Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/94

Այս էջը հաստատված է

94 ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿ

հոսքով անշարժ մարմնի շրջհոսմամբ)։ Հետազոտվող մարմինն ամրացվում է Ա. խ֊ում, և հատուկ սարքի օգնությամբ որոշվում են նրա վրա ազդող ուժերը։ Տարբեր Ա. խ֊ներում հոսքի արագությունը կարող է կազմել ձայնի արագության հարյուրերորդական մասերը կամ գերազանցել նրան 10–12 անգամ։ Փորձարկվող մոդելների չափերը իրական կառուցվածքի չափերին մոտեցնելու նպատակով պատրաստվում են մեծ Ա. խ֊ներ։ Առաջին գործող մեծ Ա. խ. ստեղծվել է Մոսկվայում, 1926-ին՝ Բ. Յուրևի և Գ. Մուսինյանցի նախաձեռնությամբ։ Ներկայումս կան Ա. խ֊ներ, որոնց աշխատանքային մասում կարող են տեղավորվել միջին չափի ինքնաթիռներ։

Գրկ. Горлин С. М. и Слезингер И. И., Аэромеханические измерения, М., 1964; Паничкин И. А. и Ляхов А. Б., Основы газовой динамики и их приложение к расчету сверхзвуковых аэродинамических труб, Киев, 1965.

ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿ ՏԱՔԱՑՈՒՄ, մեծ արագությամբ շարժվող մարմնի մակերևույթի տաքացումը, երբ այն շրջհոսվում է օդով (կամ ընդհանրապես գազով)։ Տաքացման ջերմաստիճանը հատկապես բարձր է գազի կամ մարմնի գերձայնային արագությամբ շարժվելու, ինչպես նաև հարվածային ալիքի առկայության դեպքում։ Մարմնի յուրաքանչյուր կետի ջերմաստիճանը կախված է ջերմային հոսքերի հաշվեկշռից։ Երբ մարմնի մակերևույթից ջերմությունը չի հեռացվում, նրա ջերմաստիճանը զգալիորեն գերազանցում է նյութերի մեծամասնության համար թույլատրելի ջերմաստիճանի (300°C–1000°C) արժեքը, որի հետևանքով տվյալ նյութը հալվում է։ Մակերևույթի ամենաուժեղ տաքացումը կատարվում է մարմնի առաջամասում, որը քայքայվում է, եթե անհրաժեշտ չափով չի հովացվում։ Տեսակարար ջերմային հոսքը կողային մակերևույթի վրա բավականաչափ փոքր է, բայց մակերեսի մեծության հետևանքով նրա հովացումը կապված է մեծ դժվարությունների հետ։ Մարմնի առանձին մասերը տաքացումից պաշտպանելու համար կիրառվում են ջերմակայուն նյութեր, ջերմամեկուսացում, ներքին և արտաքին հովացում։ Նույն նպատակին կարելի է հասնել թռիչքի օպտիմալ ռեժիմ ընտրելով։ Կիրառվում է նաև մարմնի մակերևույթի հիդրոդինամիկ պաշտպանություն՝ պաշտպանական շերտ կազմող գազը մակերևույթով փոխանցելու միջոցով։ Արհեստական արբանյակների, տիեզերական ապարատների և տիեզերանավերի վերադարձն ապահովելու համար Ա. տ֊ման հաշվարկը կատարվում է հիմնականում 40–50 կմ բարձրությունների համար (նոսրացած օդի պայմաններում)։ Ավելի մեծ բարձրություններում Ա. տ֊ման դերը նվազում է, և 200 կմ֊ից բարձր թռիչքի դեպքում նրա առաջացրած ջերմային հոսքը, Արեգակի ճառագայթային հոսքի համեմատությամբ, դառնում է աննշան։


ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿ ՈՒԺ, գազային միջավայրում (մասնավորապես՝ օդում) շարժվող պինդ մարմնի (օրինակ, ինքնաթիռի թևի) մակերևույթի վրա տվյալ միջավայրի ընդհանուր ազդեցությունը (ուժը)։ Շարժվող մարմնի մակերևույթի բոլոր կետերում կիրառված Ա. ու֊երի գումարը կոչվում է լրիվ Ա. ու. (R), իսկ նրա առաջացրած մոմենտը՝ լրիվ աերոդինամիկական մոմենտ։

Լրիվ Ա. ու. կարելի է վերածել 3 բաղադրիչների (տես նկ.), աերոդինամիկ դիմադրություն (X)՝ շարժման արագությանը (V) հակառակ, վերամբարձ ուժ (Y)՝ շարժման արագությանն ուղղահայաց և կողմնային ուժ (Z)՝ X և У բաղադրիչներին ուղղահայաց (գծագրի վրա Z ցույց չի տրված, այն ուղղահայաց է նկարի հարթությանը)։


