Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/72

Այս էջը հաստատված է

72 ԱԴԸՂԵԱԿԱՆ

Հայրենական պատերազմի տարիներին Ա․ օկուպացրին գերմանա֊ֆաշիստական զավթիչները (1942 օգոստոս – 1943 փետրվար)։ 1943-ի հունվարի 30-ին Անդրկովկասյան ռազմաճակատի զորքերն ազատագրեցին Մայկոպը, իսկ փետրվարին՝ ամբողջ Ա․։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 35 հոգի (որից 7-ը՝ ադըղե) արժանացան Սովետական Միության հերոսի կոչման, 4 հզ․ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով։

1957-ին Ա․ պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Տնտեսությունը։ Ա֊ի արդյունաբերության առաջատար ճյուղերն են՝ սննդարդյունաբերությունը, փայտամշակությունը, նավթի և գազի արդյունահանումը, մեքենաշինությունը։ Էներգետիկան խարսխված է Բելայա գետի ջրային պաշարների վրա (գործում է 2 ՀԷԿ)։ Սննդարդյունաբերությունը տալիս է պահածոներ (Յաբլոնովսկի), շաքար (Գիագինսկայա), եթերային յուղեր (Նաթրբովո), միս (Մայկոպ), գինի, ծխախոտ, յուղ ևն։ Մայկոպի կահույքի և փայտամշակման «Դրուժբա» ֆիրման խոշորագույններից մեկն է ՍՍՀՄ֊ում։ Մեքենաշինական ձեռնարկություններից են՝ «Ստանկոնորմալ» և հաստոցաշինական գործարանները։ Ա֊ում կան գազի, նավթի, շինանյութերի հանքավայրեր։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղը հացահատիկի մշակությունն է (ցորեն, եգիպտացորեն, բրինձ), որին 1966-ին բաժին էր ընկնում ցանքատարածությունների մոտ 50%։ Տեխնիկական կուլտուրաները (արևածաղիկ, շաքարի ճակնդեղ, կանեփ, ծխախոտ, եթերայուղատուներ, թեյ) զբաղեցնում էին ցանքերի 16%, բանջարաբոստանային կուլտուրաները՝ 2,3%, կեբային կուլտուրաները՝ 34,5%։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ ու այգեգործությամբ։ Զարգացած են մսա֊կաթնատու անասնապահությունը, թռչնաբուծությունն ու մեղվաբուծությունը։

Ա֊ի տերիտորիայով են անցնում Կրասնոդար – Նովորոսիյսկ և Արմավիր – Տուափսե երկաթուղիները։ Վերջինս Բելորեչենսկ կայարանի մոտից ճյուղավորվում է դեպի Մայկոպ – Կամեննոմոստսկի։ Մայկոպն ավտոբուսային հաղորդակցություն ունի Հյուսիսային Կովկասի շատ քաղաքների և Ա֊ի շրջանների հետ։ Կուբանը նավարկելի է։ Զարգացած է օդային հաղորդակցությունը։

Առողջապահությունը։ 1971-ին Ա֊ում կար 831 բժիշկ, 3900 հիվանդանոցային մահճակալ։ Մարզում հայտնաբերվել են հանքաղբյուրներ։

Ժողովրդական կրթությունը։ Սովետական տարիներին ստեղծվել է ադըղեական գիր (տես Ադըղեերեն)։ 1970/71 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում սովորում էր 79,7 հզ․ աշակերտ, գործում էին 6 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն (6,5 հզ․ սովորող) և ադըղեական մանկավարժական ինստիտուտը (3,5 հզ․ ուսանող)։ Ա֊ում կա պատմա֊գավառագիտական թանգարան (Մայկոպ), 159 մասսայական գրադարան, 174 ակումբային հիմնարկ, 302 կինո։

Մամուլը։ Լույս են տեսնում «Սոցիալիստիչիեսկե Ադըղեյ» («Սոցիալիստական Ադըղեա», 1926-ից՝ ադըղեերեն) և «Ադիգեյսկայա պրավդա» (1922-ից, ռուսերեն) մարզային թերթերը։

