Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/684

Այս էջը սրբագրված է

(նկ․) Մ․ Մ․ Արազի

փոխվել է Պետերբուրգ, սովորել տեղի տեխնոլոգիական ինստ–ում։ Նա դասընկերն էր Ս. Շահումյանի, որն իր հեղափոխական հայացքներով որոշակի ազդեցություն է թողել ապագա գրողի գաղափարական համոզմունքների վրա։ Մասնակցել է ուսանողների հեղափոխական ցույցերին և ձերբակալվել (1901–05)։ 1906-ին վերադարձել է Թիֆլիս, նույն թվականին «Մուրճ» ամսագրում Ֆերնանդո ծածկանունով տպագրել իր անդրանիկ պատմվածքը՝ «Դոն Կարապետի արշավանքը դեպի Կղերաստան»։ Հեղափոխական վերելքի շրջանում հանդես է եկել պատմվածքներով («Մենավոր լապտերը», 1912, «Վերջին երազը», 1912, «Արև», 1913, «Կիսատ տունը», 1913, «Վիրավոր թռչունը», 1913, «Հեքիաթը», 1913, «Արյունոտ ծաղիկներ», 1916 ևն), որոնք արժանացել են հայ մարքսիստական քննադատության բարձր գնահատականին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հ. Հակոբյանի հետ հրատարակել է «Կարմիր մեխակներ» և «Բանվորի ալբոմ» ժողովածուները։ 20-ական թթ. վերջերին Ա. 30-ական թթ. սկզբներին Ա–ու ստեղծագործության մեջ արտացոլվել են սոցիալիստական շինարարությունը և ձնավորվող նոր անհատի հոգեբանությունը։ «Ընկեր Մուկուչը» (1924), «Հազար գլխանի» (1931) պատմվածքները, «Լուսնի շուլերով» (1932), «Ջրվեժի ցոլքում» (1933) վիպակները գրողի ստեղծագործության այդ էտապը խորհրդանշող երկերն են։

1940-ին Ա. լույս է ընծայել «Այրվող հորիզոն» պատմահեղափոխական վեպը՝ նվիրված դարասկզբի ուսանողական խմորումներին ն բանվորական շարժումներին։

Հայրենական պատերազմի տարիներին հրատարակել է «Հայրենիքի կանչը» (1942) և «Անհաղթները» (1944) պատմվածքների ժողովածուները։ Ետպատերազմյան շրջանում լույս է տեսել «Իսրայել Օրի» (1959) պատմավեպը։ Ա. ընտրվել է ՀՍՍՀ I, III և IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և այլ շքանշաններով ու մեդալներով։ Մահացել է դեկտ. 22-ին, Երևանում։

Երկ. Երկ. Ժող., հ. 1-3, Ե., 1955-57։

Գրկ. Ստեփանյան Գ., Մովսես Արազի, Ե., 1954։ Ս. Արզումանյան

ԱՐԱԶՅԱՆ Ամալյա Արտեմի (ծն. 1912), հայ սովետական դերասանուհի։ ՀՍՍՀ ժող. արտիստուհի (1962)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Ծնվել է դեկտեմբերի 2(15)–ին, Երևանում։ 1932-ին ավարտել է Սունդուկյանի անվ. թատրոնի ստուդիան և աշխատում է նույն թատրոնում։ Ա–ի դերակատարումներից են՝ Ռուքայա (Յուժին–Սումբատովի «Դավաճանություն»), Լարիսա (Ա. Օստրովսկու «Անօժիտը»), Մարգարիտ (Շիրվանզադեի «Պատվի համար»), Լիզա (Գորկու «Արևի զավակները»). Շամիրամ (Ն. Զարյանի «Արա գեղեցիկ»), Բեռնարդա (Ֆ. Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը»)։


