Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/688

Այս էջը սրբագրված է

էու ևն։ Շեշտի տակ պահպանվող ձայնավորն արտասանվում է երկար (հմմտ. իլայր<ալիւր, յախա^ուռ<ախոռ, աձձէյլ<ածել, ագռօ^ու<ակռայ, ամօու^ր<ամուր, օ^ումբ<ամպ, համօ^ու<հիմա)։ Պայթական բաղաձայնները եռաստիճան են (բ, պ, փ)։ Գրաբարի ձայնեղները դարձել են խուլ, խուլերը՝ ձայնեղ (պատ>բադ, բադ>պատ), բարդ–կիսաշփական ծ–ն տվել է զ (զուվ<ծով, գառավ<ծարաւ)։ Երկբաղաձայնով սկսվող բառերն սկզբից ստանում են ը (ըտկուլա< գդալը, ըլվացվէյմ=լվացվում եմ), որոշիչ հոդն է ա, որը բաղաձայնից առաջ վերածվում է ի–ի (ըտկուլա<գդալը, ըտկուլիտ<գդալդ)։ Ա. բ. գրաբարին ամենամոտ բարբառն է. ունի հարցական չա.. և անձնական–ցուցական ա.. (զա..) դերանունները, որոնցից առաջինը ծագում է հնդեվրոպական *k²i, երկրորդը՝ *i ձևից։ Հոլովման մեջ պահում է հայցականի զ–ն (գամայս<ամիս) և ի նախդիրը բոլոր գործածություններով (ի դէու..նա=դեպի տունը կամ տանը, ի բուդէյն=պատի վրա, ի քէն=քեզնից, ի զառիր=ծառերով, յաս դէու..նա<յայս տուն=դեպի այս տունը)։ Ներկայի և անցյալ անկատարի ձևերը կազմվում են գրաբարակերպ, ընթացականը՝ հայ մասնիկով, ձայնավորով սկսվող բայերը՝ զ եղանակիչով (հմմտ. ըիյս ա..մմըննուր վառէյմ զլայսա = ես ամեն օր վառում եմ լույսը. ըիյս համօ^ու հայ վառէյմ զլայսա = ես հիմա վառում եմ լույսը)։

Գրկ. Ղարիբյան Ա., Հայերենի նորահայտ բարբառների մի նոր խումբ, Ե., 1958։ Ա. Ղարիբյան

ԱՐԱՄՈՆՔ, գյուղ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառում։ Տես Արամուս:


ԱՐԱՄՈՒՍ, գյուղ Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, Աբովյան–Գնդաշեն խճուղու վրա, շրջկենտրոնից 15 կմ հարավ–արևելք։ 2150 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ (ջերմոցային մեծ տնտեսություն) և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, հիվանդանոց։ Մատենագիտության մեջ Ա. հիշատակվում է Արամոնք, Երամոնս, Արախույզ կամ Արախուս անուններով։ Ըստ ավանդության, Շամիրամն այստեղ է փնտրել Արայի դիակը, այստեղից էլ՝ գյուղի անվանումը։ IV դ. գյուղը պատկանել է Էջմիածնի կաթողիկոսական աթոռին։ Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Պարսկաստանի Խոյի գավառի Կըռս և Շաբանլու գյուղերից, 1829-ին։ Ա–ի կենտրոնում են գտնվում հատակագծային հորինվածքով հայկական ճարտարապետության մեջ VI դ. 2-րդ կեսին մշակված Ավան–Հռիփսիմե տաճարների տիպի եկեղեցու ավերակները։ Հուշարձանը կառուցվել է VI դ. վերջում, հավանաբար, Հովհան կաթողիկոսի կողմից։ Կենտրոնական քառաթև հորինվածքն առնված է ուղղանկյուն եզրաթև ունեցող արտաքին պատերի մեջ, և չորս անկյուններում տեղադրված են ուղղանկյուն սենյակներ։ Գմբեթատակ տարածության անկյուններում տեղավորված են 3/4 շրջագծային եզրաձև ունեցող հենախորշեր, որոնք միաժամանակ նախամուտքեր են անկյունային սենյակների համար։ Պահպանվել են եկեղեցու հս. և արլ. պատերի միայն առանձին հատվածներ։ Հուշարձանը մասամբ վերականգնված է։ Դավիթ Ա Արամոնեցի կաթողիկոսը (728–741) իր հայրենի գյուղում կառուցել է եկեղեցի և դարձըրել կաթողիկոսանիստ։ Ա–ի շրջակայքում կան միջնադարյան մի քանի այլ կառուցվածքների մնացորդներ և XIII–XIV դդ. խաչքարեր։ Վ. Հարությունյան, Ս. Մնացականյան


ԱՐԱՅԻ (մինչև 1946՝ Բազարջուղ), գյուղ Հայկական ՍՍՀ Ապարանի շրջանում, Արագած լեռան արևմտյան ստորոտին, շրջկենտրոնից 20 կմ հարավ–արևմուտք։ 353 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ ու բանջարաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Ա. հիմնադրվել է XIII դ. սկգբին, Անի–Արտաշատ–Դվին առևտրական ճանապարհի վրա։ Հետագայում ավերվել է։ Կրկին շենացվել է XIX դ. Ալաշկերտից եկած բնակիչների կողմից։ Ա–ի հվ–արմ–ում գտնվում են կիկլոպյան ամրոցին 1213-ին կառուցված քարավանատան ավերակներ։

