Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/87

Այս էջը հաստատված է
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ 87

գործունեությանը նվիրված աշխատություններ են ստեղծվել ԳԱ պատմության, ազգագրության ու հնագիտության ինստիտուտի, Ադրբ. կոմկուսի ԿԿ֊ին առընթեր կուսակցության պատմության ինստիտուտի, ադրբեջանական պետ. համալսարանի պատմության ֆակուլտետի գիտաշխատողների ուժերով՝ Լենինգրադի, Մոսկվայի, Անդրկովկասի և Միջին Ասիայի գիտնականների ստեղծագործական համագործակցությամբ։ Ա֊ի պատմաբանները մասնակցել են «Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների պատմության ուրվագծեր»֊ի և «ՍՍՀՄ պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» (ռուս.) 12 հատորով և այլ աշխատությունների ստեղծմանը։ Տնտեսագիտական և իրավագիտական հետազոտությունները նախապես հիմնականում կենտրոնացված էին բուհերում։ 1935-ին ԱզՖԱՆ֊ի կազմում ստեղծվեց տնտեսագիտության սեկտոր (1958-ից՝ Ադրբեջանական ՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտ)։ 1962-ին հիմնադրվեց տնտեսության և գյուղատնտեսության կազմակերպման ադրբեջանական գիտահետազոտական ինստիտուտը, իսկ 1965-ին՝ Ադրբեջանական ՍՍՀ Պետպլանի տնտեսագիտության գիտահետազոտական, 1966-ին՝ Դ. Բունիաթզադեի անվ. ժող. տնտեսության ադրբեջանական ինստիտուտները։ Նույն թվին Բաքվում ստեղծվեց ժողովրդական սպառման առարկաների, բնակչության պահանջի և կոնյուկտուրային առևտրի Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ադրբեջանական մասնաճյուղը։ Այդ գիտական հիմնարկներում մշակվում են ժող. տնտեսության առանձին ճյուղերի համամասնության, արտադրողական ուժերի տեղաբաշխման, կապիտալ ներդրումների արդյունավետության, պլանավորման, նյութական խթանման և տեսական ու գործնական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Իրավագիտության պրոբլեմներով զբաղվում են Ադրբ. ՍՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում (ստեղծվել է 1968-ին) և պետական համալսարանում։

Ա֊ում ստեղծվել է գիտական հիմնարկությունների լայն ցանց։ 1940-ին կար 70, իսկ 1968-ին՝ 131 գիտական հիմնարկություն և բուհ։ 140 գիտահետազոտական հիմնարկներում ու բուհերում և այլ հիմնարկներում ու կազմակերպություններում աշխատում էր 17082 գիտաշխատող, այդ թվում ավելի քան 652 դոկտոր և 5346 գիտ. թեկնածու (1970)։ Ա֊ի գիտական կենտրոնը Ադրբեջանական ՍՍՀ ԳԱ է, որը 1971-ին իր կազմում ուներ 21 գիտահետազոտական ինստիտուտ և մի շարք այլ գիտական հիմնարկություններ։ ԳԱ հրատարակում է «Տեղեկագիր» և «Զեկույցներ» (1936-ից և 1945-ից, ադրբ․ և ռուս.), «Ազերբայջանսկի խիմիչեսկի ժուռնալ» (1959-ից, ռուս.)։

