Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/86

Այս էջը հաստատված է

86 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ

արգելքը, մայրենի լեզվով միջնակարգ կրթության բացակայությունը ծայր աստիճան դժվարացնում էին ադրբեջանցի մասնագետների, առավել ևս գիտական աշխատողների պատրաստումը։

Ա֊ում գիտությունն իսկական վերելք, ապրեց սովետական իշխանության հաստատումից հետո։ Սկզբում գիտության զարգացման գլխավոր օջախը ադրբեջանական պետական համալսարանն էր։ Բուհերի կազմակերպման և ազգային կադրերի պատրաստման հետ մեկտեղ ստեղծվեցին գիտական հիմնարկներ, այդ թվում Երկրաբանական բյուրոն և «Ազնեֆթ»֊ի Կենտրոնական քիմիական լաբորատորիան, Բաքվի ծովային աստղադիտարանը։ 1923-ի նոյեմբերին կազմակերպվեց Ա֊ի Ուսումնասիրման և հետազոտման ընկերությունը։ 1929-ին ստեղծվեց Ադրբեջանական գիտահետազոտական ինստիտուտը, որը 1932-ի վերջին վերակազմվեց որպես ՍՍՀՄ ԳԱ Անդրկովկասյան մասնաճյուղի ադրբ. բաժանմունք, իսկ վերջինս 1935-ին՝ ՍՍՀՄ ԳԱ ադրբ. մասնաճյուղ (ԱզՖԱՆ)։ 1930-ական թթ. գիտահետազոտական աշխատանքների կարևորագույն ուղղությունը նավթի նոր հանքավայրերի որոնումն էր, հանույթի և վերամշակման միջոցների ու մեթոդների կատարելագործումը։ Սկսվեց Կասպից ծովի հվ. մասի նավթաբերության հետազոտությունը։ Աշխատանքներ ծավալվեցին նավթաքիմիայի ասպարեզում։ Սկսվեց ջրային պաշարների օգտագործման պրոբլեմի մշակումը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գիտնականները զբաղված էին երկրի պաշտպանության համար անհրաժեշտ նյութեր ստանալու հարցերով։ 1945-ին ստեղծվեց Ադրբեջանական ՍՍՀ ԳԱ։ Ա֊ում ետպատերազմյան շրջանում գիտությունը հիմնականում զբաղվում էր նավթային և լեռնահանքային արդյունաբերության վերելքի, քիմիայի նոր ճյուղերի ստեղծման, մետալուրգիայի, շինանյութերի արդյունաբերության ընդլայնման, գյուղատնտ. արժեքավոր կուլտուրաների և ամենից առաջ բամբակի նոր, բարձր բերքատու սորտերի ստացման հարցերով։ Երկրաբանները հայտնաբերել են նոր նավթագազաբեր շրջաններ, ուսումնասիրվել են մեծ խորություններում գտնվող նավթաշերտեր, հայտնաբերվել խոշոր, այդ թվում ծովային նավթահանքեր («Նավթային քարեր», Բուլա կղ.)։ Նավթային երկրաբանության կարևոր ուղղությունը նավթագազային շրջանների առաջացման օրինաչափությունների ուսումնասիրությունն է, նստվածքային շերտում ու երկրի կեղևի ավելի խոր մասերում երկրաբանական պրոցեսների և նավթագազային հանքաշերտի կազմավորման միջև եղած կապի հարցը, նավթի և գազի պաշարների ու նրանց տեղաբաշխման կանխագուշակումը (Վ. Վ. Աբրամովիչ, Ա. Ալիզադե, Շ. Մեհտիև, Ա. Ալիև, Բ. Բաբազադե, Կ. Սուլթանով, Ա. Խալիլով, Ս. Սալաև և ուրիշներ)։ Հանրապետության ողջ տարածքի երկրաբանական ուսումնասիրության և կուտակված նյութի ընդհանրացման հիման վրա լույս տեսավ յոթհատորյա «Ադրբեջանի երկրաբանությունը» (1952–61)։ Զգալի հաջողություններ կան նավթի հանույթի տեխնիկայի զարգացման խնդրում։ Ծավալվել են ծովային նավթահանքերի կոմպլեքսային մշակումը և յուրացումը, որի համար 1961-ին մի խումբ գիտնականների և մասնագետների շնորհվել է լենինյան մրցանակ (Է. Ալիխանով, Ա. Բիլանդարլի, Բ. Հաջիև, Ս. Կասըմզադե, Ի. Կուլիև, Մ. Մամեդով, Զ. Մելիք֊Թանգիև, Դ. Մզարեուլով, Վ. Նեգրեև, Ֆ. Սամեդով)։ Նավթաքիմիան դարձել է առաջատար գիտական ուղղություն։ Դրանում մեծ ծառայություն ունեն Յու. Մամեդալիևը, Ռ. Իսմաիլովը, Մ. Դալինը, Վ. Ալիևը, Ս. Մեհտիևը և ուրիշներ։

