«ԱՐԱՐԱ», եռօրյա թերթ, ապա կիսամսյա հանդես։ Հրատարակվել է 1920–21-ին, Ադանայում։ Հայ լեգեոնականների պաշտոնաթերթն էր։ Պատասխանատու արտոնատերն էր Հ. Մաստիկյանը։ Տպագրել է առավելապես Կիլիկիան ագատագրելու համար մղված մարտերի մասնակից հայ լեգեոնականների (կամավորական գնդերինզինվորներ) հուշերը, գրական-գեղարվեստական ինքնուրույն և թարգմանական նյութեր (պատմվածքներ, բանաստեղծություններ), ինչպես նաև հոդվածներ ու լուրեր տեղական կյանքից, գրախոսություններ են։ Պարբերաթերթին աշխատակցել են լեգեոնականները և Կիլիկիայի մտավորականությունը։
ԱՐԱՐԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1918, տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին, Պաղեստինի Ռաֆաթ–Արարա (Հաուարարա) բարձունքի վրա, թուրքական «Յըլդըրըմ» բանակի և Արևելյան լեգեոնի (որը հիմնականում բաղկացած էր հայ կամավորներից և հանդես էր գալիս ֆրանս. բանակի կազմում) միջև։ Մի քանի ժամվա մարտերից հետո լեգեոնականներին հաջողվեց կոտրել թշնամու դիմադրությունը և տիրանալ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Արարա բարձունքին։ Ա. ճ–ում տարած հաղթանակով լեգեոնը մեծապես նպաստեց թուրքական ռազմաճակատի քայքայմանն ու դաշնակիցների ընդհանուր հաջողությանը։ Հայ լեգեոնականները, որոնք տվեցին 23 սպանված և 76 վիրավոր, արժանացան ֆրանս. և անգլ. հրամանատարության դրվատանքին։
Գրկ. Պոյաճյան Տ., Հայկական լեգեոնը, Ուոթրթաուն, 1965։
ԱՐԱՐԱՏ, Մասիս, հանգած հրաբխային, մեկուսացած լեռնազանգված Արարատյան դաշտի հարավում, Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր (5165 մ) գագաթը և հարաբերական բարձրությամբ՝ (4300 մ) աշխարհի ամենաբարձր լեռը։ Հայկական պարից բաժանված է Խարաբաբազարի լեռնանցքով (1670 մ)։ Ա. անունը առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվել է մ. թ. ա. VII դ. (Աստվածաշունչ, Գիրք ծննդոց) և հետագայում ենթարկվել զանազան ստուգաբանությունների՝ Արայի լեռ, Արայի արատ, Հուրարտա, Հարա–հարա (Լերինք լերանց), Արիա–վարդա (Արեաց երկիր) ևն։ Հնագույն աղբյուրներում հիշատակվում է որպես թագավորության, նահանգի, զորագնդի, գավառի, լեռան անուն։ Օտար մատենագիրները կոչել են «Արարատի լեռներ», «Արարատյան աշխարհի լեռներ», «Հայոց լեռներ»։ Ա. տեղադրված է մոտ 130 կմ եզրագիծ ունեցող ընդհանուր հիմքի վրա, գրավում է 1200 կմ² տարածություն։ Ա. կազմված է երկու կոնաձև գագաթից, որոնցից մեծը կոչվում է Մասիս (5165 մ), փոքրը՝ Սիս (3925 մ)։ Գագաթները միանում են տաշտաձև թամբարդով (2688 մ)։
