Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/701

Այս էջը սրբագրված է

չելով պարսից զորքի դեմ։ 1827–ի օգոստոսի 7-ին Օշականի մոտ կատաղի ճակատամարտ է տեղի ունեցել կողմերի միջև (տես Օշականի ճակտամարտ 1827)։ 1828-ի փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի պայմանագրով Ա. դ. անցել է Ռուսաստանին՝ մտնելով Հայկական մարզի, իսկ 1840-ից՝ Երևանի գավառի մեջ։ 1849-ի հուլիսից Ա. դ. մտել է Երևանի նահանգի մեջ։ 1918-ի մայիսին Ա. դ–ում տեղի է ունեցել Սարդարապատի հերոսամարտը, որը բախտորոշ դեր խաղաց հայ ժողովրդի կյանքում։ Այստեղ են հիմնվել Երվանդաշատ, Արտաշատ, Արմավիր, Վաղարշապատ, Դվին մայրաքաղաքները։ Ա. դ–ում է գտնվում Հայկ. ՍՍՀ մայրաքաղաք Երևանը։ Ա. դ. մարդու ծագման օրրաններից է։ Արարատյան գոգհովտում Արտենի լեռան և Արզնի քաղաքի շրջակայքում հայտնաբերվել են հին ու նոր քարի դարաշրջանի գործիքներ և անթրոպոգենի սառցապատման ժամանակաշրջանի կենդանիների (տրոգոնթերյան փղի, ռնգեղջյուրի, վայրի ձիու, ուղտի, ցուլի և եղջերուի) ոսկորներ, Երևանից 7 կմ հարավ գտնվել է այդ ժամանակվա մարդու գանգ։

Ա. դ. պատմական ժամանակաշրջանում և այժմ հայ մշակույթի առաջատար շրջաններից է, հարուստ հուշարձաններով՝ Շենգավիթի մշակույթը (V–IV հազարամյակ, մ. թ. ա.), Թեղուտի երկրագործական բնակատեղին (V հազարամյակի վերջ – IV հազարամյակ, մ. թ. ա.), Մեծամորի հնագույն մետաղաձուլական կենտրոնը (111–1 հազարամյակ, մ. թ. ա.), ուրարտական նշանավոր ամրոցներ Էրեբունին (Արին–բերդ), Թեյշեբաինին (Կարմիր բլուր), Հրազդանի թունելով անցկացված ուրարտական ջրանցքը, Էջմիածնի Մայր տաճարը, Հռիփսիմեի տաճարը, Զվարթնոցը ևն։ Մեր օրերում կառուցված Սարդարապատի հերոսական ճակատամարտի կոթողը, բազմաթիվ հուշարձաններ, ինչպես նաև քաղաքամայր Երևանը՝ մեր ժողովրդի ճարտարապետական մտքի հոյակապ կերտվածքներն են։ (Տես նաև Այրարատ նահանգը)։

Պատկերազարդումը տես 689 էջից առաջ՝ ներդիրում։ Ա․ Բաղդասարյան

«ԱՐԱՐԱՏՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ», Արևմտյան Հայաստանի գավառներում ուսումնական գործը խթանելու նպատակով ստեղծված կամավոր ընկերություն։ Հիմնվել է Կ. Պոլսում, 1876-ի ապրիլի 15-ին։ Հիմնադիրները և ատենապետներն են եղել Դ. Նորատունկյանը, Ա. Արփիարյանը, Ս. Փորթուգալյանը, Մ. Չերազը, Հ. Շիշմանյանը, Պ. Վասիլյանը և ուրիշներ։ Ընկերությունը աոաջին դպրոցը բացել է Վանի վիլայեթի Ալյուր գյուղում, 1876-ի նոյեմբ. 1-ին, այնուհետև՝ 1878-ին, Կյուսենցում, 1879-ին՝ Վանում (վարժապետանոց), Դատվանում, Կեմում և Խստակոնիսում։ Դպրոցներ է հիմնել նաև Քղիի, Բալուի, Չարսանճագի գավառների գյուղերում։ Ընկերության միջոցները գոյանում էին անդամավճարներից, վիճակատոմսերից, նվիրատվություններից (ինչպես բուն երկրում, այնպես էլ Ռուսաստանում և Եվրոպայի մի շարք երկրներում)։ «Ա. ը, հ.» գործեց մինչև 1880-ի հունիսը, երբ «Դպրոցասիրաց–Արևելյան» և «Կիլիկյան» ընկերությունների հետ միանալով, կազմեց «Միացյալ ընկերություն Հայոց»–ը:

