Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/686

Այս էջը սրբագրված է

Ա–ին փոխարինել է հունական Դիոս–Զևսը։ Դիոս–Արամազդի արձաններն ու մեհյանները կործանեցին Տրդատ Գ ու Գրիգոր Լուսավորիչը։

Գրկ. Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1909։ Ալիշան Ղ., Հին հաւաւոք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վնտ., 1895։ Վ. Բդոյան

ԱՐԱՄԱԶԴ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների 15-րդ օրվա անունը, կապվում է նախաքրիստոնեական Հայաստանի գլխավոր աստված Արամազդի պաշտամունքի հետ։


ԱՐԱՄԱՍԱՐ (ն. Արամլի), գագաթ Բարգուշատի լեռնաշղթայի արևմտյան մասում։ Բարձրությունը 3343 մ է։ Կազմված է նստվածքա–հրաբխածին ապարներից ու գրանիտոիդներից։ Հս. և արլ. լանջերը զառիթափ են, լերկ, հվ. և արմ. լանջերը՝ մեղմաթեք, ծածկված ալպյան բուսականությամբ։


ԱՐԱՄԵ (ծն. և մահ. թթ.անհտ.), Ուրարտուի թագավոր՝ մ. թ. ա. շուրջ 860–840-ին։ Ա–ի մասին միակողմանի և կցկտուր տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի թագավոր Սալմանասար III արձանագրություններում։ Ա–ի եռանդուն քաղաքականության շնորհիվ հզոր պետականության հիմքերի վրա դրվեց Հայկական լեռնաշխարհի ցեղերի ժամանակավոր, անկայուն դաշնակցությունը։ Ա. լեռնային ճակատամարտերով Սալմանասար III զրկեց վճռական հաջողություններից, ետ մղեց նրա բոլոր արշավանքները (մ. թ. ա. 859, 857, 845), պահպանեց երկրի ռազմական, քաղաքական հզորությունը, ընդարձակեց պետությունը։ Ա–ի զորավարական տաղանդը, հերոսական ջանքերը ժողովուրդը փառաբանել է, առասպելացրել։ Արամ նահապետի մասին դյուցազնապատումը հյուսված է Ա. թագավորի փառքի հիման վրա։ Ա–ի անունից է ծագում հայոց մեջ տարածված Արամ անձնանունը։

Գրկ. Никольский М. В., Клинообразные надписи Ванских царей, открытые в пределах Росии, «Древности восточные», 1893, т. 1, в. 3, с. 399.


ԱՐԱՄԵԱԿԱՆ ԳԻՐ, բաղաձայնա–հնչյունային գիր։ Ստեղծվել է մ. թ. ա. առաջին հազարամյակի սկզբում փյունիկյան գրի հիման վրա։ Արամեացիները հետագայում մասնակի փոփոխություններ են մտցրել այդ գրի մեջ, պարզեցնելով որոշ տառերի ձևը՝ հաստացնելով կամ կլորացնելով նրանց մասնիկները։ Պարզության շնորհիվ Ա. գ. աստիճանաբար տարածվել է Առաջավոր Ասիայում, անցել հրեաներին, ասորեստանցիներին, բաբելացիներին ևն։ Նրանից են առաջացել հրեական, նաբաթական, պալմիրական գրի տեսակները։ Արամեերենը սեպագրերից հետո դարձավ Աքեմենյան Պարսկաստանի երկրորդ պաշտոնական լեզուն։ Ստեղծվեց Ա. գ–ի նաև պարսկա–արամեական փոփոխակը, որից էլ առաջ են եկել կխարոշտի, փեհլևի, ավեստական, մանդեական, օրխոնյան և այլ անուններով հայտնի գրատեսակները։ Ա. գ. գրավոր հուշարձաններով ավանդված է մ. թ. ա. IX–VIII դդ.։

Գրկ. Լոուկոտկա Չ., Գրի զարգացումը, Ե., 1955, էջ 114–30։ Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, Ներածություն, Ե., 1955, էջ 521–25։


ԱՐԱՄԵԱՑԻՆԵՐ, սեմական լեզվախմբին պատկանող քոչվոր–անասնապահ ցեղեր։ Մ. թ. ա. XIV դ. դուրս գալով իրենց բնօրրանից՝ Արաբական թերակղզուց, աստիճանաբար (հատկապես XII–XI դդ.) ողողեցին Բաբելոնը, Միջագետքը, Հրեաստանը, Ասորիքը, Փյունիկիան։ Ա. ընդհանուր անուն չեն ունեցել և կոչվել են, հավանաբար, ըստ ցեղանունների։ Աքքադական արձանագրություններում հիշատակվում են «արամե» («քոչվոր») ընղհանուր անունով։ Մ. թ. ա. XI դ. սկզբին Ա. անդամահատեցին և ժամանակավորապես անկման հասցրին հզոր Ասորեստանի տիրապետությունը՝ կլանելով տեղաբնիկ ցեղերի զգալի մասը։ Մ. թ. ա. I հազարամյակի սկզբին առավելապես արամեացվեցին Ասորիքը և Հյուսիսային Միջագետքը։ Ասորիքը մ. թ. ա. XI–VIII դդ. Ա–ի անունով կոչվում էր Արամ։ Յուրացնելով փյունիկյան պարզ այբուբենը՝ Ա. այն տարածեցին հարևան ցեղերի ու ժողովուրդների մեջ՝ հետզհետե Առաջավոր Ասիայից դուրս մղելով բարդ ու դժվարընթեռնելի սեպագիրը։ Մ. թ. ա. I հազարամյակի երկրորդ կեսին արամեերենը Աքեմենյան աշխարհակալության պաշտոնական երկրորդ լեզուն էր, որի տարածման սահմանները ձգվում էին Կապադովկիայից մինչև Հինդոսի ափերը։ Աքեմենյանների անկումից (մ. թ. ա. IV դ. երկրորդ կես) հետո սեպագիրն իր տեղր զիջեց արամեական գրին։ Հայաստանում, տակավին Աքեմենյան տիրապետության ժամանակաշրջանում (մ. թ. ա. VI–IV դդ.), հիմնվել էին արամեական դիվանատներ, որոնք պահպանվեցին ընդհուպ մ. թ. ա. II դ.։ Մեզ հասել են Արտաշես Ա թագավորի արամեական արձանագրությունները։ VII դ. հետո Ա. ձուլվեցին արաբներին՝ աստիճանաբար դադարելով ինքնուրույն ժողովուրդ լինելուց։ Ա–ի մնացորդներն այժմ պահպանվում են Սիրիայի լեռնային Մաալուլ, Ջուբադին գյուղերում, Տուր–աբդին (Հյուսիսային Միջագետք) քաղաքի շրջակայքում, Հայաստանում և Կովկասի այլ վայրերում (տես Ասորիներ