Գրականությունը։ Գրավոր գրականությունը սկզբնավորվել է 1918-ին, ադըղեական գրի ստեղծումից հետո։ Ազգային գրականության արագ զարգացմանը նպաստել է հարուստ բանահյուսությունը։ Պահպանվել են ժողովրդական էպոսի հերոսների՝ նարտերի (տես Նարտյան էպոս) մասին չափածո ասքեր։ ժողովրդական աշուղ Ց․ Թեուչեժը (1856–1940) պատկերել է ադըղեների ազատագրական պայքարը։ 1948-ին պետական մրցանակի արժանացավ ադըղեական արձակի հիմնադիր Թ․ Քերաշևի (ծն․ 1902) «Բախտի ճանապարհ», վեպը։ Հայրենասիրությամբ են տոգորված ադըղեական պոեզիայի հիմնադիր Ա․ Հաթկովի (1901–37) ստեղծագործությունները։ Վերջին երկու տասնամյակում գրականությունը հարստացել է Դ․ Կոստանովի, Ա․ Եվթիխի, Մ․ Պարանուկի, Յու․ Տլյուստենի, Ջ․ Ջաղուփի, Բ․ Կասպարովի և ուրիշների երկերով։

Ճարտարապետությունը։ Ա֊ի տերիտորիայում հայտնաբերվել են բրոնզի դարի դոլմեններ, վաղ երկաթի դարի պաշտպանական աշտարակների, պաշտամունքային կառույցների մնացորդներ։ Դարեր շարունակ պատրաստվել են կավով շրջածեփված հյուսածո պատերով, ծղոտե կամ եղեգնյա երկթեք տանիքով ժողովրդական շինություններ, XIX դարից՝ փայտե կամ ծղոտե տներ։ Սովետական տարիներին աուլներում շինարարության մեջ օգտագործում են փայտ, խարամբետոն և աղյուս։ Մայկոպում կառուցվել են բնակելի և հասարակական բազմահարկ շենքեր, այդ թվում՝ երկաթուղային կայարանը, «Օկտյաբր», «Գիգանտ» կինոթատրոնները, դրամատիկ թատրոնը, մարզկոմի շենքը, «Ադըղեա» հյուրանոցը։

Կերպարվեստը։ Ադըղեների հինավուրց կիրառական արվեստին բնորոշ են՝ ոսկեկար զգեստները (հատկապես կանացի), արծաթյա իրերը (սնափառ, քանդակազարդված կամ մանրարուրք), թաղիքե գորգերը, եղեգնյա խսիրները, փայտի և քարի քանդակազարդումը։ Օգտագործվել են երկրաչափական նախշեր, բուսազարդեր։ Սովետական տարիներին սկսել է զարգանալ պրոֆեսիոնալ կերպարվեստը։ Ա֊ում են աշխատում գեղանկարիչներ Ի․ Սոկոլովը, Վ․ Մեխեդը, Ե․ Օվչարենկոն, Դ․ Մելնիկովը, գեղանկարիչ և գրաֆիկ Գ․ Շահբազյանը, քանդակագործ Կ․ Սիդաշենկոն և ուրիշներ։

Ադըղեական քաղիքե գորգ (արտանկարված)։

Երաժշտությունը։ Ադըղեական ժողովրդական երաժշտության հիմքը մաժորի և մինորի դիատոնիկ լադերն են, կիրառվում է կվարտա, կվինտա և օկտավա հիմքով երկձայնություն։ Տարածված երգային հին ժանրերից է օրեդը (մեներգիչ և խումբ)։ ժողովրդական գործիքներն են՝ կամիլը (փողավոր), շիչեպշինը, (լարային), պխաչիչը (հարվածային), XIX դարից՝ նաև հարմոնը։ Պարատեսակներից են՝ աջը, զաֆակը, զագատլյատը։ Երաժշտական ֆոլկլորը հավաքել և ասումևասիրել են Ն․ Միրոնովը, Մ․ Գնեսինը, Ա․ Գրեբնևը