(հեղուկ) միջավայրում շարժվող առաձգական մարմինների լարվածա֊դեֆորմացիոն վիճակները։ Հիմնականում զբաղվում է միջավայրում գերձայնային արագությամբ շարժվող սարքերի մասերի (ձողեր, սալեր, թաղանթներ) տատանումների և կայունության հարցերով։ Փոքր գրգռումների դեպքում այդ հարցերը հանգում են որոշակի հաստատուն գործակիցներով գծային դիֆերենցիալ հավասարումների սեփական արժեքների ուսումնասիրմանը։ Ցուրաքանչյուր թաղանթի կամ սալի համար գոյություն ունի շարժման որոշակի արագություն, որը գերազանցելու դեպքում նրա տատանումների ամպլիտուդները ժամանակի ընթացքում անվերջորեն աճում են (տես Ֆլատեր)։ Ա֊յան խնդիրները լուծելիս հարկավոր է միաժամանակ ուսումնասիրել առաձգականության տեսության և աերոհիդրոմեխանիկայի հավասարումները։ Այդ խնդիրները բացառիկ կարևորություն ունեն ավիացիայում և հրթիռային տեխնիկայում։
ԱԵՐՈԲՆԵՐ (<աերո… + հուն․ βίος — կյանք), օդակյացներ, օրգանիզմներ, որոնց կենսագործունեությունը պայմանավորված է օդի ազատ մոլեկուլային թթվածնով։ Ա. են գրեթե բոլոր կենդանական ու բուսական օրգանիզմները և մանրէների մեծ մասը։ Վերջիններս բաժանվում են 2 խմբի՝ օբլիգատ (անպայման) Ա., որոնց գոյությունը բացառված է թթվածնազուրկ պայմաններում (օր. քացախաթթվային բակտերիաները), և ֆակուլտատիվ (պայմանական) Ա., որոնք թթվածնի սակավության կամ բացակայության դեպքում անցնում են անաերոբ (տես Անաերոբներ) կյանքի (օր. խմորասնկերը)։ Ա. քայքայելով օրգանական միացությունները՝ ապահովում են նյութերի շրջանառությունը բնության մեջ։
ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿԱ (աերո… + դինամիկա), աերոմեխանիկայի բաժին. ուսումնասիրում է օդի և այլ գազային միջավայրերի շարժման օրենքները, այդ միջավայրերի ու նրանցում շարժվող մարմինների միջև եղած փոխազդեցությունները։ Ա. սերտորեն կապված է հիդրոդինամիկայի հետ, և հաճախ նրանց միացյալ ձևով անվանում են աերոհիդրոդինամիկա։ Աերոհիդրոդինամիկայում գազերը երբեմն անվանվում են սեղմելի, իսկ կաթիլավոր հեղուկները՝ անսեղմելի հեղուկներ։ Գազերի ու կաթիլավոր հեղուկների շարժման միջև կան ինչպես ընդհանուր գծեր, այնպես էլ էական տարբերություններ, և այդ պատճառով հաճախ մի խմբի համար ստացված օրինաչափությունները ճիշտ չեն լինում մյուսի համար։ Շարժման օրինաչափությունների միջև եղած տարբերություններն ավելի ցայտուն են դառնում երբ.