30-ական թվականներին Ա֊ում ներդրվեց կրեկինգ֊պրոցեսը։ Ուսումնասիրվել են մոտորային վառելանյութերի ու յուղերի բարելավման մեթոդները։ Ա֊ի քիմիկոսները հաջողությամբ զբաղվել են նավթագազից (էթիլեն) էթիլ սպիրտի ստացման եղանակների մշակմամբ (Մ. Ա. Դալին և ուրիշներ), նավթամշակման պրոցեսում կատալիզատորների օգտագործման հարցերով (Վ. Ալիև, Վ. Գուտիրիա, Ռ. Իսմաիլով)։ Լուծված են մի շարք տեսական ու կիրառական հարցեր, որոնք կապված են մոնոմերային ու պոլիմերային միացությունների սինթեզման նոր մեթոդների ստեղծման, մոլեկուլների կոնֆորմացիաների, ինչպես նաև նրանց կառուցվածքի ու ռեակցիայի ունակության կապի բացահայտման (Ս. Դ. Սեհտիև, Մ. Մ. Մովսումզադե և ուրիշներ) հետ։

Ա֊ում մաթեմատիկական հետազոտություններր հիմնականում տարվում են ֆունկցիոնալ անալիզի և նրա կիրառությունների, մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների տեսության, ֆունկցիաների տեսության, ավտոմատ կառավարման տեսության, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի, հեղուկների մեխանիկայի և այլ ուղղություններով։ Ադրբեջանցի մաթեմատիկոսների (Զ. Ի. Խալիլով, Ա. Ի. Հուսեյնով, Ի. Ի. Իբրահիմով, Մ. Լ. Ռասուլով, Մ. Գ. Կասիմով, Ջ. Ա. Ալլահվերդիև և ուրիշներ) ստացած արդյունքները ունեն ինչպես տեսական, այնպես էլ կիրառական նշանակություն։

Զարգանում են կիբեռնետիկական հետազոտությունները, մշակվում են ալգորիթմների և ավտոմատացման սարքերի, ինֆորմացիայի մշակման մեթոդներ։ Կառավարման ավտոմատացված համակարգեր են ստեղծվում ժողովրդական տնտեսության զանազան ճյուղերում, այդ թվում և նավթարդյունաբերության մեջ։ Կիբեռնետիկայի ինստ֊ից բացի Ա֊ում կան կիբեռնետիկական թեքման ճյուղային գիտահետազոտական նախագծային ինստ֊ներ, ինչպես նաև մի շարք ինֆորմացիոն֊հաշվողական կենտրոններ։