XIII. Մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը

Ադրբ. պարբերական մամուլի տպագրությունն սկսվել է XIX դ. 30-ական թթ֊ից։ 1832-ին Թիֆլիսում սկսեց լույս տեսնել ադրբեջաներեն «Թիֆլիս էխբարը» («Թիֆլիսի տեղեկագիր»), 1845-ին՝ «Կաֆկազըն բութարաֆինըն խաբարլարի» («Անդրկովկասյան լրաբեր») թերթերը։ Ադրբեջանական լուսավորիչ Հ. Զարդաբիի հրատարակած «Էկինչի» («Մաճկալ») թերթը (1875–1877) հիմք դրեց Ա֊ի դեմոկրատական մամուլի տպագրությանը։ «Էկինչի»֊ից հետո XIX դ. ադրբ. համեմատաբար պրոգրեսիվ թերթը «Կեշկյուլ»֊ն էր (1883–91)։ Ա֊ի հասարակական մտքի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցավ «Շարգի֊Ռուս»֊ի («Ռուսական Արևելք», 1903–05) ադրբեջաներեն հրատարակությունը Թիֆլիսում։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին լույս տեսան «Կասպի» (1881–1919), «Բաքու» (1902–18), «Հայաթ» («Կյանք», 1905–06), «Իրշադ» («Ուղեցույց», 1905–1908) թերթերը և «Ֆույուզաթ» («Բարիք», 1906–07) ևն ամսագրեր։ 1906-ին դեմոկրատ֊գրող Ջ. Սամեդկուլիզադեն ստեղծեց «Մոլլա Նասրեդդին» դեմոկրատական ուղղության ադրբեջանական առաջին երգիծական ամսագիրը (1906–31), որը լայն տարածում գտավ Արևելքում։ Բաքվում բանվորական շարժման զարգացման շնորհիվ ստեղծվեց հեղափոխական մամուլ։ Այստեղ 1901–02-ին լույս էր տեսնում «Բրձոլա» («Պայքար») վրաց. թերթը, 1901–1906-ին գործում էր կուսակցական անլեգալ «Նինա» տպարանը, որն արտատպում էր «Իսկրա» թերթը և այլ մարքսիստական գրականություն։ «Հումմեթ» խումբը հրատարակում էր «Հումմեթ» («Եռանդ») անլեգալ թերթը (1904–05) և թռուցիկներ։ 1905–06-ին լույս տեսան «Իզվեստիա Սովետա ռաբոչիխ դեպուտատով» և «Կոչ֊Դեվեթ» (հայ. և ադրբ.) բոլշևիկյան թերթերը, այնուհետև «Բակինսկի ռաբոչի», «Բանվորի ձայն» (հայ.), 1906–07-ին «Թեկամյուլ» («Էվոլյուցիա», ադրբ.), 1907-ին «Յոլդաշ» («Ընկեր», ադրբ.), «Գուդոկ» և այլ թերթեր։ Սովետական կարգեր հաստատվելուց հետո Ա֊ում լայն թափ ստացավ տպագրական գործը։ 1924-ին ստեղծվեց Ադրբեջանի պետական հրատարակչությունը։ «Ազերնեշր» («Ադրպետհրատ»), «Մաարիֆ» («Լույս»), «Գյանջլիք» («Երիտասարդություն») ևն հրատարակչությունները 1970-ին լույս են ընծայել 1300 անուն գիրք՝ 11 590 հզ. տպաքանակով։ 1970-ին հանրապետությունում լույս է տեսել 122 թերթ (1965-ին՝ 82)՝ 391599 հզ. տարեկան տպաքանակով և 128 հանդես ու ամսագիր (1965-ին՝ 122)՝ 25045 հզ. տարեկան տպաքանակով։ Ա֊ում մայրենի լեզվով հրատարակվում է «Կոմունիստ», «Սովեթ քենդի» («Սովետական գյուղ»), «Ազերբայջան գյանջլարի» («Ադրբեջանի երիտասարդություն», 1919-ից), «Ազերբայջան պիոների» («Ադրբեջանի պիոներ», 1938-ից), «Ադաբիյաթ վա ինջեսենեթ» («Գրականություն և արվեստ») և այլ թերթեր ու ամսագրեր, ռուսերեն՝ «Բակինսկի ռաբոչի» («Բաքվի բանվոր»), «Վիշկա» («Աշտարակ»), «Մոլոդյոժ Ազերբայջանա» («Ադրբեջանի երիտասարդություն, 1919-ից) ևն, հայերեն՝ «Կոմունիստ», 1920-ից, թերթերը։ 1920-ին հիմնվել է Ադրբեջանի հեռագրական գործակալությունը (1972-ից՝ Ազինֆորմ։)