Գրկ. Дьяконов И. М., Народы древней Передней Азии, в кн.: Переднеазиатский этнографический сборник, т. 1, М., 1958. Վ. Վարդանյան


ԱՐԱՄԵԵՐԵՆ, սեմական լեզվաընտանիքի հյուսիս–արևմտյան խմբին պատկանող լեզու։ Կազմում է մերձավոր բարբառների մի ամբողջություն, որոնք երբեմն որակվում են որպես արամեական լեզուներ։ Աստիճանաբար տարածվելով գրեթե ամբողջ Առաջավոր Ասիայում՝ Ա., մ. թ. ա․ VIII դ. սկսած, Ասորեստանի աշխարհակալ պետության սահմաններում ձեռք է բերում միջազգային լեզվի արժեք։ Այդ ժամանակից են Ա–ի առաջին գրավոր հուշարձանները։ Ա. իր նշանակությունը պահպանում է նաև հետագայում՝ դառնալով Աքեմենյան Պարսկաստանի գրաված ընդարձակ տարածության արմ. մասի պաշտոնական լեզուն, ապա շարունակելով մնալ միջազգային հաղորդակցման լեզու՝ ընդհուպ մինչև արաբական նվաճումները։ Ա–ի արմ. բարբառով են գրված Աստվածաշնչի (Հին կտակարանի) որոշ մասերը։ Հին հեղինակները Ա–ի փոխարեն սխալմամբ գործածել են «քաղդեերեն» անվանումը։ Ա. բնութագրվում է կոկորդային հնչյունների փոքրաքանակությամբ, ներքին թեքման կրավորականի բացակայությամբ, շաղկապների և կապական մասնիկների զարգացած համակարգով։ Ա–ի բարբառներից պահպանվել է ասորերենը։

Գրկ. Schiffer S., Die Aramär, Lpz., 1911; Dupont-Sommer A., Les araméens, P., 1949. Գ. Ջահուկյան


ԱՐԱՄՅԱՆ Գարեգին Նշանի (ծն. 1908), հայ սովետ. կինոօպերատոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ծնվել է հունվարի 13-ին, Սեբաստիայում։ 1924-ին Յաֆֆայից Արարատյան որբանոցի սաների հետ ներգաղթել է Սովետական Հայաստան։ 1934-ին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստ–ի (Մոսկվա) օպերատորական ֆակուլտետը և աշխատանքի անցել «Հայկինո»–ում (1959-ից Երևանի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայում)։ Ա. «Ջրերը երգում են» (1964), «Անի» (1966), «Հակոբ Կոջոյան» (1970) և այլ կինոակնարկների հեղինակ-օպերատորն է։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և մեդալներով։


ԱՐԱՄՅԱՆ Ճանիկ (Թ. Կըկռիկյան, 1820–1879), հայ տպագրիչ, վիմագրիչ, հայերեն տպատառերի բարեփոխիչ, գրող, հրապարակախոս։ Ծնվել է Նիկոմիդիայում (Թուրքիա)։ Կ. Պոլսում աշխատել է իբրև գրաշար։ 1846-ին փոխադրվել է Փարիզ և հմտացել գրաձուլական և տպագրական գործում։ 1859-ին Փարիզում հիմնել է սեփական տպարան, որտեղ լույս է ընծայել շուրջ 20 անուն գիրք։ Տպագրական գործը շարունակել է Մարսելում (1862-ից), ապա Կ. Պոլսում (1864-ից)։ Եղել է Կ. Պոլսի արքունի տպարանի տեսուչ։ Տպագրել է Եզնիկ Կողբացու, Գրիգոր Նարեկացու, Մ. Նալբանդյանի, Ծերենցի, Մ. Չերազի, Պ. Դուրյանի, Գ. Սրվանձտյանի և ուրիշների երկերը, նաև Փարիզի «Մասյաց աղավնի», «Արևելք», «Արևմուտք», «Փարիզ» պարբերականները, դասագրքեր։ Հրատարակություններն ունեն տպագրական բարձր արվեստ։ Ա. հռչակվեց իր ստեղծած նոր տառատեսակով (Արամյան)։ Բարեփոխության նպատակն էր ստեղծել ավելի գեղեցիկ, դյուրընթեռնելի, հեշտ շարվող տպատառեր։ Արամյան տառերը մեծ տարածում գտան և հիմք դարձան հայկական նոր տառատեսակների ստեղծման։ Իբրև հրապարակախոս Ա. հայտնի դարձավ 1864-ին, «Պոլոժենիե»–ի շուրջ ծագած բանավեճին մասնակցելով, պաշտպանեց այդ կանոնադրությունը։ Ա–ի անունով հայտնի է «Ընդունելութիւն ընծայի»