Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/68

Այս էջը հաստատված է

68 ԱԴԱՆԱՅԻ

գործադրման փորձերը, հանդիպելով համառ դիմադրության, անկատար մնացին։ Արքունիքը փորձեց ճնշել ժողովրդական ընդվզումները՝ աշխարհիկ ու հոգևոր շատ մարդկանց մահապատժի ենթարկելով կամ աքսորելով Կիպրոս։ Այդ բոլորը միայն խորացրին պառակտումները և թուլացրին երկրի դիմադրողականությունը թշնամի մահմեդական պետությունների հանդեպ։

Գրկ. Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786, էջ 314։ Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, մաս 1, 2 հրտ., Բեյրութ, 1960։ Ս. Պողոսյան

ԱԴԱՆԱՅԻ ԿՈՏՈՐԱԾ 1909 (ապրիլի 1—4 և 12–14), Ադանայի և Հալեպի վիլայեթների հայերի զանգվածային ջարդը, որ կազմակերպեցին թուրքական իշխանությունները։ Սուլթան Աբդուլ Համիդ II տապալումը և սահմանադրության հռչակումը (1908) էական փոփոխություն չմտցրեցին արևմտահայերի դրության մեջ, սակայն որոշ աշխուժություն առաջ բերին ազգային֊քաղաքական կյանքում։ Ադանայի և ընդհանրապես Կիլիկիայի հայերը, որ ինքնապաշտպանությամբ դիմակայել էին 1890-ական թթ. ջարդերին, կարողացան առաջադիմել տնտեսական, մշակութային և հասարակական ասպարեզներում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով երկրամասի առևտուրն ու արդյունաբերությունը։ Սահմանադրական կարգերից դժգոհ թուրք․ հետադիմական ուժերն սկսեցին հայերին ամբաստանել որպես «հուրիեթը» (նկատի ունեին սահմանադրական կարգերի հաստատումը Թուրքիայում) բերողների, որոնք իբր դրանով հետապնդում էին իշխանությունը թուրքերից խլելու և «հայկական թագավորությունը» վերականգնելու նպատակ։ 1909-ի մարտի 31-ին Ադանայի վալիի գլխավորությամբ կայացավ նահանգական խորհրդի նիստ, ուր ընդունվեց հայերին ոչնչացնելու որոշում։ Ջարդն սկսելու հատուկ գաղտնի գրություններ ուղարկվեցին գավառները։ Կոտորածի նախօրյակին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին մահմեդական բնակչությանը, բանտերից արձակեցին շուրջ 500 ոճրագործների։ Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը, սկսեց կոտորել հայերին։ Առաջին ջարդը տևեց երեք օր։ Ապրիլի 12-ին կարգ ու կանոնը «վերականգնելու» նպատակով Ռումելիայից Ադանա ուղարկված երիտթուրքական վաշտերի՝ քաղաքում երևալն առիթ տվեց վերսկսելու ջարդը, որն իր չափերով և իրականացման եղանակներով գերազանցեց նախորդին։ Խուժանի հետ կոտորածին մասնակցեցին տեղ հասած կանոնավոր զորամասերը։ Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արմ. ու հս. մի շարք հայաբնակ շրջաններում։ Ա. կ֊ին զոհ գնաց շուրջ 30 հզ. մարդ, որից ավելի քան 20 հազարը՝ Ադանայի վիլայեթում։ Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր։ Դյորթ֊Յոլը, Հաճընը, Սիսը, Զեյթունը, Շեյխ֊Մուրատը, Ֆընտըճագը և մի շարք այլ բնակավայրեր հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը, փրկվեցին ջարդից։ Երիտթուրքերը դատաքննություն սկսեցին։ Սակայն դա ձևական բնույթ էր կրում, կառավարությունը ցանկանում էր գոհացնել «եվրոպական հասարակական կարծիքը», մեղմել հայերի բողոքները և իր վրայից գցել մեղսակցությունը։ Կոտորածի իսկական ղեկավարներն ու պատասխանատուները մնացին անպատիժ։