Մասիսի գագաթնային մասը ընդհանուր հիմքից բարձրացած և հսկա պատվանդանի վրա տեղադրված բրգաձև լեռ է՝ դեպի հս. թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթով (12 կմ²)։ Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով։ Հս–արլ. լանջին գտնվող խորխորատը, որը հայտնի է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով, ձգվում է գագաթից մինչև ստորոտ (մոտ 10 կմ) և մերձգագաթնային շրջանում խորանում է 1000 մ և ավելի։ Պատվանդանային մասը գմբեթաձև է, չափավոր թեք լանջերով, որոնք կտրտված են ձորակներով ու ձորերով և հաճախ վերջանում են արտաբերման կոներով։ Պատվանդանի առանձին հատվածներ ալիքա–թմբավոր սարավանդներ են՝ 3250–3450 մ բարձրությամբ։ Ա–ի զառիկող լանջերը և հատկապես մերձգագաթնային սարավանդները ծածկված են հողմահարված հրաբխային ապարների քարակարկառներով («քարե ծովեր»), իսկ գագաթը՝ հավերժական ձյունով (ստորին սահմանը՝ 4100–4250 մ), որից սնվում է մոտ 30 սառցադաշտ։ Սառցադաշտերը հվ–արմ. լանջին իջնում են մինչև 3850–3950 մ, բայց Սասյաց վիհում 1845-ին սառցալեզվակը իջել է մինչև 2754 մ բարձրությունը (Հ. Աբիխ)։ Անթրոպոգենի սառցապատման հետքերը այստեղ նկատելի են 2800–3000 մ բարձր. շրջաններում։
Ա. բազմածին հրաբուխ է՝ կազմված (հատկապես գագաթը) նեոգենի անդեզիտա–դացիտային և քվարց–տրախիտային լավաների հզոր գոյացումներից և նրանց պիրոկլաստներից։ Լավաները լինելով առավել մածուցիկ՝ մեծ մասամբ կուտակվել են ժայթքման շրջանում, որի պատճառով Ա. համարվում է նաև էքստրուզիվ զանգված։ Նրա լանջերին տեղադրված խարամային և կոնաձև բարձրությունների զգալի մասը անթրոպոգենի անդեգիտաբազալտային լավաների առանձին հոսքերի արտավիժման կենտրոներն են։ Սիսը կանոնավոր կոնաձև լեռ է՝ տեղադրված Մասիսից հվ–արլ.։ Գագաթնային մասը (1,5 հա) ալիքավոր հարթավայր է՝ ծածկված ժայռերով, քարակույտերով։ Սսի լանջերը բավականաչափ զառիթափ են և մասնատված։ Զուրկ է հավերժական ձյունից և սառցադաշտերից։ Սիսը նույնպես նեոգենի բազմածին հրաբուխ է, որի խառնարանը չի պահպանվել։ Լևինսոն–Լեսինգը այն համարել է հիպերստենային անդեզիտներից կազմված միածին էքստրուզիվ կոն։ Ա–ի հիմքը պալեոզոյի և մեզոզոյի նստվածքային ապարներից կազմված ծալքաբեկորային կառուցվածք է, տեկտոնական խախտումներով տրոհված առանձին բեկորների, որոնք նեոգենանթրոպոգենում ենթարկվել են դիֆերենցված ուղղաձիգ շարժումների (Մեծ Ա–ի հիմքը բարձրացել է, կից գոգավորությունների հատակը՝ իջել)։ Տեկտոնական խախտումների մի մասը և Ա–ի առաջացումը կապված է երկրակեղևի Հարավ–Արաքսյան խորքային խոշոր ճեղքի հետ, որտեղից սկզբում ժայթքել է թթու, իսկ ավելի ուշ՝ հիմքային մագման Ա ծածկել ծալքաբեկորային հիմքն ու կից գոգավորություններում կուտակված միո–պլիոցենի ու անթրոպոգենի լճա–գետային նստվածքների մի մասը։ Բազալտային լավան հոսելով Ա–ի լանջերով, փռվել և նրա շուրջն առաջացրել է բլրա–կոշտավոր սարավանդներ (երկ. 20–25 կմ, լայն. 10–18 կմ)։ Ա. Հայկական լեռնաշխարհի ակտիվ սեյսմիկ շրջաններից է։ Բազմաթիվ անգամ (139, 1319, 1679, 1840, 1887 թթ. են) կրկննվել են կործանիչ երկրաշարժները։ 1840-ի երկրաշարժի հետևանքով կործանվեց Մասյաց վիհում գտնվող Ս. Հակոբի վանքը և հարևան Ակոռի գյուղը։ Մ. Խորենացին Մասյաց վիհի առաջացումը կապում է 139-ի երկրաշարժի հետ։
