Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/80

Այս էջը հաստատված է

80 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ

դեմ համառուսական հեղափոխական շարժման մեջ։ 90-ական թթ. վերջին Բաքվում ստեղծվեցին սոցիալ֊դեմոկրատական խմբակներ, իսկ 1901-ին՝ ՌՍԴԲԿ Բաքվի լենինյան֊իսկրայական կոմիտեն։ 1902–1903-ին Բաքվում տեղի ունեցան մասսայական֊քաղաքական գործադուլներ, իսկ 1903-ին անցկացվեց առաջին համընդհանուր գործադուլը, որն սկիզբ դրեց համընդհանուր գործադուլին Ռուսաստանի հարավում։ 1904-ին ստեղծվեց «Հումմեթ» սոցիալ֊դեմոկրատական կազմակերպությունը, որի գործունեությունը ղեկավարում էին Ա֊ի հեղափոխական շարժման ականավոր կազմակերպիչներ Մ. Ազիզբեկովը, Ն. Նարիմանովը, Ս. Էֆենդիևը։ 1905–07-ի հեղափոխության ժամանակ գործադուլային պայքարը Բաքվում ընդունեց ավելի համառ ու հետևողական բնույթ։ Գյուղացիական հուզումներ եղան շատ գավառներում։ 1913–14-ին Բաքվում տեղի ունեցան ընդհանուր գործադուլներ։ Աշխատավորների հեղափոխական շարժումները ղեկավարում էին բոլշևիկյան կուսակցության խոշոր գործիչներ Մ. Ազիզբեկովը, Ս. Էֆենդիևը, Բ. Կնունյանցը, Լ. Կրասինը, Ն. Նարիմանովը, Ս. Շահումյանը, Պ. Ջափարիձեն, Ս. Սպանդարյանը, Ի. Ստալինը, Գ. Օրջոնիկիձեն, Ի. Ֆիոլետովը։ Փետրվարյան հեղափոխությունից հետո (1917) Բաքվում ստեղծվեց երկիշխանություն. Հասարակական կազմակերպությունների գործադիր կոմիտե՝ նավթարդյունաբերողների և կալվածատերերի իշխանության մարմինը, և Բանվորական դեպուտատների Սովետը՝ Ս. Շահումյանի գլխավորությամբ։ Գարնանը և ամռանը սովետներ ստեղծվեցին նաև գավառներում։

Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո՝ հոկտ. 31 (նոյեմբ. 13)֊ին Բաքվում հռչակվեց սովետական իշխանություն, իսկ նոյեմբ. 2 (15)֊ին Բաքվի սովետը որոշում կայացրեց իշխանությունը իր ձեռքը վերցնելու մասին։ Ա֊ում և ամբողջ Անդրկովկասում սովետական իշխանության դեմ ելան սպիտակգվարդիական և տեղական ազգայնական, հակահեղափոխական ուժերը։ 1918-ի մարտին մուսավաթականները (տես «Մուսավաթ») խռովություն բարձրացրին Բաքվում։ Կարմիր գվարդիայի ջոկատների, նավատորմի և հեղափոխական բանվորների ակտիվ միջամտությամբ խռովությունը ճնշվեց։ Ապրիլի 25-ին ստեղծվեց Բաքվի Ժողկոմխորհ՝ Ս. Շահումյանի գլխավորությամբ (տես Բաքվի կոմունա 1918)։ 1918-ի մայիսին, Անդրկովկասյան սեյմի ցրումից հետո, մուսավաթականների ջանքերով Ելիզավետպոլում (Կիրովաբադ) ստեղծվեց կառավարություն և հռչակվեց Ա֊ի հանրապետությունը (1918-ի մայիսի 27-ին), որը պայքար ծավալեց Բաքվի սովետական իշխանության դեմ։ Օտարերկրյա ինտերվենտների և հակահեղափոխական ուժերի՝ մուսավաթականների, էսեռների, մենշևիկների, դաշնակցականների և այլոց ճնշման տակ սովետական իշխանությունը 1918-ի հուլիսի 31-ին Ա֊ում ընկավ։ 1918-ի օգոստ. 4-ից սեպտ. 14-ը Բաքուն օկուպացրին անգլիական զորքերը, իսկ սեպտ. 15-ին քաղաք ներխուժեցին թուրքերը, որոնք մուսավաթականներին օգնեցին վերականգնելու բեկերի ու բուրժուազիայի իշխանությունը։ Մուդրոսի զինադադարով (30 հոկտ., 1918) Թուրքիան պարտավորվեց իր զորքերը դուրս բերել Ա֊ից, և նոյեմբերին կրկին անգլիացիները մտան Բաքու։ Հեղափոխական վերելքի և համաժողովրդական դժգոհության պայմաններում անգլիական զորքերը 1919-ի նոյեմբերին հեռացան Ա֊ից։ 1919-ի սկզբին վերստին ձևավորվեց Բաքվի բոլշևիկյան կազմակերպության ղեկավար կորիզը։ Ա֊ի աշխատավորները բոլշևիկների ղեկավարությամբ (Ռ. Ախունդով, Դ. Բունիաթզադե, Ս. Էֆենդիև, Մ. Կասումով, Ա. Կարաև, Մ. Հուսեյնով, Ս. Մամեդյարով, Ա. Միկոյան, Լ. Միրզոյան, Ն. Նարիմանով, Գ. Սուլթանով) ոտքի ելան ընդդեմ մուսավաթական վարչակարգի։ 1920-ի փետր. 12-ին, Բաքվում, կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումարում, հիմնադրվեց Ա֊ի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցությունը։ 1920-ի ապրիլի 28-ին Ա֊ի աշխատավորները 11-րդ կարմիր բանակի օգնությամբ տապալեցին մուսավաթական կառավարությունը և հաստատեցին սովետական իշխանություն։ 1921-ի մայիսին Ա֊ի սովետների առաջին համագումարն ընդունեց հանրապետության առաջին սահմանադրությունը։ Հետագայում Ա֊ի կազմում ստեղծվեցին Լեռնային Ղարաբաղի ԻՄ (1923-ի հուլիսի 7) և Նախիջևանի ԻՍՍՀ (1924-ի փետր. 9)։ 1922-ի մարտի 12-ին Ա֊ի, Հայաստանի և Վրաստանի միջև կնքվեց ֆեդերատիվ միություն կազմելու պայմանագիր։ Միությունը 1922-ի դեկտ. 13-ին վերածվեց Անդրկովկասյան Ֆեդերացիայի (ԱՍՖՍՀ), որը դեկտ. 30-ին մտավ ՍՍՀՄ կազմի մեջ։ Անդրֆեդերացիայի վերացումից հետո, 1936-ի դեկտ. 5-ին, Ա. դարձավ միութենական հանրապետություն։ 1937-ի մարտի 14-ին ընդունվեց հանրապետության նոր սահմանադրությունը։

Սոցիալիստական շինարարության տարիներին Ա. դարձավ առաջնակարգ արդյունաբերության երկիր։ Շարք մտան նոր, հարուստ նավթահանքեր։ Մեքենայացվեց և էլեկտրիֆիկացվեց նավթարդյունաբերությունը։ 1931-ին Ա֊ի նավթարդյունաբերությունը պարգևատրվեց Լենինի շքանշանով (այդ ժամանակ այն տալիս էր ՍՍՀՄ ամբողջ նավթի 60%)։ Զարգացավ գյուղատնտեսությունը։

Հայրենական մեծ պատերազմում Ա֊ի շատ աշխատավորներ հերոսաբար մարտնչեցին գերմանական զավթիչների դեմ; Նրանցից 114 հոգի արժանացան Սովետական Միության հերոսի կոչման, այդ թվում ավելի քան 40 ադրբեջանցիներ։ Աշխատավորների միջոցներով ստեղծվեցին տանկային շարասյուներ և ավիացիոն էսկադրիլիաներ։ Մարդիկ մեծ եռանդով աշխատում էին ռազմաճակատը վառելիքով, ռազմամթերքով և սնունդով ապահովելու համար։