(նկ․) Արայի լեռը։


ԱՐԱՅԻ ԼԵՌ, վերին երրորդական ժամանակաշրջանի հանգած հրաբուխ, Արագածից արևելք, Քասաղ և Հրազդան գետերի միջև։ Բարձր. 2577 մ է։ Ունի անկանոն կոնի ձև՝ հատած գագաթով, օղակաձև խառնարանով։ Կազմված է անդեզիտ–բազալտներից, անդեզիտներից, անդեզիտ–դացիտներից և դացիտներից։ Լանջերը ծածկված են Էլյուվիալ նստվածքներով և մասնատված ձորակներով։ Կլիման ցամաքային է, տեղումները՝ 300– 400 մմ։ Լեռան ստորոտին տարածված են գորշահողերով ծածկված օշինդրային կիսաանապատներ, բարձրադիր մասերում՝ տափաստաններ։ Հս. լանջին հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ։ Օգտակար հանածոներից կան անդեզիտ–բազալտ, անդեզիտ։ Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա Գեղեցիկի անունով, որովհետև Շամիրամի դեմ պատերազմելու ժամանակ Արան բանակել է լեռան ստորոտում։ Հ. Գաբրիելյան


ԱՐԱՆԶԱՄԻՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Ստեփանակերտի շրջանում, շրջկենտրոնից 30 կմ հյուսիս–արևելք։ 244 բն. (1971), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, բուժկայան։ Այստեղ է ծնվել Սովետական Միության հերոս Երեմ Դանիելյանը։


ԱՐԱՆԺԻՐՈՎԿԱ (<ֆրանս. aranger, բառացի՝ կարգի բերել, հարդարել), տես Վերադաշնակում։


ԱՐԱՊՅԱՆ Պողոս Հովհաննեսի (1742–1835), հայ տպագրիչ և գրաձուլիչ։ Ծնվել է Ակնա գավառի Ապուչեխ գյուղում։ Պատանի հասակից տեղափոխվել է Կ. Պոլիս, ուր 70 տարի աշխատել է տպագրության ասպարեզում՝ դառնալով Թուրքիայում ժամանակին ամենաճանաչված տպագրիչը։ Նշանակվել է արքունի տպարանի տեսուչ։ Աշխատել է «Հովհաննես և Հակոբ» տպարանում (1766–69)։ 1777-ին հոր հետ բացել է «Հովհաննես և Պողոս» տպարանը, իսկ 1820-ին հիմնել է նոր տպարան իր անունով։ Ա–ի մահից հետո տպագրական գործը մինչև 1853 շարունակել են որդիները։ Արապյանների տպարանում լույս է տեսել շուրջ 150 անուն գիրք և պարբերական։ Ա. փորագրել և ձուլել է հայերեն տարբեր տպատառեր, ստեղծել է թուրքերենի «նեսիհ» և «թալիգ» տառատեսակները (նրա անունով կոչվում են «Արապ օղլու»)։ 1770-ին վրաց Հերակլ թագավորի հրավերով եղել է Թիֆլիսում, պատրաստել վրաց. տպատառեր, սարքավորել տպարանը և տպագրել վրացերեն գրքեր, ապա այցելել է Էջմիածին և օգնել Հայաստանի նորաստեղծ առաջին տպարանի կատարելագործմանը։ Ա. մահացել է Կ. Պոլսում։


ԱՐԱՊՅԱՆՆԵՐ, Կ. Պոլսի տպագրիչ–հրատարակիչներ, որոնց երեք սերունդը գործել է 1766-ից մինչև 1850-ական թթ.։ Ակնա Ապուչեխ գյուղի բնակիչ Աստվածատուր Արապ օղլու որդի Հովհաննեսը (մահ. մոտ 1810) Կ. Պոլսում Հակոբ Սոխիկ օղլի տպագրիչի ընկերակցությամբ հիմնել է տպարան և մինչև 1769 հրատարակել Շարակնոց, Բաղդասար Դպրի «Տաղարան»–ը, «Տաղարանիկ»–ը և այլ գրքեր։ 1777-ին Հովհաննեսն իր որդի Պողոսի հետ հիմնել է նոր տպարան, որին միացրել է Աստվածատուր դպիր Կոստանդնուպոլսեցու որդի Հովհաննեսի տպարանի կայքը և հրատարակչությունը կոչել Հովհաննես և Պողոս անունով։ Ապա Պողոս Արապյանը տպագրական և գրաձուլական մեծ աշխատանք է ծավալել։ 1822-ից Օրթագյուղում (Կ. Պոլիս) Արապյանների ունեցած տպարանում Պողոսին գործակցել են նրա որդիները՝ Աստվածատուրը, Գեորգը, Գալուստը։ Առաջինի երեք որդիները նույնպես իբրև տպագրիչներ են աշխատել։ Գեորգի որդի Խաչիկ Արապյանը երկար տարիներ աշխատել է Օրթագյուղի տպարանում, ձուլել է հայերեն և թուրքերեն մի շարք տառատեսակներ Օսմանյան կայսրության բազմաթիվ տպարանների համար։ Գալուստի որդի Հարությունը (1826–90) նույնպես երկար տարիներ աշխատել է Արապյանների տոհմական տպարանում։ Օրթագյուղի Արապյան տպարանը 1854-ին հրդեհվել է, 1855-ին Կ. Պոլսում հիմնվել է Արապյանների նոր տպարան, որ գործել է մի քանի տարի։ Արապյանների տպարանը շուրջ 90 տարվա աշխատանքի ընթացքում լույս է ընծայել ավելի քան 100 անուն հայերեն գրքեր, այդ թվում՝ տաղարան–