Ա֊ի ֆիզիկոսների հետազոտությունները վերաբերում են կիսահաղորդիչների ֆիզիկային (ՍՍՀՄ ԳԱ թղթ֊անդամ Հ. Մ. Աբդուլաև, ՍՍՀՄ ԳԱ թղթ֊անդամ Խ. Ի. Ամիրխանով), միջուկի և տարրական մասնիկների տեսությանը (Ա. Ի. Մուխտարով, Ն. Ա. Կուլիև), պինդ մարմնի ֆիզիկային (Յու. Մ. Սեիդով), ռադիոֆիզիկային (Ադրբ. ՍՍՀ ԳԱ թղթ֊անդամ Լ. Մ. Իմանով) և մոլեկուլային ֆիզիկային (ՍՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթ֊անդամ Ա. Ա. Աբասզադե)։ Հիմնական հետազոտությունները կատարվում են Ադրբ. ՍՍՀ ԳԱ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր ֆիզիկայի ինստիտուտում։ Ինստ֊ի գիտաշխատողների աշխատանքները հանգեցին սելենի և տելուրի մի շարք երկակի ու եռակի միացություների հայտնադործմանը։ Ինքնալեգիրվող դեֆեկտավոր կիսահաղորդիչների հիման վրա հայտնաբերվել են էլեկտրական հիշողությամբ օժտված սկզբունքորեն կառավարող նոր դիոդներ։ Զգալի հաջողություններ են ձեռք բերվել էլեկտրոնաանցքային անցումների հետազոտությունների ասպարեզում։

Շամախու աստղադիտարանում (դիրեկտոր՝ Գ. Ֆ. Սուլթանով) հետազոտություններ են կատարվում Արեգակի, աստղային միգամածությունների ֆիզիկայի բնագավառում, ինչպես նաև ուսումնասիրվում են արեգակնային համակարգության մոլորակները։ Աշխարհագրագետները հրատարակել են «Ադրբեջանական ՍՍՀ ատլաս»֊ը (1963)։ Կ. Գյուլը հետազոտել է Կասպից ծովի հիդրոլոգիայի, հիդրոօդերևութաբանական ռեժիմի, ջրային հաշվեկշռի, հոսանքի ռեժիմի հարցերը։ Բուսաբանների երկարատև աշխատանքի արդյունքն է 8-հատորյա «Ադրբեջանի ֆլորան» (1950–61) աշխատությունը։ Վ. Ի. Ուլյանիշչևի քառահատոր «Ադրբեջանի միկոֆլորան» (1952–67) աշխատությունը արժանացել է լենինյան մրցանակի։ Հողագետների նվաճումները հանրագումարի են բերված «Ադրբեջանական ՍՍՀ հողերը» (1953) գրքում և հանրապետության հողային քարտեզում։ Սելեկցիոներներ Ն. Ալեքպերովը և Ի. Վելիզադեն ստացել են բամբակի, Ի. Մուստաֆաևը՝ ցորենի և գարու, Մ. Մուսաևը՝ բանջարանոցային կուլտուրաների նոր սորտեր։

Բժշկության բնագավառում աշխատանքներ են կատարվում ծայրանդամային ախտաբանության ուսումնասիրման (Մ. Մ. Նազիրով), հանրապետության հանքաջրաբուժական պաշարների հետազոտման և կիրառման վիրաբուժության և ցավազրկման (Մ. Ա. Թոփչիբաշև, Զ. Մ. Մամեդով, Գ. Կ. Ալիև), թերապիայի (Դ. Մ. Աբդուլաև, Մ. Է. Էֆենդիև), ակնաբուժության (Ու. Ս. Մուսաբեկովա, Ս. Ի. Վելիխան), ախտաբանական անատոմիայի (Դ. Բ. Հուսեյնով), ուրոլոգիայի (Մ. Բ. Աբիև, Մ. Դ. Ջավադզադե) ուղղությամբ։

Սովետական իշխանության տարիներին մեծ աշխատանք է տարվել հասարակական գիտությունների բնագավառում։ Ադրբեջաներեն հրատարակվել են Կ. Մարքսի, Ֆ. Էնգելսի աշխատությունները, Վ. Ի. Լենինի երկերը, ՍՄԿԿ ականավոր գործիչների աշխատությունները։ Մարքս֊լենինյան փիլիսոփայության պրոպագանդման հետ մեկտեղ մշակվել է ադրբեջաներեն փիլիսոփայական տերմինաբանություն։ Ադրբ. փիլիսոփայության պատմությանն են նվիրված Ա. Օ. Մակովելսկու, Գ. Հուսեյնովի, Ա. Զակուևի, Ջ. Մուստաֆաևի, Ա. Սեիդզադեի, Ֆ. Կասըմզադեի աշխատությունները։ Ա֊ի պատմությանը, հեղափոխական շարժումներին, կոմկուսի