ԱՐԱԶՅԱՆ Բագրատ Ստեփանի (1879–1957), հայ սովետ, ճարտարապետ։ Ծնվել է սեպտ. 1(13)–ին, Երևանում։ 1911-ին ավարտել է Պետերբուրգի Քաղաքացիական ինժեներների ինստ–ի ճարտարապետության բաժինը։ 1907-ից նախագծել և կառուցել է բնակելի, քաղաքացիական և հասարակական շենքեր Երևանում («Ջանփոլադյանների թատրոն», 1907 ևն), Բաքվում և Ռուսաստանի այլ քաղաքներում ու վայրերում։ 1920-ից աշխատել է Երևանում։ Շինարարական–ճարտարապետական գործունեություն է ծավալել՝ գլխավորելով Երևանի կենտրոնական թաղամասերի (Լենինի պողոտայի, Պուշկինի, Ղուկասյան, Թումանյան փողոցների հատվածում) բնակելի կոոպերատիվ տների շինարարությունը, որպես նախագծերի հեղինակ և Հայբնակշինկոոպ միավորման գլխավոր ինժեներ (1928–36)։ Ուշագրավ է Շահումյան փողոցում կառուցված «Արարատ» տրեստի բնակելի շենքերի համալիրը (1934–45), ինչպես և ՀՍՍՀ Պետշինի մրցանակին արժանացած «Կինոպրոկատի» շենքը (1952)։ Երևանի ժող. տան նախագծի համամիութենական մրցույթում շահել է երկրորդ մրցանակը (1926)։ Մահացել է հունիսի 16-ին, Երևանում։


ԱՐԱԼԵԶՆԵՐ, տես Հարալեզներ։


ԱՐԱԼՅԱՆ ԾՈՎ, Արալ (թուրք, արալ – կղզի), անհոսք աղի լիճ ՍՍՀՄ Ասիական մասի հարավ–արևմուտքում։ Մակերեսը 64,5 հզ. կմ² է (որից կղզիները՝ 2345 կմ²), ավազանը՝ մոտ 690 հզ. կմ², առավելագույն խորությունը՝ 67 մ։ Հյուսիսային ափերը բարձր են, տեղ–տեղ հարթ, կտրտված խոր ծոցերով, արևելյանը՝ հարթ, ավազոտ և հարուստ մանր ծոցերով ու կղզիներով, հյուսիսայինը կազմված է Ամուդարյայի դելտայից, իսկ արևմտյանը՝ Ուստյուրտի դիք ու բարձր չինկերից (մինչև 190 մ բարձր)։ Խոշոր կղզիներից են՝ Կոկարալը, Վոզրոժդենիան, Բարսակելմեսը։ Ա. ծ. են թափվում Ամուդարյա և Սիրդարյա գետերը։ Կլիման ցամաքային է, օդի միջին ջերմաստիճանը ամռանը 24°C, 26°C է, ձմռանը՝ -7°C–ից -13,5°C, մակերեսին ջրի ջերմաստիճանը ամռանը 26°C, 30°C է, ձմռանը՝ 0°C–ից ցածր։ Ձմռանը ամենուրեք հանդիպում են սառույցներ: Տարեկան տեղումները հասնում են 100 մմ։ Ջրային հաշվեկշիռը կազմվում է ի հաշիվ տեղումների (5,9 կմ³), մայրցամաքային ջրերի հոսքի (54,8 կմ³) և գոլորշիացման (60,7 կմ³)։ Աղիությունը գետաբերաններից հեռու 10–11‰ է, հվ–արլ. ափերի մոտ՝ մինչև 14‰, թափանցիկությունը՝ մինչև 25 մ։ Հոսանքներն ունեն ժամացույցի սլաքի շարժման ուղղություն։ Ձկներից են՝ շիպը, ծածանը, միրոնը, մանրածածանը, յազը, ձիաձուկը ևն։ Նավագնացությունը տևում է մոտ 7 ամիս։ Ափերը նոսր են բնակեցված։ Գլխավոր նավահանգիստներն են Արալսկը և Մույնակը։


ԱՐԱԼՍԿ, քաղաք, Ղազախական ՍՍՀ Կզըլ–Օրդայի մարզի Արալսկի շրջանի վարչական կենտրոնը։ Երկաթուղային կայարան է և նավահանգիստ Արալյան ծովի հս–արլ. ափին։ 37,7 հզ. բն. (1970)։ Ունի ձկան կոմբինատ և նավանորոգման գործարան։ Ա. հիմնադրվել է Օրենբուրգ–Տաշքենդ երկաթուղու կառուցման ժամանակ (1905)։


