Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/704

Այս էջը սրբագրված է

էին այդ կոտորածների բուն շարժառիթները և դրանց հակադրվում Կովկասի ժողովուրդների բարեկամության գաղափարը։ «Ա.» մեծ համակրանքով է հետևել ռուսական առաջին բուրժուա–դեմոկրատական հեղափոխությանը, տպագրել «Ընկերվարություն» ծավալուն հոդվածաշարը։ Գ. Քեշիշյան

«ԱՐԱՔՍ», պարբերաթերթ, լույս է տեսել 1924–29-ին, Լառնաքայում (Կիպրոս)։ Տնօրենն էր Մ. Մոստիճյանը։ «Ա.» լուսաբանել է Կիպրոսի հայկական գաղութի կյանքը, պարբերաբար հոդվածներ ու լուրեր է արտատպել «Խորհրդային Հայաստան» թերթից։ Մեծ տեղ է հատկացրել քաղաքական ընթացիկ լուրերին։ «Ա.»-ի նյութերի մի մասը լույս է տեսել անգլերեն։


«ԱՐԱՔՍ», շաբաթաթերթ, հրատարակվել է 1925–65-ին, Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Արտոնատեր և խմբագիր՝ Ա. Ստեփանյան, 1947-ից՝ Շ. Ստեփանյան։ «Ա.» լուսաբանել է եգիպտահայերին, ամբողջ սփյուռքահայությանը հետաքրքրող, ինչպես նաև միջազգային քաղաքական հարցեր։ Նրա հիմնական մտահոգությունը եղել է հայապահպանությունը, սփյուռքի և հայրենիքի միջև կապի սերտացումը, ազգահավաքը։ Լայն տեղ է հատկացրել Սովետական Հայաստանի իրականությանը, նրա տնտեսական և մշակութային կյանքին։ Հայրենական պատերազմի տարիներին թերթը կանգնել է Սովետական Միության պաշտպանության դիրքերում։


«ԱՐԱՔՍ», մանկա–պատանեկան ամսաթերթ։ Հրատարակվել է 1952–55-ին, Փարիզում։ Խմբագիր՝ Շ. Տեր–Մելքոնյան։ Տպագրել է հայ գրողների (Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Ա. Խնկոյան) մանկական ստեղծագործությունները, առակներ, երգեր, պատկեր–պատմվածքներ, բանաստեղծություններ։ «Ա.» աշխատել է իր մանուկ ընթերցողներին դաստիրակել հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացումներով, տպագրել է տեղեկություններ Սովետական Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչների մասին։ Ա. Խառատյան


«ԱՐԱՔՍ», օրգան ՀԿԿ Մեղրու շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջսովետի։ Հրատարակվում է 1965-ից, Մեղրիում, շաբաթը երեք անգամ։ Լույս է տեսել նաև «Կոլխոզային գյուղ» (1937, 1949–54), «Կոլտնտեսային գյուղ» (1938–41, 1954–62), «Արարատ» (միացյալ՝ Արտաշատի, Վեդիի, Մեղրու շրջանների) (1962–65) անուններով։ Պրոպագանդում է շրջանի հաջողությունները գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրության գործում, լուսաբանում մշակութային կյանքը։


«ԱՐԱՔՍ» ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ԱՎԱՆ (մինչև 1946՝ № 5 սովետական տնտեսություն), Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 11 կմ արևմուտք, Հոկտեմբերյան–Ղարաղալա խճուղու վրա։ 1289 բն. (1970), հայեր։ Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ և պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մսուր–մանկապարտեզ, ակումբ, գրադարան, բուժկայան։ Հիմնադրվել է 1940-ին։

«ԱՐԱՔՍԻ ԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ», տես Կազակության։


ԱՐԱՔՍԻ ՄԻՋԼԵՌՆԱՅԻՆ ԻՋՎԱԾՔ, Փոքր Կովկասի ամենամեծ տեկտոնական և միաժամանակ լեռնագրական գոտիներից մեկը։ Ձգվում է հս–արմ–ից հվ–արլ. Ախուրյանի գետաբերանից մինչև Ջուլֆայի անտիկլինալային բարձրացումը, մոտ 200 կմ երկարությամբ և 30–35 կմ լայնությամբ։ Նեոգենի հասակի վերադիր իջվածք է, լցված միոցենի, պլիոցենի ու անթրոպոգենի աղաբեր, մոլասային, հրաբխածին, լճային ու ցամաքային նստվածքների հաստվածքով, որը աններդաշնակ ծածկում է հիմքը կազմող պալեոզենի, մեզոզոյի և պալեոզոյի շերտախմբերի տարբեր հորիզոնները։ Հորատանցքերով և երկրաֆիզիկական տվյալներով ապացուցված է, որ այն համասեռ չէ, այլ կազմված է թաղված բարձրացումներից ու մի շարք ճկվածքներից, որոնք մեծ մասամբ սահմանափակվում են խզումներով ու համարվում են գրաբեն–սինկլինորիումներ և հորստ–անտիկլինորիումներ։ Պալեոզոյում, մեզոգոյում ու պալեոգենում Ա. մ. ի–ի տեղում եղել է միոգեոսինկլինալային ռեժիմ՝ ծովային ու ցամաքային պայմանների հերթափոխմամբ։ Պալեոզենի վերջում ու նեոգենի սկզբում տեղի են ունենում ինտենսիվ լեռնակազմական շարժումներ, որոնց հետևանքով Փոքր Կովկասի կենտրոնական մասը բարձրանում է, իսկ նրանից հս. և հվ. գտնվող շրջանները իջնում են։ Ա. մ. ի–ի առաջացման սկիզբը արձանագրվում է միոցենի կարմրավուն մոլասային ու աղաբեր շերտախմբերի գոյացումով, որոնք կազմում են իջվածքը լցնող ապարների ծածկոցային կոմպլեքսի ստորին հորիզոնները և աններդաշնակ ծածկող հիմքի տարբեր հասակի հաստվածքները։ Այդ իջվածքը այժմ էլ համարվում է հարաբերական իջեցման մարզ, որը փաստարկվում է մոտ 400 մ հզորություն ունեցող անթրոպոգենի լճա–ցամաքային նստվածքների կուտակումով, ինչպես նաև դեպի իջվածքը գետային դարավանդների խորասուզումով։ Նրա բացարձակ իջեցումը նեոգենից մինչև այժմ կազմում է մոտ 2000 մ։ Դիֆերենցիալ բնույթի տեկտոնական շարժումները շարունակվում են առ այսօր, որոնց հետևանքն են այսւոեղ տեղի ունեցող երկրաշսւրժները։ Ա. մ. ի. հարուստ է քարաղով, գիպսով, դիատոմիտով, շինանյութերով, հանքային և արտեզյան ջրերով։ Ա. Գաբրիելյան


