Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/8

Այս էջը հաստատված է

8 բժշկագիտությանը, կենսաբանությանը, ագրոնոմիային և գիտության ու տեխնիկայի մյուս բնագավառներին վերաբերող հոդվածները։ ՀՍՀ իր կառուցվածքով հետևում է «Սովետական մեծ հանրագիտարանի» («БСЭ»), ինչպես նաև մեր մյուս հանրագիտական հրատարակությունների ընդհանուր սկզբունքներին ու դրույթներին։

Հոդվածներն ըստ ծավալի բաժանվում են երեք հիմնական խմբի։ Առաջինը բառարանային բնույթի հոդվածներն են, որտեղ տրվում է միայն տերմինի սահմանումը և ամենահամառոտ տեղեկություններ։ Երկրորդը՝ պատմական կարևոր իրադարձությունների, փոքր պետությունների, արտադրության ու գիտության նեղ ճյուղերի, մեծ քաղաքների, շրջանների, գիտության ու մշակույթի, հասարակական-քաղաքական կյանքի խոշոր գործիչների մասին եղած հոդվածներն են։ Երրորդի մեջ մտնում են արտադրության ու գիտության ամբողջական ճյուղերին, ՍՍՀՄ միութենական հանրապետություններին և աշխարհի շատ երկրներին վերաբերող հոդվածները։ Այս բաժանումը, որ որոշ իմաստով պայմանական է, անհրաժեշտ է եղել նյութն ըստ ամենայնի ընդգրկելու համար։

ՀՍՀ խմբագրությունը, օգտվելով եղած փորձից, աշխատել է մշակել հանրագիտական ոճ, հասնել այն բանին, որ բառն ու խոսքը լինի դիպուկ, շարադրանքը՝ գիտական, միաժամանակ՝ պարզ, հակիրճ, ընթերցող լայն շրջանների համար մատչելի։ Նա ձգտել է հաղթահարել տերմինաբանության մեջ գոյություն ունեցող տարընթերցումները, օգտագործել այնպիսի տերմիններ, որոնք հնարավորին չափով լրիվ կարտահայտեն տվյալ հասկացության բովանդակությունը։ Հոդվածների մի մասի հետ տրվում է նաև պատկերազարդում։ Ներտեքստային նկարներից բացի տրվում են սև-սպիտակ ու գունավոր ներդիրներ, որոնք վերաբերում են ՍՍՀՄ հանրապետություններին, մեծ քաղաքներին, հայկական ՍՍՀ շրջաններին, արտասահմանյան երկրներին ևն։ Ընդհանուր աշխարհագրական քարտեզների հետ մեկտեղ կան նաև մեր հանրապետության պատմությանը, տնտեսությանը, բնությանը վերաբերող սև-սպիտակ ու գունավոր քարտեզներ։ Հոդվածների զգալի մասն ունի ներտեքստային և կից մատենագիտություն։

Ըստ նախնական ծրագրի, Հայկական սովետական հանրագիտարանը բաղկացած է լինելու տասներկու հատորից։ Վերջին երկու հատորներից մեկն ամբողջապես նվիրված է լինելու Հայկական ՍՍՀ-ին, մյուսում տեղ են գտնելու լրացումները և առարկայական-անվանական բառացանկը։ Լրացումներում տրվելու են ինչպես նոր ստեղծված, այնպես էլ բաց թողնված կարևոր բառ-տերմինները։ Ընդհանուր առմամբ ամբողջ հանրագիտարանում տրվելու է շուրջ 50 հազար տերմին-հոդված։ Յուրաքանչյուր հատոր պարունակելու է մոտ 1500 պատկեր ու նկար։ Հատորները լույս են տեսնելու 6—7 տարում։

ՀՍՀ գլխավոր խմբագրության և խմբագրական խորհրդի գործունեությանը մեծ աջակցություն է ցույց տալիս մեր հասարակայնությունը։ Հոդվածների պատրաստմանը մասնակցում են Հայաստանի, ինչպես նաև եղբայրական հանրապետությունների հազարավոր գիտնականներ, կուսակցական, պետական ու հասարակական գործիչներ, գրողներ, արվեստագետներ, ինժեներներ, ուսուցիչներ։ Թեմատիկ բառացանկերը քննարկելուց հետո ստացվել է մոտ 10 հազար առաջարկություն ու դիտողություն, զգալի մասը՝ շատ օգտակար։ Մեր երկրի և սփյուռքի մի շարք հասարակական կազմակերպություններից ու առանձին անհատներից ստացվել են բազմաթիվ տեղեկատու գրքեր և այլ հրատարակություններ։ Խմբագրությունը իր խորին է երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց օգնությունն են բերում այս դժվար, բայց կարևոր գործին։ Հուսով ենք, որ առաջիկայում ես մեր հասարակայնությունը գործուն մասնակցություն կցուցաբերի հայերեն առաջին հանրագիտարանի ստեղծմանը։

ՀՍՀ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