Գրկ. Թերզյան Հ., Կիլիկիո աղետը, ԿՊ, 1912։ Աշճյան Հ., Ատանայի եղեռնը և Գոնիայն հուշեր, Նյու Յորք, 1950։ Շ. Թորոսյան


ԱԴԱՆԱՅԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ադանահայերին միավորող բարեգործական և կրթասիրական կազմակերպություններ։ Ադանահայերի առաջին հայրենակցական միությունը՝ «Ադանայի կրթասիրաց ընկերություն»֊ը, հիմնադրվել է 1905-ի վերջին, ԱՄՆ֊ի Ուոթերթաուն քաղաքում։ Նպատակն էր՝ աջակցել Ադանայի կրթական գործին, այնտեղ բացել հայկական քոլեջ։ 1913-ի հուլիսի 10-ին ընկերությունը վերակազմվել է «Ադանայի հայ ուսումնասիրաց միության»։ 1921–22-ին, Կիլիկիայից հայերի հեռանալուց հետո, միությունը միջոցներ է ձեռնարկել օգնելու Սիրիայում, Կիպրոսում, Լիբանանում և Հունաստանում ապաստանած ադանացի գաղթականներին։ 1926-ի նոյեմբերին ԱՄՆ֊ի բողոքական ադանացիները, որ առանձին էին գործում, միացան «Ուսումնասիրացին»։ 1934-ին Տարսոնի Ս. Պողոս քոլեջի նախկին շրջանավարտները Հալեպում հիմնեցին իրենց միությունը։ 1937-ի մայիսի 15-ին Բեյրութում կազմվեց «Ադանայի հայրենակցական վերաշինաց միություն»֊ը, որը խնդիր էր դրել օգնել Խորհրդային Հայաստանում հիմնադրելու Նոր Ադանա ավանը։ 1944-ին կազմակերպվեցին «Ադանա, Մերսին, Տարսոն քաղաքների հայրենակցական միություն»֊ը և «Ադանայի հայ ուսումնասիրաց միության» մասնաճյուղը։ Բեյրութում գործող այս երեք միությունները 1945-ի մայիսի 25-ին միացան և կազմեցին «Ադանայի հայրենակցական միություն»֊ը՝ նպատակ ունենալով օժանդակել հայրենակից ադանացիների նյութական, կրթական֊բարոյական և մշակութային վերելքին, սատարել ազգային հայրենասիրական ձեռնարկումներին։ Ա. հ. մ. կան ԱՄՆ֊ում, Լիբանանում, Արգենտինայում, Հունաստանում, Սիրիայում։ 1960-ին Լիբանանում ստեղծվեց «Նոր Ադանայի եկեղեցասեր տիկնանց միությունը», որը սերտ կապերի մեջ է Սովետական Հայաստանի հետ։


