ի սեպտեմբերին գլխավորել է Կահիրեի կայազորի ապստամբությունը, որի շնորհիվ ստեղծվել է ազգային կառավարություն։ 1882-ի փետրվարին նշանակվել է ռազմական մինիստր, հուլիսից սեպտեմբեր ղեկավարել եգիպտական ժողովրդի պայքարը անգլիական ինտերվենտների դեմ։ Պարտվելով՝ աքսորվել է Ցեյլոն կղզին։ Եգիպտոս է վերադարձել 1901-ին, բայց այլևս չի զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ։
(նկ․) Հ. Մ. Արաբլինսկի։
ԱՐԱԲԼԻՆՍԿԻ (Խալաֆով) Հուսեյն Մահմեդ օղլի (1881–1919), ադրբեջանցի դերասան և ռեժիսոր։ Ծնվել է Բաքու քաղաքում։ Դերասանական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1905-ից։ Աշխատել է «Նիջաթ» և «Սաֆա» ընկերությունների առաջին ադրբեջանական խմբերում, ապա ինքն է թատերական խմբեր կազմել և հանդես եկել Հյուսիսային Կովկասի, Անդրկովկասի, Միջին Ասիայի, Իրանի մի շարք քաղաքներում։ Խաղացել է մոտ 70 դեր, բեմադրել 50-ից ավելի պիես։ Ա–ու լավագույն դերակատարումներից են՝ Ֆրանց (Շիլլերի «Ավազակներ», 1907), Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր», 1908), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո», 1910), Կաջար, Ֆահրադ, Նաջաֆբեկ (Ա. Հախվերդովի «Շահ Կաջար», 1907, «Դժբախտ պատանին», 1909, «Քանդած օջախ», 1909), Նադիր (Ն. Նարիմանովի «Նադիր Շահ», 1907), Հայդարբեկ (Մ. Ախունդովի «Հաջի Կարա», 1907)։ Իբրև ռեժիսոր Ա. ադրբ. հեղինակների գործերի հետ մեկտեղ բեմադրել է նաև Շեքսպիրի, Գոգոլի, Տուրգենևի, Սունդուկյանի, Շիրվանզադեի ստեղծագործությունները։ Ա. եղել է սերտ բարեկամական կապերի մեջ ռուս, հայ, վրացի թատերական գործիչների հետ։ Հայ դերասաններից նրա մտերիմներն էին Գ. Ավետյանը, Ա. Վրույրը։ Որպես արտիստի, Ա–ին բարձր է գնահատել Վ. Փափազյանը։ Ա. օժտված էր ողբերգակի մեծ տաղանդով, կարողանում էր կերպարը հասցնել գեղարվեստական մեծ ընդհանրացման։ Ա–ու ազդեցությունը կրել են ադրբեջանցի ականավոր շատ արտիստներ։ Ա. սպանվել է, 1919-ի մարտ ամսին, Բաքվում, տանը, մուսավաթականի ձեռքով։
Գրկ. Сабит Рахман. Гусейн Араблинский, в сб.: Искусство Азербайджана, т. 3, Баку, 1950; Гусейн Араблинский. Сб. документов о жизни и деятельности актера, Баку, 1967 (на азерб. и рус. языках).
ԱՐԱԲԿԻՐ, Արաբկեր, քաղաք Փոքր Հայքում (այժմյան Մալաթիայի վիլայեթում), Մալաթիա քաղաքից 70 կմ հյուսիս, Եփրատի վտակ Արաբկիր գետի ափին։ Գտնվում է Անտիտավրոսի ստորոտում, մի բլրի լանջին, ունի գեղեցիկ ու բարձր դիրք։ Ա. կառուցվել է 1021–22-ին, Վասպուրականից Սեբաստիայի գավառ գաղթած հայերի կողմից, Արաբրակնուա անունով հին հռոմեական բերդաքաղաքի մոտակայքում, որից էլ հավանաբար ծագել է քաղաքի անունը։ Մինչև 1080-ական թթ. Ա. եղել է Սեբաստիայի Արծրունյաց ավատական իշխանության կազմի մեջ՝ Բյուզանդական կայսրության գերիշխանության տակ։ XI դ. 70-ական թթ. քաղաքը գրավեցին սելջուկները, իսկ XV դ. անցավ օսմանյան թուրքերի տիրապետության տակ՝ դառնալով Սեբաստիայի վիլայեթի սանջակներից մեկի կենտրոնը (հետագայում մտավ Մալաթիայի վիլայեթի մեջ)։ XIX դ. քաղաքն արագ զարգացել է և արդեն 1839-ին ուներ մոտ 8000 բնակիչ, որից 6000՝ հայեր։ 1915-ին քաղաքի բնակչությունը կազմել է 20 հզ., որից 10 հզ. հայեր։ Ա–ի բնակիչներն զբաղվում էին արհեստագործությամբ և առևտրով։ Արհեստներից կարևոր էին մանածագործությունն ու ջուլհակությունը։ Զբաղվում էին նաև ոսկերչությամբ, մետաղագործությամբ, պղնձագործությամբ, օճառագործությամբ։ Ա–ի տները քարակերտ էին, կառուցված ամֆիթատրոնաձև, շրջապատված պարտեզներով։ Տներն ունեին տափարակ տանիքներ։ XIX–XX դդ. Ա–ում ընդհանուր բարգավաճում է ապրել նաև հայ մշակույթը։ Ա–ում լուսավորչական հայերն ունեին չորս եկեղեցի (Ս. Աստվածածին, Ս. Հակոբ, Ս. Գևորգ, Ս. Լուսավորիչ) և 12 դպրոց (Մայր վարժարան, Ս. Թարգմանչաց, Զարուհյան ևն)՝ 1000 աշակերտով, իսկ կաթոլիկ հայերը՝ մեկ եկեղեցի (Ս. Փրկիչ) և մեկ վարժարան, բողոքական հայերը՝ մեկ եկեղեցի և 2 վարժարան։
Ա–ում 1895–96-ին թուրք ջարդարարները կոտորեցին հարյուրավոր հայերի, իսկ 1915-ին նրանց զանգվածորեն տեղահան արեցին, հազարավորների կոտորեցին և ամայացրին քաղաքը։ 1922-ին Ա–ում նորից բնակվեցին 800 նախկին արաբկիրցիներ, որոնք հետագայում, չդիմանալով քեմալականների բռնություններին, հեռացան և բնակություն հաստատեցին Սովետական Հայաստանում։ Ա–ից տեղահանված բազմաթիվ արաբկիրցիներ 1925-ի նոյեմբ. 29-ին հիմնադրեցին Նոր Արաբկիր ավանը (հետագայում Երևանի թաղամաս)։ Ա. 1945-ին ուներ 6684 բնակիչ, որից մոտ 600-ը՝ հայ։ Սակայն 1946-ից հետո հայերը գաղթեցին Սիրիա։ Այժմ Ա–ում ապրում է մոտ 200 հայ։
Գրկ. Փոլատյան Ա., Պատմություն հայոց Արաբկիրի, Նյու Յորք, 1969։
(նկ․) Արաբկիր։ Տեսարան քաղաքից։