ԱՐԱԾ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Գտնվում էր այժմյան Նախիջևանի ԻՍՍՀ Իլյիչևսկի և ՀՍՍՀ Արարատի շրջանների շուրջ 250 կմ² ընդգրկող տարածքում։ Աղբյուրներում անվանվել է նաև Արածո կողմն։


ԱՐԱԾԱՆԻ [(ասուրա–բաբել. Արսանիա անվանումից), Արևելյան Եփրատ, թուրք. Մուրադ], գետ Հայկական լեռնաշխարհում։ Միանալով Արևմտյան Եփրատին՝ առաջացնում է Եփրատ գետը։ Երկարությունը 650 կմ է, ավազանը՝ 40 հզ. կմ²։ Հին (հատկապես հայ) մատենագիրները Ա. հիշում են որպես ինքնուրույն գետ և ոչ որպես Եփրատի վտակ։ Սկիզբ է առնում Ծաղկանց լեռների հյուսիսային մասից՝ մոտ 3060 մ բարձրությունից։ Վերին հոսանքում անցնում է խոր կիրճով դեպի հս., ապա հս–արմ., դուրս գալիս Ալաշկերտի դաշտ և հոսում հվ–արմ. ուղղությամբ։ Այստեղ գետը լայն է՝ 50–100 մ և դանդաղահոս։ Փոխելով ուղղությունը դեպի արմ., ճեղքում է մի քանի լեռնաբազուկներ և սրընթաց հոսքով, սահանքավոր, համեմատաբար նեղ (50–80 մ) հունով, մտնում Մշո դաշտ, բաժանվում բազուկների՝ առաջացնելով ծանծաղուտներ և ավազա–ճալաքարային կղզյակներ։ Մշո դաշտից մինչև Բալու քաղաքը հոսում է խոր կանիոնով, ունի մեծ անկում, 50–70 մ լայնություն և 3 մ/վրկ արագություն։ Դուրս գալով կանիոնից, որպես լայնահուն (100–150 մ), ջրառատ գետ, մտնում է Խարբերդի դաշտ՝ պահպանելով արմ. ուղղությունը մինչև Արևմտյան Եփրատին միանալը (Կեբան քաղաքից հս.)։ Ա–ի գլխավոր վտակներն են Բագրևանդը (Շարիան), Խնուսը, Բյուրակնը (աջից), Մանազկերտը (Պադնոս), Մեղրագետը, Ճապաղջուրը (ձախից)։ Ա–ի սնումը խառն է, հիմնականում ձնաանձրևային, վերին հոսանքում՝ ստորերկրյա ջրերի սնման գերակշռությամբ։ Այստեղ ափերին բխում են հանքային (ծծմբային) տաք աղբյուրներ (հևում՝ «Վարշակի ջերմուկ»–ներ), որոնց նստվածքների արդյունք են գետի այդ մասում բնական երկու կամուրջները։ Հորդանում է ապրիլ–մայիսին, երբեմն՝ մարտին, դաշտային մասերում ողողում շրջակա տարածությունները, ցածր մակարդակը՝ հուլիս–օգոստոսին։ Ձմռանը սառցակալում է։ Դեռևս ուրարտական ժամանակներից օգտագործվում է ոռոգման նպատակներով։ Ունի էներգետիկ մեծ ռեսուրսներ, որոնք նվազ են օգտագործվում։

Ա–ի ավազանում են գտնվում Վաղարշակերտ (Ալաշկերտ), Մուշ, Բալու, Խարբերդ քաղաքները։ Ա., որի հովիտը հայ ժողովրդի բնօրրաններից է, Հայաստանի սրբազան պաշտամունքի գետն է։ Նրա ակունքների մոտ էր գտնվում Հայոց զորքի գլխավոր բանակատեղին՝ Շահապիվանը, որտեղ գումարվում էին աշխար–