ա. շարժվող միջավայրի (մարմնի) մասնիկների արագությունները մոտ են կամ մեծ տվյալ միջավայրում ձայնի տարածման արագությունից։ Խնդիրների այս խումբն անվանում են մեծ արագությունների Ա. (տես Գազային դինամիկա)։
բ. Շարժվող միջավայրը կամ այն միջավայրը, որում շարժվում է մարմինը, չափազանց նոսր է։ Այս բաժինն անվանում են դիսկրետ մասնիկների միջավայրի դինամիկա կամ սուպերաերոդինամիկա։
գ. Գոյություն ունեցող փոխազդեցությունը հաստատված է մագնիսական դաշտում շարժվող իոնացված միջավայրի կամ իոնացված միջավայրում շարժվող էլեկտրահաղորդիչ մարմնի միջև։ Այս բաժինն անվանում են մագնիսական Ա.։
դ. Հետազոտվող գազային միջավայրն ունի տարածական մեծ չափեր (Երկրի չափերի հետ համեմատած)։ Այս բաժինն անվանում են օդերևութաբանություն։
Ընդհանուր Ա֊ի մի շարք գործնական նշանակություն ունեցող խնդիրներ կազմում են կիրառական Ա֊ի մասնաճյուղը, որի հիմնական բաժիններն են՝ թևի տեսությունը, պտուտակի տեսությունը, ինքնաթիռի դինամիկան, թռչող մեքենաների կայունության և աերոդինամիկ թրթռումների տեսությունները։
Փորձարարական Ա֊ի խնդիրն է հատուկ ապարատներում, աերոդինամիկ լաբորատորիաներում փորձեր դնելու կամ ուսումնասիրվող օբյեկտներն անմիջապես թռիչքում հետազոտելու միջոցով օդի շարժման և նրա ուժային ազդեցության ուսումնասիրումը։ Այդ լաբորատորիաներում հիմնական ապարատն աերոդինամիկ խողովակն է։ Ա֊ի կողմից հաստատված օրինաչափությունները կիրառվում են տեխնիկայի տարբեր բնագավառներում, սկսած ամենապարզագույն մեքենայից՝ հողմաղացից մինչև միջմոլորակային տարածության մեջ շարժվող ժամանակակից ամենաբարդ սարքերը։
Ժամանակակից Ա֊ի զարգացման գործում զգալի դեր են խաղացել Օ. Ռեյնոլդսի, Ն. Ժուկովսկու, Ս. Չապլիգինի աշխատանքները։
Գրկ. Фабрикант Н. Я., Аэродинамика, ч. 1, М. – Л., 1962; Мартынов А. К., Экспериментальная аэродинамика, 2 изд., М., 1958; Прандтль Л., Гидроаэродинамика, пер. с нем., 2 изд., М., 1951.
ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ճակատային դիմադրություն, գազային միջավայրում շարժվող պինդ մարմնի (օրինակ, ինքնաթիռի թևի) վրա ազդող լրիվ աերոդինամիկ ուժի բաղադրիչ, մարմնի շարժման արագությանը հակառակ ուղղված և շարժումն արգելակող ուժ։ Ստացվում է ինդուկտիվ դիմադրությունից (առաջանում է թևի եզրամասի ընդլայնական շրջհոսման հետևանքով), շփման դիմադրությունից (Ա. դ֊յան այն մասը, որ պայմանավորված է շփումով), ճնշման դիմադրությունից (Ա. դ֊յան այն մասը, որ պայմանավորված է ճնշումների տարբերությամբ)։ Քանի որ շփման դիմադրությունը և ճնշման դիմադրությունը կախված են թևի եզրագծի (պրոֆիլի) ձևից, ապա սովորաբար դիտարկում են նրանց գումարը՝ անվանելով պրոֆիլային դիմադրություն։ Մինչձայնային արագությամբ և գրոհի փոքր անկյան տակ շարժվող բարակ, թեթևակի ճկված թևային պրոֆիլների դեպքում ճնշման դիմադրությունը փոքր է շփման դիմադրությունից։ Գերձայնային արագության ժամանակ ճնշման դիմադրությունը գրեթե ամբողջությամբ վերածվում է ալիքային դիմադրության։ Ա. դ. կախված է շարժվող մարմնի ձևից, արագության վեկտորի նկատմամբ ունեցած դիրքորոշումից և այլ գործոններից։
ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿ ԽՈՂՈՎԱԿ, լաբորատոր սարքավորում, որտեղ ստեղծված օդային հոսքի միջոցով հետազոտվում են կարծր մարմնի (կամ նրա մոդելի) շրջհոսման դեպքում տեղի ունեցող երևույթները։ Այս
հետազոտությունները լայն կիրառություն են գտել ավիացիոն և հրթիռային տեխնիկայում, էներգետիկական ու տրանսպորտային մեքենաշինության մեջ։ Ա. խ֊ով որոշվում է թռչող ապարատների, բարձրաբերձ շենքերի, ծխնելույզների, կամուրջների և ինժեներական այլ խոշոր կառուցվածքների հողմաբեռնվածքը։ Պարզագույն Ա. խ. բաղկացած է շարժիչի օգնությամբ պտտվող օդափոխիչից և փողրակով վերջացող գլանային խողովակից։ Խողովակի աշխատանքային մասում, որտեղ գտնվում է ուսումնասիրվող մարմինը, ստացվում է որոշակի արագության, ջերմաստիճանի և խտության օդի կայունացած հոսք։ Փորձերը Ա. խ֊ում հիմնված են շարժման հակադարձելիության սկզբունքի օգտագործման վրա (անշարժ միջավայրում մարմնի շարժումը փոխարինվում է հավասարաչափ