Գրկ. Պողոսյան Ե., Պատմություն հայ մշակութային ընկերություններով, հ. 1, Վնն., 1957, էջ 215-42։


ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, հնագույն պետություն Հայկական լեռնաշխարհում, մ. թ. ա. I հազարամյակում։ Ա. թ–յան անվան հիշատակությունը հանդիպում է Հին կտակարանում, ըստ Թագավորաց չորրորդ գրքի (գլ. ԺԹ, 37), Ասորեստանի Սինաքերիբ թագավորի (մ. թ. ա. 705–680) հայրասպան որդիներն ապաստանեցին Արարադի երկիրը, իսկ մ. թ. ա. 594–593-ին թվարկվող Երեմիայի մարգարեությունում (գլ. ԾԱ, 27) Ա. թ-յանը, հարևան Միննի և Ասքանազյան թագավորությունների հետ, Երեմիան հորդորում է ընդդեմ Բաբելոնի։ Ա. թ. կամ Ուրարտու պետությունն էր, կամ Երվանդունիների թագավորությունը։ Հայ հին պատմիչները (Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի և ուրիշներ) հաճախ «Հայաստան» անվան փոխարեն գործածում են «Արարատյան տերություն», «Արարատյան աշխարհ», «Արարադի երկիր» անունները։ Աստվածաշնչի եբրայական բնագրի «Արարադի երկիր»–ը լատիներենում և ասորերենում թարգմանվել է «Արմենիա»։ Գ. Տիրացյան


ԱՐԱՐԱՏՅԱՆ ՈՐԲԱՆՈՑ, հիմնադրվել է Իրանի Համադան քաղաքում, 1918-ին՝ Վասպուրականի հայության բռնագաղթից հետո։ 1919-ին փոխադրվել է Իրաքի Բաքուբա և Բաղդադ քաղաքների միջև ընկած անապատը (Դիալա գետի ափին), ուր հաստատվել էին Վասպուրականից, Սալմաստից, Ուրմիայից բռնագաղթած հայեր, 1920-ին՝ Բաղդադի և Բասրայի միջև ընկած անապատը, 1921-ին՝ Երուսաղեմ և անվանվել Հայկական բարեգործական ընդհանուր միության Երուսաղեմի Արարատյան որբանոց (սաների թիվը 900 էր)։ 1924-ին Արարատյան որբանոցից 250 սան տեղափոխվել է Երուսաղեմի Խաչավանք հաստատությունը, ուր հիմնադրվել է Խաչավանքի Վասպուրսւկան որբանոցը։ Նույն տարին Ա. ո–ից 250 սան մեկնել է Սովետական Հայաստան, 40-ը՝ Եթովպիա, 40-ը՝ Կիպրոս՝ Մելգոնյան կրթական հաստատություն։ Ա. ո–ում մնացած մեծահասակ սաները կյանք մտան, փոքրահասակները տեղափոխվեցին Բեյրութ (Լիբանան)՝ համալրելով Քելեկյան որբանոցը։ Արարատյան և Վասպուրական որբանոցների ծախսերի մեծ մասը հոգում էր ՀԲԸՄ, մնացածը՝ Մերձավոր Արևելում ամերիկյան օգնության կոմիտեն։

