Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/696

Այս էջը սրբագրված է

դեսին աշխատակցել են հայ և ռումինացի հեղինակներ՝ Հ. Ճ. Սիրունին, Ժ. Մերզան, Է. Չոմակը, Գ. Ավագյանը, Գ. Բեզվիկոնին, Գ. Ռանգլին, Քր. Ալաչը, Դ. Կրաչեանուն, Ծ. Ֆրունճյանը և ուրիշներ։ Հրատարակվել են Շ. Դիլի, Ա. Մեյյեի, Ֆ. Մակլերի, Ֆ. Վերֆելի, Ն. Չորգայի, Կ. Բասմաջյանի, Ա. Չոպանյանի և այլոց հայագիտական գործեր։ «Ա.» մեծ երախտիք ունի հայ գրականությունն ու մշակույթը ռումինահայերին և ռումինացիներին սյրոպագսւնդելու գործում, ինչպես նաև ճանաչողական արժեք՝ ռումինահայ գաղութի պատմությունն ուսումնասիրելու տեսակետից։

«ԱՐԱՐԱՏ», ազգային, քաղաքական, գրական օրաթերթ։ Լույս է տեսնում Բեյրութում (Լիբանան), 1937-ից։ Օրգան հնչակյան կուսակցության։ Խմբագիրներ՝ Ա. Կիտուր, Ա. Էլոյան, Մ. Սեֆերյան, Ն. Ղարիբյան, Ժիրայր Նաիրի։ Պրոպագանդում է Սովետական Հայաստանի տնտեսական ու մշակութային նվաճումները, պայքար մղում դաշնակցության դեմ։ Հայրենական պատերազմի տարիներին «Ա.» մերժել է ֆաշիզմը և դրվատել ու գաղութահայության մեջ ժողովրդականացրել է սովետական բանակի հերոսական պայքարը։ Ետպատերազմյան շրջանում օժանդակել է հայրենադարձությանը։ «Ա.» պայքարում է հանուն խաղաղության, հայ ու արաբ ժողովուրդների բարեկամության։ Գ. Քեշիշյան


«ԱՐԱՐԱՏ» («Ararat»), անգլերեն հասարակական–քաղաքական, գրական–գեղարվեստական եռամսյա հանդես։ Լույս է տեսնում Նյու Յորքում (ԱՄՆ), 1960-ից, տարվա եղանակների՝ Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ անուններով։ ՀԲԸՄ Հյուսիսային Ամերիկայի վարչության օրգան։ Խմբագրել է Ջ. Անդրեասյանը (1960– 1971), Դ. Խերդյանը (1971-ից)։ Աշխատակցում են՝ Վ. Սարոյանը, Լ․ Սյուրմելյանը, Մ. Հովսեփյանը և անգլերեն գրող այլ հայազգի արձակագիրներ ու բանաստեղծներ։ «Ա.»–ում տպագրվող պատմվածքները հաճախ մտնում են ԱՄՆ–ի «Տարվա լավագույն պատմվածքները» հատորի մեջ։ Հանդեսը թարգմանաբար տպագրում է նաև հայ սովետական գրողների պատմվածքնեը ու Սովետական Հայաստանի մշակութային կյանքին վերաբերող հոդվածներ։ Հրատարակության 10-ամյակի առթիվ 1970-ին լույս տեսավ «Ա.»–ի բացառիկ համարը, որտեղ ամփոթված են այդ տարիներին հանդեսում տեղ գտած լավագույն նյութերը։

(նկ․) «Արարատ» եռամսյա հանդեսի 1966-ի ամառային համարի շապիկը։


«ԱՐԱՐԱՏ», եռօրյա թերթ, օրգան ՀԿԿ Արարատի շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի։ Հրատարակվում է 1962-ից, Վեդիում։ Լույս է տեսել նաև «Կոմունիզմի ուղիով» (1950–1962) անունով։ Թերթը արտացոլում Է շրջանի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքը, լուսաբանում նրա գյուղատնտեսության, արդյունաբերության, մշակույթի և կրթության կարևոր խնդիրները։


«ԱՐԱՐԱՏ ԳՐԱԿԱՆ», կիսամսյա (գրական հավելված հնչակյան «Արարատ» օրաթերթի), ապա ամսագիր («Նոր սերունդ մշակութային շարժում» հնչակյան երիտասարդական միության օրգան)։ Հրատարակվել է 1946–65-ին, Բեյրութում։ Պատասխանատու խմբագիր՝ Հ. Նորոլնի (Նորաշխարհյան)։ Պաշտպանել է «արվեստը ժողովրդի համար» սկզբունքը։ Լույս է ընծայել չափածո և արձակ գործեր, գրաքննադատական հոդվածներ, լուրեր սփյուռքահայ (լիբանանահայ) գրական կյանքից։ «Ա. գ.» սերտ կապ է պահպանել Սովետական Հայաստանի հետ, տպագրել հայ սովետական հեղինակների ստեղծագործություններից։ Ուներ միջազգային գրականության բաժին, լայն տեղ էր հատկացնում արաբական գրականությանը։ Մ․ Բաբլոյան


ԱՐԱՐԱՏԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ, գինեգործական ձեռնարկություն Հայկական ՍՍՀ Արարատի շրջանի Արարատ գյուղում։ Հիմնադրել է 1906-ին ռուս ձեռնարկատեր Շուստովը։ Մինչե առաջին համաշխարհային պատերազմը վերամշակել է տարեկան 700–800 տ խաղող և միայն դառը գինենյութ։ 1918–ի թուրքական ներխուժման ժամանակ գործարանը կողոպտվել և ավերվել է, 1925-ին վերականգնվել։ Ա. գ. գ. այժմ հանրապետության գինեգործության խոշոր ձեռնարկություններից է՝ հագեցված խաղողի վերամշակման ժամանակակից սարքավորումներով, խաղողահյութի խտացման, սպիրտահումքի թորման սարքերով։ Գործարանը որպես հումք օգտագործում է Արարատի շրջանի մսխալի և կախեթ խաղողատեսակները։ Գինեգործության սեզոնում վերամշակում է մինչև 15 հզ. տ խաղող։ Արտադրում է դառը և թնդեցված գինենյութեր, հիմնականում պորտվեյն (վարդագույն, սպիտակ, կարմիր), որոնք առաքվում են երկրորդական գինեգործության գործարաններ՝ տարալցման։ Բացի դրանից, արտադրվում են զգալի քանակությամբ խաղողահյութի կոնցենտրատներ, սպիրտահամք, գինեթթվի կրաքար, կոնյակի սպիրտ։ Հ. Եպիսկոպոսյան


ԱՐԱՐԱՏԻ ՇՐՋԱՆ (մինչև 1968՝ Վեդու շրջան), վարչական շրջան Հայկական ՍՍՀ–ում։ Կազմվել է 1930-ի սեպտ. 9-ին (մինչ այդ Երևանի գավառի մասերից էր)։ Տարած. 1314 կմ² է։ Արմ–ում շրջանը սահմանակից է Թուրքիային (Արաքս գետ)։ Վարչական կենտրոնը՝ Վեդի։

Բնական պայմանները։ Ա. շ. գտնվում է Արարատյան դաշտի հվ. մասում՝ ընդգրկելով Արածո դաշտը և նրան հարող նախալեռները։ Արլ–ից եզրավորվում է Գեղամա լշ–ով։ Կենտրոնական մասից դեպի արլ. ձգվում է Ուրծի լշ–ն՝ Ուրծ գագաթով (2445 մ)։ Արմ. մասը միապաղաղ հարթավայր է՝ կազմված Արաքսի և Վեդու գետաբերուկներից։ Տերիտորիայի 18% ունի մինչև 1000 մ, 41%՝ 1000–2000 մ, իսկ մնացածը՝ 2000 մ ավելի բարձրություն։ Բարձրադիր մասերում տարածված են լեռնատափաստանային և ալպյան գոտիները, ցածրադիր մասերում՝ կիսաանապատային գոտին՝ չոր և խիստ ցամաքային կլիմայով։ Լեռնատափաստանային և ալպյան գոտիներում կլիման բարեխառն է, տարեկան միջին ջերմաստիճանը 6°C–ից 10°C, է հունվարինը՝ ցածրադիր մասերում -6°C, բարձրադիր մասերում՝ –10°C (երբեմն մինչև -20°C–ից -30°C), հուլիսինը համապատասխանաբար 26°C-ից 16°C է առավելագույնը հասնում է 41°C (Արարատ ք.)։ Անսառնամանիք օրերի թիվը 150–220 է։ Տարեկան տեղումները՝ 200–600 մմ: Գետերը՝ Վեդին և Արաքսը, ունեն ոռոգիչ նշանակություն։ Գերակշռում են ալյուվիալ–մարգագետնային, տեղ–տեղ աղակալած ու կրային, ինչպես նաև լեռնատափաստանային ու լեռնաշագանակագույն հողերը (Արաքսի մերձափնյա մասերում նաև ճահճահողերն ու աղուտները)։ Ցածրադիր մասերին բնորոշ են չորասեր և աղասեր բույսերը (գեղածնկիկ, հազարտերնուկ), նախալեռնային գոտում՝ հոտավետ օշինդրը, ուրցը, հացազգիներ։ Բարձրադիր լեռնալանջերը ծածկված են մարգագետնային բուսականությամբ։ Տերիտորիայի 5,5% անտառապատ է (Խոսրովի արգելանոցի մի մասը)։ Կենդանական աշխարհը բազմազան է (գայլ, արջ, աղվես, եղեգնակատու, բեզոարյան այծ, այծյամ, նապաստակ, ճագարամուկ, թունավոր օձեր)։ 1954-ից Խոսրովի արգելանոցում բազմացվում է ուսուրական բծավոր եղջերու։ Օգտակար հանածոներից են կրաքարը, մարմարը, քվարցային ավազները։ Հարուստ է հանքային աղբյուրներով։

Բնակչությունը։ Ա. շ–ում բնակվում Է 53,6 հզ. մարդ (1972), 81% հայեր, ապրում են նաև ադրբեջանցիներ, քրդեր, ռուսներ։ Միջին խտությունը 1 կմ² վրա 40,8 մարդ է։ Քաղաքային բնակչությունը 12,6% է։ Ունի 29 բնակավայր։ 1926–67-ին բնակչությունը աճել է 3,5 անգամ։ Այդ ժամանակամիջոցում են ստեղծվել Արարատ քաղաքը, Արմաշը, Սուրենավանը, Նոր Կյանքը, Կիրովի անվան սովետական տնտեսությանը կից ավանը և այլ բնակավայրեր։

Քարտեզը տես 696 էջից հետո՝ ներդիրում։

Պատմական ակնարկ։ Հին և միջին դարերում Ա. շ–ի տերիտորիայի մեծ մասը