Ա. ունի հրաբխային շինանյութեր։ Ա–ի վրա լավ արտահայտված է կլիմայական ուղղաձիգ գոտիականությունը։ Ձմեռը խիստ է, կայուն ու հզոր ձյունածածկույթով։ Հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է –6°C–ից (ստորոտում) մինչև -20°C, -25°C (գագաթին), հուլիսինը՝ 26°C–ից (ստորոտում) մինչև 0°C և պակաս (գագաթում)։ Մթնոլորտային տեղումները ստորոտում տարեկան չեն անցնում 250 մմ–ից, սակայն սարն ի վեր ավելանում են և գագաթային մասում հասնում 1000 մմ–ի։ Տեղումների առավելագույնը թափվում է գարնանը, նվազագույնը՝ ձմռանը։ Չնայած առատ մթնոլորտային տեղումներին, Ա–ի գագաթնային մասի լանջերը չոր են, համարյա զուրկ աղբյուրներից ու գետակներից (Մեծ Ա–ի վրա հայտնի է միայն Ս. Հակոբի աղբյուրը և Գինո գետը) և թողնում են քարային անապատի տպավորություն։ Այդ հանգամանքը պայմանավորված է լեռնագագաթը կազմող հրաբխային ապարների ճեղքվածությամբ և ծակոտկենությամբ, որոնցով արագ ներծծվում են մթնոլորտային տեղումները, լավաների տակով հոսում ցած և հիմնականում կուտակվում Արարատյան և Կոգովտի արտեզյան ավազաններում։ Ա–ի միջին գոտու (1500–3500 մ) բուսական ծածկույթը համեմատաբար փարթամ է։ Կան լավ արոտներ և գիհու թփուտներ։ Ստորին գոտում (1500 մ ցած) գերակշռում են կիսաանապատային աղասեր բույսերն ու չորասեր թփուտները, ճահճուտներում՝ եղեգնուտները, միայն Սարդար–բուլաղի աղբյուրի մոտ աճում են կեչու թփուտներ։ Ա. հարուստ է զանազան կենդանիներով ու թռչուններով։ Հնում Ա. հռչակված էր որպես Հայոց արքունի որսատեղի։ Տակավին X դ. արաբ աշխարհագրագետ Իսթախրիի վկայությամբ, Ա. (արաբները Մասիսն անվանել են Հարիս, Սիսը՝ Հուայրաս) ուներ անտառներ և որսատեղիներ։ Իսկ Յակուտը (XIII դ.) գրում է, որ Ա–ի վրա գտնվում են Հայոց թագավորների շիրիմներ՝ իրենց գանձերով։
Իր գեղատեսիլությամբ, դժվարամատույց բարձրությամբ, բնական ներգործումներով (երկրաշարժներ, սառցասահումներ, վիմագլորումներ, սարսափազդու դղրդյուններ են) Ա. հնում խորհրդավոր ազդեցություն է ունեցել հայերի վրա, արժանացել պաշտամունքի և առասպելաբանության։ Հայոց մեջ Մասիս անունը ավանդաբար գործածվում է «Ազատ» (զենդ. yazata – սրբազան, պաշտելի, ազնվական), «Մեծ», «Բարձր», «Մթամած», երբեմն՝ «Սպիտակափառ», «Արեգնաճեմ», «Երկնաճեմ» մակդիրներով։ Հայոց հին հավատքում Մասիսը քաջաց ոգիների դիցարանն էր, որոնք Մասիսն իբրև հսկել են