Գրկ. Ընդարձակ տարեցույց, ԿՊ, 1925, էջ 98–99։ Ս. Սարգսյան


ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՈԿԱՏ, կազմվել է 1915-ին, հայ կամավորական խմբերի (2-րդ, 3-րդ, 4-րդ) միավորումից (2300 հետևակային, 500 հեծելազորային), ռուսական Կովկասյան բանակի 4-րդ կորպուսի կազմում, Վարդանի (Սարգիս Մեհրաբյան) ընդհանուր հրամանատարությամբ։ 1915-ին Ա, ջ. մասնակցել է Բերկրիի (ապրիլի 30), Վանի (մայիսի 5), Շատախի (մայիսի 12), Մոկսի (հունիսի 18) գրավմանը։ 1915-ի հունիսի 15-ին Ա, ջ–ին միացավ հայ կամավորների 1-ին խումբը Անդրանիկի հրամանատարությամբ։ Հայ կամավորները հունիսի 18-ին միացյալ ուժերով գրավեցին Զիվանի բարձունքները, հունիսի 29-ին մտան Սուրբ, հուլիսի 7-ին՝ Ուրտափ և Դատվան։ Թուրքերի հակահարձակման ժամանակ 4-րդ կորպուսի հետ նահանջեց նաև Ա. ջ., որի 1-ին և 2-րդ խմբերը Վանա լճի հս. ափով հասան մինչև Իգդիր, 3-րդը և 4-րդը հվ. ափով՝ Դիլման (Իրան)։ Այդպիսով Ա. ջ. դադարեց գոյություն ունենալուց (տես նաև Ալաշկերտի օպերացիա 1915Հ. Աղաբեկյան


ԱՐԱՐԱՏՈՎ (Արարատյան) Պետրոս Ստեփանի (1883–1957), հեղափոխական շարժման գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1903-ից։ Ծնվել է Թիֆլիսում։ 1910-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ Զբաղվել է անլեգալ գրականության տարածմամբ, կուսակցության կարիքների համար ֆինանսական միջոցների հայթայթմամբ։ Եղել է «Վպերյոդ», «Տրուդ» և «Պեսուխ» հրատարակությունների կազմակերպիչ։ Մասնակցել է Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններին Պետրոգրադում։ 1918–37-ին ծառայել է կարմիր բանակում, 1937–41-ին գլխավորել է Լենինգրադի «Կոգիզ» հրատարակչությունը։ Մահացել է հոկտ. 10-ին, Լենինգրադում։


ԱՐԱՐԱՏՈՎ (Արարատյան) Քրիստափոր (Խաչատուր) Գերասիմի (1876–1937), հայ ռազմ. գործիչ, դիվիզիայի հրամանատար։ Ծնվել է հունիսի 18-ին, Նալչիկում, զինվորականի ընտանիքում։ Ավարտել է Թիֆլիսի կադետական կորպուսը (1893), ապա՝ Պետերբուրգի Միխայլովյան հրետանային ուսումնարանը (1896)։ Մասնակցել է Ռուս–ճապոնական պատերազմին։ 1914-ին ավարտել է Ցարսկոյե Սելոյի սպայական դպրոցը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Հարավ–արևմտյան, Հյուսիս–արևմտյան, Արևմտյան և Կովկասյան ռազմաճակատներում։ 1916–17-ին ծառայել է ռումինական բանակում որպես ռուսական հրետանային միսիայի հրահանգիչ։ Ա. 1918-ին Հայկական առանձին կորպուսի հրետանային բրիգադի հրամանատարն էր, մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, Էջմիածնի և Բաշ–Աբարանի մարտերին։ 1919-ի մարտին ստացել է հրետանու գեներալ–մայորի կոչում և նշանակվել Հայաստանի Հանրապետության ռազմական մինիստր (մինչև 1920-ի ապրիլը)։ Գերի է ընկել թուրքական բանակի կողմից Կարսը գրավելիս (1920-ի հոկտեմբեր)։ Գերությունից ազատվել է սովետական կառավարության միջնորդությամբ և 1921-ի վերջին վերադարձել Սովետական Հայաստան։ Եղել է Հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ (1923–25)։ 1926-ին ավարտել է Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիային կից բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները։ Երկար տարիներ ղեկավարել է Երևանի պետական համալսարանի և գյուղատնտեսական ինստ–ի ռազմագիտության ամբիոնները։


ԱՐԱՑ, հայկական հեթանոսական տոմարի 6-րդ ամիսը։