Ետպատերազմյան տարիներին սկսվեց Ա֊ի տնտեսության ու մշակույթի նոր վերելքը։ Շարք մտավ Մինգեչաուրի հիդրոհանգույցը (1954), ստեղծվեցին Սումգաիթ, Մինգեչաուր, Դաշքեսան արդյունաբերական կենտրոնները։ Կառուցվեց Բաքու–Թբիլիսի–Երևան գազամուղը։ Տնտեսության ու մշակույթի հաջողությունների համար Ա. երկու անգամ (1935-ի մարտի 15, 1964-ի մայիսի 29) պարգևատրվել է Լենինի, իսկ Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանի կոմունիստական կուսակցության հիսնամյակի առթիվ (1970-ի հոկտ. 2)՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։

VI. Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունը

Ա֊ի կոմունիստական կուսակցությունը հանդիսանում է ՍՄԿԿ հնագույն և մարտական ջոկատներից մեկը, բաղկացուցիչ մասը։ Ա֊ում առաջին ս֊դ. խմբակները ստեղծվել են 1896–97-ին, Բաքվի մեխանիկական և նավթամշակման ձեռնարկություններում։ 1901-ին կազմակերպվեց ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեն, որից հետո ս֊դ. խմբակներ ստեղծվեցին Ելիզավետպոլում (այժմ՝ Կիրովաբադ), Շուշիում։ 1903-ին Բաքվի սոցիալ֊դեմոկրատների պատվիրակ Բ. Մ. Կնունյանցը մասնակցեց ՌՍԴԲԿ II համագումարին և պաշտպանեց կուսակցության կազմակերպման լենինյան տեսակետը։ Բաքվի կուսակցական կազմակերպությունն անցավ բոլշևիկների կողմը։ 1904-ին Բաքվի կոմիտեին կից ստեղծվեց «Հումմեթ» («Եռանդ») խումբը, որը գործունեություն ծավալեց մահմեդական աշխատավորների շրջանում։ Ա֊ի աշխատավորները բոլշևիկների ղեկավարությամբ ակտիվորեն մասնակցեցին 1905–07-ի հեղափոխությանը։ Բոլշևիկների ջանքերի շնորհիվ հաջողվեց դադարեցնել ազգամիջյան ընդհարումները, որոնք հրահրել էին ցարական իշխանությունները և բուրժուական ազգայնականները 1905-ի փետրվարին՝ աշխատավորների ուշադրությունը հեղափոխական պայքարից շեղելու նպատակով։ Բաքվի բոլշևիկները եռանդուն մասնակցություն ունեցան ՌՍԴԲԿ III համագումարի նախապատրաստմանը և անցկացմանը։ Համագումարում Բաքուն ներկայացնում էր Պ. Ա. Ջափարիձեն։

Պրոլետարական Բաքուն բոլշևիզմի հենարանն էր հեղափոխության նահանջի տարիներին։ Այստեղ էին աշխատում Ս. Գ. Շահումյանը, Մ. Ա. Ազիզբեկովը, Պ. Ա. Ջափարիձեն, Ս. Ս. Սպանդարյանը, Ի. Վ. Ստալինը, Մ. Ս. Օլմինսկին, Գ. Կ. Օրջոնիկիձեն (Սերգո), Ի. Տ. Ֆիոլետովը և ուրիշներ։ Նոր հեղափոխական վերելքի և համաշխարհային առաջին պատերազմի տարիներին Ա֊ի բոլշևիկները կանգնած էին պրոլետարական ինտերնացիոնալիզմի դիրքերում։ 1915-ին Բաքվում գումարվեց Կովկասի բոլշևիկների խորհրդակցություն, որտեղ ընտրվեց ՌՍԴԲԿ կովկասյան բյուրո։ 1917-ին, Փետրվարյան հեղափոխության ժամանակ, Բաքվում ՌՍԴԲԿ կազմակերպությունը մնում էր միացյալ (բոլշևիկները կազմակերպչորեն չէին անջատվել մենշևիկներից), որն արգելակում էր հեղափոխության զարգացումը Ա֊ում։ Հունիսի 25 (հուլիսի 8)֊ին բոլշևիկների կոնֆերանսն ընտրեց ՌՍԴԲԿ(բ) Բաքվի կոմիտե, որի մեջ մտան Ի. Ի. Անաշկինը, Մ, Վ, Բասինը, Ս. Մ. Էֆենդիևը,