ԱՐԱՔՍՄԱՆՅԱՆ Ալեքսանդր Արմենի (իսկական ազգանունը՝ Մանուկյան, ծն. 1911), հայ սովետական դրամատուրգ, արձակագիր, թատերագետ։ ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ծնվել է հունիսի 3-ին, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական) քաղաքում։ Ա. գրել է «Կոմս Էմանվել» (1936), «Երբ տանն աչքեր չկան» (1955), «Վարդեր և արյուն» (1957), «Քո սրտի կրակը» (1958), «60 տարի և 3 ժամ» (1965) պիեսները՝ պատմահեղափոխական և արդիական թեմաներով։ Ունի նաև արձակ երկեր («Ազատությունն աքսորական», հ. 1–2, 1954–55, «ճամփաներ, ճամփաներ», 1964)։ 1968-ից «էկրան» ամսագրի խմբագիրն է։ Պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1971)։


ԱՐԱՔՍՅԱՆ (Քալանթարյան) Պողոս Հարությունի (1862–1918), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։ Ծնվել է ապրիլի 16(28)–ին, Երևանում։ Սովորել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանում, ապա Պետերբուրգի համալսարանում։ 1889-ին ընդունվել է Թիֆլիսի Հայ դերասանական խումբը։ Լավագույն դերերից են՝ Փարսիզ և Օսեփ, Կակուլի, Իսայի (Սունդուկյանի «Քանդած օջախ», «Պեպո», «Խաթաբալա») են։ Հանդես է եկել նաև իբրև ասմունքող։ 1903-ին Թիֆլիսում հիմնադրել է «Արաքսյան թատրոն»–ը։ Որպես ռեժիսոր բեմադրություններ է տվել Թիֆլիսի ժողովարանի և Զուբալովի ժողովրդական տան հայկական դրամատիկական մասնաճյուղի թատերախմբում։ Զբաղվել է նաև գրական գործունեությամբ։ Գրել է «Նամուս» պիեսը (բեմ. 1896), «Կախարդված աշխարհ կամ Արեգնազան» հեքիաթ–օպերայի լիբրետտոն (ըստ Ղ. Աղայանի, երաժշտ. Գ. Սյունու, բեմ. 1907) ևն։ Մահացել է օգոստ. 26-ին, Թիֆլիսում։ Բ․ Հովակիմյան

«ԱՐԱՔՍՅԱՆ ԹԱՏՐՈՆ», ժողովրդական թատրոն Թիֆլիսի Հավլաբար թաղամասում։ Հիմնադրել է Պ. Արաքսյանը 1903-ին. բացումը կատարվել է Սունդուկյանի «Պեպո»–ով։ Տրվել են նաև վրացերեն և ռուսերեն ներկայացումներ։ «Ա. թ.» եղել է դեմոկրատական ուղղության, աշխատավորությանը մատչելի մշակույթի օջախ, որտեղ ելույթ են ունեցել նաև հրավիրված առաջնակարգ դերասաններ Սիրանույշը, Հ. Աբելյանը։ Ոուսական առաջին հեղափոխության (1905) շրջանում «Ա. թ.»-ում հաճախակի կազմակերպվել են դասախոսություններ ու ժողովներ, ելույթներ են ունեցել Ս. Շահումյանը և ուրիշներ։ Թատրոնում աշխատել են Պ. և Ա. Արաքսյանները, Գ. Պարոն–Սարգսյանը, Զաբելը, Ա. Վրույրը, Ա. Ւփթարյանը, Ի. Ալիխսանյանը, Ա. Բերոյանը, Ա. Խարազյանը և ուրիշներ։ Թատրոնի խաղացանկում եղել են՝ «Պաղտասար աղբար», «Արշակ Բ», «Եկամտաբեր պաշտոն», «Ռևիզոր» և այլ պիեսներ։ «Ա. թ.» գործել է 1903–08-ին։ Բ․ Հովակիմյան


ԱՐԱՖՈՒՐՅԱՆ ԾՈՎ (անգլ. Arafura Sea, մալայան «արաֆուր» ցեղի անունից), ծայրամասային ծով Հնդկական օվկիանոսում, Ավստրալիայի և Նոր Գվինեայի միջև։ Մակերեսը 1037 հզ. կմ² է, խորությունը՝ մինչև 3680 մ։ Առաջացնում է Քարփենթարիայի ծոցը։ Ծովային հոսանքների ուղղությունը ձմռանը արլ–ից արմ. է, ամռանը՝ արմ–ից արլ.։ Ջրի միջին ջերմաստիճանը մակերեսին 25-ից 28°C է, աղիու–