րությաբ: Երևանի արագացուցիչի մագնիսական համակարգը բաղկացած է 48 բլոկներից, իսկ մի բլոկը՝ երկու մասից (կիզակետող և չկիզակետող): Բլոկները հավասարաչափ տեղաբաշխված են շրջանագծով, որի երկարությունը մոտ 217 մ է։ Ներարկիչը, որը 50 Մէվ էներգիայով գծային արագացուցիչ է, վայրկյանում 50 անգամ էլեկտրոնների փունջ է մղում օղակաձև արագացուցիչի վակուումային խցիկը։ Վերջինիս լայնական կտրվածքը գրեթե էլիպսաձև է, որի կիսաառանցքները 6 (հորիզոնական) և 2,4 (ուղղաձիգ) սմ են։ Արագացնող դաշտը, որն ունի 132 Մհց հաճախականություն, առաջանում է 24 ռեզոնատորներում։ Արագացման մեկ ցիկլի ընթացքում (մոտ 8–9 մկ վրկ) էլեկտրոնների էներգիան մեծանում է մինչև 6 մլրդ․ էվ, դրան զուգընթաց աճում է նաև մագնիսական դաշտի մեծությունը: Աշխատանքային ցիկլի վերջում էլեկտրոնները կամ նրանց առաջացրած բարձր էներգիայի գամմա քվանտները դուրս են բերվում փորձարարական դահլիճ և օգտագործվում հետազոտական նպատակներով: Ա–ի հետագա զարգացումը կապված է կոլեկտիվ դաշտերով Ա–ի (որոնք հնարավորություն են տալիս արագացնող դաշտի լարվածությունները մեծացնել տասնյակ անգամ), նոր մեթոդների և երևույթների (գերհաղորդականություն, լազերային փնջեր, էլեկտրոնահաշվիչ և ղեկավարող մեխանիզմներ ևն) կիրառման, ինչպես նաև մեծ էներգիայի մասնիկների կուտակիչների ստեղծման հետ: Մեծ էներգիաների ժամանակակից արագացուցիչը բարդ ինժեներական կառույց է, որի մեջ համախմբված են էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի և այլ բնագավառների նորագույն նվաճումները:
Գրկ. Թումանյան Ա. Ռ., Մարտիրոսյան Հ. Ա., Երևանի էլեկտրոնային արագացուցիրը. – «Արուս» , Ե., 1970: Векслер В. И., Ускорители атомных частиц, М., 1956; Ливингстон М. С., Ускорители, пер. с англ.. М., 1956.
ԱՐԱԳԻԼՆԵՐ (Ciconiidae), սրունքավորների կարգի թռչունների ընտանիք: Զայնալարերը զարգացած չեն (համարյա համր են): հայտնի է 17 տեսակ (մարաբու, յաբիրու ևն): Տարածված են արևադարձային, մասամբ` բարեխառն գոտիներում: Ամենահայտնի տեսակներն են` սպիտակ Ա. (Ciconia ciconia, մարմնի երկարությունը` մինչև 110 սմ է, թևերի բացվածքը` 225 սմ), տարածված են Միջին և Հարավային Եվրոպայում, Ասիայի արմ. և արլ. շրջաններում: Սև Ա. (Ciconia nigra) ավելի հազվադեպ է հանդիպում, բնադրում է Եվրոպայում և Ասիայում: Նշված տեսակները կան նաև ՀՍՍՀ–ում: Սպիտակ Ա. տարածված է Արարատյան հարթավայրում, մասամբ՝ հվ–արլ. շրջաններում, Լոռում: Բները կառուցում են ծառերի, աշտարակների, ժայռերի և բնակելի շենքերի տանիքների վրա: Սև Ա. հանդիպում են Սևանա լճի ավագանում, հս. և հվ–արմ. շրջաններում: Չվող թռչուններ են: Սնվում են միջատներով, ձկներով, երկկենցաղներով, սողուններով, մկնակերպ կրծողներով, բուսական կերերով ևն: Օգտակար են, ոչնչացնում են գյուղատնտեսական վնասատուներին:
ԱՐԱԳԻՉ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Օչամչիրայի շրջանում, շրջկենտրոնից 35 կմ հյուսիս–արևմուտք: 1500 բն. (1968), հայեր: Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, թեյի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ ու տարրական դպրոցներ, սւկումբ, գրադարան, բուժկայան, կինո: Գյուղը հիմնադրել են Օրդուից գաղթած հայերը 1898-ին:
ԱՐԱԳՅՈՒՂ (մինչև 1946՝ Ղարաջորան), գյուղ Հայկական ՍՍՀ Նաիրիի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս: 780 բն. (1973), հայեր: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ: Գյուղում գործում են միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Ա–ում առաջին տարրական դպրոցը հիմնադրել է Ս. Տեր–Պողոսյանը 1890-ին: Ա–ում են ծնվել Ս. Տեր–Պողոսյանը (Րաֆֆու «Խենթի» գլխավոր հերոսը), Վ. Տեր–Պողոսյանը (ՀՍՍՀ, ապա՝ Անդրֆեդերացիայի ֆինժողկոմ):