1926-ից սկսվեցին Բաքվի ռադիոհաղորդումները։ Հեռուստատեսային կայանն աշխատում է 1956-ից։ Հանրապետական ռադիոն և հեռուստատեսությունը հաղորդումներ են տալիս ադրբեջաներեն, ռուսերեն և հայերեն։ 1970-ին Ա֊ում կար 450 հզ. հեռուստացույց և 700 հզ. ռադիոընդունիչ։

XIV. Գրականությունը

Ադրբ. գրականությունը սկզբնավորվել է ժող. բանահյուսությամբ։ Նրա ամենահին հուշարձանը «Քիթաբի Դեդե Կորկուդ» էպոսն է, ուր պատկերված է Միջին Ասիայից օղուզա֊թուրքմենական ցեղերի ներթափանցումը Կովկաս (XI–XII դդ.)։ XII դ. սկսած զարգացել է պարսկալեզու գրականությունը, որի խոշոր ներկայացուցիչներից է բանաստեղծ֊հումանիստ, մեծ քնարերգակ Նիզամի Գյանջևին։ Մայրենի լեզվով գրավոր գրականության զարգացումը տեղի է ունեցել Ա֊ի տնտեսական, քաղաքական և պետական ինքնուրույնության բացակայության, արաբական, պարսկական մշակույթի և կրոնի ազդեցության պայմաններում։ Այդ գրականության սկզբնավորումը կապվում է խորասանցի Հասան օղլի Իզզեդդինի (պարսկ. հնչմամբ՝ Փուր֊Հասան, XIII–XIV դդ.) անվան հետ։ Գրականության մեջ մեծ ներդրում են կատարել Ի. Նասիմին և Ֆիզուլին։ XVII–XVIII դդ. զարգացել է ժող. բանահյուսությունը, հատկապես աշուղական պոեզիան (աշուղ Աբաս, Թուֆերգանլի, Խաստա Գասիմ)։ Ստեղծվել են «Քյոռ֊օղլի» էպոսը, «Ասլի և Քյարամ», «Աշուղ Ղարիբ» և այլ վիպերգություններ, որոնք ունեն նաև հայկական պատումներ։ Ադրբ. աշուղական երգեր է հորինել հայ բանաստեղծ Սայաթ֊Նովան: XVIII դ. վերջին Վիդադիի (1700–1809) և Վագիֆի (1717–97) ստեղծագործություններում ուժեղացել են ռեալիզմի տարրերը։

XIX դ. սկզբին, Ա. Ռուսաստանին միացնելուց հետո, գրականության մեջ սկսվել է լուսավորչա֊դեմոկրատական շարժումը, որի խոշոր ներկայացուցիչներն են Բաքիխանովը (մականվանյալ՝ Քուդսի), Մ. Շ. Վազեհը և Մ. Թոփչիբաշևը։ Ադրբեջանական գրականության մեջ մեծ ներդրում է կատարել ազգային դրամայի և արձակի հիմնադիր Մ. Ֆ. Ախանդովը, որի հետևորդներն էին գրողներ Ս. Ա. Շիրվանին (1825-88), Հ. Զարդաբին (1837-1907), Հ. Վեզիրովը, Ն. Նարիմանովը։ Գրականությունը վերելք է ապրել XX դ. սկզբին։ Դասական պոեզիայի հողի վրա աճել են երգիծաբաններ Ա. Սաբիրը, «Մոլլա Նասրեդդին» հանդեսի հիմնադիր Ջ. Մամեդկուլիզադեն։ Այդ շրջանի ադրբ. գրականության նշանավոր դեմքերից են Ա. Հախվերդիևը (1870–1933), Ա. Սիխխաթը (1874–1918), Հ. Ջավիդը (1884 - 1944) և Մ. Խադին (1879-1920)։

Սովետական իշխանության հաղթանակից հետո գրականության զարգացումն ընթացել է նոր ժանրերի և թեմատիկայի յուրացման, գաղափարական բովանդակության հարստացման, ստեղծագործական մեթոդների կատարելագործման, սոցիալիստական ռեալիզմի մեթոդի հաստատման հունով։ Հաջողության է հասել արձակը, որի ստեղծմանը մասնակցել են նշանավոր ադրբ. գրողներ Մ. Ս. Օրդուբադին,