ԱԵՐՈԶՈԼԵՐ (աերո… + զոլեր), գազային միջավայրից և նրանում լողացող պինդ կամ հեղուկ մասնիկներից բաղկացած դիսպերս համակարգեր։ Մասնիկները, որոնց մեծությունը 10-7-ից 10-2 սմ է, գտնվում են անընդհատ քաոսային շարժման մեջ։ Մասնիկների ագրեգատային վիճակից կախված՝ Ա. լինում են ծխեր և փոշիներ, երբ մանրացված նյութը՝ դիսպերսված ֆազը, պինդ է, և մառախուղներ, երբ այն հեղուկ է։ Ա֊ով անցնող լույսը, կախված ալիքի երկարությունից և Ա֊ի մասնիկների մեծությունից, ցրվում է, անդրադարձվում կամ կլանվում։ Ա. անկայուն են՝ ծանրության ուժի ազդեցության տակ մասնիկները նստում են՝ հաճախ նախօրոք կպչելով իրար։ Ա֊ի մասնիկները կարող են միջավայրից կլանել իոններ և լիցքավորվել։ Նույնանուն լիցքով լիցքավորված մասնիկներ պարունակող Ա. ավելի կայուն են։ Ա֊ի առաջացումն օդում վնասակար է մարդկանց և մեքենաների համար, հատկապես ցեմենտի, քիմիական, մանվածքների և այլ արտադրություններում։ Որոշ Ա. պայթուցիկ են, օր. ածխի, ալյուրի և շաքարի փոշիները։ Միջուկային պայթյունները սովորաբար առաջացնում են խիստ վտանգավոր ռադիոակտիվ Ա.։ Ա֊ի դեմ պայքարի հիմնական եղանակներն են՝ ֆիլտրումը, լվացումը, Ա֊ի առաջացման պատճառների վերացումը, էլեկտրական դաշտի ն ձայնային ալիքների կիրառումը։ Արհեստական անձրևների առաջացումը, կարկտաբեր ամպերի և մառախուղների ցրումը նույնպես իրականացվում է Ա. վերացնելով։ Ա. օգտագործվում են բժշկության և գյուղատնտեսության մեջ, ներկման, ծխնելուզային գազերից արժեքավոր նյութերի կլանման, մետաղապատման, քողարկման (ռազմ.) ևնի համար։


ԱԵՐՈԼՈԳԻԱ (անրո… + …լոգիա), օդերևութաբանության բաժին։ Ուսումնասիրում է մթնոլորտի կառուցվածքը, նրա բաղադրությունը, հատկությունները, ֆիզիկական պրոցեսներն ու երևույթները բարձր շերտերում, մշակում է այդ շերտերում օդերևութաբանական տարրերի (օդի ջերմաստիճանի, ճնշման, խոնավության, շարժման ևն) դիտումների մեթոդները։


ԱԵՐՈԼՈՑԻԱ (աերո․․․ + ․․․լոցիա), օդային ուղեգծի (տրասսայի) կամ թռիչքի շրջանի մանրամասն նկարագրություն։ Հնարավորություն է տալիս օդաչուին թռիչքի նախապատրաստվելիս ուսումնասիրել այդ շրջանի կամ ուղեգծի առանձնահատկությունները, հեշտացնում է կողմնորոշումը, նպաստում թռիչքի անվտանգության ապահովմանը։ Ա. ընդգրկում է թռիչքի բարձրությունից երկրի մակերևույթի վրա երևացող բնորոշ կողմնորոշիչների, օդանավակայանների և վայրէջքի հրապարակների, ուղեգծի կամ թռիչքի շրջանի ֆիզիկա֊աշխարհագրական նկարագիրը, տեղեկություններ թռիչքի օդերևութաբանական պայմանների և երկրային ապահովման միջոցների մասին, նրանց բնութագիրը և դասավորությունը։


ԱԵՐՈԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ, աերոհանույթ, օդից (թռչող ապարատներից) տեղանքի լուսանկարումը՝ տարբեր օբյեկտների բնույթն ու փոխկապակցություններն ուսումնասիրելու համար։ Ընդգրկում է հետևյալ պրոցեսները. 1. գեոդեզիական՝ տեղանքի ընտրված թվով կետերի գեոդեզիական կոորդինատների որոշումը, 2. թռիչքահանույթային՝ օդանավից տեղանքը աերոլուսանկարչական ապարատներով նկարահանելը, 3. լաբորատոր մշակում՝ աերոլուսանկարների երևակում և բազմացում, 4. լուսագրաչափական՝ աերոլուսանկարների հիման վրա և ընտրված կետերի գեոդեզիական կոորդինատների օգնությամբ տեղանքի քարտեզի կազմում։ Ա֊ի կարևոր բաժինն է աերոլուսանկարների վերծանումը, այսինքն՝ նկարների վրա եղած օբյեկտների բացահայտումը։ Ա. կիրառվում է տեղագրական քարտեզներ կազմելիս, երկրաբանական, հողաշինական և այլ ուսումնասիրություններ կատարելիս, ռազմական գործում։


ԱԵՐՈՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՆՈՒՅԹ, Երկրի մագնիսական դաշտի առանձնահատկություններն ուսումնասիրելու մեթոդ, որը հիմնված է մագնիսական լարվածության լրիվ մեծությունը կամ ուղղաձիգ բաղադրիչը մագնիսամետրով ինքնաթիռից անընդհատ չափելու վրա։ Չափումները կատարվում են հետազոտվող տարածության վրա երթուղային զուգահեռ թռիչքների միջոցով։ Ըստ հանույթի մասշտաբի, հեռավորությունը երթուղիների միջև տատանվում է 500 մ֊ից մինչև 10 կմ։ Ա. հ. կիրառվում է երկրաբանական քարտեզներ կազմելիս, օգտակար հանածոների (գլխավորապես երկաթի հանքաքարի) նոր հանքավայրեր որոնելիս և դրանց տեղաբաշխման ընդհանուր օրինաչափությունները որոշելիս։ Ա. հ֊ի արդյունքները պատկերվում են Երկրի մագնիսական դաշտի լարվածության ուղղաձիգ բաղադրիչի իզոգծերով կազմված քարտեզների և կտրվածքի ուղղությամբ չափվող մեծությունների փոփոխությունը պատկերող կորերի գրաֆիկի տեսքով։


ԱԵՐՈՄԵԽԱՆԻԿԱ (աերո․․․ + մեխանիկա), հիդրոմեխանիկայի ճյուղ․ ուսումնասիրում է գազերի և նրանցում ընկղմված մարմինների շարժման ու հավասարակշռության պայմանները։ Ստորաբաժանվում