ԱՐԱԳՈՆ (Aragon) Լուի (ծն. 1897), ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ: Ֆրանսիայի կոմկուսի անդամ 1927-ից, Կենտկոմի անգամ (1954): Ծնվել է հոկտեմբերի 3-ին, Փարիզում, սովորել բժշկական ֆակուլտետում: Գրական ասպարեզ է իջել 1917-ին: Սկզբում հարել է դադաիզմին («Հրավառություն», բանաստեղծությունների ժողովածու, 1920), իսկ հետո՝ սյուրռեալիզմին («Փարիզի գյուղացին», վեպ, 1926): Հետագա ստեղծագործություններում շրջադարձ է կատարել դեպի ռեալիզմը («Ուռա, Ուրա՛լ», 1934, «Սոցիալիստական ռեալիզմի համար», 1935, «Իրական աշխարհ», վիպաշար, 1934–51): Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ա–ի գրական ու քաղաքական գործունեությունը կապված էր Դիմադրության շարժման հետ: Մասնակցել է «Լեթր ֆրանսեզ» ընդհատակյա շաբաթաթերթի ստեղծմանը (1942): Այդ շրջանի նրա ստեղծագործություններն ամփոփված են «Դանակը սրտում» (1941), «Էլգայի աչքերը» (1942), «Ֆրանսիական արշալույս» (1945) բանաստեղծությունների ժողովածուներում, «Ֆրանսիացիների անկումն ու վեհությունը» (1945) պատմվածքների ժողովածուում: Ետպատերազմյան շրջանի նրա լավագույն ստեղծագործություններից են «Կոմունիստներ» (1949–51), «Չարչարանաց շաբաթ» (1958) վեպերը: Սոցիալիստական ռեալիզմի պաշտպանությամբ հանդես է եկել «Ես բացում եմ խաղաքարտերը» (1959) հոդվածների ժողովածուով: 1960-ին լույս է տեսել Ա–ի «Բանաստեղծներ» պոեմը: Վերջին տասնամյակի գործերից են «Լուրջ կործանում» (1965) և «Բլանշ կամ մոռացում» (1967) քնարական վեպերը: Մեծ է Ա–ի ավանդը ֆրանսիական ընթերցողներին սովետական գրողների, այդ թվում՝ հայ գրողների ստեղծագործություններին ծանոթացնելու գործում: 1955-ին Ա. հրատարակել է «Հայաստանի երկարամյա երգը» («Լեթր ֆրանսեզ», մարտ) ծավալուն հոդվածը՝ նվիրված հայ բազմադարյան գրականությանը: Հատկապես բարձր է գնահատել Ա. Իսահակյանի և Ե. Չարենցի ստեղծագործությունները՝ նրանց դասելով XX դարի խոշորագույն բանաստեղծներ Ապոլիների ու Էլյուարի, Ռիլկեի ու Գարսիա Լորկայի, Մայակովսկու ու Եսենինի շարքը: «Ո՛վ է հիշում հայոց եղեռնը» հոդվածում Ա. հայկական կոտորածը համարել է «մի ապրող ազգի հանդեպ կատարված ցեղասպանության առաջին ոճիրը…» (L’Humanite, 23. 4. 1965): Ա–ի գրչին են պատկանում «Մանուշյանի խումբը» բանաստեղծությունը (1955) և «Ավետիք Իսահակյանի հիշատակին» (1957) հոդվածը: Ա. խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ է, «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1957): Արժանացել է Մոսկվայի և Պրագայի համալսարանների պատվավոր դոկտորի աստիճանի: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1972):
Երկ. Բանաստեղծություններ և պատմվածքներ, Ե., 1959: Собр. соч., т. 1–11, М., 1957–1961.
ԱՐԱԳՈՆ (Aragon), պատմական մարզ Իսպանիայի հյուսիս–արևելքում, Էբրո գետի ավագանում: Գրավում է Արագոնյան հարթավայրի մեծ մասը, նրան պարփակող Պիրենեյների կենտրոնական շրջանները (Անետո պիկը, 3404 մ) և Իբերական լեռների արևելյան մասը: Նրա մեջ են մտնում Սարագոսա, Տերուել, Ուեսկա վարչական մարզերը: Տարածությունը՝ 47,7 հզ. կմ² է, բնակչությունը՝ 1,1 մլն. (1968): Գլխավոր քաղաքը՝ Սարագոսա: Հարթավայրում գերակշռում են չոր տափաստանները, լեռներում' լայնատերև և փշատերև անտառները: Բնակչության 65% ցբաղվում է գյու–