ԱԴԱՆԱՅԻ ՎԻԼԱՅԵԹ, վարչական միավոր Օսմանյան կայսրության կազմում, Փոքր Ասիա թերակղզու հարավ֊արևելյան մասում, Միջերկրական ծովի ափին. ընդգրկում էր պատմական Կիլիկիայի արևմտյան մասը։ Հս֊ից եզրավորված էր կենտրոնական Տավրոսի և Անտիտավրոսի լշ֊ներով, արմ֊ից՝ Ամանոսի լշ֊ով, որոնց միջև տարածվում է Չուքուրօվայի (Կիլիկիայի) դաշտավայրը։ Ա. վ. տերիտորիայով համընկնում էր ժամանակակից Թուրքիայի Իչելի և Սեյհանի (Ադանայի) վիլայեթներին։ Տարած. 40 հզ. կմ² էր։ Բաժանված էր Իչելի, Ադանայի, Կոզանի (Սսի) և Ջեբել֊Բերեքեթի սանջակների։ Կենտրոնը՝ Ադանա։ Ա. վ֊ի լեռները դժվարամատչելի են. լեռնանցքներից նշանավոր են Կիլիկիայի դռները (հայ մատենագիտ. մեջ հայտնի Դրունք Կիլիկիո) կամ Գուգլակի կապանը (թուրք. Կյուլեք֊բողազ)՝ Կենտրոնական Տավրոսում և Ասորաց դուռը (Դրունք Ասորվոց)՝ Ամանոսի լեռներում։ Խոշոր գետերն են՝ Սեյհանը (Սիհունը), Ջեյհանը (Ջիհունը), Գյոքսուն և Թարսուսը։ Ա. վ֊ի սահմաններում էին Մերսինի և Ալեքսանդրետի (Իսկենդերուն) ծոցերը՝ բաժանված Կարատաշի հրվանդանով։ Միջերկրական ծովի այդ հատվածում, գետաբերանների մոտ (որտեղ կուտակվում են ալյուվիալ նստվածքներ) նկատվում է ցամաքի «աճ»։ Տարսոն քաղաքը, օրինակ, որը մ. թ. առաջին դարերում Միջերկրականի ափին էր, այժմ ծովափից ուղիղ գծով հեռացել է մոտ 17 կմ։ Ա. վ֊ի լեռնային մասի կլիման չոր ցամաքային է՝ ձմռանը ցուրտ, ամռանը՝ զով։ Դաշտային մասն ունի տաք, միջերկրածովային կլիմա։ Տարեկան միջին ջերմաստիճանը 19°C է (Ադանա), տեղումները՝ 600 մմ (առավելապես՝ ձմռանը, ամռանն անձրևները հազվադեպ են)։ Լեռնային մասերը հարուստ են աղբյուրներով և հանքային ջրերով, որոնց մի մասը հայտնի է բուժիչ հատկություններով (Իլիջե՝ Կենտրոնական Տավրոսի Բոլկար֊դաղ բազուկի ստորոտին)։ Չուքուրօվայի դաշտավայրը ծածկված է ալյուվիալ, մարգագետնային արգավանդ հողերով։ Լեռների բարձրադիր մասերը ծածկված են կաղնու, հաճարենու, եղևնու, սոճու և մայրու անտառներով։ Օգտակար հանածոներից հայտնի են՝ կապարն ու արծաթը (Բոլկար֊դաղ), ցինկը (Անամուրի մոտ), քրոմիտը (Մերսինի շրջանում), մկնդեղը (Սելևկիայի մոտ)։

Ա. վ֊ի տերիտորիան բնակեցված է եղել նախնադարյան ժամանակներից։ Դեռևս մ. թ. ա. 3-րդ հազարամյակում այստեղ բնակվել են խեթերի հետ սերտ կապված տեղական ցեղեր։ Մինչև ասորեստանցիների նվաճումը (մ. թ. ա. VIII դ.) երկրամասը երկար ժամանակ ենթակա է եղել Խեթական կայսրությանը։ Մ. թ. ա. VIII–VII դդ. ծովափնյա շրջանում ստեղծվել են հունական և փյունիկյան գաղութներ։ Հետագայում երկրամասը տիրել են Աքեմենյանները (մ. թ. ա. VI–IV դդ.), ապա ընդգրկվել է Մակեդոնական կայսրության (մ. թ. ա. IV դ.), իսկ այնուհետև՝ Սելևկիայի կազմում։ Մ. թ. ա. II դ. նվաճել է Հռոմը։ Կարճ ժամանակով դաշտային մասը Տիգրան Բ֊ի կողմից միացվել է Մեծ Հայքին, բայց 66-ին, Տիգրանի և Պոմպեոսի միջև կնքված պայմանագրով, նորից անցել է Հռոմին։ Հռոմի բաժանումից հետո՝ մինչև 1076-ը, մնացել է Բյուզանդիայի տիրապետության ներքո, միայն VIII–IX դդ. ժամանակավորապես նվաճվել է Արաբական խալիֆայության կողմից։ 1080–1375-ին մտել է Կիլիկիայի հայկական պետության կազմի մեջ։ Դրանից հետո երկրամասը տիրել են եգիպտական մամլուքները, իսկ 1516-ին՝ թուրքերը։

1915-ին Ա. վ. ուներ 403,4 հզ. բնակիչ, որի մոտ կեսը (178 հզ.) հայեր էին, մնացածը՝ թուրքեր, հույներ, չերքեզներ, արաբներ, թուրքմեններ, քրդեր, յուրյուքներ,